Ը օր Սուրբ Ծննդյան. Տոն Անվանակոչության մեր Տեր Հիսուս Քրիստոսի

 
Մանուկ Հիսուսին ծննդյան ութերորդ օրը տաճարում թլփատեցին և
անուն դրեցին (Ղուկ. 2.21)։ Ըստ հրեական օրենքի` ութ օրեկանը լրացած
երեխաներին տանում էին տաճար, արու զավակներին թլփատում և անվանակոչում։ Թլփատությունը հուշում էր, որ մարդը պետք է հեռու մնա իր մարմնի մեղավոր հաճույքներից և կրքերից. Սակայն այժմ, երբ Նոր Կտակարանի ժամանակներում մենք ունենք սրտի թլփատությունը, այսինքն` այն գիտակցությունը, որ պետք է հրաժարվենք մեղավոր ու ստոր հաճույքներից, այլևս կարիք չունենք մարմնավոր թլփատության,
 
Մեր Եկեղեցու աստվածաբան հեղինակներից Կաթողիկոս Ղազար
Ջահկեցին հատուկ ուշադրություն է հրավիրում Տիրոջ անվան արտասանության վրա։ Նա գրում է, որ մեր Եկեղեցու վարդապետության համաձայն` չի կարելի Փրկչին կոչել միայն Հիսուս անունով, որովհետև այդ անունը գործածվում է նաև հասարակ մարդկանց համար։
 
Հիսուս անունը Տիրոջ համար պարզ մարդկային ձևով օգտագործում
են հատկապես Քրիստոսի անձի մեջ երկու բնություն դավանող քաղկեդոնական վարդապետության հետևորդները` կաթոլիկները, ուղղափառները, բողոքականները, որովհետև նրանց համար արտառոց ոչինչ չկա Փրկչին սովորական մարդու պես կոչելու մեջ: Նրանց վարդապետության համաձայն` Քրիստոս ունի երկու բնություն` մարդկային և աստվածային, և Հիսուս մարդկային անունով ակնարկվում է մարդկային բնությունը։
 
Ղազար Ջահկեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քրիստոսաբանության վրա հիմնվելով, սովորեցնում է, որ պետք է անպայման ասենք Տեր Հիսուս կամ Հիսուս Փրկիչ կամ Հիսուս Քրիստոս` շեշտելու համար, որ Քրիստոս մարդ է, միաժամանակ նաև` Աստված։ Ցավոք, այսօր մի արատավոր երևույթ է տարածված մեր ժողովրդի
մեջ։ Շատեր, իբրև զարմանքի կամ բացականչության նշան, անփութությամբ օգտագործում են Տիրոջ անունը։
 
Օրինակ` երբ մեկն ինչ-որ բանից զարմանում է կամ որևէ երևույթից ազդված պետք է բացականչի, ասում է` Հիսո՜ւս Քրիստոս կամ Հիսուս քեզ Քրիստոս։ Ոմանք էլ նման դեպքերում ավելին` աղավաղված ձևով են ասում` Իսո՜ս։ Սա հավանաբար առաջացել է բարեպաշտական սովորությունից, որով դժվարության մեջ հայտնվելիս օգնության համար Քրիստոսի անունն են կանչում: Սակայն մարդկային չապաշխարած մեղքերի հետ միասին Աստված շատ մեծ խստությամբ պիտի դատապարտի և պիտի պատժի մեր Տիրոջ անունն այսպես անփութությամբ կամ աղավաղված ձևով գործածելու համար։
 
ԱԴԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ
(ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԻՆ)