Մասունքակիր Աջի առջև խոնարհվել է պետք, ոչ թե հրել միմյանց…

Սուրբ մասունքակիր Աջերի առկայությունը եկեղեցում հրմշտոց է առաջացնում մարդկանց անտեղյակության պատճառով: Երևի բոլորդ էլ նկատել եք: Նորություն չէ այս փաստարկը: Երևույթը խրախուսելի չէ, նաև հավատի արտահայտություն չէ, ընդհակառակը` կարող է գայթակղության առիթ հանդիսանալ և մի տեսակ կռապաշտության դրսևորման է նմանվում:

Երբ Սրբի մասունքակիր Աջը կամ Քրիստոսի Խաչի Մասունքը հայտնվում է ժողովրդի մեջ, մարդիկ հրմշտում են միմյանց, վիրավորելու աստիճան: Նույնն է կատարվում եկեղեցում Պատարագի ժամանակ, երբ աշխարհգալոցի ժամանակ Խաչն ու Խաչվառն է պտտվում ժողովրդի մեջ: Միմյանց ճանապարհ են փակում իրենց իրարանցումով և անիմաստ շարժուձևով, ինչն էլ իր հերթին խանգարում է Խորհրդակատար հոգևորականին թափորի հետ առաջ շարժվել: Երբ դու քաջատեղյակ ես Սրբի պատմությունը, և այդ Սուրբը քո սրտի մեջ է որպես բարեխոս, ուրեմն Սրբի Աջը պտտեցնելիս քո սիրտը և Սրբի մասունքը հաղորդակցվում են հոգևոր հաղորդակցությամբ: Էլ ինչու է պետք հրելով հասնել նրան` տրորելով մեկի ոտքը, ընդհատելով մեկի աղոթքը, արգելք հանդիսանալով երրորդին հասկանալու իրավիճակը: Նույնը Խաչվառի պարագան է, երբ դու գիտես, որ Խաչվառը Հաղթական եկեղեցու խորհուրդն ունի, ուրեմն դա արդեն քո սրտում է ամրագրված, իսկ դու գտնվում ես զինվորյալ եկեղեցում, ուրեմն Փառք տուր Աստծուն Սուրբ Նահատակների և Աստծու զինվոր` կենդանի հոգևորականների համար, աղոթիր լուռ: Երբ այս բոլորը գիտենք, այլևս մոմերը կամ թաշկինակները չենք քսի սրբապատկերներին ու չենք վնասի նկարները: Եթե ես սխալ եմ իմ տեսակետի մեջ, թող ինձ ուղղեն հոգևորականները, ինչի համար շնորհակալություն կհայտնեմ: Նորից կրկնում եմ, խոսքս այն մասին է, որ որևէ Սրբի մասունքակիր Աջ է բերվում եկեղեցի իր տոնի օրը: Կարելի է կանոնավոր բաժանվել և մեջտեղում ճանապարհ բացել Աջը տարողի համար ու այդպես հարգանքի տուրք մատուցել խոնարհվելով ու համբուրելով:
 
Երբ Աստծո սերմանված խոսքը ընկնում է հավատացյալի ՍՐՏԻ մեջ,
շուտով նրան դարձնում է ցորենի հասկի պես տռուզ, բայց խոնարհ:
Երբ Աստծո սերմանված խոսքը ընկնում է հավատացյալի ՄՏՔԻ մեջ,
շուտով բարձրանում է վեր ցողունի պես, որն անպտուղ է:
Երբ Աստծո սերմանված խոսքը ընկնում է հավատացյալի ԱԿԱՆՋԻ մեջ,
թեթև քամուց այն դուրս է թռչում և փոխարինվում կենցախային զրույցով:
Իսկ երբ միայն ԼԵԶՎԻ վրա է, դա ամենավտանգավորն է, որովհետև այդ խոսքը չի հասնում ոչ ականջ, ոչ միտք, ոչ էլ հատկապես սիրտ, որն իր բնակարանը պետք է լիներ: Ադամանդ քարը երկրի երեսին շաղ տված չենք գտնի, այն թաքցրած է փնտրողի և գտնողի համար: Նույնը Աստծո խոսքի պարագան է, այն պետք է փնտրել, գտնել, մշակել և հանել վաճառքի: Աստծու փառքը գանձի թաքցնելն է, իսկ մարդու փառքը նրան գտնելն ու օգտագործելն է… Կրոնական արմատներին դառնալու գործընթացը կրիայի քայլերով է առաջ գնում, իսկ ժամանակը արդեն ոչ թե անցնում է, այլ սահում: Փառք մեր Տիրոջը: Խնդրենք իմաստություն մեր տկարություններից ազատվելու համար: