ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Աստծու նախախնամությամբ այսօր կսկսենք եբրայեցիներին ուղղված՝ Պողոս առաքյալի վերջին նամակը:
Ամեն անգամ, երբ Ավետարանից որևէ գիրք պատրաստում եմ սերտողության համար, ինձ թվում է, թե սա ամենակարևոր ասելիքն ունի իր ընթերցողին, կամ դրա սերտողությունը՝ լսողին: Նույն զգացողությունը ունեցա նաև եբրայեցիների նամակի պատրաստման ժամանակ: Գիրքը գրվել է 70 ական թվականներին, և կասկած կա, որ գրքի հեղինակը Պողոս առաքյալը չէ: Կասկածողները հիմնականում հենվում են այն փաստի վրա, որ առաքյալի մնացած բոլոր 13 նամակները սկսվում և ավարտվում եմ ողջույնի խոսքերով: Բացի ողջույնի խոսքերից, Պողոս առաքյալը ներկայանում է ամեն նամակի մեջ՝ մե՛կ որպես առաքյալ, մե՛կ որպես ծառա, մե՛կ որպես Քրիստոսի բանտարկյալ, և այլն: Եբրայեցիներին ուղղված նամակը այդ առումով տարբեր է, քանի որ չկա՛ ողջույնի ուղերձ, և չկա առհասարակ առաքյալի անունը, որ ներկայացնում է իրեն: Ընթերցողը եթե փոքր ինչ ուշադրությամբ կարդա, կտեսնի, որ այս թուղթը առավել նման է քարոզի, կամ մի ճառի, քան թե նամակի, որ ուղղված է հասցեատիրոջը: Դուք հավանաբար հիշում եք, նախորդ սերտողությունների ժամանակ, ես ձեզ ասացի, թե ինչի համար Պողոս առաքյալը այս նամակը գրել է այս ոճով՝ առանց նշելու իր անունը, և հատկապես գրել է առանց ողջույնի խոսքի:
Պողոս Առաքյալը լինելով դարձի եկած փարիսեցի, և Քրիստոսի ծառա, չէր վայելում կրոնական առաջնորդների համակրանքը, և նրանք ատելություն էին սերմանում ժողովրդի մեջ Պողոսի հանդեպ: Իսկ Պողոսը Աստծուց կանչված առաքյալ էր՝ հրեաներին և հեթանոսներին քարոզելու համար: Պողոսը առաքյալը, որը իր մահը շա՛հ է համարում Քրիստոսի ավետարանի քարոզության համար, ատելի է հրեա ազգի մեծամասնության համար:
Սա է պատճառը, որ Պողոսը այս նամակի մեջ ո՛չ ներկայանում է, ո՛չ էլ ողջույնի խոսքեր է հղում: Բայց ո՛չ թե նրա համար, որ չ՛ի սիրում իր հայրենակիցներին, այլ հակառակը՝ իր հայրենակիցներից չհալածվելու համար չի գրում։ Նա՛և չի ներկայանում նամակի մեջ, որպեսզի իր խոսքը հասանելի լինի եբրայեցիներին: Թեկուզ որպես անհայտ հեղինակ, բայց իր ասելիքը մեծ է այս նամակի մեջ՝ իր հայրենակիցներին: Ճիշտ է, վերջին գլխի ավարտին գրված ողջույնի խոսքից կարելի է հասկանալ, որ թուղթը ուղղվել է մեկին և ողջույնի խոսքերը փաստում են դրա ավարտը: Սակայն սկզբի մասում ո՛չ մի տեղեկություն չի տրվում այս գրվածքի ո՛չ հեղինակի, ո՛չ էլ հասցեատիրոջ մասին: Ստույգ չէ, բայց կարծիք կա, որ այս թուղթը ուղարկվել է Հռոմից: Համենայն դեպս այս թուղթը հասցեագրված է այն քրիստոնյաներին, որոնք ժողովրդականություն չէին վայելում, և բացի դրանից նրանց հակառակորդների թիվը գնալով ավելանում էր այն աստիճան, որ ոմանք ցանկանում էին հեռանալ քրիստոնեական հավատից: Հեղինակը քաջալերում է, որ նրանք հաստատ մնան իրենց հավատի մեջ:
Իրենց ամուր հավատի շնորհիվ ապացուցեն մարդկանց Քրիստոսի անձի և գործի առավելությունը մարդու փրկության հետ առնչվող ամեն հարցում:
Հենց սկզբից թուղթը հաստատում է, որ Աստված վերջնականապես հայտնվեց մեզ՝ Իր Որդու Հիսուս Քրիստոսի անձի մեջ: Նամակը իր բովանդակությամբ բաժանվում է երկու գլխավոր մասերի: Առաջին մասում բացահայտված է Քրիստոսի գերազանց մեծությունը, Նա գերիվեր է ո՛չ միայն մարգարեներից, այլ նա՛և հրեշտակներից, Մովսեսից, Հեսուից, որպես Նոր ուխտի միակ քահանայապետ: Նա գերիվեր է հին ուխտի բոլոր քահանայապետներից:
Նրա զոհագործումը, որ կատարվեց մեկ անգամ՝ առմի՛շտ, գերիվեր է Իսրայելում կատարված բոլոր զոհագործություններից:
Իսկ նամակի երկրորդ մասում քաջալերում է համայնքի բոլոր անդամներին, որպեսզի հարատևեն հավատքի մեջ: Առաքյալը հորդորում է հայացքը մշտապես հառած պահել Հիսուս Քրիստոսի վրա, որպեսզի հնարավոր լինի Նրա նման համբերությամբ տանել հակառակությունները: Եվս մի քանի հանձնարարություններ և պատգամներ է տալիս ընդհանուր ժողովրդին, որոնց կծանոթանանք սերտողության ժամանակ: Ըստ պատմագրերի այս նամակը գրվել է Երուսաղեմի կործանումից առաջ: Թե ո՛վ է այս գրքի հեղինակը, մենք կարիք չունենք շատ քննելու, քանի որ մենք գիտենք, որ Ավետարանների և առաքելական բոլոր թղթերի հեղինակը Սուրբ Հոգին է։ Միայն Աստված գիտե, թե ո՛վ է գրել այս նամակը: Հետևաբար մենք համոզված ենք այս նամակը ևս պատկանում է նախանձախնդիր՝ Պողոս առաքյալի գրչին: Մեզ համար շատ կարևոր է, որ նամակը գրված է գրագետ, փաստերով, և որ ամենակարևորն է, մեզ ներկայացնում է, թե՝ ինչպիսի փոփոխություն եղավ հրեաների համար՝ Քրիստոսի աշխարհ գալուց հետո: Անհերքելի փաստ է, որ աշխարհում առաջին քրիստոնյաները հրեաներն էին, առաջին մերժողները նույնպես հրեաներն էին: Առաքյալը քաջատեղյակ լինելով մերժող հրեաների մեծամասնության դիրքորոշմանը, գրեց այս անանուն նամակը, և հասցեագրեց այն եբրայեցիներին: Նույնիսկ այս մասին բավական տարաձայնություններ են եղել այն առումով, որ հրեաները բաժանված են տեսակների, ո՞ր տեսակին է ուղղված այս նամակը: Հրեաների մեջ կային փարիսեցիներ, սադուկեցիներ, հերովդեսականներ, հուդայական հրեաներ, գալիլիական հրեաներ և այլն:
Բայց ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ այս նամակը գրվել է հրեաների գրագետ խավի համար, քանի որ շատ գրագետ է գրված:
Եբրայեցիների նամակի բուն նպատակն է ընթերցողին ներկայացնել աշխարհի ստեղծագործության նպատակը, ինչպե՞ս ընթացավ կյանքը և ի՞նչ է պատահելու ավարտին: Առաքյալի այս նամակը հենց առաջին գլխից մեզ հիշեցնում է ինչ որ ժամանակների մասին, որ Աստված խոսել է մարդկության հետ իր Որդու միջոցով, և խոսել է մեղքերից մաքրվելու մասին: Իսկ ե՞րբ էր Աստված խոսում մեզ հետ Իր Որդու մասին: Աստված խոսել է Նոյի, Աբրահամի, Մովսեսի, բոլոր մարգարեների հետ, իսկ ամբողջ ժողովրդի հետ՝ անապատում: Իսկ ե՞րբ էր Աստված խոսում մեզ հետ մեր մեղքերի թողության մասին:
Մենք գիտենք, որ Աստված մեզ հետ խոսել է նախ՝ մարգարեների միջոցով, իսկ վերջին ժամանակներում արդեն Իր Որդու միջոցով: Հեղինակը ներկայացնում է հիմքը, թե որտեղից է գալիս ամբողջ ճշմարտությունը:
Հայրը Որդուն ժառանգ նշանակեց ամեն ինչի, և Նրա միջոցով ստեղծեց տիեզերքը: Իսկ Որդին մեր մեղքերի մաքրումը կատարելուց հետո, նստեց Աստծու մեծության Աջ կողմում: Առաջին գլխում առաքյալը ամեն կերպ հիմնավորում է իր այն խոսքը, որ Որդին հրեշտակներից մեծ է: Որպեսզի իր ասածը հիմքեր ունենա, և եբրայեցիների մոտ կասկած չառաջանա իր խոսքերի հանդեպ, նա մեջբերումներ է Հին Կտակարանից։ Օրինակ՝ հիշեցնում է երկրորդ սաղմոսը, որն ասում է,- «Իմ Որդին ես Դու, և ես այսօր ծնեցի քեզ»: Կամ շարունակում է սաղմոսը, ասելով՝ «Ես Նրան հայր կլինեմ, իսկ Նա Ինձ Որդի կլինի»: Իսկ երբ արդեն Որդին աշխարհ է մտնում, Հայրն ասում է․ «Թող երկրպագեն Նրան Աստծու բոլոր հրեշտակները»: Այս խոսքերից հասկանալի է, որ առաքյալը Քրիստոսին մերժող հրեաներին հիմնավոր կերպով ապացուցում է, որ երկրպագվողը մեծ է երկրպագողից:
Այնուհետև Որդու մասին նկարագրելիս, ներկայացնում է մի հատված, որտեղ ասվում է, «Աստված քո աթոռը հավիտյանս հավիտենից է: Քո արքայության գավազանը՝ ուղղության գավազան է: Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությանը: Դո՛ւ Տէ՛ր սկզբից երկիրը հիմնեցիր, և Քո ձեռքի գործն են երկինքները: Բայց Դու միշտ նույնն ես, և Քո տարիները չեն պակասելու»:
Այս սաղմոսները մեջբերելիս, առաքյալը ցույց է տալիս, որ հրեշտակներին երբեք չի պատվիրվել, որ նստեն Աստծու մեծության աջ կողմում: Հետևաբար Քրիստոս մեծ է հրեշտակներից: Հրեաները հավատում էին հրեշտակներին և մեծ ակնածանքով էին խոսում նրանց մասին: Հավատում էին հրեշտակներին, սակայն գաղափար չունեին, որ իրենց սուրբ գրքերում գրված է Հիսուսի աշխարհ գալու մասին:
Այսպիսով հրեաների ուշադրությունը հրավիրում է իրենց կարդացած և չհասկացած տողերի վրա, որպեսզի թերևս տեսնեն իրենց աչքերի կուրությունը և հավատան Հիսուս Քրիստոսին: Չէ՞ որ այդ հրեշտակները սպասավորում են բոլոր նրանց, որոնք հավատացել ու ժառանգել են փրկությունը: Մի՞թե հրեշտակի միջոցով չէր, որ Աստված Աբրահամին հանեց իր բնակավայրից և բնակեցրեց այլ տեղում՝ նրա փրկության համար: Կամ մի՞թե հրեշտակի միջոցով չէր, որ Ղովտին հանեց Սոդոմից՝ իր փրկության համար: Այս բոլոր հրեշտակներից մեծ է Որդին, որը լույսն է Աստծու փառքի, և բուն պատկերը՝ Նրա էության: Աստծու նախախնամությամբ չէ՞ր, որ դասավորվեց Հովսեփի կյանքի դժվարին ճանապարհը, որը փրկություն եղավ ո՛չ միայն իր համար, այլ իր ողջ գերդաստանի համար:
Առաքյալը բոլոր փաստերը բերելով ցույց է տալիս Աստծու փրկության ծրագրի տարատեսակ ելքերը: Այսինքն եթե հակիրճ ձևակերպենք մեր միտքը, ապա Աստծու նախախնամության մեջ պարգևը և պատիժը երկար են փնտրում հասցեատիրոջը: Աստծու նախախնամությունը շտապելու հետ որևէ աղերս չունի: Աստծու ծրագիրը ինչպես որ բազում տեսակներ ունի, այնպես էլ բազում ելքեր ունի, սակայն ո՛չ շտապողականության մեջ: Տեսեք, սիրելիներ, Աստված այլ կերպ է բացվում մարգարեներին, այլ կերպ է բացվում մոգերին, որոնք տեսան աստղը և հետևեցին մինչև Հիսուս Մանկան մսուրը: Հիսուս Քրիստոս երեսուն տարի սպասեց, մինչև ժամանակը իր լրումին հասնի, և ինքը դուրս գա ժողովրդի մեջ քարոզելու: Ընդ որում ո՛չ թե դուրս եկավ և միանգամից հայտարարեց, որ Ինքն է սպասված Մեսիան, որ գալու էր, այլ՝ անմեղ լինելով մտավ Հորդանան և մկրտվեց բոլոր մեղավոր մարդկանց հետ: Երբ Հովհաննեսը փորձեց ընդդիմանալ նրան մկրտելուց, Տէր Հիսուս կարճ պատասխանեց․ «Թույլ տուր, որ այդպես լինի»: Սրանք բոլորը Աստծու ծրագրերի տեսակներն են:
Այդ պատճառով է Պողոս առաքյալը իր նամակը սկսում հենց այս տողերով, թե Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախ խոսեց մեր հայրերի հետ՝ մարգարեների միջոցով, և ապա՝ մեզ հետ՝ Իր Որդու միջոցով: Եթե մենք մեր մեջ ունենանք Քրիստոս Հիսուս, ապա կունենանք ողջ աստվածային հարստությունը, որը նման չէ մարդկային հարստությանը, որին անվերջ ձգտում է մարդ արարածը: Ո՞րն է մարդու էությունը: Ինչո՞վ է այն պայմանավորված: Հարստությամբ, գեղեցկությամբ, ուժով, տիրելու մոլուցքով և այլն: Որ՞ն է Աստծու էությունը: Ինչո՞վ է այն պայմանավորված: Աստծու էությունը իր փառքն է, Իր մեծությունն է, զորությունն է, սիրո մշտնջենավորությունն է, որոնցից ո՛չ մեկին մարդ արարածը չի կարող դիմանալ:
Դրա համար ո՛չ մի մարդ չի կարող հասնել իր իդեալին՝ առանց Աստծու:
Մարդն իր ճանապարհին մոլորվեց, բայց Աստված իր Որդուն ուղարկեց այդ մոլորությունից հանելու համար: Աստված կամեցավ, որ մարդ արարածը տեր լինի Իր ստեղծած չքնաղ տիեզերքին, սակայն մարդ արարածը տեր եղավ միայն իր մեղքին ու հարստությանը, հպարտությանն ու ագահությանը: Հրեաներն էլ այդ պատճառով չկարողացան հավատալ Հիսուս Քրիստոսին, քանի որ իրենք իրենց մեջ արդեն բաժանված էին տարբեր խմբավորումների: Եթե առաքյալի մնացած նամակները ուղղված էին որոշակի համայնքների և անհատների, ապա այս նամակը ուղղված է բոլոր հրեաներին, որոնք առաջինը տեսան սպասված Մեսիային ու շատերը սայթաքեցին ու ընկան իրենց սպասման մեջ, այդ թվում նաև հոգևոր էլիտան:
Սա էր պատճառը, որ առաքյալը առաջին գլխում իր խոսքը կառուցեց իրենց հայրերի միջոցով իրենց հասած Աստծու խոսքի վրա, որին հրեաները ծանոթ էին, և ծանոթ լինելով հանդերձ չընդունեցին Հիսուս Քրիստոսին, որը մեծ է հրեշտակներից: Իսկ երկրորդ գլխում առաքյալը նույն հրեաներին ջանում է ցույց տալ, որ Հիսուս Քրիստոս մե՛ծ է նաև մարգարեներից: Մարգարեները ընդունված և հարգված խավն է եղել հասարակության մեջ, քանի որ նրանք լսում էին Աստծու խոսքը և փոխանցում էին մարդկանց, որպեսզի մարդիկ չտարուբերվեն իրենց հավատքի մեջ, և չգնան կորստյան ճանապարհով: Մարդիկ կարող էին անզգույշ լինել և հետևել սուտ մարգարեների և մոլորեցնողների, ինչպես որ դա լինում է մեր օրերում: Մարգարեները բարեպաշտ մարդիկ էին, որոնք հրեշտակների միջոցով լսում էին Աստծու խոսքը և պարտավոր էին այն նույնությամբ փոխանցել մարդկանց, իսկ այդ խոսքը մարդկանց մեջ պետք էր հաստատուն մնալ: Այդ ժամանակ ամեն հանցանք և անհնազանդություն Աստծու խոսքի հանդեպ, արդար պատիժ էր ստանում: Սիրելիներ, սա հզոր ապտակ է մեզ համար այսօ՛ր, որ Աստծու խոսքի նկատմամբ այսչափ անտարբերություն և անհնազանդություն է առաջ եկել: Մենք ինչպե՞ս պիտի ազատվենք, եթե անհոգ գտնվենք այնպիսի փրկության հանդեպ, որը նա՛խ հռչակվեց Տիրոջ կողմից, ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այդ խոսքերը: Աստված իր խոսքը վկայելու համար բազում նշաններ և զորավոր գործեր արեց, Սուրբ Հոգու շնորհներով:
Պողոս առաքյալը նախ խոսեց հրեշտակների, ապա՝ մարգարեների մասին, քանի որ հրեական միջավայրում չափազանց մեծ էր ակնածանքը հրեշտակների և մարգարեների նկատմամբ: Այս փաստը օգտագործելով էր, որ Տէր Հիսուս հարց տվեց քահանայապետներին Հովհանների մկրտության մասին, քանի որ գիտեր որ նրանք ակնածանք ունեին Հովհաննես Մկրտչի մարգարե լինելու փաստի վերաբերյալ: Եվ եթե հիշում եք, ես ձեզ խոսել եմ այդ մասին, երբ սերտում էինք ավետարանները: Տէր Հիսուս Հովհաննես Մկրտչին մեծ համարեց բոլոր մարգարեներից, քանի որ բոլոր մարգարեները ծնվելուց հետո են դարձել մարգարե՝ Սուրբ Հոգու շնորհով և իրենց բարեպաշտության շնորհիվ: Իսկ Հովհաննես Մկրտիչը ծնվել է որպես մարգարե՝ Տիրոջ ճանապարհը հարթելու համար: Հետևաբար Հովհաննեսն էլ փաստում է, որ Հիսուս մեծ է իրենից, այսինքն Հիսուս մեծ հրեշտակներից և մեծ է նաև մարգարեներից:
Օրենքը հրեաներին տրվեց հրեշտակից՝ Մովսեսի միջոցով, քանի ու Աստծուն ո՛չ ոք չի տեսել և տեսնելն անգամ անկարելի է մարդու համար: Աստված իր զորավոր գործերն ու նշանները ցույց էր տալիս մարգարեների միջոցով: Մարգարեի խոսքը հավաստի էր դառնում մարդկանց համար, եթե նրա կյանքի մեջ արտացոլվում էր Աստծու լույսը: Տեսնո՞ւմ եք ինչքան վտանգավոր է Աստծու խոսքի փոխանցումը մարդկանց, եթե այդ խոսքը չի մաքրում փոխանցողի ներքին մեղավոր մարդուն, որպեսզի այդ փոխված մարդը կարողանա ճշգրտությամբ փոխանցել Աստծու խոսքը: Այլապես Աստծու խոսքը կփոխանցվի որպես գիտելիք, կա՛մ մի հետաքրքիր պատմություն: Այդ խոսքը ուրիշ բան չէ, եթե ո՛չ Փրկություն:
Իսկ մարդկանց փրկության համար անմեղի արյունը թափվեց: Դրա համար Աստծու խոսքին անհնազանդ եղողները արդար պատիժ են ստանում: Եթե մարդը պատրաստակամ չլինի Սուրբ Հոգու ներգործությանը, ապա Սուրբ հոգին դա բռնությամբ չի անի: Նաև կարող է հակառակը լինել, եթե մարդը մաքուր սիրտ ունի և պատրաստակամ է, բայց ոչինչ չգիտի, Սուրբ հոգին ամեն ինչ կարող է հայտնել նրա միջոցով: Պողոս առաքյալը ևս մեկ մեջբերում է անում ութերորդ սաղմոսից, ասելով,- «Մարդն ի՞նչ է, որ յիշում ես նրան, կամ մարդու որդին՝ որ այցի գաս նրան։ Քո հրեշտակներից փոքր-ինչ ցածր դրիր նրան եւ փառք ու պատուով պսակեցիր նրան։ Նրան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրայ։ Ամէն ինչ դրիր նրա ոտքերի ներքոյ»: Սիրելիներ, մարդուն շատ մեծ հնարավորություն և ազատություն է տրված իր փրկությունը գտնելու և դրան հասնելու համար նույնիսկ հրեշտակներից մի փոքր ցած համարեց և փառքով ու պատվով պսակեց նրան:
Սակայն մենք տեսնում ենք, որ նույնիսկ առաջին դարի մարդկանցից սկսյալ մարդը երբեք էլ չի եղել արարչագործության պսակը: Որովհետև մարդը հաղորդ չէ Աստծու խոսքին, այլ՝ անհնազանդ: Քանի որ խորությամբ չի ընկալում այն փաստը, որ Աստված մարդացավ, պատվով գնաց խաչի ճանապարհը, և ապացուցեց մարդուն, որ առանց խաչի ճանապարհի չկա փրկությունը: Ո՛չ մահն է անխուսափելի մարդու համար, ո՛չ էլ չարչարանքն է աննպատակ՝ փրկության համար; Աստվա՛ծ իր բարձունքից մարդացավ և առաջինը ցույց տվեց մարդուն խաչի ճանապարհը՝ անձամբ անցնելով այդ դժվարին ճանապարհը, եղավ օրինակ համայն մարդկության համար: Սակայն մարդը իրեն աստված է կարծում, առանց անցնելու այդ խաչի ճանապարհը, որը չունի նույն դժվարությունը, ինչ որ Քրիստոսինն էր՝ Իր անմեղության համեմատ:
Աստծու ողջ ծրագիրը նախատեսված է մարդկության համար, իսկ հրեշտակները սպասարկող հոգիներ են՝ դարձյալ մարդու փրկության պատգամների տարածման հարցում: Իրականության մեջ Քրիստոս, որ սրբացնում է նրանց, որոնք կամենում են սրբանալ, և ամոթ չի համարում նրանց եղբայրներ համար: Ուրեմն ուրիշ ի՞նչ է կամենում մարդը, որ Աստված անի իր համար այս բոլորից ավելին: Ինչո՞ւ կարիք եղավ, որ անպայման Քրիստոսի մահով լինի մարդու փրկությունը: Որովհետև Քրիստոս Իր մահով կործանեց նրան՝ սատանային, ով մահվան իշխանություն ունի, որպեսզի ազատի նրանց, որոնք մահվան երկյուղ ունեն և միշտ այդ վախի գերության մեջ են:
Որպեսզի կարողանանք օգնել մեկին իր դժվարության մեջ, պետք է մեզ վրա վերցնենք իր դժվարությունը: Իր վրա վերցրեց մարդկության մեղքի բեռը և տարավ մենակ, ազատելով մարդուն՝ հավիտենական կորստից: Փորձության մատնվեց չարչարվելով, որպեսզի օգնի մարդուն՝ փորձության և չարչարանքի մեջ եղած ժամանակ: Քանի որ Նրան արդեն ծանոթ էր մարդկային տկար բնությունը: Առաքյալի նպատակն է հրեաների մեջ ամրացնել այն փաստերը որոնցով ինքը խոսում է նրանց հետ՝ իրենց գրքերից ու մարգարեություններից, որոնք փաստում են, որ Հիսուս Քրիստոս մեծ է հրեշտակներից, մեծ է մարգարեներից, և մեծ նաև Մովսեսից, որին տրվեց օրենքը:
Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես Քահանայապետ այն հավատքի, որը Մովսեսն էր ուսուցանում հրեա ազգին; Առաքյալը թեև չի ներկայանում, սակայն դիմում է իր սուրբ եղբայրներին, որոնք մասնակից են երկնավոր կոչմանը:
Ի՞նչ է այդ երկնավոր կոչումը: Գաղտնիք չէ, որ հրեա ազգը ընտրվեց Աստծուց, բայց չդարձավ ընտրյալ՝ իր անհնազանդության պատճառով: Չդարձավ որդի՝ իր հպարտության պատճառով: Հրեաները հավատում և սիրում էին Մովսեսին այն աստիճան, որ նույնիսկ ավանդությունն ասում է, Աստված չկամեցավ Մովսեսի մահվան վայրը հայտնի դարձնել հրեաներին, որպեսզի կռապաշտության առիթ չդառնա նրա գերեզմանը կամ մարմինը: Մովսեսը հավատարիմ եղավ Աստծու տան մեջ և Աստծու ամեն պատվիրանին, սակայն Քրիստոս առավել փառքի ու պատվի արժանացավ, քան Մովսեսը:
Չէ՞ որ տունը կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը: Ամեն տուն որ կառուցվում է, անպայման կառուցվում է որևէ մեկի կողմից: Իսկ ամեն բան կառուցողն Աստված է: Մովսեսը որպես ծառա էր Աստծու տան մեջ՝ վկայելու համար ասվելիք խոսքերը, իսկ Քրիստո՛ս իբրև Որդի՛ եղավ այդ տան վրա, և այդ տունը մենք ենք: Միայն թե կարողանանք ամուր պահել այդ վստահությունը, հույսը, պարծանքը, մինչև վերջ՝ մինչև մեր Տիրոջ երկրորդ գալուստը: Չէ՞ որ ամեն մարդ կարող է իր տունը կորցնել անհիմն սխալների պատճառով:
Մենք այսօր շատ բան ունենք պարծենալու մեր քրիստոնեական արժեքները կիրառելու պատճառով: Յուրաքանչյուր բարեպաշտ քրիստոնյա իր մտքում համոզված է, որ իր մեծ ձեռքբերումները Քրիստոսի խոսքի ընկալումից և կատարումից հետո է եղել: Առաքյալը իր թղթերում անվերջ հիշեցնում է այն մասին, որ այսօր է Տիրոջն ընդունելու օրը:
Եթե այսօր լսեք Նրա ձայնը, երբեք մի կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես որ արեցին հրեաները և նրանցից շատերը զրկվեցին ավետյաց երկիր մտնելու խոստումից: Մի ամբողջ քառասուն տարի տեսան Աստծու գործերը, սակայն անվերջ բարկացրին Աստծուն անապատում և քառասուն տարի դեգերեցին անապատում: Աստված զզվանք զգաց այդ սերնդից, որոնք սրտով մոլորված էին, և չմտան Աստծու հանգստի մեջ: Իսկ ի՞նչ է Աստծու Աստծու հանգստի մեջ մտնել: Սա այն երանելի վիճակն է, երբ ամեն ինչ հանձնում ես Աստծուն և ապրում ես ապահովության և հանգստի մեջ: Դարեր շարունակ հրեաներին նույն բանը քարոզվեց, և այժմ էլ Պողոսն է հորդորում, որ իրենց մեջ երբեք չար և անհավատ սիրտ չունենան և չապստամբեն Աստծու դեմ: Մովսեսի սիրտը չար չէր, և Մովսեսը երբեք չապստամբեց Աստծու առաջ, բայց հանդիմանվեց Աստծուց:
Ինչո՞ւ Մովսեսը հանդիմանվեց: Մովսեսի սխալն այն էր, որ իրեն պատվիրածը զանց առավ և ժայռի հետ խոսելու փոխարեն, հարվածեց ժայռին երկու անգամ: Չէ՞ որ ժայռը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին, որի հետ պետք էր խոսել՝ բարիք ստանալու համար: Իսկ նա հարվածեց, իբրև իր հրամանով պետք էր ջուր գար: Եթե Մովսեսը հանդիմանվեց, որ Աստծու հլու հնազանդ ծառան էր, ապա ինչ կլինի անհնազանդ ու ըմբոստ սերնդի հետ, որ հակառակվում է Աստծուն և Աստծու խոսքին: Միմյանց հորդորելու բարի սովորությանը դեռ Պողոսի ժամանակից ունեցել է իր դրական արդյունքը: Քանի որ բարությամբ ու խոնարհությամբ հորդորելու ժամանակ, հնարավոր է, որ մեկը գտնի իր փրկության ճանապարհը, քանի որ Տիրոջ երկրորդ գալուստը առջևում է, և մեր յուրաքանչյուր «այսօրը» կարող է դառնալ փրկություն մեզ համար:
Բայց հորդորելու բարի սովորությունն էլ մեզանում վերացած է, քանի որ հպարտությունը խանգարում է ինչպես հորդորողին, այնպես էլ մեղավորին:
Իսկ մեղավորը ժամանակի ընթացքում կարծրանում է մեղքի խաբեությամբ և նրա ականջները այլևս չի կամենում լսել Նրա ձայնը, որն ասում է,- Այսօր եթե լսեք Նրա ձայնը, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը դառնությամբ, ինչպես փորձության օրն անապատում: Սաղմ. 94:8 Ովքե՞ր էին Տիրոջը դառնացնողները: Չէ՞ որ նրանք էին, որոնք դուրս էին եկել անապատից՝ Մովսեսի միջոցով; Կամ ումի՞ց զզվանք զգաց Աստված քառասուն տարի. Չէ՞ որ նրանցից, որոնք որոնք հանցանք գործեցին, և իրենց ոսկորները ընկան անապատում:
Աստված ո՞ւմ երդվեց, որ այլևս չեն մտնի իր հանգստի մեջ, եթե ո՛չ անհնազանդներին: Այո, այս մարդիկ չկարողացան մտնել խոստացված երկիր՝ իրենց անհավատության պատճառով: Սիրելիներ, այս խոսքերը հրեաների մասին է, բայց Աստծու գործելաոճը նույնն է բոլոր ազգերի ու սերունդների համար: Ավետարանի խոսքը վերաբերում է բոլոր դարերի բոլոր սերունդներին՝ առանց բացառության: Ուրեմն առաքյալը սրտի ցավով է գրում այս ամենը իր հայրենակիցների համար, որոնք տեսան Լույսը, բայց փակեցին իրենց աչքերը, որպեսզի չտեսնեն: Գերադասեցին ապրել խավարի մեջ, բայց չխոնարհվել Աստծու առաջ: Պատկերը նույնն է նաև այսօր: Բայց, ինչպես որ առաքյալն է ասում, ամեն օրը կարող է դառնալ մեզ համար փրկության օր, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ օրը: Ամեն կիրակի երբ հնչում են եկեղեցու զանգերի ղողանջները, չկարծրացնենք մեր սրտերը՝ մեր հայրերի նման, որոնք իրենց անհավատությամբ բարկացրին Աստծուն: Ամեն կիրակի է լսվում Աստծու ձայնը՝ եկեղեցիներում: Ջանանք մտնել Աստծու հանգստի մեջ, քանի դեռ ունենք այդ հնարավորությունը: Հիշո՞ւմ եք, որ հիմար կույսերի առջև փակվեց դուռը և Փեսան նրանց չընդունեց՝ նրանց անպատրաստության պատճառով: Նույնպես նաև հրեաների մեծամասնությունը չարժանացան մտնել խոստացված երկիրը՝ անհնազանդության պատճառով:
Տէր Աստված թող օրհնի բոլոր նրանց, որոնք փնտրում են Աստծու խոսքն ու կամքը:
Տէր Աստված թող համբերություն և իմաստություն տա մեզ՝ հասկանալու համար Նո՛րը, փոխելու համար՝ հի՛նը:
Տէր Աստված թող մեզ տա խոնարհության շնորհը, որպեսզի մենք ընդունենք այն, ինչի հետ երբեմն համաձայն չենք, որպեսզի մենք չդադարենք զարմանալ, հիանալ, զորանալ Նրա խոսքի իմաստությունից, և մեր սրտերը փափագեն Տիրոջ Երկրորդ Գալուստին արժանանալու:
Տէր Աստված թող բացի մեր հոգու աչքերը, որ տեսնենք Իր օրհնություններն ու ողորմությունը մեր ապրած կյանքի համեմատ և չտրտնջանք ամեն հասարակ բանից:
Տէր Աստված թող արժանացնի մեզ՝ մասնակցելու Իր Որդու խնջույքի սեղանից օգտվելու պատվին: Այս բոլորն ունենալու համար Աստված առատաձեռն է, մենք ենք ծույլ՝ ձեռք բերելու համար:
Սիրելիներ, մենք այսօր միասին սերտեցինք եբրայեցիներին ուղղված նամակի մեկից- երեք գլուխները: Աստծու կամքով կշարունակենք հաջորդ գլուխները, հասկանալու համար, Պողոս առաքյալի մտահոգության պատճառները՝ իր հայրենակիցների՝ եբրայեցիների համար:
Աղոթենք միասին
Տէ՛ր, զայրոյթով քո մի՛ յանդիմանիր ինձ, եւ քո բարկութեամբ ինձ մի՛ խրատիր։
Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի հիւանդ եմ ես, բժշկի՛ր ինձ, քանզի ոսկորներս խախտուել են։
Անձն իմ յոյժ խռոված է, եւ դու, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ…։ Դարձի՛ր, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, ազատի՛ր ինձ,
Տէ՛ր, քո ողորմութեամբ քանզի չկայ մէկը, որ մահուան մէջ յիշի քեզ, կամ դժոխքում գոհանայ քեզանից։
Ես յոգնեցի իմ հառաչանքներից, ամէն գիշեր հեծեծանքով լուացի մահիճն իմ եւ իմ արտասուքով անկողինս թրջեցի։
Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։
Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ։ Սաղմոս 6 և 31