ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ․ Նախորդ սերտողությունից հիշեցնեմ ձեզ, որ Պողոս առաքյալը մեծ ակնկալիք ուներ եբրայեցիներից այն առումով, որ նրանք ուսուցիչներ դառնալու փոխարեն, դեռ աշակերտի կարգավիճակում են՝ հասկանալու համար Աստծու պատվիրանների խորքային իմաստները։ Մինչդեռ առաքյալը շատ ուսուցումներ ուներ նրանց տալու։ Այդ ուսուցումները համեմատում է պինդ կերակուրի հետ, որը նրանք ընդունել չէին կարող իրենց անգիտակ լինելու պատճառով։ Այսօրվա սերտողության մեջ, որ 6 րդ գլուխն է, հասկանում ենք, թե ինչու էր առաքյալը եբրայեցիներին հանդիմանում անգիտության մեջ։ Քանի որ պետք է թողներ արդեն Քրիստոսի մասին գիտելիքները, որոնք եբրայեցիները ընդունեցին որպես կաթ, և արդեն ժամանակն էր անցնել կոշտ կերի։
Միայն Քրիստոսի մասին իմանալը բավարար չէ կյանքը քրիստոնեաբար ապրելու համար։ Հավատքին պետք է հաջորդի գործերով ապացուցված կյանքը։ Հավատքը սկիզբն է ու հիմքը, առանց որի անկարելի է հոգևոր կյանք սկսել։ Այնպես ինչպես առանց տառաճանաչության անկարելի է ընթերցանություն։ Չէ՞ որ մարդիկ միայն զբաղված չեն տառերը ճանաչելով, դրանից հետո սկսում են բառեր և նախադասություններ կազմել։ Հոգևոր կյանքը նույն հերթականությունն ունի, և երբեք չի ակնկալում կանգ առնել նույն տեղում, այլ՝ հոգևոր կյանքը միշտ առաջընթաց է, ինչպես հավատքի, այնպես էլ գիտելիքի մեջ։ Հիմա տեսնենք, թե այդ ինչ պինդ կերակուր է պատրաստել առաքյալը նրանց համար։ Քանի որ ասում է, հարկ չկա անդրադառնալու նախկին ուսուցումներին, օրինակ՝ մեռած գործերից ապաշխարությանը, դեպի Աստված հավատի, մկրտությունների վարդապետության, ձեռնադրության, մեռելների հարության և հավիտենական դատաստանի մասին թեմաներին։ Փաստորեն առաքյալը այսքան թեմաների մասին խոսել է նրանց հետ և արդյունք չի տեսել, դրա համար էր նրանց կաթնակեր է համարում։
Այս երևույթը հեռու չէ նաև մեր իրականությունից, որովհետև շատերը տարիներով եկեղեցին են գալիս, Սուրբ գրքի մեկնություններ են լսում, սերտողություններ են լսում, սակայն դարձյալ Պողոսի խոսքի համաձայն դեռ կաթնակեր են։ Ուրեմն կաթնակերին կամ աշակերտին ինչպես կարելի է տալ աստվածաբանական ուրիշ գիտելիքներ, երբ դեռ չի յուրացրել իր լսածը։ Առաքյալը այստեղ խոսում է մի շատ կարևոր և նաև շատ վիճելի թեմայի մասին, որն ամբողջությամբ վերաբերում է մեր եկեղեցուն և մեր հավատացյալ հոտին։
Առաքյալի խոսքը մկրտված քրիստոնյայի մասին է, որը արդեն լուսավորված է, ճաշակել է երկնավոր պարգևներից, հաղորդակից է եղել Սուրբ Հոգուն, Աստծու գեղեցիկ խոսքի վայելքն է զգացել, և գալիք աշխարհի զորություններն է ճանաչել։ Տեսեք, թե ինչպիսի մեկն է մկրտված մարդը, որն արդեն ճաշակել է այս բոլորը։ Մկրտված ենթակային առաքյալը համարում է լուսավորված հավատացյալ։ Մեր օրերի մկրտվածների կարո՞ղ ենք համարել լուսավորված։ Ցավում եմ, բայց ո՛չ։ Իսկ ի”նչն է վտանգավոր ըստ Պողոս առաքյալի։
Ասում է, այսպիսի մկրտված և լուսավորված մեկը եթե սայթաքի, անհնար է երկրորդ անգամ ապաշխարությամբ նորոգվել, որովհետև այդպիսին վերստին խաչն է հանում Աստծու Որդուն։ Խի՛ստ է առաքյալի խոսքերը, բայց շատ շիտակ է։ Քանի որ հողը, երբ խմում է իր վրա թափած անձրևաջուրը, և օգտակար արդյունքներ է տալիս նրան, ում համար, որ մշակվում է, օրհնություն է ստանում Աստծուց։ Իսկ եթե փուշ ու տատասկ է բուսեցնում, նա անպետք է, և արժանի է անեծքի։ Նրա վախճանը այրվելն է։ Այսինքն մենք Պողոս առաքյալի խոսքերից հասկացանք, որ մկրտված և երկնավոր պարգևներ ստացած մեկը, եթե սխալվի, ապա երկրորդ անգամ չի կարող ապաշխարությամբ նորոգվել։ Եթե մենք ճիշտ հասկացանք առաքյալի խոսքը, ապա ՞ւր մնաց ավետարանի այդքան հորդորները՝ ապաշխարության և մեղքերի թողության վերաբերյալ։ Մենք նաև ավետարանում կարդացել ենք, չի ներվելու Սուրբ Հոգու հայհոյությունը։ Այսինքն կան մեղքեր, որոնք չեն ներվելու։ Այստեղ առաքյալը խոսում է այն մարդկանց մասին, որոնք մկրտվեցին, ճանաչեցին Աստծուն, լսեցին ավետարանի խոսքը, բայց կամավոր հրաժարվեցին այդ բարիքներից ու հեռացան Ավետարանի խոսքից։ Այնպես ինչպես ոմանք մերժում են Սուրբ Հոգու գործունեությունը։ Այսպիսի մարդկանց մասին է խոսում առաքյալը, որոնք կամավոր հրաժարվում են Աստծու բոլոր բարիքներից։ Մարդն էլ նման է հողին, որից միշտ ակնկալվում է պտուղ, իսկ եթե չկա պտուղ, այդքան հորդառատ անձրևներից հետո, ապա այդպիսի հողը անպետք է, և նրանում աճած փուշն ու տատասկը՝ այրելու ենթակա։ Հավանաբար համայնքի մեջ կային այնպիսի մարդիկ, որոնք մկրտված էին, բայց ապրում էին իրենց նախկին կյանքով, արհամարհելով իրենց լսածը։
Առաքյալի խոսքերը շատ սթափեցնող են, բայց ուղղված չեն այն մարդկանց, որոնց վրա ինքը վստահ է, որոնք լավագույն ուղու վրա են, որ առաջնորդում է դեպի փրկություն։ Պողոսը եբրայեցիներին հիշեցնում է, որ Աստված անարդար չէ, որ մոռանա մարդկանց բարի գործերը և սերը Իր հանդեպ։ Իսկ սերը Աստծու նկատմամբ՝ ենթադրում է ծառայություն՝ մյո՛ւս հավատացյալների հանդեպ։ Քաջալերում և հորդորում է հավատի մեջ փութաջան հրեաներին՝ հաստատ մնան նույն հույսի մեջ՝ մինչև վերջ։ Ըստ Տիրոջ այն խոսքի, որն ասում է, – Ո՛վ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Քանի որ նրանք օրինակներն ունեին այ՛ն մարդկանց, որոնք հավատով ու համբերությամբ ժառանգեցին խոստումները։
Իսկ ովքե՞ր էին այդ մարդիկ։ Պողոս առաքյալը կենդանի օրինակներով հրեաներին ներկայացնում է Աստծո՛ւն և Նրա գործելաոճը՝ ինչպես իրեն հնազանդվողների, այնպես էլ անպտուղ մարդկանց հատուցելու վերաբերյալ։ Բավական խիստ խոսքերից հետո, առաքյալը խոսում է Աբրահամի մասին, որին Աստված խոստում տվեց։ Աստված երդվեց Իր վրա և ասաց Աբրահամին․ <<Օրհնելով պիտի օրհնեմ քեզ և բազմացնելով պիտի բազմացնեմ քեզ>>։ Ինչո՞ւ Աստված երդվեց Իր անունով։ Որովհետև երբ մեկը երդվում է, երդվում է իրենից մեծ մեկի անունով, իսկ Աստծուց մեծ չկա, դրա համար Աստված երդվեց իր անունով։ Իսկ Աբրահամը իր համբերությամբ հասավ այդ խոստմանը։
Դրա համար է առաքյալը զգուշացնում եբրայեցիներին, որպեսզի զգույշ լինեն և հաստատուն մնան իրենց հավատի և հույսի մեջ, չկորցնելու համար իրենց տրված այդ խոստումը, որ ստացան Աբրահամի հավատի շնորհիվ։ Այս գլխում երկու կարևոր նկատառում արեց Պողոս առաքյալը։ Առաջինն այն էր, որ մկրտությամբ լուսավորված մարդը եթե հրաժարվի կամավոր այդ պարգևից, այլևս չի կարող նորոգվել ապաշխարությամբ։ Իսկ երկրորդն այն էր, որ ովքեր հավատում են, ամուր մնան իրեն հավատի և հատկապես հույսի մեջ, որպեսզի չլինի հանկարծ զրկվեն իրենց տրված խոստումից։ Իսկ հույսն այն է, որ մենք մի բան չունենք, բայց վստահ ենք որ կունենանք, քանի որ Աստված է խոստացողը և ո՛չ մարդը։
Ահա թե ինչու Աստված օգտագործեց երդումը, կամենալով առավել ևս ցույց տալ Իր նպատակի անփոփոխ լինելը՝ խոստման ժառանգորդներին։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ անհնար է, որ Աստված սուտ խոսած լինի։ Սիրելիներ, Սրբազան ավանդությունները, եկեղեցական ու ժողովրդական ավանդությունները բոլորը լավ են ու ճիշտ են, բայց մեզ՝ հույսն է որ սպասել ու համբերել է տալիս խոստմանը։ Հույսը այն զորությունն է, որը կարող է թափանցել վարագույրից այն կողմ, ուր մեր նախակարապետը՝ Հիսուս մտավ մեզ համար՝ լինելով հավիտենական Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։
Նախորդ սերտողության մեջ առաքյալը դարձյալ անդրադարձել էր Մելքիսեդեկին, որի մասին իրոք շատ սակավ տեղեկություն կա սուրբ Գրքում։ Իսկ Պողոս առաքյալը 7 րդ գլխում մի փոքր ավելին է ասում նրա մասին՝ ընթերցողին տալով այն գաղափարը, որ Մելքիսեդեկը խորհրդանշում է Քրիստոսին, որի մասին գրված է առաջին՝ Ծննդոց գրքում։ Ո՞վ է իսկապես Մելքիսեդեկը։ Մելքիսեդեկը Թագավորական ցեղից էր և Սաղիմ կոչվող վայրի թագավորն էր. սա մի առաքինի, աստվածապաշտ և սուրբ մարդ լինելով «Մելքիսեդեկ» կոչվեց, որը «հավատարիմ թագավոր» է նշանակում, քանի որ «մելիք» թագավոր և «սեդեկ» հավատարիմ է թարգմանվում. քանի որ նրա բնակության վայրը Սաղիմ՝ «խաղաղություն» է նշանակում, նաև «խաղաղության թագավոր» էլ է կոչվում: Նա ինքը քահանա լինելով և Աբրահամին հաց և գինի նվիրելով՝ հոգևոր առումով պատարագի խորհուրդը կամ օրինակն է հայտնում:
Մանավանդ որ Ս. Գրքում նրա տոհմաբանությունը նշված չլինելով, ինչպես նաև նրա անունն ու քաղաքը, մատուցած նվերը և Աբրահամին օրհնելով նրանից տասանորդ վերցնելով՝ Քրիստոսի օրինակը եղավ: Որովհետև Քրիստոսը, խաղաղության և արդարության թագավոր լինելով, Երուսաղեմում մարդկությանը ազատեց գերությունից, և Սուրբ Պատարագը որպես հավիտենական կյանքի կերակուր պարգևեց. որի շնորհիվ վերանորոգված մարդը պարտական եղավ հավատալ և հնազանդվել Նրան, ինչպես նաև՝ իր ստացվածքից տասանորդ տալ, քանզի Քրիստոս Ինքն է ճշմարիտ քահանան, ըստ Մելքիսեդեկի կարգի։
Այս գլուխն ամբողջությամբ առաքյալը հատկացրել է մի նպատակի համար, ապացուցելու, որ Հիսուս Քրիստոս Հավիտյան Քահանայապետ է ըստ Մելքիսեդեկի կարգի։ Աբրահամը, որ համարվում էր ազգերի հայր, Մելքիսեդեկին տասանորդ տվեց։ Այս փաստը զարմանքով է նկարագրում նամակի հեղինակը, քանի որ գրված է, որ Մելքիսեդեկը օրհնեց Աբրահամին, տասանորդը վերցնելուց հետո։ Ամեն հակաճառությունից դուրս է այն փաստը, որ օրհնողն ավելի մեծ է քան օրհնվողը։ Ուրեմն Մելքիսեդեկը մեծ էր նաև Աբրահամից։ Եթե մեր օրինակով կամենանք հասկանալ օրհնության այս երևույթը, ապա կարող ենք ասել, որ Կաթողիկոսը կարող է օրհնել բոլորին, իսկ կաթողիկոսին ոչ ոք չի կարող օրհնել; Քանի որ մեծն է օրհնում ըստ իր կարգի։ Նույնպես և Աբրահամը կաթողիկոսն էր հրեա ազգի, ուրեմն ով կարող էր նրան օրհնել, եթե ոչ Մելքիսեդեկը, որը Հիսուս Քրիստոսի օրինակն էր հին ուխտի մեջ։ Մելքիսեդեկի մասին ասվում է հավիտենական քահանա էր, այսինքն կարելի է ասել, որ նրա մահվան մասին ոչինչ չի ասվում, նա հավիտյան կենդանի է։
Ինչպես որ Աստված ասաց․- Դու հավիտյան քահանա ես։ Շատ քահանաներ և քահանայապետներ եղան մինչև մեր օրերը, որովհետև մահը արգելք էր լինում, որպեսզի նրանք տևապես քահանա մնան։ Իսկ մեր Տէր Հիսուս Քրիստոս հավիտենական Քահանայապետ է բոլորի համար, որովհետև իր միջոցով Աստծուն մոտեցողներին կարող է փրկել մեկընդմիշտ, որովհետև Նա միշտ կենդանի է բարեխոս լինելու նրանց համար, որոնք Աստծուն են փնտրում։ Մարդկությանը պետք է ճիշտ այսպիսի մի Քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից, և բարձրացած ավելի վեր, քան երկինքները։ Այսպիսի Քահանայապետը կարիք չունի մյուս քահանայապետների նման նախ իր մեղքերի համար զոհ մատուցել, և ապա ժողովրդի մեղքերի համար։ Իսկ Հիսուս Քրիստոս մեկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը՝ քանի որ Ինքը Իրեն Պատարագ մատուցեց։ Օրենքը քահանայապետներ է կարգում տկարություններով պատված մարդկանց, իսկ երդման խոսքը, որը օրենքից հետո է գալիս, կարգում է Որդուն, որը հավիտյան կատարյալ է։ Սիրելիներ, նամակի բովանդակությունից չենք կարողանում հասկանալ, կա”ր արդյոք տաճարը Երուսաղեմում, թե արդեն կործանվել էր։ Բայց մարդիկ սովոր էին, որ տաճարում պետք է զոհ մատուցվեր, որպեսզի իրենք ազատվեին իրենց մեղքերից։ Բայց ինչպես տեսնում ենք, մեղքերի թողության այս եղանակը կատարյալ չէր, մարդիկ անվերջ զոհեր էին մատուցում և շարունակում էին ապրել մեղքերի մեջ։ Մարդու մտքի, սրտի և հոգու մեջ պետք է փոփոխություն կատարվեր, որպեսզի մարդը ունենար մեղքի գիտակցությունը և դադարեր մեղանչելուց։ Տրամաբանական է, որ կենդանու զոհաբերությամբ մարդը չէր դադարելու մեղք գործել, որովհետև գիտեր, որ մի կենդանի է բերելու զոհաբերման, և ազատվելու է այդ մեղքից։
Սխալ չենք լինի, եթե ասենք, որ սա ինքնախաբեության մի ձև է, որով մարդը իր խիղճը ժամանակավորապես հանգստացնում է, կարծելով, թե ազատվեց մեղքից։ Եթե քրիստոնյայի սրտում, մտքում և հոգում չկա մեղքի գիտակցությունը, ապա քանի զվարակ էլ որ զոհ մատուցի, ոչ մի նշանակություն չունի, քանի որ հաջորդ պահին նորից մեղանչելու է տվյալ անձը։ Հետևաբար մեղքի համար պետք է այնպիսի զոհաբերություն, որ զոհաբերվողը լիներ կատարյալ անմեղ և անարատ։ Իսկ այդպիսին՝ մարդկանց մեջ չկար, քանի որ բոլոր մարդիկ մեղավոր են, իսկ մեղավորը չի կարող մեղավորի համար զոհաբերվել։ Կատարյալը, Միակը, Անմեղը և Անարատը Աստծու Որդին էր, որ խաչը ելավ ու կամավոր ինքն իրեն զոհաբերեց մեղավոր մարդու համար։ Որպեսզի ամեն անգամ մեղանչելիս մարդը հիշի Քրիստոսի զոհաբերությունը իր մեղքի համար և աստիճանաբար դադարի այն գործելուց։
Բայց ցավոք սրտի աշխարհը դեռ մեղքն է գերադասում Անմեղ Արյունից։ Մինչդեռ Քրիստոս խաչի վրա ներում հայցեց իրեն խաչը հանողների համար, քանզի չհասկացան, թե ինչ արեցին։ Այս քահանայապետն էր, որ նստած է Մեծության Աթոռի աջ կողմում որպես պաշտոնյա Սրբարանի և ճշմարիտ Խորանի, որ Տէրը կանգնեցրեց, ո՛չ թե մարդը։ Սիրելիներ ութերորդ գլուխը բավական բարդ է հասկանալու համար, թե այդ ի՞նչ Սրբարանի և ի՞նչ խորանի մասին է խոսում առաքյալը և մեր ուշադրությունն էլ հրավիրում է իր ասածի վրա, որ իր խոսքերի գլխավոր միտքը դա էր։ Մենք Սրբարանի և Խորանի մասին կարդում ենք իսրայելացիների անապատից դուրս գալու պատմության մեջ։ Այս սրբարանը կառուցվեց մարդկանց ձեռքով, իսկ Մեծության Աթոռի աջ կողմում եղած Սրբարանը և Խորանը երկնքում են, որի պաշտոնյան Քահանայապետ Հիսուս Քրիստոսն է։ Առաքյալն ասում է, որ այդ Սրբարանը Տէրը կանգնեցրեց։ Պողոսը մեզ շատ հեռուներ է տանում մտքով, որը մեզ այդքան էլ հասկանալի չէ։ Երկրի վրա ամեն քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է սահմանված, և քանի որ նրանք պատարագ են մատուցում ըստ օրենքի, նրանց մատուցած պատարագը և սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն է, կամ կարելի է ասել ստվերը։ Այնպես, ինչպես որ Մովսեսին հրամայվեց վկայության խորանը կառուցելիս։ -Տե՛ս,- ասում է,- Ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։ առաքյալը այստեղ ներկայացնում է Հիսուս Քրիստոսի միջնորդության կարևորությունը, որը առավել էր հին ուխտից։ Տէր Հիսուսի նոր ուխտը լավագույն խոստումների վրա է հիմնված։
Եթե առաջին օրենքը անթերի լիներ, ապա երկրորդի՝ նոր ուխտի կարիքը չէր զգացվի։ Օրինակ՝ օրենքի պայմանն այն էր, որ մահից հետո մարդու ունեցվածքը ժառանգաբար փոխանցվում էր հետնորդներին։ Իսկ Նոր ուխտի խոստումը կտակ է, որը կարող են կտակել ում որ կամենան։ Այսինքն նոր ուխտի պատվիրանը գրվում է սրտի մեջ, որ թե օրենքի։ Պողոս առաքյալը եբրայեցիներին որոշ բաներ փաստելու համար, շատ մեջբերումներ է անում հին կտակարանից, իր խոսքը հիմնավորելու համար; Քանի որ Հիսուս Քրիստոսի մասին գրված է հին ուխտի մեջ, իսկ եբրայեցիները կարդալով չէին հասկանում։ Այստեղ մի հատված կա, որ առաքյալը մեջբերել է հին կտակարանի Երեմիայի մարգարեությունից։ Այդ հատվածը ուզում եմ ամբողջությամբ ընթերցել ձեզ համար, քանի որ այս հատվածը շատ վեճերի թեմա է նար մեր օրերում։
Այսպես է ասում մարգարեն, – «Ահաւասիկ օրեր են գալու, – ասում է Տէրը, – երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ։ Ո՛չ թէ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ, – ասում է Տէրը, -«այլ ա՛յս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ, – ասում է Տէրը, – իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ։ Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝ «Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ, – ասում է Տէրը, – որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ» Երեմ․ 31։31
Սիրելիներ, այստեղ առաքյալի մեջբերումը ապացույցն է այն բանի, որ Հին ուխտը արտաքին կանոն է, որի կատարման համար գնահատվում են, իսկ զանց առնելու համար՝ պատժվում։ Բայց կա նոր ուխտ, որը ներքին որակների փոփոխության վիճակ է, որտեղ այլևս օրենքը չի գործում, այլ՝ սրտի փոփոխությունն է մղում ենթակային տեսնել իր մեղավոր վիճակը և շտկվել հանուն այն բանի, որ Արդարն է խաչը ելել այդ մեղքերի համար։ Հետևաբար Պողոս առաքյալը խոսելով նոր ուխտի մասին, հին դարձրեց առաջինը։ Իսկ այն ինչ հնանում է ու ծերանում, մետ է անհետանալուն։ Այսինքն ուսումնասիրելով եբրայեցիների նամակի առաջին մի քանի գլուխները, կարելի է եզրակացնել, որ նամակի հեղինակը փաստում է, որ հին ուխտի զոհաբերությունները և օրենքը կատարյալ չէ, քանի որ դադարել է գործելուց;
Այդ հինը փոխարինվել է նորով՝ Տէր Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, որը մեկ անգամ կատարվեց, և այլևս զոհ մատուցելու կարիք չկա։ Սիրելիներ, այստեղ ավարտենք 8 րդ գլխի սերտողությունը, իսկ հաջորդ սերտողության մեջ կտեսնենք, թե ինչ տարբերություն կա հին և նոր ուխտերի ծառայությունների, ծեսեր ու խորհուրդների միջև, որ կատարվում էր Սրբարանում։
Աղոթենք միասին․
Եվ այժմ զղջումով, ապաշխարությամբ ու Քեզ դառնալով, Ո՜վ մարդասեր Աստված, Քո Հայրական ներումն եմ խնդրում մեղավորիս հանդեպ: Ո՜վ բարերար Տեր, աղաչում ու խնդրում եմ, որ աստվածային Քո զորությամբ պահպանես նաև բոլոր նրանց, որոնք այս աղոթքը կկարդան, կամ կլսեն ու կկրեն իրենց հետ, կամ կունենան տներում, կամ գործատեղերում. իրենցից հեռու պահիր ամեն չարություն, վնասակարություն, ցավ ու աղետ: Նաև ազատիր նրանց չար աչքերից, կախարդություններից և սատանայական դիվախորհուրդ բոլոր ազդեցություններից: Թող որ Քո բարի Աչքը հովանի լինի Քեզ հուսացողների վրա, որպեսզի ո՜չ արթուն եղած ժամանակ և ո՛չ էլ քնած պահին, չար հրեշտակը չհամարձակվի վնասել նրանց, այլ Քո Աստվածային ամենակարող զորությունը հզոր պարիսպ լինի նրանց՝ ընդդեմ սատանայական ամեն տեսակ որոգայթների եւ հարձակումների:
Սուրբ Կիպրիանոսի զորավոր աղոթք