ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Անկարելի է, որ վեճեր չլինեն, սակայն Տիրոջ ծառան պետք չէ, որ կռիվ անի, այլ բոլորի հանդեպ բարի թող լինի, ուսուցանող և անոխակալ թող լինի: Կամ մարդիկ, որոնք հատուկ վեճեր են հրահրում, քանի որ նրանց մեջ հակառակության հոգի կա: Հետևաբար այսպիսի մեկի հետ պետք չէ վիճել, որովհետև Աստծու ծառայի նպատակն է ամեն մարդու միջից հանել հակառակությունը և ատելությունը, որոնց պատճառով էլ առաջանում են վեճերը: Այլ պետք է հանդարտությամբ խրատել հակառակվողներին, գուցե Աստված նրանց ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը և սթափվելով ազատվեն սատանայի որոգայթից, որոնք հենց սատանայից էլ բռնված են նրա կամքը կատարելու պատճառով։
Երբեմն մարդը մեղքի մեջ հարատևելով չի զգում, թե ինչպես է դառնում սատանայի կամակատարը, քանի որ հնազանդվել է մեղքին; Բայց առաքյալը երբ ասում է, թող Աստծու ծառան հանդարտությամբ խրատի, վստահ չի՛ ասում, որ Աստված կթողնի նրա մեղքերը, այլ՝ ասում է թերևս Աստված նրան ապաշխարություն տա: Պողոս առաքյալի սկզբունքն է, չլռել մեղքի դիմաց, աչք չփակել մեղքի վրա, այլ բացահայտել և հանդարտորեն խրատել, մեղանչողին սատանայի ձեռքից ազատելու համար: Խոսում է, բացատրում է, գրում է, և իր ասելիքը չի ավարտվում ուսուցման առումով: Սուրբ Հոգու անվերջանալի գանձերը Պողոս առաքյալին խոսել են տալիս գիշեր ու ցերեկ և Պողոսը չի հագենում փառաբանել ու քարոզել Հիսուս Քրիստոսին: Երեք տարի շարունակ Տէր Հիսուսի վարդապետությունը անձամբ լսած առաքյալները այսքան առատ պաշար չունեցան, որքան որ Պողոս առաքյալը, որը չէր տեսել ո՛չ Հիսուսին, ո՛չ էլ լսել էր Նրա վարդապետությունը: Բայց Սուրբ Հոգին խոսել էր տալիս Պողոս առաքյալին՝ իր պատրաստակամության համեմատ: Սիրելիներ, Պողոս առաքյալը իր հոգևոր զավակին գրում է նաև վերջին օրերի մասին: Իս սա նշանակում է, որ առաքյալը նույնպես իր ժամանակին ակնկալում էր Քրիստոսի երկրորդ գալուստը, և սա զարմանալի չէ։ Քանի որ առաջին դարում չկար այսքան իմաստություն, որոնց մասին խոսում է Պողոս առաքյալը։ Անհավանական մի բան կլիներ, եթե Պողոսը ինքը չգրեր, որ սուրբ Հոգին է իրեն առաջնորդում: Հետևաբար նաև Աստծու կամքն է, որ Պողոսը այդ օրերին խոսել է վերջին օրերի մասին, որպեսզի 2000 տարի հետո մենք հասկանանք, որ ո՛չ մեկին տրված չէ իմանալ ժամերի և ժամանակների մասին: Ճիշտ այնպես, ինչպես որ մարգարեությունները դարերով խոսում էին Մեսիայի ծննդյան մասին, սակայն հրեաները ամեն օր սպասում էին Մեսիային։
Սակայն երբ մարդկությունը անցավ մեղքերի և անհնազանդության բոլոր սահմանները, և հասավ մարդկության փրկության պահը, Աստված աշխարհ ուղարկեց իր Որդուն, որպեսզի ծնվի մարդու նման, բայց առանց մեղքի, որպեսզի փրկի մեղավոր մարդուն հավիտենական տանջանքի դատաստանից: Ուրեմն մարդը երբեք էլ չի իմացել Աստծու ծրագրի բուն մանրամասները՝ առաջին և երկրորդ գալուստների ժամեն ու ժամանակները: Մարդկությանը այսօր հայտնի չէ վերջին ժամանակների օրերը: Սա Աստծու մեծագույն ողորմությունն է մարդու համար: Յուրաքանչյուր մարդու համար իր ապրած հաջորդ օրը մեծագույն պարգև է Աստծուց: Յուրաքանչյուր հաջորդ օրը մարդուն տրվում է զղջալու և ապաշխարելու համար: Իսկ անմիտ մարդը առավոտյան արթնանալիս նույնիսկ գոհություն չի հայտնում Աստծու այդ մեծ հնարավորություն համար:
Առաջին դարի մարդուն նույնպես տրվել է այդ հնարավորությունը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը: Սիրելիներ, առաքյալը վերջին օրերի մասին երկու հազար տարի առաջ այնպիսի նկարագրություն է տվել, կարծես այսօր շրջում է աշխարհում և գրի է առնում բոլոր անօրենություններն ու մեղքերը: Իսկ սա նշանակում է, որ մեղքը դարերի ընթացքում չի ծերանում և չի մեռնում՝ մարդու օգնությամբ ու մասնակցությամբ;
Այս հատվածը ուզում եմ ամբողջությամբ կարդալ ձեզ համար, քանի որ ավելի հստակ նկարագրություն անկարելի է տեսնել: Ահավասիկ՝ «Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր, մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր, մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը»։ Այսքան մեղքի տեսակները ծանոթ են եղել Պողոսին, քանի որ նա իր ժամանակում արդեն տեսել է, որ կան այս մեղքերը:
Մեղքերի այսչափ ապականությունը դարերով ուղեկցում է մարդկությանը և գնալով խմորվում է, և առավել նորոգվում է ամեն մեղք ճիշտ այնպես, ինչպես որ կար Նոյի օրերում, երբ եղավ ջրհեղեղը: Ճիշտ այնպես, ինչպես որ կար Բաբելոնի աշտարակաշինության ժամանակ, և Աստված խառնեց մարդկանց լեզուները: Եկան ու հասան մեր օրերը նույն մեղքերը, դեռ մի բան էլ ավելի:
Իսկ թե ի՛նչ կսպասվի մե՛ր դարաշրջանին, միայն Աստված գիտե այդ պատժի անունը: Առաքյալը հիշատակում է երկու մոգերի՝ Հանեսի և Համրեսի անունները, որոնք հակառակվում էին Մովսեսին, այնպես ինչպես որ այս մեղավոր մարդիկ են հակառակվում ճշմարտությանը: Մտքերը ապականված է, հավատքի մեջ անպետք են, ամբողջությամբ թաղված լինելով մեղքի մեջ, հակառակվում են ճշմարտությանը:
Ինչպես որ Հանեսն ու Համրեսը խայտառակվեցին՝ երբ իրենց հիմարություն հայտնի դարձավ, այնպես էլ այս մեղավոր մարդիկ՝ անկախ դարաշրջանից, խայտառակ կլինեն իրենց մեղավոր կյանքով: Պողոսը գոհանում է Աստծուց, որ իր Տիմոթէոս զավակը հետևել է իր վարդապետությանը, վարմունքին, կամեցողությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, և այն բոլոր չարչարանքներին ու հալածանքներին, որոնք պատահեցին Պողոսին՝ իր շրջագայության տարիներին: Այս բոլոր տառապանքներից ու կապանքներից Պողոս առաքյալի Տէրը փրկեց, որին որ մենք ականատես եղանք մեր ողջ սերտողության ժամանակ, և հասկացանք, որ բոլոր նրանք, որ ուզում են ապրել աստվածապաշտությամբ՝ Հիսուս Քրիստոսով, հալածանքների մեջ պիտի լինեն; Իսկ չար ու մոլորված մարդիկ պիտի մոլորեցնեն նաև ուրիշներին: Դրա համար մարդու ծննդյան օրից պետք է մարդուն ասել, որ Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու, և արդարությամբ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը, և պատրաստ լինի բոլոր բարի գործերի համար: Սիրելիներ, Երբ Տէր Հիսուս գա իր արքայությամբ և փառքով՝ Իր Հայտնության օրը, դատելու է կենդանիներին ու մեռելներին:
Ահա թե ինչու է պետք շարունակ և անդադար քարոզել Աստծու խոսքը, ժամանակի լինի, թե տարաժամ: Տիմոթեոսին պատվիրում է, հանդիմանե՛լ, սաստե՛լ, հորդորե՛լ, կատարյալ համբերատարությամբ ուսուցանելով: Որովհետև այսքան մեղքերի բազմությունը պիտի հասցնի մի տեղ, երբ այլևս մարդիկ չեն կամենալու լսել ողջամիտ վարդապետություն, այլ՝ յուրաքանչյուրը պիտի ապրի ըստ իր ցանկությունների և պիտի կամենան լսել իրենց ականջներին հաճելի բաներ, ավելի շատ պիտի լսեն առասպելներ, քան՝ ճշմարտություն:
Զգուշացրեց Պողոսը այս բոլոր գալիք արհավիրքների մասին, հանձնարարեց Տիմոթէոսին հեռու մնալ չարից, արթուն լինել ամեն ինչում, նեղություններին համբերել, ավետարանչի գործեր անել և լիուլի կատարել իր պաշտոնը: Նամակի ավարտին նորից տեղեկացնում է, թե ո՛վ է իրենից հեռացել, ո՛վ է հավատարիմ մնացել, ով է անվերջ հակառակվել, և այս մարդկանց անունները գրում է, քանի որ Տիմոթէոսը ճանաչում էր բոլորին։ Առաքյալը խնդրում է Աստծուն, որ այս մարդկանց չար արարքները Աստված իրենց մեղք չհամարի: Պողոս առաքյալը այս խոսքերը գրելիս, անպայման մտքում հիշել է Ստեփանոս նախավկային, որը նույնպես խնդրում էր Աստծուն, որպեսզի իրեն քարկոծողների արարքը իրենց մեղք չհամարի: Հիմա Պողոսը ինքն է խնդրում, որ Աստված մեղք չհամարի չարագործների արարքը:
Սիրելիներ, դուք հիշում եք, որ առաքյալը համաձայն էր Ստեփանոսի քարկոծմանը: Բայց մեզ համար այս աղոթող ու ուսուցանող Պողոսը բոլորովին այլ է այն Պողոսից, որը հալածիչ էր: Այնպես էլ յուրաքանչյուր մեղավոր մարդ, երբ զղջում և ապաշխարում է իր մեղքերի համար, դառնում է Պողոսի պես սիրելի՝ ինչպես Աստծու, այնպես էլ մարդկանց համար: Նամակն ավարտում է իր սովորության համաձայն, ողջույններ հղելով ամենատարբեր մարդկանց՝ ամենատարբեր մարդկանցից: Բայց մինչև նամակի ավարտը Պողոսը մի երկտող է գրում Տիմոթէոսին, որը անկարելի է առանց հուզմունքի կարդալ, քանի որ մենք քայլեցինք Պողոսի հետ իր տառապանքի ճանապարհը, տեսանք նրա պատրաստակամությունը՝ նեղ դռներով անցնելիս, տեսանք նրա հավատը՝ լեռներ տեղափոխելու և ամենակարևորը տեսանք նրա մեծ հույսը՝ Հիսուս Քրիստոսի ամեն մեկ խոսքի վերաբերյալ: Անշուշտ թախիծ կա այս խոսքերի խորքում, որտեղ առաքյալը մի քանի տողով ներկայացնում է իր ինքնակենսագրությունը: Սակայն հավատն ու հույսը ավելի ցայտուն է քան՝ թախիծը:
Առաքյալն ասում է. «Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է։ Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։ Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը»։
Այս խոսքերը Պողոսը գրել է Հռոմից, որտեղ դատապարտված էր խիստ բանտարկության, և ինքն իրեն բոլորովին մեկուսացած էր զգում: Հասած լինելով իր առաքելության ավարտին, Պողոսը բոլորին է հորդորում մղել բարի պատերազմը՝ Ավետարանի ծառայության համար, առա՛նց վախենալու վերահաս դժվարություններից:
Բանտից խնդրում է վերարկուն և հատկապես գրքերը…Տիմոթէոսին սպասում է, մինչև ձմեռը սկսվի: Այս բոլորը տառապանքները Քրիստոսի համար են:
Սիրելիներ, այս խոսքերը ծանր է յուրաքանչյուրիս համար այն առումով, որ այս մաքրամաքուր ձեռքերից մեզ փոխանցվեց Քրիստոսի վարդապետությունը, Այս արդար ու ազնիվ զղջացողը իր կյանքը նվիրեց Ավետարանի քարոզությանը, իսկ նահատակությունը՝ Քրիստոսի փառքի համար: իսկ մեր մեջ կան շատերը, որոնք նույնիսկ չեն էլ կարդացել այս տողերը… Թող ողորմի մեզ Տէրը մեր տկարության ու ծուլության համար: Փառք Տիրոջը՝ Պողոսի և մնացած բոլոր առաքյալների համար: Սիրելիներ, ավարտեցին նաև Տիմոթէոսին ուղղված երկրորդ նամակը: Մեզ մնում է ևս երեք նամակ, որպեսզի վերջացնենք նաև Պողոս առաքյալի 14 նամակները ուղղված եկեղեցիներին և անհատներին։ Փառք Աստծուն՝ իր ողորմության համար:
աղոթենք միասին
Անսկ՛իզբդ Աստված, սու՛րբդ սրբոց, որ Քո Միածին Որդուն առաքեցիր բժշկելումեր հոգիների ու մարմինների ախտերը, առաքի՛ր Քո Սուրբ Հոգուն և մաքրիր Քո ծառաներին և աղախիններին և ազատի՛ր բոլոր մեղքերից, քանզի ողորմած ես և գթած: Եվ քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, Փառք հավիտյանս. ամեն: