Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա, Տէր, ողորմեա… Արի՛ Աստուած հարցըն մերոց, Որ ապաւէնդ ես նեղելոց, Հա՛ս յօգնութիւն ծառյից քոց, Անօգնական ազգիս Հայոց.

 

14064285_1072943589486556_1770904347257444416_n
«Տեր, ողորմեա» աղոթքը Սուրբ Պատարագի մաս է կազմում և երգվում է Սուրբ Հաղորդությունից առաջ ամեն կիրակի: Սիրված աղոթք է բոլորիս կողմից: Նույնիսկ երբ Պատարագի ժամանակ ցրված ենք լինում, այս երգի երաժշտությունը սթափեցնում է մեր մեղավոր ու մոլորված միտքը:
Խնդրում ենք խաղաղություն աշխարհին` երբ…
Տերը Ի՛ր խաղաղությունը տվեց մեզ, ոչ թե աշխարհինը և պատվիրեց, որ մեր հոգիները այլևս չխռովվեն, քանզի հաղթեց ինքը աշխարհին:
Բժշկություն ենք խնդրում, երբ…
Նա բժշկեց բորոտին, կաղին, կույրին անդամալույծին, նույնիսկ մահացածին, և պատվիրեց այլևս մեղք չգործել:
Ննջեցյալներին արքայություն ենք խնդրում, երբ…
Նա անվերջ հորդորում է, որ նախ Երկնքի Արքայությունը խնդրենք, մնացածը ավելիով կտրվի, որ Երկնքի արքայությունը մեր ներսում է, ոչ այլ տեղ, եթե մենք մեղք չգործենք ու մաքրվենք:
Կանչում ենք Աստծուն, որը նեղյալների ապավենն է, երբ..
Նա ամեն րոպե մեզ հետ է Աստվածաշնչով, Իր պատգամներով, որպեսզի օգտվենք ու նեղություն չկրենք մեր կյանքում:
Օգնություն ենք խնդրում մեր ազգի համար, երբ…
Նա մեր ազգի համար ուղարկեց իր Առաքյալներին, տասներկու տարի Վիրապում նախապատրաստեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին մեր ազգին դարձի` քրիստոնեության բերելու համար: Ինքը` անձամբ ցույց տվեց Միածնաէջ Տաճարի տեղը: Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի և շատերին Սուրբ Հոգով լցրեց, որպեսզի ծառայեն մեր ազգին:
Իսկ մե՞նք…
Աշխարհի հոգսերից կորցրել ենք մեր խաղաղությունը, հիվանդացել ենք մեր մեղքերի պատճառով, չենք օգտվում Աստվածաշնչի Լույս պատգամներից և մեր Հայրերի թողած հոգևոր ժառանգությունից, մեր ննջեցյալներին առանց եկեղեցու և առանց հոգևորականի ենք թաղում, ապավինում ենք մեր ուժերին: Այսքանից հետո ասում ենք օգնական եղիր մեզ: Ի՞նչու է այսպես… Գուցե սա՞ է պատճառը, որ մեր աղոթքների պատասխանը ուշանում է…Տեր, ողորմեա, Տեր, ողորմեա, Տեր, ողորմեա.