Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Այսօր ավարտում ենք Հովհաննեսի ավետարանի վերջին՝ 21 րդ գլուխը՝ Աստծու մեծ ողորմության շնորհիվ և Նրա բարի կամքով: Վերջին գլխում ավետարանիչը մեզ տեղեկացնում է, որ Հիսուս Հարությունից հետո երեք անգամ է երևացել աշակերտների: Երկու հանդիպումների մասին մենք խոսեցինք նախորդ սերտողությունների ժամանակ, երբ փակ դռներից ներ մտավ աշակերտների մեջ, և խաղաղություն տվեց նրանց: Իսկ վերջին՝ երրորդ հանդիպումը տեղի է ունենում Տիբերիայի ծովեզերքին, երբ աշակերտները նորից ծով էին գնացել ձուկ բռնելու: Միասին էին այդ ժամանակ Սիմոն Պետրոսը, Թովմասը, որ երկվորյակ էր կոչվում իր անվան նշանակության համար,Նաթանայելը, որը Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները, որ Հակոբոսն ու Հովհաննեսն են, և էլի ուրիշ երկու աշակերտներ: Բոլորը միասին էին, սակայն ողջ գիշեր ոչինչ չբռնեցին: Այստեղ տեսնում ենք, որ աշակերտները իրենց մեծ վախը հրեաներից արդեն հաղթահարել էին Հիսուսին տեսնելուց հետո, քանի որ նորից ծովեզերք եկան և երևացին մարդկանց իրենց թաքնված վայրերից: Քանի որ Տիբերիական ծովը բավական հեռու է Երուսաղեմից: Լուսաբացին Հիսուս կանգնած էր ծովեզերքին, սակայն աշակերտները նրան չճանաչեցին, այնպես, ինչպես որ չճանաչեց Մարիամ Մագդաղենացին: Հարց տվեց Հիսուս և ասաց,- Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք: Նրանք ասացին, ո՛չ:
Տէր Հիսուս հարց տվեց աշակերտներին, որպեսզի տեսնի աշակերտները ճանաչեցի՞ն Իրեն, թե ոչ: Մարիամին էլ հարց տվեց և տեսավ, որ չի ճանաչում, հետո հանձնարարություն տվեց, որպեսզի Մարիամը հասկանա, որ Ինքն է; Այստեղ էլ տեսավ, որ աշակերտները սկզբից չճանաչեցին, նորից խոսեց և հանձնարարեց ուռկանը նավի աջ կողից գցել: Գցեցին ուռկանը նավի աջ կողմում և կատարվեց զարմանալին, ողջ գիշեր ոչինչ չէին բռնել, իսկ հիմա ուռկանը լեցուն է ձկներով: Այդ ժամանակ Հիսուսի սիրելի աշակերտը ճանաչեց Նրան և Պետրոսին ասաց, որ Տէ՛րն է: Պետրոսը լսելով, որ Տէրն է ծովեզերքին, իրեն կարգի բերեց, քանի որ մերկ էր, և ծովը նետվեց շփոթմունքից: Հովհաննեսը առաջինը ճանաչեց Հիսուսին, իսկ Պետրոսը առաջինը ծովը նետվեց՝ Նրան տեսնելու համար: Հարությունից հետ Հիսուս բոլորովին այլ կերպ է հայտնվում Մարիամին և աշակերտներին: Որովհետև հարությունից հետո Հիսուսի մարմինը ոչ թե երկրավոր էր, այլ երկնավոր, դրա համար միանգամից չէին ճանաչում, մինչև Ինքը չէր արտոնում, որ ճանաչեն: Տէր Հիսուս մինչև հարություն շատերն ցույց տվեց Իրեն, ներկայացավ, որպեսզի փրկություն գտնեն: Սամարացի կնոջը առաջին անգամ էր, որ հայտնեց իրեն և նա օգուտ ունեցավ դրանից, իսկ հրեա առաջնորդները ոչ մի օգուտ չքաղեցին, որքան էլ որ հայտնեց Իրեն տարբեր ձևերով: Երանելի Մարիամ մագդաղենացին կանգնած էր գերեզմանի առջև և խոսում էր հրեշտակների հետ, իսկ թիկունքում կանգնած էր Հիսուս:
Ո՞վ կարող է երևակայել այսպիսի երանություն, որի դեպքում Մարիամը չի ճանաչում իր Վարդապետին; վարդապետը արտոնեց, որ Մարիամն էլ ճանաչի, բայց այս անգամ արդեն ոչ նախկին հարաբերությամբ, որովհետև Աստվածայինի հետ պետք էր մոտենալ ոչ թե գրկախառնությամբ, ինչպես նախկինում էր, այլ՝ խորին ակնածանքով: Այս երևույթը նկատելի է նաև աշակերտների հետ հանդիպումների ժամանակ: Վերջին հրաշքն է, որ աշակերտները տեսնում են այստեղ՝ ծովեզերքին; Պետրոսը լողալով հասավ ափ, իսկ մյուս աշակերտները հավակով եկան, քանի որ շատ հեռու չէին: Մոտեցան ցամաքին, տեսան, որ վառված ածուխի կրակատեղի