Կիրակի. Տերունական օր. Սուրբ և Անմահ Պատարագ. «Մեզ էլ հիշի՛ր Աստծո Անմահ Գառան առջև»:

52 Պատարագ է կատարվում տարվա կիրակիների ընթացքում, չհաշված շաբաթ օրերի սրբոց հիշատակությունները և պատահած տոները:
Ավելի մեծ հնարավորություն ո՞վ է մեզ տալիս մեր կյանքում, մեր սրտերը փոխելու,
կրթվելու, դաստիարակվելու, Քրիստոսին հանդիպելու համար: Իսկ մենք նորից գերադասում ենք քնել…
 
Իրավունք ունե՞նք այլևս գանգատվելու…
Աստվածաշունչ կարդալու համար ժամանակ չունենք,
իսկ ժամանցային հաճույքներից չենք հեռանում:
Աստծուն փառաբանել ամաչում ենք, իսկ վերադասին
մարդահաճություն անում ենք սիրով:
 
Ամաչում ենք մեղքերի խոստովանությունից,
չենք ամաչում մեր անգիտությունից:
Համարձակություն ունենք նեղացնել մեկին, սակայն
քաջություն չունենք ներողություն խնդրելու:
 
Անհնազանդությունից ընկնում ենք փորձության մեջ, սակայն
խոնարհություն չունենք արժանապատվորեն դուրս գալ իրավիճակից:
Ջերմեռանդ քննադատում ենք, սակայն մեր մասին ցանկացած
քննադատություն բացառում ենք:
 
Վնաս ենք տալիս, հատուցել չենք սիրում.
Ամաչում ենք եկեղեցում գլխաշոր կրել, սակայն չենք ամաչում
կիսամերկ մտնել եկեղեցի:
Ամաչում ենք աղոթք անել ուտելուց առաջ և հետո,
սակայն չենք ամաչում ուտել և մոռանալ բարիք Պարգևողին:
 
Պայքարում ենք երկար ապրելու համար, փոխարեն պայքարենք
շիտակ ապրելու համար:
Մեր նմանների աչքին ուզում ենք բարեպաշտ ու սրբակենցաղ երևալ,
չգիտակցելով, որ Աստծուն չենք կարող խաբել:
Վախենում ենք մեռնելուց, փոխարեն վախենանք մեղքի մեջ ապրելուց:
 
Եթե այսպես ենք ապրում, ուրեմն մեր ներկա վիճակը ամենաբարվոքն է մեզ համար, մեր սեփական ընտրությամբ և նախաձեռնությամբ…
Մեզ ի սկզբանե ցույց է տրվել թե՛ նեղ և թե՛ լայն դռները…
չգանգատվենք, քանի որ մեզ տրվել է նաև զղջալու հնարավորություն:
Խորհրդակատար քահանան Պատարագի ընթացքում տասն անգամ ասում է.
«Խաղաղություն Ամենեցուն»: Մենք էլ լուրջ վերաբերվենք ասված խոսքերին, որպեսզի այդ խաղաղությունը հանգրվանի մեր հոգում: