Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր Եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան
տոնը, ով կոչվում է Փեսայի բարեկամ, Նախակարապետ և ում Աստված
օրհնեց և ընտրեց դեռ մոր որովայնում, պարգևելով նրա ծնողներին այդ բերկրանքը: Մեր Հայրերը հաշվի առնելով երկու Հովհաննեսների դերը և
առաքելությունը, նրանց հիշատակության օրերը դասավորել են մեր Տեր
Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան Լուսավոր Տոնից անմիջապես առաջ և հետո: Ուրախանանք մեր ընտրյալ Սուրբ վկաների պատվով և ամեն ժամ
խնդրենք նրանց բարեխոսությունը մեր Տիրոջ առջև, ովքեր հավերժական
վայելում են Հիսուս Փրկչի անսահման սերը և ներկայությունը:
Հովհաննես և Հովհաննիսյան անուն, ազգանունը կրող մարդկանց, ինչպես
նաև Կարապետներին և Մկրտիչներին շնորհավորում եմ իրենց անվանակոչության տոնի առթիվ, թող Սուրբ Հովհաննես Մկրտիչը հավերժ բարեխոս լինի Տիրոջ առջև իր անվանակիցների համար: Իսկ Հովհաննեսները իրենց աչքի առջև թող անվերջ ունենան Սրբի նախանձախնդրությունը, առաքինի վարքը, ճշմարտախոսությունը, ինչի համար և նահատակվեց Սուրբը:
Այս պահին իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր եկեղեցու հայրերին, ովքեր հաստատեցին այն նվիրական կարգը, որ Մկրտության ենթական
անձին մկրտելուց հետո կոչում են որևէ Սրբի անունով, բարի նպատակ
ունենալով այդ անձին հաղորդ դարձնել Սրբի կյանքին ու առաքելությանը,
նրա հիշատակությանն ու անվանակոչության պատվին: Կառչած մնանք մեր եկեղեցու բարի ավանդություններին և վայելենք նրա կողմից հաստատված տոներն ու հիշատակությունները:
Բացառիկ հնարավորություն ունենեցանք Հունվար ամսին մասնակից
դառնալու տասից ավելի Սուրբ Պատարագների, որոնցից վեցը արդեն մատուցվել է, իսկ չորսը դեռ առջևում է: Բաց չթողնենք հարմար առիթը, ինչպես ասում են. «Դիմավորենք Նոր տարին Աստծուն փառաբանելով և Նրանից եկած օրհնություններով», որպեսզի տարին լինի նպաստավոր մեր գործունեության համար: Փառք Աստծո, իր տան վայելչության համար, և թող Աստված լսի Իրեն հուսացողների ձայնը:
Յանուն կանանց ծնունդների մէջ մեծի՝ Յովհաննէս Մկրտչի,  եւ բոլոր սուրբերի, նրանց բարեխօսութեամբ սրբի՛ր մեզ հոգու եւ մարմնի ամէն տեսակ պղծութիւններից
եւ արժանացրո՛ւ մեզ Քո ճշմարիտ երկրպագուների հետ հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագելու եւ փառաւորելու Քեզ՝ Ամենասուրբ Երրորդութեանդ ամէն: