ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հանապազօրյա Հաց
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Առաքյալի առաջին նամակը, որ մեզ համար այդքան հարուստ էր խրատներով ու հորդորներով, հավանաբար չի գոհացրել նախանձախնդիր Պողոսին՝ թերի լինելու պատճառով, և որոշել է երկրորդ նամակն էլ գրել Տիմոթէոսին, քանի որ համայնքները նորաստեղծ են, մարդիկ նորադարձ են, խնդիրները շատ են, ուսուցման անհրաժեշտությունը կարևոր է: Քրիստոնեության հիմնավորման առաջին սերունդն էր Պողոս առաքյալը, որը ջանադրաբար սովորեցնում էր երկրորդ սերնդի ներկայացուցիչ՝ Տիմոթէոսին, որին մոտիկից էր ճանաչում: Առաքյալը իր ջերմ ողջույններն է փոխանցում Տիմոթեոսին, բայց քանի որ նամակը պետք է ընթերցվի տարբեր քաղաքներում, առաքյալը ամեն նամակի մեջ կրկնում է իր ով լինելը, և թե ինչպե՛ս է հայտնվել այդ ծառայության մեջ։ Աստծու կամքով է Պողոսը դարձել առաքյալ, որպեսզի իր մեծագույն զղջումով կատարյալ օրինակ լինի նորադարձ համայնքներին: Ամեն նամակով շնորհ, ողորմություն և խաղաղություն է մաղթում ինչպես համայնքին, այնպես էլ անհատների՝ Հայր Աստծուց և մեր Տէր Հիսուս Քրիստոսից:
Այս երկրորդ նամակից հասկանում ենք, որ Պողոս առաքյալը մոտիկից ճանաչում է Տիմոթէոսի ընտանիքին նույնպես: Քանի որ չի՛ դադարում գոհություն հայտնել Աստծուն նրա համար: Այս նամակի մեջ էլ առաքյալը հիշատակում է, որ ինքը մաքուր խղճմտանքով է ծառայում Աստծուն, ինչպես իր նախնիները: Ովքե՞ր են Պողոսի նախնիները: ,,Գործք Առաքելոց,, գրքից գիտենք, որ Պողոսի նախնիները փարիսեցիներ են: Գիտենք նաև, որ փարիսեցիների մեջ կային նաև բարեպաշտ մարդիկ, որոնցից մի քանիսին մենք գիտեք ավետարանների ուսուցումից: Բայց թե ովքեր են Պողոսի նախնիները, որոնք մաքուր խղճմտանքով են ծառայել Աստծուն, մենք չգիտենք: Միայն գիտենք, որ Պողոսը իր լավագույն ուսումը ստացել է Գամաղիելի մոտ, որը հրեաների ժողովարանի անդամ էր, և խելացի մարդ էր: Սա այն մարդն էր, որ աշակերտների ձերբակալության ժամանակ հայտարարեց, որ եթե սրանք Աստծուց են, դուք ոչի՛նչ անել չեք կարող, իսկ եթե ինքնակոչ քարոզիչներ են, շուտով կմարի իրենց ուսմունքը: Իսկ ժողովարանը հավանություն տվեց իր այդ խոսքին: Պողոսը չի դադարում աղոթել Տիմոթէոսի համար, հիշում է նրա արցունքները, հիշում է նրա տատի և նրա մոր զորավոր հավատքը, որտեղ ծնվել, մեծացել ու դաստիարակվել է Տիմոթէոսը: Հիշում է իրենց հանդիպումները և կրկին ցանկություն է ունենում ժամ առաջ տեսնել իր սիրելի հոգեզավակին: Պողոսի համար ուրախություն է Տիմոթէոսին տեսնելը: Տիմոթէոսի մասին մենք շատ լավ վկայություններ ենք կարդում, հատկապես մանկությունից հավատավոր ընտանիքում մեծանալու մասին, նրա բարեպաշտ ու խոնարհ վարքի մասին: Սակայն Պողոսը չի դադարում աղոթել Տիմոթէոսի համար: Իսկ մենք երբեմն մտածում ենք, որ մեկը հոգևոր կյանքում ճշմարիտ ճանապարհի վրա է, նրա համար առանձնապես աղոթել պետք չէ: Բայց Պողոսը այդպես չէր մտածում, նա անվերջ արթուն էր պահում Տիմոթէոսին՝ ամեն բանի մեջ, քանի որ մեծ վստահություն ուներ նրա վրա, որ Եփեսոսի մեծ համայնքի համար պատասխանատու եպիսկոպոս էր ձեռնադրելու:
Տեսե՛ք, սիրելիներ, թե ովքե՛ր են արժանի եղել եպիսկոպոսության: Այս նամակից իմացանք նաև, որ Պողոսն է ձեռնադրել Տիմոթէոսին, և հիշեցնում է, որ հանկարծ չկորցնի այն շնորհը, որը տվեց իրեն ձեռքը իր վրա դնելիս: Պողոսն ուզում է, որ Տիմոթէոսը նույնպես ամուր պահի Աստծու տված զորության, սիրո և զգաստության ոգին, և երբեք չամաչի վկայել մեր Տիրոջը, ո՛չ էլ իր հոգևոր հայր Պողոսին, որը կամավոր բանտարկյալ է համարում իրեն՝ Քրիստոսի համար։ Առաքյալը կամենում է, որ իր հոգևոր զավակն էլ մասնակից դառնա ավետարանի համար եղած չարչարանքներին ու հալածանքներին՝ Աստծու զորությամբ: Նաև բացատրում է Տիմոթէոսին, որ այս շնորհները Աստված տալիս է, ո՛չ թե իրենց գործերի համար, այլ՝ Աստված է նախասահմանել դրանք, և հայտնել է Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Այն Հիսուսի, որ կործանեց մահը, և լուսավոր դարձրեց կյանքը՝ ավետարանի միջոցով:
Այն ավետարանի, որի քարոզիչն ու վարդապետ նշանակվեց Պողոս առաքյալը՝ հեթանոսների մեջ: Զարմանալի է, որ Պողոս առաքյալը այսքան ներկայացնում է իր նվիրված ծառայությունը, իր հավատարմությունն ու սերը Քրիստոսի նկատմամբ, սակայն ո՛չ ոք չի կարող ասել, թե նա պարծենում է, որովհետև Պողոսի խոսքերից հասկանալի է, որ նրա սիրտը, միտքը և լեզուն ներդաշնակ են Հիսուս Քրիստոսի հետ և չեն դադարում խոսել Նրա մասին; Յուրաքանչյուր ոք խոսում է այն բանի մասին, ինչը իր սրտի հաճելի է, և հարազատ է: Երևելի և ճանաչված անձ լինելով, հանրության մեջ Պողոս առաքյալը երբեք չամաչեց իր հալածանքների և պատիժների համար, քանի որ սրտով գիտեր, թե ում է հավատացել և հետևել: Անվերապահ հավատում էր, որ միայն Տէր Հիսուս Քրիստոս կարող է վաստակը պահել մինչ սահմանված օրը: Կամենում է, որ Տիմոթէոս որդին էլ նույն կերպ վարվի Քրիստոսի ավետարանի քարոզության ճանապարհին; Նամակում սրտացավորեն հայտնում է Տիմոթէոսին, որ իրենցից հեռացել են բոլոր նրանք, որոնք Ասիայից էին: Նաև գոհությամբ հայտնում է այլ մարդկանց մասին, որոնք շատ օգտակար ծառայություններ են մատուցել Պողոսին ինչպես իր կապանքների մեջ, այնպես էլ Եփեսոսում: Կարելի է պատկերացնել Տիմոթեոսին, երբ ստանա այս նամակը, նույնքան պետք է հուզվի, որքան որ նամակի հեղինակը՝ գրելիս: Որդյա՛կ իմ, ասում է,- զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով: Ի՛նչ որ լսեցիր ինձնից, ավանդիր այն հավատարիմ մարդկանց, որպեսզի նրանք էլ ուրիշներին փոխանցեն: Ինչպես որ ե՛ս եմ միշտ ձեզ ասում,- կիսվե՛ք, թող բոլորը տեսնեն ու լսեն Աստծու խոսքը: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է խոսում Տիմոթէոսի հետ, ինչպես հայրը՝ որդու հետ: Ո՛չ թէ ինչպես առաջնորդը՝ ծառայի հետ:
Աստծու խոսքը կրակ է, բորբոքելու կարիք ունի, որպեսզի բռնկվի բոլորի սրտերում։ Դա է Աստծու կամքը: Ո՛չ միայն Տիմոթէոսը, այլ՝ բոլորս պետք է վշտակից լինենք Հիսուս Քրիստոսի տառապանքներին՝ որպես նրա բարի զինվորը: Ինչպես որ առաքյալն է ասում,- Ո՛չ ոք զինվոր դառնալով չի զբաղվի աշխարհիկ կյանքի գործերով, որպեսզի զորավարին հաճելի լինի: Իսկ ո՞ր մրցամարտիկը մրցանակ կստանա, եթե չպահի բոլոր սպորտային կանոնները: Քրիստոնեության քարոզությունը նման է պատերազմի, որը մարմնի և արյան դեմ չէ, այլ այս աշխարհի չար ուժերի դեմ է: Հետաքրքիր օրինակներով է համեմատում Ավետարանի քարոզությունը: Ասում է, – Հողագործը, որ չարչարվում է, նախ ինքը պետք է վայելի պտղից:
Երեք գեղեցիկ օրինակներ բերեց բացատրելու համար, որ ավետարանի քարոզությունը մարզիկի կարգապահություն է պահանջում, զինվորի պատրաստակամություն և հողագործի տքնաջան աշխատանք, որպեսզի պտուղը տեսանելի լինի, և ջանացողն էլ օգտվի դրանից: Այսպես է Աստծու խոսքի քարոզությունը, որը կարող է քարոզողին պահել կապանքների ու հալածանքների մեջ, սակայն Աստծու խոսքը երբե՛ք շղթայված չէ: Եթե մեկը Հիսուս Քրիստոսի հարությունը ունի իր սրտում, նա երբեք ավետարանի քարոզության համար չի զլանա, հալածանքներից չի՛ խուսափի, ո՛չ էլ շղթայվելուց կամաչի: Առաքյալը այս բոլոր նեղություններին համբերում է հանուն իր սիրելի հավատակիցների և եղբայրների, որպեսզի նրանք փրկություն գտնեն և արժանանա երկնային փառքին: Պողոս առաքյալը այս նամակում մի մարգարեություն է անում, հիմնված իր զորավոր հավատքի վրա: Այս խոսքերի հեղինակը ինքը՝ Պողոսն է, որը առաջին անգամ է հայտնվում իր նամակների մեջ, և նաև առաջին դարում որպես փառաբանական երգ՝ երգել են ժամանակի քրիստոնյաները: Մեջբերում եմ ձեզ այդ տողերը՝ ամբողջությամբ, որտեղ ասվում է,- Եթե Քրիստոսի հետ մեռանք, Նրա հետ էլ պիտի ապրենք, Եթե համբերենք Նրա հետ էլ պիտի թագավորենք, և եթե ուրանա՛նք, Նա էլ մե՛զ պիտի ուրանա: Եվ եթե մենք հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, որովհետև Ինքն Իրեն ուրանալ չի՛ կարող:
Առաջին տողի միտքը ամբողջությամբ հասկանալի է, քանի որ քրիստոնյաները ապավինում են Քրիստոսին,հետևաբար մեռնում են Քրիստոսի հետ՝ մկրտությամբ, և իրենց բարեպաշտ կյանքի շնորհիվ հույս ունեն հավիտյան ապրելու, և ըստ Տիրոջ խոսքի, թե ո՛վ մինչև վերջ համբերի, նա կփրկվի, ուրեմն քրիստոնյաները իրենց համբերությամբ է, որ պիտի փրկվեն ու Նրա հետ թագավորեն: Հաջորդ տողի միտքն է մի փոքր անհասկանալի, որը բացատրության կարիք ունի: Ասում է, եթե մենք ուրանա՛նք, Նա՛ էլ մեզ պիտի ուրանա: Ուրանալը մարդո՛ւն է բնորոշ, Քրիստոս երբեք չի ուրացել որևէ մարդու: Մենք ավետարաններից գիտենք, որ Իրեն ուրացավ Պետրոսը, բայց ինքը ներեց նրան՝ իր զղջումից հետո: Հուդան մատնեց, բայց ինքը վրեժխնդիր չեղավ, այլ՝ Հուդան կամավոր կախեց: Ուրեմն Պողոս առաքյալը ի՞նչ նկատի ունի այս խոսքերը ասելիս: Սիրելիներ, ուրանալը ներքին համոզում է, կամավոր որոշում է, սեփական նախաձեռնություն է, երբ մարդը իր անձը վեր է դասում Աստծուց և չի ուզում խոնարհվել և հավատալ, այլ մերժում է Քրիստոսի աստվածությունը և հաստատ է մնում իր որոշման մեջ, ինչպես որ վարվեցին քահանայապետները մինչև խաչելություն և խաչելությունից հետո։
Այսպիսիների համար Տէր Հիսուս ասաց,- Բերեք նրանց իմ աչքի առաջ և սպանեցե՛ք, քանի որ չկամեցան իմ թագավորությունը: Այսպիսի ուրացողի մասին է առաքյալի խոսքը, որոնց պիտի ուրանա նաև Հիսուս Քրիստոս՝ Իր Երկրորդ Գալուստին։ Իսկ ինչ վերաբերում է հաջորդ մտքին, որ ասում է,- Եթե մենք հավատարիմ չմնանք, Նա հավատարիմ է մնում, որովհետև ինքն իրեն ուրանալ չի կարող: Իսկ սա ինչպե՞ս կարող ենք հասկանալ: Քրիստոնյան իր կյանքի ընթացքում չի՛ կարող ամբողջությամբ հավատարիմ լինել Աստծու խոսքին ու պատվիրանին: Պատահում է, որ ստում է, պատահում է, որ կեղծում է, չի բացառվում, որ նաև քրիստոնյան հայտնվի մեղքի մեջ: Սակայն խորապես զղջումի և խոստովանության դեպքում, Քրիստոս չի խախտում իր հավատարմությունը և իր խոսքը, որ ասում է, ամեն ապաշխարողի համար տոն է երկնքում։ Կամ ինչպես որ ասում է,- Դարձե՛ք դեպի ինձ և ե՛ս կդառնամ դեպի ձեզ: Ուրեմն ո՛չ մի հակասություն չկա այն խոսքերի մեջ, որ ասում է,- եթե մենք ուրանանք, ի՛նքն էլ կուրանա, իսկ եթե հավատարիմ չլինենք, ինքը հավատարիմ կմնա, քանի որ Աստված նույնն է, և անփոփոխ բարի ու ներող է՝ սխալվող և զղջացող մեղավորի հանդեպ: Իրականում առաքյալի ամեն միտք, որքան էլ որ այն տողատակով լինի, հասկանալի է դառնում, երբ մենք գիտենք Աստծու դիրքորոշումը՝ մեղավոր մարդու նկատմամբ:
Երբ Տէր Հիսուս ասաց, ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի: Իսկ ինչի՞ն պետք է համբերենք: Դրանից առաջ ասում է, մտե՛ք նեղ դռնով, ուրեմն նեղ դռանը պետք է համբերենք: Նեղություններ ու հալածանքներ կլինեն բոլոր քրիստոնյաների համար, դրանց պետք է համբերենք: Սիրելիներ, նեղ դուռը ինքնին դժվար է, բայց մեր վճռականության և հույսի շնորհիվ այն դառնում է հաղթահարելի և երբեմն էլ հաճելի: Այսինքն, եթե ամփոփելու լինենք Պողոս առաքյալի մարգարեական խոսքերը, ապա կարելի է ասել, որ այն վերաբերվում է մեր կյանքի երկու փուլերին; Ի՞նչ է սպասվում մեզ, երբ մենք հավատարիմ ենք Աստծուն: Եվ ի՞նչ է սպասվում մեզ, երբ մենք ուրանանք Աստծուն; Այսպիսի դասեր էր տալիս Տիմոթեոսին, որպեսզի նա էլ իր հերթին համայնքին փոխանցի առաքյալի խրատները, քանի որ համայնքից ներս տարաձայնություններ, անհամաձայնություններ և վիճաբանություններ էր սկսվել, որոնք ոչ մի օգուտ չունեն, բացի կործանիչ ավերից, որը վնասում է լսողներին։
Պողոս առաքյալը պահանջում է իր հոգևոր զավակից, որպեսզի նա Աստծու առաջ ներկայանա որպես մի փորձված մշակ, որն ամոթով չի մնում ճշմարտության խոսքը համարձակ ներկայացնելուց: Տեսեք, սիրելիներ, երբեք Տիմոթէոսին չասաց, թե ջանա հաճելի լինել քեզ լսողների աչքին, և վայելիր նրանց սերն ու հարգանքը: Այլ ասաց,- ջանա ներկայանալ Աստծու առաջ որպես մի փորձված մշակ: Առաքյալը վստահ է, որ ժողովրդին հաճելի լինելուց, իր վարձը միայն ժողովրդի գովեստի խոսքերի մեջ է լինելու: Իսկ Աստծուն հաճելի լինելու դեպքում, վարձն Աստծուց է: Պողոսը սիրում էր Տիմոթէոսին, և չէր կամենում, որ նա մասնակից լինի սնոտի խոսքերին, որոնց խոսողները անվերջ հաստատվում են ամբարշտությունների մեջ, և քաղցկեղի նման տարածվում են նրանց դատարկ ու կեղծ խոսքերը: Համայնքում հայտնվել են մարդիկ, որոնք ճշմարտությունից շեղվելով հայտարարում են, որ մեռելների հարությունը արդեն իսկ եղել է: Այսպիսիք կործանում են մարդկանց հավատը: Որովհետև, եթե մեռելների հարությունը արդեն եղել է, նշանակում է, անտեսվում է Տիրոջ Երկրորդ Գալուստի փառքը: Նշանակում է, որ արդարները չեն վարձատրվել, իսկ մեղավորները չեն պատժվել: Իսկ եթե չեն պատժվել, ուրեմն արդարացված է նրանց ցոպ ու շվայտ կյանքը երկրի վրա: Ուրեմն ո՞րն է նպատակը, որ բարեպաշտ քրիստոնյաները ապրում են ժուժկալության մեջ, իսկ մեղավորները՝ մեղքի մեջ, եթե արդեն եղել է մեռելների հարությունը,և չկա այլևս դատաստան և հատուցում: Ավելի լավ է ասեն՝ չկա՛ մեռելների հարություն, քա՛ն ասում են, թե արդեն եղել է մեռելների հարությունը:
Այս կեղծ վարդապետությունը կարող էր հուսահատություն առաջացնել քրիստոնյաների շրջանում, այդ պատճառով Պողոսը հերքում է նրանց կեղծ հայտարարությունները և հորդորում, որ համայնքը հաստատուն մնա իր հավատքի մեջ, ինչպես որ ինքը սովորեցրել է նրանց: Աստծու հաստատած հիմքը միշտ կանգուն է մնում, և կնիք ունի: Այդ կնիքի վրա գրված է,- Տէրը ճանաչեց նրանց, որոնք իրենն են: Նաև գրված է,- Անիրավությունից հեռու լինի ամեն ոք, ով կրում է Աստծու անունը: Կենցաղային օրինակներ բերելով առաքյալը կամենում է բացատրել, որ մի մեծ տան մեջ կարող են լինել տարբեր պահանջարկի իրեր, որոնք բոլորը ոսկուց չեն, և բոլորը փայտից ու խեցուց չեն:
Հնարավոր է որ ժամանակ անց խեցուց պատրաստված անոթը դառնա ոսկյա և կարող է հակառակը պատահել: Նույն պարագան մարդկանց մեջ է: Մեծ տուն ասելով առաքյալը նկատի ունի ո՛չ թե եկեղեցին, այլ՝ ողջ աշխարհը: Առաքյալը չի ուզում, որ եկեղեցում լինեն փայտյա կամ խեցե անոթներ, այլ կամենում է, որ բոլոր լինեն ոսկուց,և արծաթից: Որովհետև եկեղեցին Քրիստոսի մարմինն է, և այնտեղ չի կարող անպետք կամ թերի բան լինել: Մեղավորը եթե իրեն մաքրի այդպիսի մեղքերից, կլինի պատվավոր անոթ և կծառայի Տիրոջը՝ և պատրաստ կլինի բարի գործի: Պողոս գիտե, որ Տիմոթէոսը երիտասարդ է, իսկ երիտասարդության տարիները գայթակղություններով լեցուն տարիք է: Փախի՛ր, ասում է առաքյալը,- երիտասարդական ցանկություններից և գնա արդարության հետևից, հավատի, սիրո, խաղաղության և սրբության հետևից գնա: Ինչո՞ւ է անվերջ առաքյալը Տիմոթէոսին խրատում հայրաբար, չէ՞ որ Տիմոթէոսը գերազանց վարքի տեր մեկն էր, վկայություն կար նրա մասին, որ մանկուց է մեծացել հավատավոր ընտանիքում և այդպես է կրթվել: Որովհետև Տիմոթեոսը պետք է կատարյալ օրինակ լիներ համայնքի համար: Եթե սայթաքեր հովիվը, կսայթաքեր նա՛և հոտը: Տիմոթեոսը պետք է հաստատուն պահեր Տիրոջ տան հիմքերը, որոնք դրվել էր Պողոսի ձեռքով՝ Սուրբ Հոգու միջոցով: Պողոս առաքյալը պատրաստ է տալ Տիմոթէոսին՝ ինչ որ կա իր սրտում և մտքում, քանի որ Տիմոթէոսն էլ պատրաստ է ընդունել ամեն խրատ և գիտություն իր հոգևոր ծնողից: Սիրելիներ, երբ եկեղեցում շահը միայն Քրիստոսի փառքն է,
և՛ ուսուցիչն է խոնարհ, և՛ աշակերտն է ընդունակ ու լսող: Հստակ երևում է, որ Պողոս առաքյալը պատրաստում է մի ընտիր անոթ՝ Տիմոթէոսին, որը պետք է ղեկավարեր նորաստեղ մեծ համայնքը: Ասում է հեռու մնա հիմար ու անմիտ վեճերից, քանի որ ցանկացած վեճերից հետո կռիվներ են առաջանում;