Քրիստոսի Հոգին. Նիկողայոս Վարդապետ. մաս առաջին.

Քրիստոնյան պարտականություն ունի.
«Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում»։ Հռոմ. 8:9
Առաքյալն ասում է, իսկ եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա Նրանը չէ: Պարզ, կտրական վճիռ է այս. առավել ևս մի հիմնական օրենք, որ առանց Քրիստոսի, չի կարելի քրիստոնյա լինել, ինչպես զուր ճգնում են համոզել մեր ժամանակում ոմանք, որոնք ֆիզիկական աշխարհի սակավ ինչ գիտությամբ հպարտացած ըմբոստացած են. փոխանակ հեզ ու խոնարհ հոգով կրելու Քրիստոսի քաղցր և թեթև լուծը: Նրանք, և ոչ քո բացարձակապես չեն կարող և այդ արդեն անհնարին է ուրանալ, որ մարդկության բարգավաճման մղիչ ուժը քրիստոնեական սկզբունքներն են, որ քրիստոնեությանն է պարտական եվրոպական քաղաքակրթությունը և որ մարդկության ապագա բարօրության համար հոգացող առաջնորդները իրենց գաղափարները ձեռք են բերել քրիստոնեական դաստիարակության ազդեցությունի և նրա սկզբունքներից: Այդ քրիստոնեական դաստիարակության ազդեցության թուլանալուց էր, որ մենք այժմ տուժում ենք ժամանակիս խստասրտությունից և անարդարությունից, թեև դեռ շատ շատ են ռազմիկ քաջամարտիկ գնդերը, որոնք ապրում են քրիստոնեական վարդապետության բարձր իդեալների համաձայն: Դրա համար պարտք կա յուրաքանչյուր հավատացյալի վրա, ոչ միայն գոհ լինել նրանով, որ ինքը հաստատ և ճշմարտապես Քրիստոսինն է, այլև անտարբեր չլինել այն մարդկանց նկատմամբ իր շրջապատում, որոնք մոլորված`հին հեթանոսների նման և փարիսեցիաբար ասում են, մենք խղճի օրենքով և գիտության ցուցմունքով ենք ապրում: Պարտք է ամենքի համար` այդպիսիներին մոտեցնել դեպի Սուրբ ավետարանը, դեպի Քրիստոս Աստծու հավատը, մանավանդ այդ մասով ուշադրություն դառձնել մատաղ սերնդի վրա:
Նիկողայոս Վարդապետ Տեր- Ավետիքյան (Արարատ 1916թ) շարունակելի…