ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ։ Այսօրվա եթերը բոլորովին ա՛յլ ձևաչափով է լինելու, քանի որ որևէ սերտողություն չկա այլևս։ Մենք ուղղակի պետք է զրուցենք մեր վերջին տարիների համատեղ աշխատանքի և հանդիպումների դրական ու բացասական արդյունքների մասին։ Ինչպես Պողոս առաքյալն էր ասում, – պատերազմեցի «բարի պատերազմը», ավարտեցի Ավետարանների և առաքելական թղթերի սերտողություններն ամբողջությամբ՝ ինչպես որ նախախնամեց Տեր Աստված։ Ջանացի իմ հնարավորության սահմաններում, և նո՛ւյնիսկ դրանից առավել։ Սիրելիներ, իմ նպատակն էր ստեղծել Աստծու խոսքի հետևորդներից կազմված մի ընտանիք և այդ հոգևոր ընտանիքը առաջնորդել դեպի Փրկության Տապան։ Երբ մտքումս առաջացավ այս ծրագիրը, անկեղծ ասած չէի ակնկալում, որ կհավաքվի լսարան, քանի որ այդ տարիներին մեր հայրենիքը գտնվում էր անցումային ծանր փորձությունների շրջանում։ Ժողովուրդը լարված էր, խուճապը մեծ էր, ներկան անորոշ էր, մարդկային բոլոր հարաբերությունները գերլարված վիճակում էին, եթե չասենք խաթարված ու պայթյունավտանգ։
Այդ դրությունից դուրս գալու միակ ճանապարհը հոգևոր խաղաղությունն էր մարդկանց համար։ Իսկ հոգևոր խաղաղությունը այլ տեղ պետք չէ փնտրել, բացի Ավետարանից։
Միայն հոգևոր հացը կարող էր հագեցնել արդարության քաղցն ու ծարավն ունեցող մեր հայրենակիցների հոգիները, լինեն նրանք հայրենիքում, թե սփյուռքում։
Ձեռնամուխ եղա՝ Ավետարանի սերտողությանը՝ առանց լուրջ ակնկալիքի։
Եթե հիշում եք, սկզբնական շրջանում օրվա ավետարանի սերտողությամբ սկսեցի ուղիղ եթերները, մինչև հավատացյալների կամ հետևորդների խումբ հավաքվեր։ Աստված երբեք ամոթով չի թողնում Իրեն հուսացողներին։ Փառք Աստծուն։ Կարճ ժամանակ անց հավաքվեց մեր հետևորդների բանակը։ Գիտեմ, որ «Հանապազօրյա Հաց» հաղորդաշարի ընտանիքը կազմված էր հոգևոր տարբեր ընկալումների տեր մարդկանցից, տարբեր հոգևոր աստիճաններ ունեցող մասնակիցներից։ Այլ խոսքով ասած՝ մեր հոգևոր դպրոցում կային «առաջին դասարանցիներից մինչև 10 րդ դասարանցիներ»։ Ջանացի Ավետարանի սերտողությունն այնպես կազմակերպել, որպեսզի՝ թե՛ առաջին դասարանցին անմասն չմնա տված դասից, թե՛ տասներորդ դասարանցին չձանձրանա իր լսածից։ Առաջին գլխավոր քայլն արված է դեպի փրկության տապան։
Այսօր, դուք արդեն ճանաչում եք ձեր փարախի դուռը, և ճանաչում եք ձեր հովվի ձայնը։
Ձեզ այլևս անկարող են մոլորեցնել ։ Իսկ սա մեծ հաղթանակ է սկզբի համար։ Դուք ավելի մոտիկից ծանոթացաք Աստվածաշնչի բովանդակությանը։ Չեմ կարող ասել, թե՝ դուք ամբողջությամբ տիրապետեցիք, քանի որ Աստվածաշունչը իր տպագրված օրից մեկնաբանվում է, և դեռ շարունակելու է մեկնաբանվել։ Բայց վստահ եմ, որ այս տարիների ընթացքում շատերի մոտ սեր առաջացավ Աստվածաշնչի նկատմամբ, որը ևս կարևոր և դրական երևույթ է։ Չնայած իմ մեծ ջանքերին, ձեզնից քչերը համարձակություն ունեցան ուղիղ եթերի ժամանակ զանգել և խոսել իրենց պատկերացումների մասին։ Սիրելիներ, երբ որ ես ակնկալում էի ձեր զանգերը, իմ նպատակն էր ձեր մեջ կոտրել վախը՝ Ավետարանի մասին խոսելու, քահանայի հետ շփվելու, և սեփական տեսակետը հայտնելու վերաբերյալ։ Մի տեսակետ կա հավատացյալների մեջ՝ ամուր նստած, որ Ավետարանից իրավունք ունի խոսելու միայն հոգևորականը։
Այո, եկեղեցու խորանից միայն քահանան իրավունք ունի Ավետարանը մեկնելու կամ քարոզ խոսելու։ Իսկ ո՞վ է արգելք դրել, որ հավատացյալը բարձրաձայնի իր հասկացած հատվածը՝ Ավետարանից, ինչպես որ հասկացել է։ Եթե դուք չբարձրաձայնեք ձեր հասկացածը, ապա քահանան ինչպե՞ս կիմանա, դուք ճի՞շտ եք ընկալել, թե՝ ոչ։ Իմ քարոզխոսությունը շատ վաղուց է յութուբում, և ձեր աչքի առջև է, սակայն այս վերջին տարիների ուղիղ եթերների շփումների ժամանակ և զանգերի ընթացքում ևս բավական դրական երևույթներ տեսա այն առումով, որ թեկուզ օնլայն, սակայն շատերդ ծանոթացաք միմյանց հետ, շատեր նույնիսկ մտերմացան և հանդիպումներ են կազմակերպում։
Միակ բացասական բանը որ նկատեցի այս տարիների ընթացքում, այն էր, որ տղամարդիկ չափազանց ձեռնպահ են՝ ո՛չ միայն զանգերի հարցում, այլ նաև իրենց ներկայությամբ։
Բայց այս միտումը կա նաև շատ եկեղեցիներում։ Սիրելի հետևորդներ, ես փոխանցեցի ձեզ ինչ որ ունեի՝ ո՛րը բանավոր, ո՛րը գրավոր՝ գրքերի տեսքով։ Դուք արդեն ունեք պաշտպանվելու և հարձակվելու հոգևոր զենքերը ձեր ձեռքում։ Կարելի է ասել դուք ձեր տներում ունեք մեկական Տեր Արմեն, որին կարող եք լսել, երբ որ բացեք ձեր ձեռքի տակ եղած մեկնությունների գրքերը։ Բացի նոր տպագրված գրքերից, չկա մի թեմա, որի մասին ես խոսած չլինեմ, հին և նոր տեսանյութերի մեջ։ Ուրեմն դուք ապահովված եք հոգևոր պաշարով, և այլևս պատճառաբանելու առիթ չունեք, թե չգիտեինք։
Դուք որոշակի պատկերացում ունեցաք նաև ժամերգություններից, որ ժամանակ առ ժամանակ եթերներից առաջ արել եմ ձեզ համար։ Այս պահին ուզում եմ հիշել, թե ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել ձեզ համար։ Սաղմոսներն ու առակները կարդացել եմ ձեզ համար։ Բացի հիմնական սերտողությունից, շաբաթվա մեջ կազմակերպեցի նաև հանդիպումներ հոգևորականների և հավատացյալների հետ։ Ունեցել ենք նաև զղջման և հատուկ աղոթքի օրեր։ Մի խոսքով այս տարիներին ունեցել ենք հոգևոր հագեցած ծրագիր։ Բայց այս բոլորի մեջ ծանոթացանք Աստվածաշնչի համառոտ նկարագրությանը և իմացանք, որ Աստծու ծրագիրը աշխարհի փրկության համար անխափան է, Աստված իր ծրագրի նախնական մասը Մովսիսական օրենքի միջոցով ներկայացրեց մեզ, որպեսզի ընկալենք մեր անկարողությունը։ մենք իմացանք, որ ո՛չ ոք չի կարող պահել ողջ օրենքը, եթե չստանա Աստծու շնորհը։ Զուր են սեփական ջանքերը՝ այդ ուղղությամբ։ Հետևաբար Աստված իրագործեց իր փրկության ծրագրի երկրորդ՝ գլխավոր մասը։ Այսինքն նախ ցույց տվեց օրինակը՝ ապա՝ Իրականը։ Աստված մարդկության համար պատրաստում էր Քրիստոսի գալուստը, որովհետև նախօրինակ կենդանու զոհաբերությունը անկարող էր մարդուն մեղքերից ազատել, առավել ևս հավիտենական փրկություն ապահովել։
Այո, Աստծու ծրագիրը կատարվելու էր մարդու փրկության համար՝ նույնիսկ առանց մարդու միջամտությամբ։
Սակայն Աստված կամեցավ տեսնել, թե մարդկանցից ո՞վ է ընդունակ մասնակից լինել Իր Որդու խաչելությանը։
Եկավ Քրիստոս այնպիսի ժամանակահատվածում, երբ մարդկությունը հատել էր մեղքի բոլոր սահմանները։
Ընտրեց այն մարդկանց, որոնք դերակատարություն էին ունենալու փրկության ծրագրի կատարման մեջ։
Ոմանք՝ դրական, ոմանք՝ բացասական։ Այդ մարդիկ միշտ կան։ Միայն այդ տարվա քահանայապետը չէր, որ մասնակից եղավ դավադրությանը։ Բոլոր ժամանակներում էլ եղել են ու կան այդպիսիք։ Միայն այդ օրերի Հուդան չէ, որ մատնիչ էր, բոլոր ժամանակներում էլ եղել են ու կան Քրիստոսին մատնողներ։ Միայն Քրիստոսի ժամանակվա ամբոխը չէր, որ խաժամուժ էր, այսօր էլ այդպես է։ Այսօր էլ կան Թովմասներ, Պետրոսներ, Պողոսներ, Հովհաննեսներ, որոնք փոխանցում Աստծու խոսքի ճշմարտությունները մարդկանց։ Որպեսզի մարդիկ հասկանան, որ քահանայապետը նույնիսկ մեծ ցանկության դեպքում իսկ չի՛ կարող հրաման տալ Աստծու Որդուն խաչը հանելու, այլ՝ միայն մասնակից կդառնա չարագործությանը։ Հետևաբար երբ Աստված ծրագիր է իրականացնում, նախապես գիտե, թե՝ որ դերը ո՛վ կարող է փայլուն կատարել։ Նայենք մեր օրերին, համեմատենք Աստծու գործելաոճին, և ամեն բան հասկանալի կդառնա։ Ուրեմն մենք՝ քրիստոնյաներս, որ կանչվեցինք Աստծուց՝ որդիներ կոչվելու, պահենք մեր անձերը, որպեսզի չարը չմոտենա մեզ, այլ մենք լինենք Աստծու ծրագրի բարի գործակիցը։ Աստված առանց մեզ կարող է իրականացնել իր ծրագիրը, ուղղակի Աստծու միջոցով է բացահայտվում մարդու իրական դեմքը և ընտրած ուղին։ Մենք ընտրենք իրական և միակ Աստծուն, որը ապահովեց մեր փրկությունը։ Քանի որ ճանաչեցինք ճշմարիտ Աստծուն։
Իսկ ովքեր ընտրում են իրենց մտքերում ու սրտերում ապրող իրենց ցանկությունները՝ որպես աստվածներ, և տառապում են մեղքերի մեջ, թող Աստված բացի նրանց հոգու աչքերը և մտքերը, լույսը տեսնելու համար։
Սիրելիներ Միայն Աստծուն է հայտնի, թե Աստծու խոսքի այսքան սերմերը ինչպիսի հողերի մեջ ընկան։ Նաև ձեզնից յուրաքանչյուրը կիմանա, թե իր մոտ ի՛նչ հոգևոր աճ է նկատվել։
Ես փառք եմ տալիս Աստծուն՝ այս հնարավորության համար, որ ստեղծվեց բոլորիս համար դժվար մի ժամանակահատվածում։ Փառք եմ տալիս Աստծուն՝ ձեզնից յուրաքանչյուրի համար, որ տվել է ինձ, և ես պետք է առաջնորդեմ նրան՝ իր փրկության ճանապարհին։
Ես վստահ եմ, որ հետայսու, դուք բոլորովին այլ տեանկյունից եք նայելու Եկեղեցու խորհուրդներին՝ իրենց կարևորության պատճառով։ Եթե մինչև հիմա ուղղակի եք մասնակցել եկեղեցու խորհուրդներին, սրանից հետո մասնակցելիս հիշելու եք, թե մենք ինչ ենք խոսել այդ խորհուրդների կարևորության մասին։ Եթե ձեզնից շատեր նախկինում եկեղեցի էին գնում միայն մոմ վառելու համար, հավատացած եմ, որ այսուհետ երկու բանի համար եք գնալու եկեղեցի; Նախ՝ որովհետև սիրում եք Աստծուն, և երկրորդ, կամենում եք ազատվել ձեր մեղքերից՝ զղջումով և խոստովանությամբ։ Վստահ եմ, որ այսուհետ, եթե ձեր տան անդամը, կամ մերձավորը կամենա մկրտվել, կամ պսակվել, դուք ձեր փոքրիկ լուման կունենաք նրանց տեղեկացնելու՝ խորհրդի կարևորության մասին։ Նաև համոզված եմ, որ հասկացաք, թե ձեր հոգևոր կրթության և դաստիարակության առաջին և վերջին շահագրգռված անձը դուք եք։ Դուք նաև պատասխանատվություն եք կրում ձեր սովորածը փոխանցել այլոց՝ նրանց հոգու փրկության համար։ Մի խոսքով ներքին հույս եմ փայփայում, որ ջուրը խողովակի միջով չի անցել, այլ ոռոգել է անմշակ հողեր, և ծարաված բույսեր։
Սիրելիներ, ես ջանացի Աստծուն ձեզ ներկայացնել, ոչ միայն որպես ներող ու սիրող Հայր, այլ նաև որպես պահանջող ու արդար դատավոր։ Աստված սիրում է մեզ, դա անհերքելի փաստ է, բայց մեր փրկությունը եղավ խաչի վրա, այսինքն զոհաբերությամբ։ Ուրեմն մեզնից նույնպես պահանջվում է որոշակի զոհողություններ՝ հոգևոր կյանքի մեջ։ Որոշակի պայմաններ՝ պատվիրանները պահելու մեջ։ Որոշակի չափավորություն՝ աշխարհի վայելքների մեջ։ Քրիստոնյաներս իրավունք չունենք մտածելու, թե ինչ էլ անենք, միևնույն է Աստված կների, քանի որ սիրում է։ Որովհետև Աստված մի օր անակնկալ ձևով պահանջում է մեր տնտեսության հաշիվը։ Աստվածաշնչում շատ- շատ ենք կարդում, երբ Տեր Հիսուս Քրիստոս ասում է․ «Մի վախեցեք» արտահայտությունը։ Քանի որ ով Աստծու հետ է, նա վախենալու կարիք չունի։ Սակայն կարդում ենք նաև, որ ասում է․ «Վախեցեք Նրանից, ով կարող է գեհեն նետել սպանելուց հետո»։ Հետևաբար Աստծու նկատմամբ վախը պետք է ժամանակի ընթացքում վերածվի սիրո։ Որպեսզի մեղքից զերծ մնանք ո՛չ թե նրա համար, որ վախենում ենք, այլ՝ նրա համար, որ ԻՐ արյունը թափեց մեր փրկության համար։ Մենք այս տարիներ ընթացքում խոսել ենք այս մասին տարբեր տեսանկյուններից։ Գիտակից քրիստոնյան պետք է ճանաչի իրական Աստծուն, ո՛չ թե իր մտքում հորինած աստծուն, որը միայն իր ցանկություններն է կատարում։ Գիտակից քրիստոնյան պետք է գնահատի Քրիստոսի խաչելությունը և հանուն դրա զերծ մնա մեղքից, կամ մեղանչելու դեպքում՝ զղջա։
Իմ սիրելի ունկնդիրներ, իմ սիրելի հետևորդներ, իմ սիրելի հոտ, իմ քույրեր ու եղբայրներ, իմ հայրեր ու մայրեր, ահա ավարտեցինք մեր հիմնական սերտողությունը։ Միասին քայլեցինք երկար ճանապարհ, քայլեցինք Տիրոջն ընդառաջ։ Հիմա ժամանակն է, որ դուք ինքնուրույն քայլեք ձեր հոգևոր ճանապարհը, իսկ ես հսկեմ ձեր ընթացքը։ Երեսուն տարի է, Աստծու նախախնամությամբ հսկում եմ ինձ հանձնված հոտը՝ իմ հոգևոր տնտեսության մեջ։ Աստված կանչեց և տվեց շնորհը՝ Իր խոսքի սպասավորը լինելու Իր տան մեջ։ Ջանացի իմ սպասավորության մեջ երբեք չթաքցնել մնասը՝ թաշկինակի մեջ։ Այլ՝ շահարկեցի ձեր միջոցով, և հինգ մնասը ևս հինգ մնաս բերեց։ Ահավասիկ ձեր քանակությունը խոսում է այդ մասին։ Աստված կամենա, որ երկնքի արքայությունում բոլորս հանդիպենք, և ես ասեմ, – Տե՛ր, ահա ե՛ս և նրանք, որ Դու տվեցիր ինձ, ես բերել եմ քեզ մոտ։
Ջանացի իմ տնտեսության մեջ հավատարիմ լինել փոքրի մեջ, հավատարիմ լինել Տիրոջ ունեցվածքի մեջ։ Աստծու հարուստ շտեմարաններից վերցրել եմ ցորենը, ալյուր եմ սարքել, հաց եմ պատրաստել ձեզ համար։ Աստծու տված շնորհով ջանացել եմ, որ այդ հացը դյուրամարս լինի ձեզ համար։ Ես ցանեցի Աստծու խոսքի սերմերը գիշեր ու ցերեկ, սերմերի պտուղը ահավասիկ՝ ձեր քանակությունն է։ Ջանացի իմ ծառայության մեջ ճրագը երբեք գրվանի տակ չդնել։ Փորձեցի գտնել կորած ոչխարը։ Այս բոլորը արել եմ Տիրոջ ողորմությամբ, նախախնամությամբ և Տիրոջ կամքի համաձայն։ Ես վստահ եմ, որ այսուհետ դուք ձեր տունը ժայռի վրա կկառուցեք, ո՛չ թե ավազի։ Սիրելիներ, ամեն ջանք հանձն էի առում, որպեսզի Աստծու խոսքը հանգրվանի ձեր սրտերում՝ այս չար ժամանակներում և չար օրերում։
