ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ նախորդ սերտողության ժամանակ մենք անդրադարձանք Հուդա առաքյալի ընդհանրական թղթի միայն առաջին մասին և սովորեցինք մի շատ կարևոր դաս, որ Աստված սեր լինելով հանդերձ անապատում կորստյան մատնեց իրեն չվստահող իսրայելացիներին։ Հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց իրենց իշխանությունը լքած չար հրեշտակների դասերին, և Դատաստանի համար պահեց Սոդոմն ու Գոմորը, և շրջակա քաղաքները։ Սա եղավ այն պատճառով, որ Աստծու շնորհը, որ ազատությունն է, վերածեցին անառակության, կարծելով որ Աստված միևնույն է սիրող և ներող Աստված է։ Այո, Աստված սեր է, բայց անտարբեր չէ իր սիրո առարկայի նկատմամբ․ Աստծու սերը առանց պայմանների չէ Աստծու սերը իր մեջ բարկություն ունի, և այդ բարկության տրամաբանական ավարտը պատիժն է։ Ինչու պատժվեցին Սոդոմ և Գոմոր քաղաքները, և նրանց շրջակա քաղաքները։ Որովհետև նրանց աղաղակը հասավ Աստծուն, և Աստված ուղարկեց իր հրեշտակին ստուգելու համար։ Նրանք անարգել էին Աստծու հաստատած օրենքը՝ այր ու կնոջ վերաբերյալ և խառնակվել էին անարգ կրքերով, ու մի էին դարձել նույն սեռի մարդիկ։
Առաքյալը խոսում է նաև այդ մարդկանց մասին, որոնք քնի մեջ զառանցելով մարմին են պղծում, Աստծու իշխանությունն են արհամարհում, երկնային փառավոր էակներին են հայհոյում։ Առաքյալի նկարագրած զառանցողները նույն ոճով են գործում նաև մեր օրերում, և որևէ մեկին հաշվետու չեն իրենց արարքի համար։ Անբարոյականության քարոզիչները կարծում են, թե այդ ազատությունը իրենց երջանկություն է բերելու։ Այդպես էին մտածում նաև սոդոմացիները և գոմորացիները։ Սրանք վախ չունեն Աստծուց այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը բանսարկու սատանայի հետ վեճի բռնված ժամանակ, որևէ հայհոյական բառով չհամարձակվեց դատապարտել սատանային, այլ՝ ասաց․ «Թող Տերը քեզ սաստի, սատանա»։ Իսկ ինչ վեճ էր առաջացել հրեշտակապետի և սատանայի միջև։ սերտողություններից մեկի ժամանակ, ես ձեզ ասել եմ, որ հրեաները չափազանց շատ էին սիրում Մովսեսին։ Իսկ Մովսեսի մահից հետո, նրանք շատ փնտրեցին նրա մարմինը, որը չգտան։ Մեկնաբաններն ասում են, եթե հրեաները գտնեին Մովսեսի մարմինը, ապա կդարձնեին երկրպագության առարկա, կամ ըստ եգիպտական օրենքի նրանից կպատրաստեին մումիա՝ զմռսելով նրա մարմինը։ Բայց Աստված թաքցրեց Մովսեսի մարմնի տեղը և նրանք չգտան։ Ավանդությունն ասում է, որ սատանան կամենում էր բացահայտել Մովսեսի մարմնի տեղը, որպեսզի հրեաներին գցեր կռապաշտության մեջ, իսկ Միքայել հրեշտակապետը արգելեց նրան, ասելով,- Թող Տե՛րը սաստի քեզ, սատանա։
Առաքյալը այս դրվագի մասին գրելով, կամեցավ բոլորիս բացատրել, որ նույնիսկ հրեշտակապետը խոնարհություն ցուցաբերեց սատանայի հետ վեճի ժամանակ։ Իսկ այս մարդիկ հայհոյում են մի բանի դեմ, որ չգիտեն․ անբան անասունի պես ապականվում են իրենց իմացած կենդանական բնազդով։ Իսկ ի՞նչ է նշանակում հայհոյել մի բանի դեմ, որ չգիտեն։ Այս արտահայտությունն էլ մեր ուշադրությանը արժանի արտահայտություն է։ Սովորաբար մարդիկ բամբասում են մեկին, որին նույնիսկ չեն ճանաչում։ Բամբասում են իրենց լսածի համաձայն, մեկ ուրիշի պատմածի համաձայն։ Սովորաբար չարախոսություն է համարվում այն, ինչը դառնում է բամբասանքի թեմա, չստուգված լինելով հանդերձ։ Խոսքը այն մասին չէ, երբ մեղքը բացահայտված է, և քննարկվում է մեղքը, ո՛չ թե անձը։ Մեզանում բացակայում է նաև մեկ այլ կարևոր կանոնի պահպանում։ Երկուսը հանդիպում են և իրավունք չունեն խոսելու երրորդի մասին, որը ներկա չէ։ Այս արատավոր երևույթը տարածված է ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր միջավայրում։ Ամեն մարդ պետք է կարողանա կառավարել իր լեզուն՝ չխոսել մի բանի մասին, որ չգիտե, և տեղեկություն չունի, այլ՝ իր իմացածը ուրիշից լսածի հիման վրա է։ Օրինակ անկախության տարիներին ծնվածը ինչպես կարող է քննադատել խորհրդային տարիների բարքերը, չէ որ չի տեսել։ Իսկ իր քննադատությունը կլինի զառանցանք, քանի որ հիմքեր չի ունենա։ Մի խոսքով առաքյալը հանդիմանում է նրանց, որոնք հայհոյում են մի բան որի մասին տեղեկություն չունեն։
Հաջորդ պարբերության մեջ առաքյալը վա՛յ է տալիս նրանց, որոնք, Կայենի ճանապարհով ընթացան։ Վա՛յ է տալիս նրանց, որոնք վարձի հետևից ընկնելով, սայթաքեցին Բաաղամի մոլորությամբ, և նրանց, որոնք Կորխի պես ըմբոստացան։ Այս նշված անունների մասին ասվածները հասկանալու համար, պետք է փոքր ինչ տեղեկություն ունենալ Հին Կտակարանից։ Կայենին բոլորը գիտեն, որպես առաջին ծնունդ՝ աշխարհի վրա։ Հավանաբար այդ առաջնեկությունն էր նրա մեջ եղած հպարտության պատճառը, որ երբ իմացավ իր եղբոր՝ Աբելի հաջողության մասին, սպանեց նրան։ Զարմանալի պատմություն է սա այսօրվա մարդու գիտակցության համար։ Քանի որ այսօրվա կռիվներն ու սպանությունները հասկանալի են, թե ինչի համար են։ Իսկ ինչի համար Կայենը սպանեց եղբորը, երբ ո՛չ հարստություն ունեին կիսելու, ոչ մեքենա ունեին, որ էլ բիզնես։ Նշանակում է բոլոր կռիվներն ու սպանությունները բխում են նախանձից, ո՛չ թե նյութից; Կայենի խնդրից ունեն բոլոր մարդիկ, ուղղակի բոլոր մարդիկ չեն, որ գիտեն Կայենի պատմության ծանր վախճանը։
Երկրորդ դեմքը, որի հետ համեմատում է առաքյալը՝ Բաաղամն է, որը մարգարե էր, և թագավորի հրամանով պետք է նզովեր իսրայելի ժողովրդին, իսկ մարգարեն համաձայնվեց դրամով անիծել։ սակայն երբ տեղ հասան նզովելու փոխարեն օրհնեց նրանց Աստծու կամքով։ եթե Կայենը նախանձի ու հպարտության մարմնացումն է, ապա Բաաղամը օրինակ է բոլոր այն մարգարեների որոնք արծաթասիրության պատճառով անտեսում են իրենց հոգևոր կարողությունները և գերադասում են դրամն ու շահը։ Առաքյալը հիշատակում է նաև Կորխի անունը, որպես բացասական կերպար։ Այս Կորխը այն երեք անձերից մեկն էր, որ դուրս եկավ Մովսեսի դեմ, նախանձելով Մովսեսին՝ իր Աստծուց սիրված լինելու և ժողովրդի մեջ հեղինակություն ունենալու պատճառով։ իսկ Մովսեսին շատ զարմացրեց այս փաստը, քանի որ ինքը երբեք չի կամեցել առաջնորդ լինել։ Աստված է նրան հրամայել որ անի այս կամ այն բանը։ Հիշում եք, թե ինչ պատահեց Մովսեսին նախանձող մարդկանց տների ու տան անդամների հետ։ Ուղղակի գետինը բացվեց և նրանց մեջ առավ ու փակվեց։ Որպեսզի այս երևույթը վերանա մարդկանց միջից։ սակայն որոշ ժամանակ վախեցան և նորից սկսվեց ըմբոստությունը մարդկանց մեջ։ Մարդ արարածին ոչինչ չի կարող փոխել, բացի Աստծու շնորհը և սեփական զղջումը։ աստվածաշնչյան այսքան դեպքերը մարդկանց համար դաս չի եղել ուղղվելու համար։
Եթե գյուղի մի ծայրում մեկին պատժեն մեղքի համար, մյուս ծայրում մեկը մեղք է գործելու, քանի դեռ իրեն չի հասել պատիժը։ Այսպիսին է մարդու բնությունը՝ առանց Աստծու։ Հուդա առաքյալը նրանց ատելի բանսարկուներ է անվանում, ովքեր գնում են իրենց ցանկությունների հետևից՝ իրենց սերերով և խարդախությամբ։ Այսպիսիները նույնիսկ մասնակցում են քրիստոնյաների սիրո ճաշերին, անպատկառորեն իրենց որովայնը հագեցնելու համար։ Եթե հիշում եք, Պետրոս առաքյալն էլ իր երկրորդ նամակում զգուշացնում էր քրիստոնյաներին, որ հեռու մնան այդպիսիներից։ Իսկ թե ինչի հետ է համեմատում առաքյալը այս անառակ մարդկանց, ես անպայման կկարդամ ձեզ համար, քանի որ համեմատությունը շատ տիպիկ է։ Սրանք,- ասում է առաքյալը,- հողմակոծ անջուր ամպեր են են, պտղակորույս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած, ծովի կատաղի ալիքներ, որոնք միշտ փրփրում և թափում են իրենց սեփական ամոթը, մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։ Ահա թե ինչպես է բնութագրում Հուդա առաքյալը մարմինը պղծող մարդկանց։ Նույնիսկ հիշատակում է Ենովքի անունը, որը իր ժամանակին նույնպես մարգարեացել է այս տեսակի մարդկանց մասին։ Իսկ ո՞վ է Ենովքը։ Հուդա առաքյալի իր այս թղթով մեզ ծանոթացրեց հինկտակարանյան շատ անունների հետ։ Դուք գիտե՞ք, որ աշխարհի պատմության մեջ երկու մարդ կա որոնք չեն մեռել։ Մեկը Ենովքն է մյուսը՝ Եղիան, որոնք մարմնով երկինք են բարձրացել առանց մահ ճաշակելու։ Դարձյալ երկուսն են երկինք համբարձվողները, մեկը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, մյուսը՝ Մարիամ Աստվածածինը։ Երկուսի գերեզմանն էլ դատարկ է։ Նրանք այնտեղ եղել են, սակայն համբարձվել են։ Ենովքը ապրել է մինչև ջրհեղեղ, Ադամից հետո՝ յոթներորդը։ Աստված նրան վերցրել է մարդկանց միջից և ոչ ոք չգիտե նրա տեղը։ Իսկ Եղիա մարգարեն երկինք է համբարձվել ուղղակի մարդկանց աչքի առջև։ Սիրելիներ, Հուդա առաքյալը մեզ ներկայացրեց հավատուրացության վտանգը, որ սպասվում է ժամանակների ավարտին։ Մեզ ներկայացրեց ամբարտավան մարդկանց, նրանց արաքները և Աստծու բարկությանը նրանց նկատմամբ։ Այս բոլոր բաները ներկայացնելուց հետո, իր խոսքն ուղղում է բոլոր քրիստոնյաներին, որպեսզի նրանք հիշեն Տիրոջ առաքյալների կողմից նախապես ասված խոսքերը։ Առաքյալները մեզ հիշեցնում էին, որ վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամբարիշտ ցանկություններով։ Սրանք մարմնասեր մարդիկ են իրենց վատ օրինակով, որ չունեն հոգի։ Այսինքն այս կարգի մարդկանց համար գլխավորը իրենց մարմնի ցանկությունն է, ո՛չ թե հոգու պահանջը։ Բայց ճշմարիտ քրիստոնյան իր անձ կառուցում է հավատի սրբությամբ, աղոթքով, Սուրբ Հոգու զորությամբ։ Պահում է իր անձը Աստծու սիրով, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոս ողորմությանը՝ հավիտենական կյանքի համար։ Նամակի ավարտին առաքյալը մի խորհուրդ է տալիս բոլոր քրիստոնյաներին կշտամբել նրանց, որոնք մոլորեցնողներ ու բաժանողներ են, փրկել նրանց կրակից։ իսկ ուրիշներն ողորմեցեք երկյուղով՝ դատապարտելով նույնիսկ այն պատմուճանը, որ աղտոտված է նրանց մարմնից։
Հուդա առաքյալն իր թուղթը ավարտում է փառաբանական մի աղոթքով, որը նվիրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որտեղ նկարագրված է Նրա փառքը, մեծությունը, զորությունը, իշխանությունը՝ բոլոր դարերում և և բոլոր ժամանակներում։ Հուդա առաքյալի այս փառաբանական տողերը կարդալիս, ակամայից հիշեցի մի պատմություն՝ կապված թեմայի հետ։ Ավանդությունը մի հետաքրքիր պատմություն ունի կապված մեր տեր Հիսուս Քրիստոսի եղբայրների հետ։ Մենք գիտենք, որ հայր Հովսեփը չորս որդի է ունեցել նախորդ կնոջից, և Հիսուսն էլ նրանց մեջ է մեծացել։ Առաջացած տարիքում հայր Հովսեփը ըստ ավանդության բաժանում է իր ունեցածը՝ իր որդիների միջև, բնականաբար բաժին հանելով նաև Հիսուսին։ Իր որդիները անհնազանդություն են ցուցաբերում հոր որոշման հանդեպ և ընդվզում են Հիսուսին այդտեղից բաժին տալու համար։ Մեծ եղբայրը, որ Հակոբոսն է, լարվածությունը թուլացնելու համար, առաջարկում է իր հասանելիքը բաժանել երկու մասի և մեկը տալ Հիսուսին։ ժամանակ է անցնում, երբ բացահայտվում է Հիսուսի ինքնությունը, եղբայրները ամաչում են իր կատարած քայլից և միայն Հակոբոսն է, որ չի զղջում իր առաջարկի համար։ Եթե հիշում եք Հակոբոսի կյանքի մասին խոսելիս, դրված է, որ նա դեռ մանկուց արդար էր և մեծ տարիքում էլ իր անվան հետ ասում էին նաև արդար։
Հակոբոս և Հուդա եղբայրները իրենց թղթերը գրելու ժամանակ չեն ներկայացել որպես Քրիստոսի եղբայրներ, ո՛չ թե նրա համար, որ չեն հավատացել, այլ ամաչել են իրենց արարքից և ներկայացել են որպես Քրիստոսի ծառաներ։ Ինչպես տեսաք, Հուդա առաքյալը գրել էր՝ Հուդան՝ ծառան Հիսուս Քրիստոսի և եղբայրը Հակոբոսի։ Սիրելիներ, որքան կարևոր է, որ ամեն մարդ զգույշ լինի իր խոսքերի մեջ՝ հետագայում չզղջալու համար։ Պատկերացրեք հարստությունը բաժանելու ժամանակ Տեր Հիսուսին բաժին չի հասնում։ Աշխարհի Տիրոջը աշխարհից բաժին չի հասնում։ Աշխարհի արդար Դատավորին դատական ատյանի առաջ կանգնացրին՝ դատելու համար։ Աշխարհի փրկության համար եկած արդարին որպես խռովարար խաչեցին։ Աշխարհում բոլոր ծնվածների մեջ միակն էր Տեր Հիսուս, որի ծննդյան լուրը հրեշտակների բազմությունը երկիր բերեցին, սակայն մարդիկ չընդունեցին Նրան։ Աշխարհում բոլոր մկրտվածների մեջ միակն էր Տեր Հիսուս, որի մկրտության ժամանակ լսվեց Երկնավոր Հոր ձայնը և Նրա վրա իջավ սուրբ Հոգին, բայց մարդիկ Նրա չհավատացին։ Աշխարհում բոլոր խաչվածների մեջ միակն էր Տեր Հիսուս Քրիստոս, որ ներում էր հայցում Հորից՝ իրեն խաչողների համար։ Աշխարհում բոլոր մեռածների մեր միակն էր Տեր Հիսուս Քրիստոս, որ կամավոր մեռավ մարդկանց փրկության համար։ Աշխարհում բոլոր հարություն առածների մեջ միակն էր Տեր Հիսուս Քրիստոս, որ այլևս հավիտյան մահ չճաշակեց։ Աշխարհում բոլոր համբարձվողների մեջ միակն էր տեր Հիսուս Քրիստոս, որ գալու է Հոր փառքով, որպես Արդար Դատավոր։
Սիրելիներ, Աստված նախընտրելի անձ չունի։ Մենք կարող ենք հեռու մնալ Աստծու սիրո ջերմությունից՝ մեր անգիտության պատճառով, սակայն չենք կարող Աստծուն՝ մեզ սիրել։ Աստված միայն սիրելով չփրկեց մեզ, այլ սերը գործով ցույց տվեց խաչի վրա։ Այս բոլոր գրքերն ու թղթերը գրվել են, որպեսզի մարդիկ կարդան, հասկանան, կիրառեն, նույնությամբ փոխանցեն։ Իսկ ովքեր հեռու են Աստծու խոսքից, նրանք չեն կարող ուրախ լինել։
Մեր բոլոր ձախողումները պայմանավորված են Աստծո գործելաոճին անծանոթ լինելու հանգամանքով: Մենք մեր դեմ առաջացած ցանկացած խնդիր լուծելու համար չենք օգտվում Աստվածաշնչյան կերպարներից մեկի օրինակից, որը համապատասխանում է մեր խնդրին: Մեր կյանքում տեղի ունեցած յուրաքանչյուր խնդրի վերաբերյալ Աստվածաշնչում կա համապատասխան օրինակ և գործելաոճ: Մենք չենք կարող ասել, թե օրինակը չունեինք, դրա համար սխալվեցինք: Լավ է մի քայլ անել սովորելու համար Աստծո գործելաոճը, քան բազում անգամներ սխալվել վնասելով մեզ և ուրիշներին: Մենք պետք է իմանանք Աստծո գործելու ոճը, կերպը: Աստված երբեք չի շտապում ինչպես մենք: Մենք ուզում ենք անմիջապես տեսնել մեր աղոթքի կամ արած գործի արդյունքը, Իսկ Աստված ուզում է տեսնել մեր հոգու փրկությունը առանց շտապելու: Մեր բոլոր քայլերը ուղղված են դեպի բարեկեցիկ կյանք: Իսկ Աստծու բոլոր քայլերը ուղղված են մեղավոր մարդուն դարձի բերող ճանապարհը: Մեր հսկա ջանքերը նպատակաուղղված են մեր մարմնի առողջության և կենցաղային խնդիրների լուծմանը: Իսկ Աստծո հսկա ջանքերի նպատակը մեր հոգու փրկությունն է:
Եթե մենք մեր կյանքի ամենադժվար պահերին հավատարիմ մնանք մեր Տիրոջը, ինչպես Հովսեփը` (Հակոբի որդին), ապա Աստված կքաջալերի և կգոտեպնդի մեզ, ինչպես արեց նրան: Աստվածային շնորհները ճանապարհ են բացում մարդու առջև գնալու և հանդիպելու մեծամեծների հետ: Ահա սա է Աստծո նախախնամությունը մարդու համար: Եթե ուշադիր լինենք, երբեմն Աստված մեզ հանդիպեցնում է այնպիսի մարդկանց հետ, որոնց միջոցով մեր կյանքում շրջադարձ է տեղի ունենում:
Ցավոք մենք դա կապում ենք մեր կարողությունների հետ, եթե դրական բան է, իսկ եթե բացասական է, կապում ենք դիմացինի անհաջող կերպարի հետ: Եթե մենք էլ Հովսեփի հավատարմությունն ունենանք և նրա օրինակը որպես դաս ունենանք մեզ համար, ապա Աստծո նախախնամ առաջնորդությունը կտեսնենք մեր կյանքում նույնպես: Յուրաքանչյուր դրվագ մեր կյանքում ունի իր նպատակը, դրանում համոզվում ենք ավելի ուշ, խորը վերլուծությունից հետո: Օրինակ Մովսեսի քառասուն տարվա դեգերումը անապատում, կամ Հովսեփի կյանքի դժվարությունները հստակ ցույց են տալիս Աստծո նպատակը մարդու համար: Հետևաբար մենք էլ խորը վերլուծենք մեզ հետ պատահած ցանկացած միջադեպ ու հասկանանք դրա նպատակը բարի՞ է թե՝ չար: Աստծո գործելաոճին է մոտիկ, թե չարի: Խնդրենք Աստծո կամքը և Նա կնախախնամի մեր բոլոր գործերը: Սիրելիներ, այստեղ ավարտենք Հուդա առաքյալի գեղեցիկ նամակի սերտողությունը։ Փառք տանք Աստծուն այն չքնաղ ժամանակի համար, որը նախախնամեց այս ծավալուն աշխատանքը կատարելու համար, քանի որ Հուդա առաքյալի թուղը վերջինն էր առաքելական թղթերի։ Մենք Աստծու բարի կամքի համաձայն ավարտեցինք Ավետարանի բոլոր գրքերի սերտողությունը, իսկ Հայտնության գրքի մեկնությունը վաղուց էր արված։ Եթե Աստված կամենա, մի օր նա գիրք կդառնա։ Մնացեք սիրով՝ վաղը վերջին անգամ այս եթերաժամին տեսնվելու հույսով։
Աղոթենք միասին․
Տէ՛ր Աստված մեր, երկրպագելով գոհանում ենք Քեզանից՝ այսօրվա ընթացքը մեզանից խաղաղությամբ անցկացնելու համար: Շնորհի՛ր մեզ, Տէ՛ր, աղաչում ենք Քեզ՝ այս երեկո և առաջիկա գիշերը առանց մեղքերի և գայթակղությունների անցկացնել, միշտ հաստատուն մնալ հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանապահության մեջ՝ խնդրելով խաղաղությունը ողջ աշխարհի համար, Քո սուրբ եկեղեցու անսասանությունը և մեր անձերի փրկությունը: Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները՝ նաև մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստո՛ս Աստված մեր, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն: