«Քո շնորհն առատացաւ իմ մէջ եւ յագեցրեց իմ քաղցն ու զովացրեց իմ ծարաւը, լուսաւորեց իմ խաւարեալ միտքը, թափառումներից հաւաքեց իմ խորհուրդները եւ լցրեց իմ սիրտը»: Ս.Գրիգոր Լուսավորիչ

 
421_963489350431981_2951044029942757931_nՏեսնենք, թե ի՞նչ է պետք մեզ, Սուրբ Հոգով լցվելու համար…
Ըստ մեր սիրելի Սուրբ Գրիգոր Տաթևացու:
Ինչպես որ նյութեղեն կարասը, որը լցնելու համար չորս բան է հարկավոր: Նախ՝ պետք է, որ այն դատարկվի ներսում եղած գարշելի իրերից: Երկրորդ՝ պետք է, որ լվացվի: Երրորդ՝ պետք է, որ անվնաս լինի, իսկ եթե կոտրված է՝ ամուր կպցվի: Չորրորդ՝ պետք է, որ դրված լինի բերանը դեպի վեր:
Այդպես էլ՝ ով լի է գարշելի մեղքերով և կամենում է լցվել Սուրբ Հոգով, նախ անհրաժեշտ է, որ խոստովանությամբ սիրտը դատարկի գարշելի մեղքերից: Ինչպես ոմն փիլիսոփա ասաց Ալեքսանդր Մակեդոնացուն. «Պատրաստ է Աստված հեղել Իր իմաստությունը, քանզի չի խնայում, սակայն դու պատրաստ չես, քանի որ սիրտդ լցված է հպարտությամբ և աշխարհի փառքերով: Դատարկի՛ր սիրտդ աշխարհիկ հոգսերից և կլցվես աստվածային իմաստնությամբ»:
 
Եվ ինչպես օձը, երբ ջուր է խմում, նախ թափում է թույնը և հետո՝ ըմպում, նույնպես և մեզ անհրաժեշտ է նախ սիրտը դատարկել նախանձից, ցանկություններից և ամենայն մեղքերից, նոր միայն ընդունել Սուրբ Հոգուն:
Երկրորդ՝ պարտ է, որ մարդն արտասուքներով, աղոթքներով և պահքով լվանա իր սիրտը:
Երրորդ՝ պարտ է, որ սիրտն անվնաս լինի, չլինի մեղքերի կամքը, քանի որ նա, ով գործերով հեռացել է մեղքերից, սակայն մտովի դրանց հավանում է, նման է կոտրված ափսեի, որը չի պահում Սուրբ Հոգու շնորհները: Դարձյալ պարտ է, որ անվաս լինի, այսինքն՝ կուսությամբ և ողջախոհությամբ իրեն անարատ պահի:
Նաև պարտ է, որ հինգ զգայարանները կոծկի Աստծո երկյուղով:
Երբ պատրաստում են կարասի նման մի փայտե անոթ՝ եզերքը եզերքին ձգված և փայտյա օղակապով ամրացված, նրա մեջ ինչ էլ որ լցնում են՝ պահում է: Այդպես էլ մենք պետք է մեր սրտերը ամրացնենք տասը գոտիներով, այսինքն՝ տասը պատվիրանների պահպանությամբ, որպեսզի լցվենք Սուրբ Հոգու ուրախարար գինով: Չորրորդ՝ պարտ է, որ մեր սրտերը ուղիղ հաստատենք՝ դուռը դեպի վեր, այն է՝ մեր սրտերի փափագը առ Աստված ուղղենք, իսկ եթե սրտի դուռը դեպի ներքև լինի, այն է՝ սիրել աշխարհի հեշտությունները, այդ դեպքում մարդը չի լցվում Սուրբ Հոգով, այլ պիղծ ոգով: Սուրբ Գրիգոր Տաթևացի: