Ո՞րն ասեմ կամ ո՞րը խոստովանեմ. հանցանքներս անթիվ են…

Մենք շատ հաճախ ենք տալիս այս հարցը.
«Ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ թարս ընթանում»:
Սակայն երբե՛ք, թեկուզ մեր մտքում չենք ուզում ազնիվ պատասխանը լսել.
«Մե՛ր պատճառով է ամեն ինչ թարս ընթանում»:
Եկե՛ք սկսեք վերլուծել տարվա սկզբից, մենք թարս ենք սկսում նոր տարին: Փոխարեն տարին սկսենք Սուրբ Ծննդյան պահքով, Տոնական Պատարագով, Սուրբ Ծննդի Խորհրդով, և Տնօրհնեքով, մենք տարին սկսում ենք պարտքով բացած ճոխ սեղանով` անհիմն մրցակցության մեջ մտնելով սրա կամ նրա սեղանի պարունակության հետ: այս երևույթը և անտեղյակությունը վերաբերում է մնացած բոլոր Տաղավար տոներին և նրանց կատարմանը:
 
Եթե խոսենք Եկեղեցու խորհուրդների կատարման մասին, նույն վիճակն է, դարձյալ երկրորդականը բերում ենք առաջնային պլան և նորից թարս են սկսում: Օրինակ.
Խորհուրդներից որն էլ վերցնենք, պատկերը նույնն է, Մկրտվում ենք, ո՛չ թե Աստծո պատգամին հետևելու, այլ անհիմն զարդարանքների, մեծ կեր ու խումի, և զվարճության համար, կամ որովհետև շուտով ամուսնության հարց է լինելու: Նույն պատկերն է Պսակի Խորհրդի ժամանակ, թաղման կարգի ժամանակ, և այլն:
Եթե Սուրբ Գրքի ընթերցանությանը անդրադառնանք, ապա Աստվածաշունչը մեր տներում գտնվում է նախապատիվ տեղում`չընթերցված: Մինչդեռ մեր սրտի գիրքը պետք է լիներ` ամեն օր ընթերցելով:
 
Եթե Եկեղեցի հաճախելը քննարկենք, ապա սրբավայրը` որ մեր մեղքերի քավության վայրն է, դարձրել ենք մոմավառության սրահ, մինչդեռ եկեղեցում Պատարագ է մատուցվում, Խորհուրդներ են կատարվում մեր փրկության համար, իսկ մենք անհաղորդ ենք… Խիտ է ցանկը մեր սխալների, որոնք չուղղելու դեպքում նույն հարցը դեռ երկար ենք տալու.«Ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ սխալ ընթանում», «Որովհետև մեզ համար առայժմ գերագույն արժեքները մարմնավոր են, ոչ հոգևոր»:
Աստծո համբերությունը անսահման է մեր հանդեպ, ուղղակի մեր կյանքի ժամանակ է սահմանափակ և արագ մոտենում է տնտեսության հաշիվը տալու օրը, ու մենք խառնվում ենք իրար: Ջանանք հիմա, քանի ուշ չէ, չլինի թե ձեռնունայն գնանք հանդիպելու մեր Տիրոջը, Ով Իր Սուրբ Արյունը թափեց մեզ համար կամավոր սիրով: