Թող կարդան կնքահայրերը և չափահաս մկրտվողները…

Պարզ է, որ Քրիստոսի հոգին պիտի գոյավորություն ստանա մեր մեջ, ոչ թե լոկ անվանապես, այլ էապես և գործնականապես: Ոչ մի դժվարություն չկա հասկանալու համար, որ անխոս, անգիտակից նորածին երեխային երեք անգամ ընկղմելով ջրի մեջ Սուրբ Երրորդության անունով, ձևական մկրտությունը կատարելով, և մեռոնով դրոշմելով նրան, նա դեռ չստացավ Քրիստոսի հոգին: Հիշյալ արարողությունները միայն մի նշանադրություն էին և մի պայմանավոր պատասխանատու պարտականություն, հանձնառության առհավատչյա քահանայի, ծնողների և կնքահոր համար, որ նրանք Քրիստոսի հոգին տակավ առ տակավ մտցնեին նորածնի մեջ, ամրապնդեին, հաստատեին այնտեղ, որ նա պատկաներ միայն Քրիստոսին, միայն համակվեր Քրիստոսով: Այդ նպատակին չի կարող հասցնել ոչ մի արտաքին ծիսակատարություն և ձևականություն, որովհետև դրանք այս խնդրում առավելը միայն մի նշան թող լինեն, կամ օժանդակիչ միջոց: Բուն քրիստոնեական հոգին ստացվում է միայն դաստիարակությամբ և կրթությամբ, որ սկսվում է օրորոցից մինչև մկրտվածի արբուն հասակի կատարյալ գիտակցության հասնելը և ապա շարունակվում է ինքհուրույնաբար: Երեխայի ծնողները և դաստիարակները իրենց գուրգուրանքով և գթոտ վերաբերմունքով պիտի զարգացնեն նրա մեջ սեր, որ է քրիստոնեության հիմքը, սերը առաջացնում է սեր, սիրով կյանքի ամեն կնճիռները լուծվում են, երեխան պիտի մեծանա սիրո մթնոլորտի մեջ, միջավայրը պիտի շրջապատի նրան ջերմ գուրգուրանքով: Այստեղ, իհարկե, ավելորդ չէ, այլ անհրաժեշտ է հիշել, որ միայն Քրիստոսի հոգին ունեցողը կարող է ներշնչել իր սանիկին և նրա մեջ կրթել նրան, սա է հիմնական սկզբունքը այս խնդրի` Մկրտության խորհրդի մեջ:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան: Քրիստոսի Հոգին Մաս երկրորդ  1916. <<Արարատ>>