Չվիճել սատանայի հետ, այլ մերժել նրան սուրբգրային պատասխաններով:

«Ծոմը և փորձությունը»
1. Հիսուս հաղթեց սատանայի փորձությունները:
Հիսուս մկրտվելով Հորդանան գետում, գնաց անապատ և քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց: Երբ ծոմապահությունն ավարտվեց, սատանան մոտեցավ նրան և երեք անգամ փորձության ենթարկեց:
Առաջինը` մեր կարիքները ագահորեն բավարարելու փորձությունն է.
«Եթե Աստծո Որդին ես, այս քարերը հա՛ց դարձրու»:
Երկրորդն Աստծուն փորձելու փորձությունն է. «Քեզ ցած նետիր»:
Երրորդը` հարստություն և իշխանություն սիրելու փորձությունն է. «Աշխարհի
բոլոր թագավորությունները քեզ կտամ, եթե խոնարհվես ու ինձ երկրպագես»:
Հիսուս մերժեց սատանային և վռնդեց նրան: Սատանան պարտված հեռացավ, իսկ հրեշտակները մոտեցան ու սկսեցին ծառայել Հիսուսին:
 
2. Հիսուս մեզ սովորեցնում է ծոմ պահել և աղոթել:
Հիսուսը զորանալու լավագույն օրինակը տվեց մեզ: Նա ծոմ պահեց և աղոթեց, որպեսզի մենք էլ, Իր նման, ծոմով և աղոթքով դիմադրենք և հաղթենք սատանայի փորձություններին: Նա, ով հավատով գործադրում է այս զենքերը, Աստծուց երկնային ուժ` շնորհ է ստանում` դիմադրելու սատանայի չարություններին:
 
3. Պետք է ոչ թե վիճել սատանայի հետ, այլ մերժել նրան:
Ուշագրավ է, որ Հիսուս չվիճեց սատանայի հետ, այլ նրան պատասխանեց Սուրբ Գրքի խոսքերով և այնուհետև վռնդեց` դրանով իսկ ուսուցանելով, թե ինչպես
պետք է վարվել սատանայի հետ: Ուրեմն ուսանենք Սուրբ Գիրքը և զինվենք նրանով. այդ է մեզ սովորեցնում Հիսուսը: Լավ կլինի` միշտ մեզ հետ ունենանք Ավետարանը, շարունակ ընթերցենք այն և սովորենք Աստծո խոսքերը, որպեսզի, նրանցով զինված, միշտ կարողանանք մերժել սատանային:
 
Հիսուս քաղց զգաց, բայց ուտելիք չփնտրեց:
Մենք քաղցում ենք և ուտելիք ենք փնտրում անհագ ցանկությամբ:
Սատանան Հիսուսին առաջարկեց ուտել, սակայն Նա մերժեց:
Երբ համեղ ուտելիք ենք տեսնում, անմիջապես շտապում ենք հագեցնել մեր քաղցը:
Սատանան Հիսուսին հարստություն առաջարկեց, սակայն Նա հրաժարվեց:
Երբ հարստության ենք հանդիպում, կամենում ենք նրան տիրանալ ամե՛ն գնով:
Հիսուսն անմիջապես մերժեց սատանային` սուրբգրային հիմքերով:
Մենք սատանային անմիջապես չե՛նք մերժում, այլ վիճում ենք, և պարտվում ենք, որովհետև տեղյակ չենք սուրբգրային հզոր պատասխաններին:
Կրոնի դասագիրք.