ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ․ Երեկվա սերտողության մեջ Պողոս առաքյալը մի ուշագրավ արտահայտություն արեց, ասելով,- Եվ իմ ասած խոսքերի գլխավորն այս է․ այնպիսի քահանայապետ ունենք, որ նստեց երկինքներում Մեծության աթոռի աջ կողմում որպես պաշտոնյա Սրբարանի և Խորանի, որը Տէրը կանգնեցրեց, ո՛չ թե մարդը։ Այսինքն կարելի է հասկանալ, որ առաքյալը զգուշացնում է, որ երկրային սրբարանն ու Խորանը մոտ են փլուզման և ոչնչացման։ Սակայն մնայուն Սրբարանը և Խորանը երկնքում է։ սիրելիներ, եբրայեցիների նամակի սկզբից էլ մենք հասկացանք, որ հեղինակը ցանկանում է ներկայացնել առաջնայինը և մնայունը, համեմատելով հին և ժամանակավորի հետ։ Երկննային Սուրբ ժողովները առավել են քան երկրային նույնիսկ տիեզերական ժողովները։
Հիսուս Քրիստոսի հաստատած նոր ուխտի գաղափարի կարևորությունը Պողոս առաքյալը պնդում է մինչև իր նամակի ավարտը։ Առաքյալը ինքը սրտով է հասկացել Քրիստոսի աշխարհ գալու նպատակը, և կամենում է ամեն գնով բացատրել ու ապացուցել այլոց, և՛ իր անլռելի խոսքով, և՛ իր վարքով, և՛ իր նախանձախնդրությամբ։Ամեն ինչ մանրամասնությամբ և պարզությամբ է գրում, որպեսզի ընթերցողի համար հասկանալի լինի տարբերությունը հին ուխտի և նոր ուխտի։ Եթե մեկը կարդացած չլինի հին կտակարանը, ապա եբրայեցիների նամակից կհասկանա, թե ի՛նչ է երկրային սրբարանը և ինչպե”ս էր այն կոչվում։ Որպեսզի հասկանալի լինի, որ հենց սկզբից է Աստված պատվիրել սրբարան կառուցել։ Առաջին ուխտը, որ կնքվեց մարդու հետ, ուներ պաշտամունքի իր կանոնները երկրային սրբարանի վերաբերյալ։ Առաջին խորանը պատրաստվել է այդ կանոններով։ Նրա մեջ կային աշտանակը, սեղանը, և առաջավորության հացը։ Այս հատվածը կոչվում էր Սրբություն։ կար նաև մի երկրորդ վարագույր, որի հետևում էր այն խորանը, որը կոչվում էր Սրբությունների Սրբություն։ Այս մասում էր պահվում ոսկե բուրվառը, և ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մեջ կար ոսկե սափորը՝ լի մանանայով, և Ահարոնի գավազանը, որը ծաղկեց․ Նաև ուխտի տախտակները։
Այդ արկղի վրա կանգնած էին փառքի քերովբեները, որ հովանի էին անում քավության սեղանի վրա։ Անշուշտ առաքյալը այստեղ բոլոր մանրամասները չի ներկայացնում երկրային սրբարանի և խորանի։ Ուղղակի ամփոփ նկարագիրն է տալիս, թե ինչպես էր կարատվում պաշտամունքի արարողությունը, որտեղ առաջին խորան մտնելու իրավունք ունեին քահանաները՝ պաշտամունք կատարելու համար։ Իսկ երկրորդ խորանը տարին մեկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, այն բանից հետո, երբ զոհ էր մատուցել իր և ժողովրդի մեղքերի համար։
Եթե Պողոս առաքյալն իմանար, որ 2000 տարի հետո մենք կարդալու ենք իր նամակները, գուցե ավելի հանգամանալից բացատրեր Սրբարանի, Խորանի, զոհաբերության մանրամասները։ Առաքյալը գրել է այդ ժամանակվա եբրայեցիների համար, իսկ նրանք ամեն օր էին տեսնում այդ մարմնական ծիսակատարությունները, և իրենց համար հասկանալի էր, թե որ զոհը ինչ համար է արվում։ Օրինակ նախորդ նամակներում երբ Պողոս առաքյալը եկեղեցիներին տալիս էր ընդհանուր խրատներ ու հորդորներ՝ քրիստոնեական կյանքը ուղիղ վարելու համար, մենք ամեն ինչ պարզ հասկանում էինք։
Բայց հիմա խոսում է մի բանի մասին, որ մենք չենք տեսել և պատկերացում չունենք։ Մենք կարող ենք ուղղակի զուգահեռներ տանել այսօրվա մեր եկեղեցու և իրենց երկրային Սրբարանի միջև։ Իրենց Սրբարանում պահվում էր ոսկե բուրվառը, Կտակարանների ոսկեպատ արկղը, և ոսկե սափորը՝ լի մանանայով։ Մեր եկեղեցում էլ պահվում է բուրվառը, Սուրբ Հաղորդության Սկիհը, Սուրբ Խաչը, և Աստվածաշունչը։ Բայց ելնելով Պողոս առաքյալի ընդհանուր նամակների բովանդակությունից, կարող ենք եզրակացնել, որ Հին ուխտի բոլոր սրբությունները որոնք պահվում էին Սրբարանում, խորհրդանիշներ են, որոնք բացահայտում են Քրիստոսի Մարմինն ու Արյունը, Խաչը, որի վրա գամվեց մեր Տէրը, և Ավետարանները, որոնք գրվեցին Սուրբ Հոգու ներշնչմամբ և թելադրանքով։
Հինը օրինակ էր հասկանալու համար Նորը, որ մեր Տէր Հիսուս Քրիստոսն է, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ։ Անցավ անձեռակերտ Խորանով, բայց ոչ այս աշխարհի մարդկանց ձեռքով շինված։ Ոչ էլ որևէ նոխազի կամ զվարակի արյամբ մաքրեց մեղավորին, այլ՝ Իր արյամբ մտավ Սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով։ Այսինքն փոխվեց կենդանու զոհաբերությունը Աստծու Որդու զոհաբերմամբ։ Սա էր այն գլխավոր գաղափարը, որ Պողոս առաքյալը նախորդ գլխի մեջ մեզ բացատրում էր։ Նամակից հայտնի է, որ եբրայեցիներին նույնպես հասանելի չէր այս խորին խորհուրդները, որոնք խորքի մեջ նմանակումն էր նրա, որը նոր պիտի գար ու փոխարիներ հնին։ Բայց հավանաբար եբրայեցիներից շատերը ինչպես որ զվարակ և նոխազներ էին տանում զոհաբերության՝ իրենց մեղքերից ազատվելու համար, կամենում էին, որ շարունակվեր այդ նուն սովորությունը և չէին ուզում փոխել իրենց մեղավոր ընթացքն այնպես, ինչպես որ անապատում չէին ուզում փոխել իրենց Եգիպտոսի մեղավոր կյանքը՝ խոստացած երկրի հետ։ Չէին դիմանում անապատի ժամանակավոր դժվարություններին, որից հետո հասնելու էին իրենց խոստացված երկրին։ Պողոս առաքյալը տեսնում է այս ամենը եբրայեցիների մեջ, սակայն իրեն չէին ընդունում, Քրիստոս քարոզելու պատճառով։ Բայց Պողոսը սիրում է իր հայրենակիցներին և ուզում է, որ նրանք էլ լուսավորվեն և բացվի իրենց փակ աչքերը։ Հրեաները հավատում էին, որ ցուլերի և նոխազների արյունը, կամ երինջների շաղ տված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրությամբ։ Բայց չկարողացան հավատալ, որ եթե կենդանու արյունն է մաքրում, ապա որքան առավել Աստծու Որդու անմեղ արյունը կմաքրի բոլորին իրենց մեղքերից, մեռած գործերից, և հատկապես կմաքրի իրենց խղճմտանքը, որպեսզի դառնան ու ծառայեն Աստծուն։
Ղևտական գրքում մանրամասն ներկայացված է մեղքերի այն շարքը, որոնք պղծում են մարդուն։ Կենդանու զոհ պետք է մատուցեր այն մարդը, որը մի բան է խոստացել և չի արել, որովհետև համարվում էր պիղծ և մեղավոր։ Այս կարգի մեղքերի թիվն այնքան շատ էր, որ տաճարում զոհաբերությունների հերթը չէր ավարտվում։ Կարդացեք Ղևտական գիրքը և տեսեք, թե քրիստոնյան ինչպիսի երանելի կյանքի մեջ է ապրում այդ առումով։ Հին ուխտի մարդիկ գիտեին, որ մեղքի վարձը մահ է։ Հետևաբար ասում էին, թող մեղավոր մարդու փոխարեն թող կենդանի զոհվի։ Ապրեցին այդ ինքնախաբեության կյանքով, և չկարողացան հավատալ, որ Հիսուս Քրիստոս եկավ, որպեսզի փոխի մարդու մթագնած միտքը, և փոխի զոհաբերության ձևը՝ զոհասեղանին դնելով Իր Անարատ Մարմինն ու Արյունը համայն մարդկության համար։ Եթե մարդկությունը մի օր չհասկանա այս աննկարագրելի սերը իր նկատմամբ, ուրեմն Աստծու դատաստանին որևէ արգելք չի լինի, քանի որ երկար սպասեց Աստված՝ մարդու դարձին։ Ահա թե ինչու Քրիստոս իր մահվամբ ու Հարությամբ դարձավ նոր ուխտի միջնորդ, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործված հանցանքների քավության համար եղավ։ Որպեսզի կանչվածները հավիտենական ժառանգության խոստումն ստանան։ Ինչպես որ Կտակ գրողի մահը պետք է հաստատվի, քանի որ կտակը մահից հետո է ուժի մեջ մտնում՝ ժառանգությունը ստանալու համար։ Եթե ենթական կենդանի է, կտակի ստացումը անհնար է։ Երբ Մովսեսը բոլոր պատվիրանները ծանուցեց ժողովրդին, այնուհետև վերցրեց ցուլերի և նոխազների արյունը, ցանեց հենց օրենքի գրքի և ամբողջ ժողովրդի վրա, և ասաց,- Սա այն ուխտի արյունն է, որն Աստված ձեզ պատվիրեց, որպեսզի կատարեք Իր պատվիրանները։ Ելք․24։8
Նույն արյունից ցանեց նաև խորանի և պաշտամունքի ամբողջ սպասքի վրա։ Գրեթե ամեն ինչ արյունով էր մաքրվում, ըստ օրենքի։ Այսինքն առանց արյուն թափելու․ թողություն չէր լինում։ Ի”նչ է նշանակում ,,Ուխտի արյուն,, ։ Երբ կարդաք ,,Ելք,, գրքի 24 գլուխը կհանդիպեք մի գեղեցիկ տեսարանի, որտեղ Մովսեսը ժողովրդի ողջ բազմության համար կարդում է Տիրոջ բոլոր պատգամները, և ժողովուրդը միաբերան ասում է,- Կկատարե՛նք բոլոր այն պատգամները, որ տվել է Տէրը, կենթարկվե՛նք դրանց: Սա երկրորդ խոստումն էր որ տալիս էին Մովսեսին և հետո դրժում էին իրենց երդումը և հայտնվում մեղքի մեջ։ Աստված միշտ ընտրել է Մովսեսներ՝ ժողովրդի ստեղծման օրից սկսած, քանի որ մարդը անհնազանդ է, սկսած առաջին մարդուց։ Աստված միշտ ցույց է տալիս նախ՝ օրինակը, ապա ուղարկում է օրիգինալը, կատարյալը, անսխալը, հավիտենականը, որպեսզի ժամանակավոր հինը փոխվի հավիտենական նորով ու մարդը փրկություն գտնի։ Ինչպես որ այսօր մարդ արարածը չի կամենում ազատվել իր հին մարդուց, որը մեղքի գերի է դարձել, այնպես էր հրեաները չէին ուզում ազատվել հնից, որպեսզի տեսնեին իրենց աչքի առջև կանգնած Նորը։ Աստված իր ծրագիրը իրականացրեց, և ժամանակի լրումին ուղարկեց Իր Որդուն։ Սակայն Որդուց առաջ ուղարկել էր շատ շատերին՝ որոնց սպանել ու ծեծել էին։ Նույնը արեցին նաև Որդու հետ, որովհետև մեղքի մեջ էին ապրում, և կարծում էին թե արդար են։ Հովհաննես Մկրտիչը եկավ Քրիստոսից առաջ, նրան էլ սպանեցին։ Քրիստոսին էլ սպանեցին ու զրկվեցին Աստծու որդի կոչվելու պատվավոր իրավունքից։ Ինչո՞ւ է առաքյալը այս բոլոր մանրամասները ներկայացնում հե՛նց եբրայեցիներին։ Քանի որ տեսնում էր, որ նրանք շարունակում են ապրել մեղքի մեջ և չտեսնել սեփական մեղքը։
Հրեաները չկամեցան ազատվել ամենօրյա արյունաթաթախ ծեսերից, որոնք եթե չասենք անտանելի էր, ապա գոնե հաճելի էլ չէր։ Քահանայապետը տարին մեկ անգամ զոհ էր մատուցում կենդանու արյունով, ո՛չ թե իր։ Իսկ Հիսուս Քրիստոս մեկ անգամ ընդմիշտ պատարագվեց Իր անձի արյունով՝ մեղքը ջնջելու համար։ Ինչպես որ ամեն մարդ մեկ անգամ է մեռնում և այնուհետև՝ դատաստան։ Այնպես էլ Քրիստոս մե՛կ անգամ որպես պատարագ մատուցվեց՝ շատերի մեղքը վերցնելու համար։ Իսկ երկրորդ անգամ պիտի հայտնվի ո՛չ թե մեղքերի համար, այլ՝ նրանց, որոնք սպասում են Իրեն՝ հավատով փրկվելու համար։
Սիրելիներ Պողոս առաքյալի ամբողջ մտահոգությունը կայանում է նրանում, որ Աստծու խոսքի և օրենքի գիտակներն են անհնազանդության մեղքի մեջ։ Մինչդեռ նրանք պետք էր որ լինեին բարեպաշտ ուսուցիչներ՝ ժողովրդի մեջ։ մենք, որ հիմա կարդում ենք Ավետարանը, և առաքյալների թղթերը, տեսնում ենք, որ ամեն ինչ կատարվել է, սակայն ամեն ինչ չի ավարտվել։ Մեզ մնում է պատրաստվել այդ ավարտին, ինչին որ չպատրաստվեցին Քրիստոսին անձամբ լսողները։ Սարսափելի է այն միտքը, երբ առաքյալն ասում է, որ Տէր Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ չի գալու մեղքերի թողության համար, և չի գալու, որպեսզի մեռնի, այլ գալու է նրանց համար, որոնք հավատով սպասում են Իրեն։ Իսկ ի՞նչ կլինի նրանց, որոնք չհնազանդվեցին ու մերժեցին Աստծու Որդուն։ Երբ Աստված լքի մարդուն՝ իր անզեղջ կյանքի ու անհնազանդության համար, այդպիսի մարդու համար մահը լավագույն պարգևը կլինի, սակայն Ավետարանն ասում է, որ կկամենան մեռնել, բայց այլևս չեն կարող, որովհետև կա հավիտենական տանջանք, ինչպես որ կա հավիտենական կյանք։ Ավետարանն ասում է, որ Քրիստոս մեռավ մարդու մեղքի համար, որպեսզի մարդը իր հավատով ապրի հավիտյան։ Այստեղ հարց է առաջանում․ Մի”թե մարդը չի մեռնում։ Չ՞է որ մեռնում է։ Այո մեռնում է մարդը, բայց մարդու վրա մահը այլևս իշխանություն չունի և մարդը Հարություն կառնի համընդհանուր Հարության օրը և կկանգնի դատաստանի առաջ, ըստ իր հավատի գործերի։
Սիրելիներ, տեսանք Պողոս առաքյալի ջանքը՝ այս բոլորը բաները եբրայեցիների բացատրելու մեջ։ Նաև բացատրեց, որ առանց արյուն չկա քավություն։ Մենք ամեն կիրակի Պատարագի ժամանակ լսում ենք նույն խոսքերը, թե՝- «Խմե՛ք սրանից ամենքդ, այ՛ս է նոր ուխտի Իմ արյունը»։ Աստծու հետ միանալու ճանապարհը մեր առջևում է, նեղ է, բայց հավիտենական կյանքի հույսով է զարդարված։ Մենք այսօր իրավունք չունենք չհասկանալու Պողոս առաքյալի այս ծանր խոսքերը, որ վերաբերում է մեր փրկությանը։ Մենք այսօր իրավունք չունենք չհասկանալու Պատարագին հնչած այս ծանր խոսքերը, որ մեր փրկության համար է հնչում։ Սիրելիներ, մենք ավարտեցինք եբրայեցիների նամակի 8 և 9 գլուխները, որոնք հին ուխտի կանոնների նկարագրությունն էր, որը բացվում է նոր ուխտի մեջ՝ կենդանու զոհաբերությունը փոխարինելով Աստծու Որդու զոհաբերությամբ, մեր մեղքերի քավության և թողության համար։ Ավարտենք այստեղ և Տիրոջ ողորմությամբ վաղը կշարունակենք 10 րդ գլխից։
Աղոթենք միասին։
Դու՜, ով Տեր, որ Սուրբ Ավետարանի մեջ ասացիր. «Ինչ որ կապեք երկրի վրա՝ կապված պիտի լինի երկնքի մեջ, և ինչ որ արձակեք երկրի վրա՝ արձակված պիտի լինի երկնքի մեջ», ուստի Քո զորությամբ ո՜վ Տեր, արտոնի՜ր, որ այս աղոթքը կրողը արձակված լինի իր մեղքերից և չարի ու նրա գաղտնի որոգայթների դեմ պաշտպանություն և ապահովություն գտնի, որպեսզի ո՜չ ցերեկ ժամանակ չար հրեշտակը կարողանա վնասել իրեն և ոչ էլ գիշերվա պահին՝ պիղծ ոգին: Պահպանիր մեզ նաև այսօր՝ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ամեն:
Սուրբ Կիպրիանոսի զորավոր աղոթք