Շաբաթ. Սուրբերի հիշատակության օր. Այսօր մեր եկեղեցին ընդհանրական աողթքի մեջ հիշում է Սուրբ Գրիգոր Սքանչելագործին, Նիկողայոս հայրապետին և Միւռոն եպիսկոպոսին: Շնորհավորում եմ սրբերի անունը կրող հայորդիներին` իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սրբերի բարեխոսությամբ թող ընթանա նրանց կյանքը և սրբերի խոնարհությունը օրինակ լինի անվանակիցների համար Աստծո կամքի համաձայն:

 
p038906Անանիա Նարեկացին ասում է որ.
Խոնարհությունը որպես աղ համեմում է մարդու բոլոր գործերը,
իսկ ով խոնարհություն չունի, նրա գործերը նեխած են և գարշահոտ…
 
Ս. Գրիգոր Սքանչելագործի մասին պատմում են, որ մի անգամ քաղաքի բազմության առաջ քարոզի ժամանակ, նրա հակառակորդները նրան խայտառակելու համար սովորեցնում են մի անբարո կնոջ, որ գա և հանրության առջև վարկաբեկի ու ամբաստանի նրան: Երբ անբարո կինը բազմության առաջ գոռալով պահանջում է նրանից պոռնկության վարձը, նա լուռ հանում է գրպանից արծաթ դրամներ և տալիս
է կնոջը, որպեսզի իրեն հանգիստ թողնի: Երբ կինը հեռանում է, հանկարծ լսվում է մի անասնական մռնչյուն, գազանի ձայն: Մարդիկ մոտենում են և տեսնում են, որ կինը ընկած է, բերանից փրփուր է դուրս գալիս, և ինչ – որ դիվային շարժումներ է անում: Ամիջապես վրա է հասնում սուրբը և բժշկում նրան:
 
Այդպիսի բազում հրաշքների օրինակներ կան սրբի վարքում:
Դարձյալ գրված է, թե ինչպես մի անգամ երկու հրեա ընկերներ փորձում են խաբելով կողոպտել սուրբ Գրիգորին: Ընկերներից պառկում է գետին, իբրև մեռած, մյուս ընկերը Գրիգորին ասում է, տուր քո զգեստները, որպեսզի հագցնեմ ու թաղեմ իմ ընկերոջը: Սուրբը առանց ուշացնելու հանում է իր հագուստը և գցում գետնին պառկած թվացյալ մեռելի վրա ու հեռանում է: Խաբող ընկերը ծիծաղում է, և պառկած ընկերոջը ասում.
-Վեր կաց, խաբեցինք սուրբին, հիմա նրա հագուստը կվաճառենք:
Զարմանքից քարանում է տեղում, երբ տեսնում է որ ընկերը մահացած է…
 
Ս. Գրիգոր Սքանչելագործը դառնալով այդ քաղաքի առաջին հովվապետը՝ 30 տարվա ընթացքում նրա շնորհիվ քրիստոնեության դարձավ գրեթե ողջ շրջանը՝
բացի միայն 17 հեթանոսներից. մինչդեռ ձեռնադրության սկզբում Նեոկեսարիայում կար ընդամենը 17 հավատացյալ: Փառք Աստծուն Իր բոլոր սրբերի համար, որոնց սրբակենցաղ վարքը հրաշալի օրինակ է մեզ համար քաջությամբ հետևելու մեր Տիրոջ խոսքին: