ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Պողոս առաքյալի Փիլիմոնին ուղղված նամակը, որն այսօր պիտի սերտենք, Պողոսի նամակներից նախավերջինն է: Շատ կարճ մի նամակ է, ընդամենը մեկ գլխից կազմված, բայց դարձյալ շատ ասելիքով: Մենք արդեն տեսանք, որ առաքյալը իր 14 նամակներից միայն երեքն է անհատ մարդկանց ուղղել, մնացածը ուղղված է տարբեր նորաստեղծ եկեղեցիների համայնքներին: Ովքե՞ր էին այդ անհատները: Տիմոթէոսին և Տիտոսին արդեն ծանոթ ենք իրենց նամակներից, իսկ Փիլիմոնի հետ այսօր կծանոթանանք: Այս նամակը ըստ պատմագիրների գրվել է 61 ից 62 թվականներին; Փիլիմոնը քրիստոնեական հավատքին դարձած կարևոր մի անձնավորություն էր, վստահաբար՝ կողոսացիների եկեղեցու համայնքի անդամներից մեկը:
Նա Պողոս առաքյալի բարեկամներից էր, և ուներ Օնեսիմոս անունով մի ստրուկ, որը փախել էր իր մոտից: Մեզ հայտնի չէ, թե Օնեսիմոսը ինչպիսի պայմաններում է հարաբերությունների մեջ մտել Պողոսի հետ, որն այդ շրջանում բանտում էր գտնվում; Փաստն այն է, որ նա ևս քրիստոնյա էր դարձել: Պողոսը որոշում է նրան հետ ուղարկել հետ՝ իր տիրոջ՝ Փիլիմոնի մոտ, որին և ուղղում է այս կարճ նամակը՝ խնդրելով, որ ընդունի նրան ո՛չ այլևս որպես ստրուկ, այլ՝ որպես մի հավատակից եղբայր: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ փախստական ստրուկն այդ ժամանակ ենթարկվում էր շատ ծանր պատժի: Պողոս առաքյալը կամենում է այդ պատժից ազատել Օնեսիմոսին՝ իր բարեկամ Փիլիմոնի միջոցով: Երեկվա մեր Տիտոսի նամակի սերտողության մեջ մենք հանդիպեցինք նաև մի պատգամի, որն ուղղված էր ստրուկներին, կամ ծառաներին: Եթե ծառան քրիստոնյա էր, ապա պետք է հնազանդվեր իր տիրոջը, եթե նույնիսկ նա հեթանոս լիներ: Բայց այս պարագայում բոլորովին այլ է դրությունը: Երկուսն էլ քրիստոնյա են, թե՛ Փիլիմոնը, թե՛ Օնեսիմոսը: Դրա համար Պողոսը խնդրում է, որ պատժելուց բացի, նաև ընդունի որպես մի հավատակից եղբայր:
Նամակի սկզբում առաքյալը Փիլիմոնին և նրա ընկերներին ողջունելուց հետո, գոհություն է հայտնում Աստծուն՝ Փիլիմոնի հավատի և նրա նախանձախնդրության համար: Որից հետո ներկայացնում է իր խնդրանքը՝ ի նպաստ Օնեսիմոսի, որը կրկին պիտի միանար իր տիրոջը: Ողջույնների բաժնում, որով ավարտվում է այս նամակը, հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց անունների, որոնք հիշատակված են նաև կողոսացիներին ուղղված թղթում:Նրանցից մեկն է օրինակ՝ Արքիպպոս սարկավագը: Հնարավոր է նաև, որ Օնեսիմոսը իր հետ Կողոսիա բերած լիներ Կողոսացիներին և Փիլիմոնի ուղղված նամակները:
Նամակում առկա է այն նրբանկատությունը, որով առաքյալը դիմում է իր բարեկամ Փիլիմոնին: Նա ո՛չ մի հրաման չի տալիս նրան, ոչինչ չի պարտադրում, չի ժխտում նույնիսկ Օնեսիմոսի վրա ունեցած նրա իրավունքները: Բայց հիշեցնում է նրան,(այդ թվում նա՛և մեզ՝ որ կարդում ենք այս նամակը) թե՝ ինչպես Քրիստոսի սերը մի նոր լույսով է լուսավորում և կերպարանափոխում մարդկային բոլոր հարաբերությունները:
Տեսեք, թե ինչպիսի խորագիտությամբ է իր բարեկամ Փիլիմոին հիշեցնում քրիստոնյայի իր պարտականությունները, որպեսզի չլինի թե Օնեսիմոսին պատժի ենթարկի այնպես, ինչպես որ հեթանոս տերը կվարվեր իր ստրուկի հետ, որը փախել էր իր ծառայության վայրից: Իսկ քրիստոնյա տիրոջ համար իր ծառայողը նախ իր հավատակից է, ապա նոր՝ իր ստրուկը կամ ծառայողը:
Սիրելիներ, տեսեք, թե ինչ գեղեցիկ ողջույնի խոսք է հղում Պողոսը, ինչքա՛ն ջերմություն և ուշադրություն կա նամակում, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքը անազատության մեջ էր, գուցե ինքն էլ մխիթարության և սպոփանքի կարիք ուներ, բայց իր ողջույներն ու օրհնությունները երբեք չպակասեցին հավատացյալ համայնքների համար: Նամակն սկսվում է այսպես,- Պօղոսը՝ բանտարկեալը Յիսուս Քրիստոսի, եւ Տիմոթէոս եղբայրը, սիրելի Փիլիմոնին՝ մեր գործակցին, եւ Ապփիա քրոջը, մեր զինակից Արքիպպոսին եւ տնական եկեղեցուդ։ Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Այս մարդիկ Փիլիմոնի ընտանիքի անդամներն են, որոնց որ անձամբ է ճանաչում առաքյալը՝ ըստ իր նամակի բովանդակության: Տնական եկեղեցի էր համարվում այն տունը, որտեղ հավաքվում էին Աստծու խոսքի շուրջ և հացի բեկման խորհուրդն էր կատարվում այնտեղ: Ինչո՞ւ էին տներում հավաքվում, քանի որ քարե կառույցներ դեռ չկար, որ օգտագործեին հավաքների համար: Պողոսը թեկուզ բանտում, բայց մշտապես հաղորդակցության մեջ էր նորաստեղծ համայնքների պատասխանատուների հետ, իմանալու համար համայնքի հոգևոր կյանքում տեղի ունեցող դժվարությունների մասին: Առաքյալը տեղյակ էր նաև Փիլիմոնի տնական եկեղեցու հավատի և բարի գործերի մասին, դրա համար էր գոհություն հայտնում Աստծուն Փիլիմոնի համար, նրա ունեցած հավատի և սիրո համար, որ ուներ Տէր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ:
Մեծ ուրախություն և մխիթարություն է առաքյալի համար, որ Փիլիմոնի պես մեկի հովվության տակ է հավատացյալ հոտը, և բոլորի սիրտը ուրախ է դրանով: Սիրելիներ, բոլորս էլ համոզված ենք դրանում, որ իր ժամանակին Պողոս առաքյալը ամենևին էլ չէր կարող երևակայել, որ իր նահատակությունից հետո այս նամակները որպես մեկական մասունքներ՝ Ավետարանի մաս են կազմելու, և սերնդից սերունդ՝ դարերով կարդացվելու են քրիստոնեական եկեղեցիներում, որպես խրատի, հորդորի, դաստիարակության և հավատի մեջ զորացման լավագույն նմուշներ: Այո, Պողոսը համոզված չէր դրանում, բայց մենք այսօր, որ ընթերցում ենք այս նամակները պետք է օրինակ վերցնենք Պողոս առաքյալից՝ մնայուն և բարի գործեր կատարելու մեջ:
Ո՛չ ոք չգիտե, թե իր ցանած մեկ հատիկ սերմը ինչպիս՞ի հողում կարող է ընկնել, և հատկապես ինչպիս՞ի պտուղ կարող է տալ՝ շատերի հոգու փրկության համար: Պողոս առաքյալի գրած նամակները ծառայել են հենց այդ նպատակի համար: Պողոսը ցանել է, իսկ Աստված աճեցրել է Պողոսի տնկած բոլոր սերմերը, որոնք անսահմանափակ պտուղներ են տվել և շարունակում են տալ քրիստոնեական եկեղեցիներում: Պողոս առաքյալը, որը անձամբ Հիսուս Քրիստոսից էր ստացել իր իրավունքն ու շնորհների բազմությունը, երբեք չօգտագործեց այն՝ որևէ մեկին իշխելու, հպարտանալու, կամ հրամայելու համար:
Այլ բոլորի հետ վարվում էր ինչպես հավասարը՝ հավասարի հետ, որպես թե իր հավատակից եղբայրներ: Ինչպես որ վերևում նշեցի, որ Քրիստոսի սերը մի նո՛ր լույսով է լուսավորում և կերպարանափոխում մարդկային հատկությունները, և մարդ արարածը այլևս մեծամիտ չէ, հրամայող չէ, իշխող չէ, այլ իր նմանի մեջ Քրիստոսին է փնտրում: Նույն կերպ է վարվում նաև իր բարեկամ Փիլիմոնին նամակ գրելու ժամանակ: Չնայած համարձակություն ուներ Քրիստոսով հրամայելու Փիլիմոնին անել այ՛ն, ինչ պահանջվում էր, բայց սերը Պողոսին ստիպում է ո՛չ թե հրամայել, այլ՝ աղաչել:
Պողոսը ծերացած էր, երբ գրեց այս նամակը, բանտում էր նամակը գրելու պահին և այդ մասին էլ է հիշատակում նամակի մեջ, որպես Քրիստոսի բանտարկյալ: Առաքյալը հաճախ է իրեն այդ անունով ներկայացնում, բայց ո՛չ թե իր նեղությունները մատնանշելով, այլ Քրիստոսի խոսքի բանտարկյալն է, և պատրաստ է բանտարկյալ մնալ, քանի դեռ քարոզում է Ավետարանի բարի պատգամը: Օնեսիմոսի համար աղաչում է իր բարեկամ Փիլիմոնին: Մենք չգիտենք, թե Պողոսը ինչպես է հոգևոր հայրություն արել և քարոզել Օնեսիմոսին, երբ ինքը կապանքների մեջ էր: Օնեսիմոսին, որը լքել էր իր ծառայության վայրը և գտել էր Պողոսին, մեզ հայտնի չէ, թե ինչ պատճառով արել դա: Բայց Պողոսը նրա համար էլ հոգևոր հայր եղավ, և նրան որդի անվանեց, ինչպես որ Տիմոթեոսին և Տիտոսին է անվանում:
Գրում է, որ նա մի ժամանակ պիտանի չէր քեզ, բայց այժմ պիտանի է թե՛ քեզ, թե՛ ինձ: Ի՞նչ եղա՞վ, որ Օնեսիմոը այժմ դարձավ պիտանի: Նախ ասեմ ձեզ, որ Օնեսիմոս անունը նշանակում է պիտանի, օգտակար: Բայց առաքյալի այդ խոսքերը մեղմացնում են ստրուկի տիրոջ զայրույթը, նրա փախուստի պատճառով: Հատկապես որ իր անունն էլ ավելացնում, ասելով՝ ի՛նձ էլ է պետք նա, քե՛զ էլ: Չի թաքցնում ստրուկի փախուստի մեղքը, և հայտնում է, որ հետ է ուղարկում նորից նույն ծառայության: Զարմանալի միտք է հայտնում առաքյալը նամակում, ասելով,- Դու ընդունի՛ր նրան քեզ մոտ, որպես թե իմ սիրտը ուղարկած լինեմ քեզ: Այստեղ արդեն կարող ենք ենթադրել, որ Օնեսիմոսը հանդիպումներ է ունեցել բանտում և Պողոսը նրան քարոզել է իրեն հատուկ հմտությամբ: Առաքյալը չի ընդվզում հռոմեական կառավարության դեմ, չի մեղադրում որ ստրուկներ դեռ կան, այլ ամեն բան հաշտությամբ է կամենում լուծել: Ստրուկին իր սրտի հետ է համեմատում: Նույնիսկ գրում է, Փիլիմոնին, որ կամեցել է Օնեսիմոսին պահել իր մոտ Ավետարանի ծառայության համար, բայց չի արել այդ բանը, առանց Փիլիմոնի կարծիքն իմանալու, քանի որ նա Փիլիմոնի անձնական ստրուկն էր;
Ինչպե՞ս կարող է Փիլիմոնը մերժել այսպիսի նամակը: Պողոս առաքյալն էլ իր հմտությունը գործադրում է բոլոր նամակներում, նախ գնահատում է բարի գործերը, հավատքը, ապա հետո անդրադառնում է բուն պահանջին։
Առաքյալի այս մեթոդը շատ կիրառելի և օգտակար է ցանկացած բնագավառի համար, նույնիսկ՝ ընտանիքում: Երբ մեկը սխալ է թույլ տալիս, պետք չէ նրա սխալը միանգամից որպես դրոշակ բարձրացնել և թափահարել: Այլ պետք է նախ մեղավորի դրական հատկանիշները բացահայտել և ներկայացնել, որպեսզի մեղավորը զգա, որ իր դրական հատկանիշների կողքին պետք չէ՛ր, որ մի աննպատակ բացասական բան լիներ: Այս պարագայում մեղավորը հասկանում է, որ ժամանակին գնահատել են իր բարի գործերը, և ցանկություն է առաջանում նորից բարիք գործել գնահատողի համար:
Այսպես վարվեց Պողոս առաքյալը Փիլիմոնի հետ, և ցույց տվեց նրան, որ ինքը իշխանություն ունի հրամայելու, բայց դա չի անում, այլ՝ խնդրում է: Սիրելիներ, Պողոս առաքյալը գրում է,- Ես Օնեսիմոսին հոգևոր հայր եղա իմ կապանքների մեջ: Տեսեք, Պողոսի նամակների մեջ քանի՞ անգամ ենք հանդիպում հոգևոր հայր արտահայտությանը, բայց ինչպես է, որ երբեմն որոշ մարդիկ այդքան զարմանում են հոգևորականին հայր կոչելու փաստից: Չէ որ Օնեսիմոսն էլ Պողոսի հարազատ զավակը չէր, այլ հոգևոր զավակը: Պողոս առաքյալը ստրուկին վերադարձնում է տիրոջը՝ ակնկալությամբ, որ նա նախատեսված պատիժի չի ստանա; Փիլիմոնը հավանաբար անհարմար վիճակի մեջ կհայտնվի, երբ կարդա այս նամակը, որը Օնեսիմոսի միջոցով է ուղարկում։ Որովհետև գրում է, որ քո ծառան քեզնից մի որոշ ժամանակով հեռացավ, որպեսզի վերադարձից հետո նրան ընդունես ո՛չ թե որպես ծառա, այլ՝ ավելի վեր, քան ծառան: Նրան ընդունես որպես մի սիրելի եղբայր; Եթե նա ինձ համար սիրելի է,- ասում է առաքյալը,- ապա որքան առավել քեզ համար պետք է սիրելի լինի ինչպես ստրուկ, այնպես էլ սիրելի եղբայր: Առաքյալը Օնեսիմոսին իրեն հավասար նկատելով, Փիլիմոնին ասում է,- նրան ընդունիր, կարծես ինձ ես ընդունում, եթե իմ հավատակից եղբայրն ես: Այստեղ մի շատ ուշագրավ միտք է գրում իր բարեկամ Փիլիմոնին, ասելով,- Իսկ եթե մի անիրավություն է արել քո դեմ, կամ մի բան է պարտք քեզ, այն իմ վրա հաշվիր: Ես՝ Պողոսս իմ ձեռքով գրեցի, և կհատուցեմ, որպեսզի չասեմ, թե դու էլ քո անձն ես ինձ պարտական: Ինչ մեծ մարդասիրական քայլ էր սա Պողոսի կողմից իր հավատակից Օնեսիմոսի հանդեպ:
Կարելի է ասել, որ այս քայլով Պողոս առաքյալը նմանվեց Հիսուս Քրիստոսին, իր վրա վերցնելով մեղավոր մարդու պարտքերը, որից տեղյակ չէր: Առաքյալը հույս է հայտնում նամակի մեջ, որ Փիլիմոնը կանի ավելին, քան ինքը խնդրում է Օնեսիմոսի համար: Այս բոլոր բաները գրեց, քանի որ վստահ էր Փիլիմոնի հնազանդությանը, և նաև վստահ էր, որ իր բարեկամը կմխիթարի իր սիրտը՝ Քրիստոսով։ Սիրելիներ, համոզվեցի՞ք, որ շղթաները և բանտարկությունը որևէ կապ չունի մարդու այն ազատության հետ, որը Տիրոջից է: Շղթայված Պողոսը խոսում և քարոզում է ազատությանից: Իսկ աշխարհը պայքարում է գերության դեմ, բայց բոլորը գերի են իրենց ցանկություններին ու կրքերին;
Օնեսիմոսի կարգավիճակը չփոխվեց այս միջնորդությունից հետո, նա նորից ծառա էր, ուղղակի այս անգամ արդեն՝ Քրիստոսի ծառա էր իր քրիստոնյա տիրոջ մոտ: Պողոս առաքյալը ոչինչ չփոխեց ստրուկների առք ու վաճառքի մեջ, այլ հակառակը հնազանդվում էր հռոմեական օրենքներին, ուր ընդունված էր մարդու առքն ու վաճառքը: Հռոմի մեծ մասում գերիներ էին ապրում, որոնք փախել էին իրենց տերերից: Օնեսիմոսը դրանցից մեկն էր: Այս նամակի մեջ մի նամակ էլ կա քրիստոնյա աշխարհին, թե ինչպես պետք է քրիստոնյաները վարվեն միմյանց հետ, երբ նրանց մեջ խնդիրներ են առաջ գալիս, կամ բազում անարդարություններ ու դաժանություններ:
Նամակի ավարտին Պողոսը Փիլիմոնի խնդրում է, որ մի տեղ էլ իր համար պատրաստի, քանի որ հույս ունի, որ նրանց աղոթքների շնորհիվ, շուտով կազատվի և կմիանա իր սիրելի մարդկանց։ Ողջույնի խոսքեր է հղում Եպափրասից, որը նույնպես բանտում է, և նաև մյուս գործակիցներից, որոնցից մեզ հայտնի են Մարկոսը և Ղուկասը: Պողոս առաքյալը բանտարկված է Քրիստոս քարոզելու համար, անազատության մեջ գտնվողը քարոզում է ազատություն: Անարդարությամբ բանտարկվածը քարոզում է արդարությունից: Ուրեմն բանտը չէ, որ սահմանափակում է մարդու ազատությունը, քանի որ ազատության մեջ գտնվող մարդիկ կան, որոնք բանտարկված են մեղքի բանտում: Խոսքը Քրիստոսի ազատության մասին է, խոսքը Քրիստոսի արդարության մասին է, որի կապյալն ու բանտարկյալը Պողոսն է:
Մենք նամակի սկզբում ասացինք, որ Պողոսը ողջույնի ուղերձ է հղում Փիլիմոնի ընտանիքին, և ընտանեկան եկեղեցուն՝ որի ծառան էր Օնեսիմոսը: Փիլիմոնը հարուստ քրիստոնյա էր, և իր տանն էր տեղի ունենում քրիստոնեական հավաքները: Օնիսիմոսը բավական չէ, փախչում է իր տիրոջ ծառայությունից, նաև իր վերցնում է ինչ որ բաներ՝ Փիլիմոնի տնից, ըստ նկարագրության: Հռոմ գնալով փնտրում և գտնում է Պողոսին, անշուշտ ակնկալում է նրանից օգնություն: Հիմա տեսեք, թե ինչ դժվար կացության մեջ է հայտնվում Պողոս առաքյալը: Մի կողմից Փիլիմոնն է, որը իր մտերիմն է, մյուս կողմից Օնիսիմոսն է, որը օգնության և պաշտպանության կարիքն ունի, մյուս կողմից ինքը բանտում է՝ անազատության մեջ:
Մենք չգիտենք, թե Օնիսիմոսի փախուստը ինչի համար է եղել: Չգիտենք նաև թե գողությունից հետո՞ է փախուստի դիմել, թե՝ փախուստի ժամանակ է ինչ որ բան գողացել: Բայց Պողոսի նամակի բովանդակությունից հասկանում ենք, որ Օնիսիմոսը մի ժամանակ պիտանի չէր Փիլիմոնին, իսկ հիմա պիտանի է: Ինչպե՞ս դառավ պիտանի: Իհարկե Պողոսի քարոզից հետո դարձավ պիտանի: Առաքյալը նկատի ունի որ մի ժամանակ գող էր, իսկ հիմա այդպես չէ, քանի որ հասկացավ իր սխալը, և Փիլիմոնը նրան պետք է ընդուներ որպես հավատակից եղբայր: Հիմա պատկերացրեք, Փիլիմոնի համար մի՞թե հեշտ է ներել իր ստրուկին, որին փողով գնել է և այլևս իր սեփականությունն է: Ո՛չ, հեշտ չէ: Նույնիսկ շատ դժվար է: Բայց առաքյալը նրան հիշեցնում է, որ քո տնական եկեղեցում երբ հավաքվում եք, նաև խոսում եք ներելու առաքինության մասին: Իսկ ինչպե՞ս դու կարող ես մարդկանց խոսել մի բանի մասին, եթե նախ՝ ինքդ չկարողանաս անել: Հետևաբար Փիլիմոնը Պողոսի հանդեպ ունեցած մեծագույն սիրուց, ներում է նաև Օնեսիմոսին, որովհետև Պողոսն արդեն լավ աշխատել էր ստրուկի մտածելակերպի վրա, և նա արդեն պիտանի մեկն էր:
Մենք, որ ներելու պատվիրանը չափազանց դժվար ենք ընկալում, մի՞թե այստեղ դաս չունենք սովորելու՝ ներելու վերաբերյալ: Փիլիմոնը հանուն Պողոսի ներեց իր ստրուկին: Միթե մենք հանուն Քրիստոսի չենք կարող ներել մեզ կողոպտողին, վիրավորողին, հալածողին և անարգողին: Ինչպի՞սի վնաս կարող են հասցնել մեզ, որ առավել ցավալի լինի, քան Քրիստոսին հասցրած յուրաքանչյուր վիրավորանք ու ցավ;
Մեր հանդեպ ցուցաբերած նեղությունները ոչինչ են համեմատած Քրիստոսի չարչարանքներին, որ կրեց առանց պատճառի, ընդ որում՝
մեզ համար: Ուրեմն մեր սրտում Քրիստոսի անունից զատ, առավել պետք է լինի Նրա խոսքի կատարումը, որպեսզի կարողանանք ներել:
Տեսա՞ք, թե ինչպես անպիտան ստրուկը դարձավ պիտանի՝ Աստծու խոսքը սրտանց ընդունելու շնորհիվ: Ուրեմն մեր մեջ ոչինչ չի փոխվի, եթե Աստծու խոսքի ազդող ուժը դա չկատարի: Տեսեք նաև, թե Պողոս առաքյալը ինչ զգուշությամբ է վարվում իրեն տրված իշխանության հետ: Կարող էր հրամայել Փիլիմոնին, և նա կընդուներ միանգամից: Բայց առաքյալը աղաչում է ստրուկի տիրոջը՝ հավասարի պես: Պողոսը կարող էր անմիջապես ստրուկին հետ վերադարձնել, բայց այդպես չարեց, այլ՝ քարոզեց, բացատրեց, դարձրեց պիտանի և հետ ուղարկեց իր տիրոջը: Պողոսի բոլոր քայլերը հիշեցնում են Քրիստոս Հիսուսին և Նրա վարդապետությանը: Նույնիսկ Փիլիմոնին չի զրկում իր ընտրության իրավունքից, ասելով,- բայց առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել: Սիրելիներ տարաձայնություն կար Փիլիմոնի և Օնիսիմոսի միջև:
Գուցե նաև պատճառ կա ստրուկի փախուստին, բայց նաև պատճառ կա Փիլիմոնի բարկությունը: Պողոսն է, որ երկուսի մեջտեղում է և պետք է հարթի առաջացած խնդիրը: Իսկ Պողոսը դրա հմուտ մասնագետն է: Այսօրվա դասն էլ բավական ասելիք ուներ մեզ՝ դարձյալ ներել կարողանալու վերաբերյալ: Սիրելիներ ավարտեցինք նաև Փիլիմոնին ուղղված առաքյալի նախավերջին նամակը, իսկ հաջորդ նամակը՝ ուղղված է եբրայեցիներին, որով ավարտվում է Պողոս առաքյալի 14 նամակները՝ իրենց օգտակար խորհուրդներով ու պատգամներով: Հետևաբար հետևելով առաքյալի հորդորներին, Չկորցնենք այն, ինչը մեզ խոստացված է, և չշրջանցենք այն, ինչը սպասվում է մեզ: Երկուսն էլ ընդունենք քրիստոնեաբար՝ պատվով դուրս գալու համար:
Տեր Հիսուս Քրիստոս, Աստծու Որդի,
Դու, որ բոլորիս սովորեցրիր ընդհանուր ու միաձայն աղոթել և խոստացար Քո անվամբ միաբանված երկու կամ երեք հոգու խնդրանքները շնորհել, այժմ էլ հօգուտ Քո ծառաների կատարի՛ր նրանց խնդրանքները, մեզ շնորհելով այս ժամանակներում Քո ճշմարտության գիտությունը, իսկ հանդերձյալում՝ պարգևիր հավիտենական կյանք, Քո կամքի համաձայն և մեր հավատքի համեմատ, որովհետև Դու բարերար ու մարդասեր Աստված ես, և Քեզ վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։