Շաբաթ. Սրբերի հիշատակության օր.

Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Հակոբ Մծբնեցի Հայրապետի հիշատակության օրը: Շնորհավորում եմ Սրբի անունը կրող եկեղեցիների հավատացյալներին` իրենց ուխտի օրվա առթիվ և Հակոբ անուն, ազգանունը կրող իմ հայրենակիցներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Հայրապետի բարեխոսությունը հայցենք մեր ազգի հավատի անսասանության համար:
Ս. ՀԱԿՈԲ ՄԾԲՆԵՑԻ (+338)
Ս. Հակոբ Մծբնեցի հայրապետը, որին մականվանել են Զգոն, Իմաստուն և Մեծ, պարթևական ազգից էր՝ ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ՝ Խոսրովուհու որդին:
Անակ Պարթևի ողջ ընտանիքի բնաջնջման ժամանակ փրկվեց նաև Հակոբը: Նրան էլ, ինչպես մանուկ Գրիգորին, դայակները փախցրին Կեսարիա, որտեղ նա դաստիարակվեց քրիստոնեական ոգով: Ավելի ուշ քույրը նրան տարավ Պարսկաստան: Սակայն Հակոբը, որ նախընտրում էր ճգնավորական կյանքը, հեռացավ Ասորեստան և առանձնացավ Մծբին քաղաքից ոչ հեռու:
Նա բնակվում էր անտառներում ու բարձրաբերձ լեռներում՝ սնվելով միայն վայրի ծառերի պտուղներով ու բանջարեղենով, իսկ հագուստը պատրաստված էր այծի կոշտ մազից: Հարատև աղոթքների և ճգնությունների միջոցով հասնելով մեծ սրբության՝ Հակոբը մարգարեության շնորհ ստացավ Տիրոջից:
Երբ նա լեռներից իջավ մարդկանց մոտ, տեղեկացավ, որ Մծբինի շրջակայքի բնակիչները թեև դարձի են եկել, սակայն ծաղրով են վերաբերվում համաշխարհային ջրհեղեղի և Նոյան տապանի պատմությանը: Այդժամ սուրբը ճանապարհ ընկավ դեպի Արարատ լեռը: Նա կամենում էր գտնել տապանից մի կտոր և բերել իր ժողովրդին՝ նրա անհավատությունը փարատելու նպատակով: Բայց լեռան գագաթին չհասած՝ հրաշք կատարվեց. երբ ս. Հակոբը քնած էր, տապանից խաչաձև մի բեկոր հայտնվեց նրա գլխի տակ: Նա վերցրեց այն և վերադառնալուց հետո այդ սուրբ մասունքի միջոցով բազում հրաշքներ գործեց:
Եպիսկոպոս ձեռնադրվելով՝ ս. Հակոբ Մծբնեցին իր քարոզներով դարձի բերեց շատերին, հիմնեց դպրոցներ ու եկեղեցիներ, ինչպես նաև կազմակերպեց պարսից Շապուհ արքայի կողմից պաշարված Մծբին քաղաքի 70-օրյա պաշտպանությունը:
Երբ սուրբն ավանդեց իր հոգին, նրա մարմնից անուշահոտություն էր բուրում, և նրա վրա լույս էր ճախրում: Հետագայում նրա գերեզմանի վրա կառուցվեց եկեղեցի:
Աղբյուրը` Սրբազան Ավանդություն.
http://www.sacredtradition.am/Calendar/xorh.php?NM=0&iM=1101&iL=0&ymd=20161217&iA=267