Գոհություն եմ հայտնում Աստծուն՝ իմ ծառայության համար, այս ինտերնետային հնարավորության համար, և հատկապես այս վարձատրության համար, որ դո՛ւք եք։
Շնորհակալ եմ ձեզից յուրաքանչյուրին՝ ձեր մշտական ներկայության համար, ձեր մշտական աղոթքի համար, նյութերի մշտական տարածման համար։ Շնորհակալ եմ ձեզ գրքերի նյութական օժանդակության և տարածման համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք այս ընթացքում միայն լուռ հետևեցին եթերներին՝ առանց արձագանքելու։ Նրանք ևս հասկանալի ու թանկ են ինձ համար։ Երբ այս նյութը պատրաստում էի մտովի, բոլորդ գալիս էիք աչքի առջև՝ ձեր մեկնաբանություններով, ձեր զանգերով, ձեր նկարներով։ Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հոգևոր ընտանիք։ Զգույշ եղեք ինքներդ ձեր հանդեպ այսուհետ, որպեսզի չկորցնեք այն, ինչ որ ձեռք բերեցիք, այլ՝ հակառակը շահարկեք ձեր ունեցածը, և ավելիով ցուց տվեք Աստծուն։ Մնացեք Քրիստոսի վարդապետության մեջ և ընդունեք Աստծուն ձեր սրտում։
Աստված ի սկզբանե կամեցել է, որ հոտն ու հովիվը այսպիսի հարաբերությունների մեջ լինեն, որպեսզի փառավորվի Աստծու անունը։ Մենք շատ բան սովորեցինք ավետարաններից ու թղթերից։ Գուցե հնարավոր չէ այդ բոլորը հիշել բառացի, սակայն անկարելի է, որ մեր սովորածը սրբած ու մաքրած չլինի մեր ներքին անպտուղ մարդուն։ Քրիստոնյաներս Աստծուց ծնված ենք, իսկ Հովհաննես առաքյալն ասում է, Աստծուց ծնվածը չի մեղանչում։ Ով Աստծուց է ծնվել, նա պահում է իրեն և մեղքը նրան չի մոտենում։ Աստված մեզ խելք տվեց, որ չարը բարու զատենք։ Ես որպես երեց, կատարեցի ինձ ուղղված պատվիրանը, որն ասում է․ «Եթե սիրո՛ւմ ես Ինձ, արածեցրու իմ գառներին»։ Դուք էլ կատարեք ձերը, որ ասում է․ « Սրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն և կատարենք Նրա պատվիրանները։ Այս է Աստծու հանդեպ մեր սերը, որ պահենք Նրա պատվիրանները։ Մեր հավատով պիտի հաղթենք աշխարհին։ Մեր սիրով պիտի կարողանանք հաղթել չարին։ Մեր առաքինություններով պիտի կարողանանք օգտակար լինել մեր նմանին։ Մեր հույսով պիտի կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և սպասել բոլորի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, մեր կյանքի հուսին ու լույսին։
Սիրելիներ, հիմա ժամանակն է, որ դուք էլ հրաժեշտ տաք ինձ այնպես, ինչպես որ համայնքը Պողոս առաքյալին ճանապարհեց Հռոմ՝ քարոզելու։ Բայց ես Հռոմ չեմ գնալու։
Հուսամ, որ կհանդիպենք մեր նշված օրերը՝ հինգշաբթի, շաբաթ, կիրակի․ եթե Աստված կամենա։ Մնացեք սիրով, համերաշխությամբ, խաղաղությամբ պահելով կապը միմյանց հետ, և բնականաբար՝ ինձ հետ։ Բոլորիդ եմ սիրում, բոլորիդ եմ սպասում ամեն եթերին։