Խոստովանությունը զղջում չէ. ինչո՞ւ ենք ասում «Մեղայ Աստուծոյ».

Ամեն կիրակի Սուրբ Պատարագին , մեղքերի խոստովանության ժամանակ մեղաների երրորդ հատվածում մենք թողություն ենք խնդրում մի քանի
մեղքերի համար, որոնց վրա բացարձակ ուշադրություն չենք դարձնում հենց Պատարագի ավարտից հետո և մեր կենցաղի մեջ առհասարակ: Օրինակ`
Մեղա հեշտալրությամբ լսելյացս (ականջներով ցանկասիրությամբ լսել):
Մեղա արատությամբ աչացս (աչքերի անմաքրությամբ նայվածք):
Մեղա պագշոտությամբ բերանոյս. (Բերանի անպարկեշտությամբ):
Ես այստեղ նշեցի թերևս ամենապարզ, երբեմն մեղք չթվացող երևույթներ,
որոնք մաս են կազմում մեր առօրյա կյանքում: Ցավում եմ, բայց չենք հիշում,
որ, կիրակի օրը մենք խնդրել ենք ազատվել այդ վատ սովորություններից:
Մենք նույնիսկ այս թույլ կրքերից չենք կարողանում ձեռբազատվել: Մի բան,
որ կարող ենք չանել, բայց անում ենք: Օրինակ, եթե թույլ չտանք մեր ականջին լսել բամբասանք, որը վնասից բացի ոչինչ չունի: Կամ չնայենք անվայել
նկարներ, ֆիլմեր և այլն: Թեկուզ զսպենք մեր շրթները չասելու համար վիրավորող բառեր…
Հնարավոր է դա անել, միայն պետք է հանձն առնել, որ մենք տկար ենք և աղոթքով խնդրենք Աստծո օգնության միջամտությունը և ջանանք կատարել:
Թե չէ ի՞նչ օգուտ ունի մեր կիրակնօրյա «մեղայ» ասելը, եթե ամեն կիրակի գոնե մի սխալից չազատվենք: Խոստովանությունը զղջում չէ, դու կարող ես կրկնել մեղքերի ամբողջ շարքը մեխանիկորեն, եկեղեցում ծնկի եկած: Կամ անվերջ ասել, որ մեղավոր մարդ եմ: Դրանք դեռ զղջում չէ, քանի մեծ ջանք չես թափել ուշադրությամբ մի պարզ մեղք վերացնելու համար: Վերցնենք օրինակ բերանի անպարկեշտ բառերի գործածությունը և ջանանք դրանք վերացնել, ինչքան ժամանակ որ պահանջվի մեզնից: Հետո մյուսը և այսպես բոլոր մեղքերը…
Զղջումը պարզ խոստովանություն չէ, լաց ու ողբ չէ, քահանային մեղքերը պատմելը չէ, այլ կյանքի լիակատար փոփոխությունն է Աստծո խոսքի համաձայն: Ճգնավորը նա չէ, ով անապատում է, այլ նա, ով ամեն օր շարժվում է դեպի մաքրություն, արդարություն և պարզություն, և դրանց կատարման համար չարչարվում է, զսպում է իրեն, մինչև փոխվի ամբողջովին:
Խորհենք այս մասին մինչև մյուս կիրակի: