Միայն խոնարհ մարդը կարող է սիրել…

Կատարելապես խոնարհ լինելը չափազանց դժվար է, քանի որ դա հավասար է կատարելության,
այսինքն`երբ մարդ ոչ մի թերություն չի ունենում, ամեն ինչով կատարյալ է։
Խոնարհ մարդը կատարում է Քրիստոսի բոլոր պատվիրանները։
Խոնարհը նաև հեզ է, ողորմած, խաղաղարար, արդար, ճշմարտության ու արդարության մարտիկ։
Դրա համար էլ Տեր Հիսուսն առաջին երանին տալիս է խոնարհին։
Իսկ ինչո՞ւ է խոնարհը կոչվում «հոգով աղքատ»։ Որովհետև նրա հոգին չունի չարություններ ու թերություններ,
շատ աղքատ է չարությամբ և հարուստ է բարությամբ։ Աստված ամենից շատ սիրում է խոնարհ մարդուն և
ամենից շատ պարգևների էլ հենց նրան է արժանացնում։ Խոնարհությունն ամենամեծ առաքինությունն է.
միայն խոնարհ մարդը կարող է իսկապես անշահախնդրորեն սիրել։ Անշահախնդրորեն սիրել նշանակում է
նախևառաջ դիմացինի շահը փնտրել և ոչ թե սեփական, այսինքն` կամենալ, որ նախևառաջ դիմացինի համար լավ լինի,
հետո՛ իր, հոգ չէ՛, թե ինքը փոքր-ինչ էլ նեղություն կրի։ Եվ խոնարհ մարդն է միայն, որ կարող է հրաժարվել իր շահից,
իր ցանկություններից, եթե դա պահանջվում է մի ուրիշի օգտի համար։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել այնպես,
ինչպես ոչ թե իրեն է հաճելի, այլ դիմացինին։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել առանց փոխադարձ սիրո ակնկալիքի,
այսինքն`նույնիսկ եթե իրեն չեն սիրում, ինքը շարունակում է սիրել, առանց դժգոհելու կամ չարանալու։
Երանիների մեկնությունից.