կար, և մի ձուկ նրա վրա, ու կողքը հաց; Ցամաք հանեցին այն ձկները որ ուռկանի մեջ էին հայտնվել Հիսուսի հրամանից հետո և հաշվեցին 153 խոշոր ձուկ: Այսպիսի դեպք ձկնորսները իրենց կյանքում տեսած չէին, որ այդքան առատ ձուկ ունենան; Ձկնորսները նաև իրենց կյանքում երբեք չէին կարողանա պատկերացնել, որ իրենք ձկնորսից կվերածվեն մեծանուն առաքյալների: Այսպես է Աստծու զորավոր խոսքը, որի իշխանության տակ են ոչ միայն ձկները, որոնք Քրիստոսի ձայնից համախմբվեցին և լցվեցին ուռկանի մեջ, այլ նաև բոլոր նրանք, որոնք հնազանդվում են Նրա խոսքին; Ուռկանի աջ կողմ նետելու հրամանն էլ դա նշանակում, որ առատ կլինի այն մարդու հոգևոր ուռկանը, ով կլսի ու կհնազանդվի Քրիստոսի խոսքին:
Հիսուս աշակերտներին հրավիրեց ճաշակելու Իր պատրաստած ձուկը, բայց աշակերտները չէին համարձակվում որևէ հարց տալ, որովհետև գիտեին ու Տէրն է: Սակայն այսպես չէր աշակերտների համարձակությունը մինչև Հիսուսի Հարությունը առնելը: Պատճառները հասկանալի են, նախ՝ Հիսուս արդեն այլակերպված է ինչպես Թաբոր լեռան վրա էր՝ Իր ամբողջ Փառքով, երկրորդն էլ աշակերտներից յուրաքանչյուրը ամաչում էր փորձության պահին իր արարքից: Պետրոսը հիշում էր իր ուրացումը, և չէր համարձակվում առաջվա պես առաջինը խոսել: Թովմասը հիշում էի իր առաջին մահվան պատրաստակամությունը և վերջին անհավատությունը, և չէր համարձակվում խոսել: Մյուս աշակերտները հիշում էին, որ լքել են Հիսուսին՝ փորձության մեջ և ամաչում էին խոսել: Միայն Հովհաննեսն էր, որ հավատարիմ էր մնացել, լուռ էր մնացել ամբողջ ժամանակ և նույնիսկ երբ Պետրոսի հետ վազեցի գերեզման, ինքը ներս չմտավ, որովհետև հավատաց, որ հարություն է առել: Հիսուս Իր սովորություն համաձայն վերցրեց հացը և տվեց նրանց, ինչպես նաև ձուկը: Սա երրորդ հանդիպումն էր, որ Հիսուս հանդիպեց աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո:Երրորդ հանդիպում ասելով հասկանում ենք, որ Հիսուս նախկինի պես աշակերտների հետ չէր ամեն օր և ամեն ժամ:
Աշակերտների համար մեծ մխիթարություն էր իրենց վարդապետի կողքին մնալ փորձության պահին՝ մինչև վերջ, սակայն վախ ու սարսափ էր հրեաների պատճառով նույն դաժան սպանությանը հանդիպելու պատճառով: Բայց եթե հիշեին իրենց Վարդապետի աղոթքը առ Հայր ասված, թե չե՛մ կորցնի ո՛չ մեկին, որ Դու տվեցիր ինձ, գուցե այդքան չվախենային փորձության օրերին: Բայց եղածը եղած էր արդեն և իրենք իրենց Հարուցյալ Վարդապետի օրհնության ներքո են այլևս:
Աշակերտների ձկնորսությանը վերադառնալու փաստի մասին ոմանք ասում են, որ Պետրոսը և մի քանիսը հուսահատվեցին և դարձան նորից իրենց ձկնորսությանը, քանի որ այլ զբաղմունք չունեին և Վարդապետն էլ իրենց հետ չէր շրջում միշտ: Ոմանք էլ ասում են որ Պետրոսը սիրում էր իր քրտինքով վաստակել և որպես ապրուստի միջոց գնաց ձուկ բռնելու: Սիրելիներ երկու տարբերակն էլ տրամաբանական է, քանի որ նրանք դեռ Սուրբ Հոգին չէին ստացել վարդապետության քարոզության համար, հնարավոր է որ լիներ փոքր հուսահատություն, և նաև հնարավոր է որ որպես ապրուստի միջոց էրն ձուկ բռնում; Սրանք ուշադրության արժանի հարցեր չեն, քանի որ առջևում կարևոր պատասխանատու հարցեր են սպասվում Պետրոսին: Երբ ծովեզերքին ճաշեցին, Հիսուս Պետրոսին հարցրեց,- Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրում ես Ինձ ավելի քան դրանք: Սիմոն Պետրոսը պատասխանեց,- Այ՛ո Տէ՛ր, և դու գիտես, որ սիրում եմ քեզ: Հիսուս ասաց,- Արածեցրու իմ ոչխարներին; Կրկին հարցրեց Պետրոսին նույն հարցը, և Պետրոսը կրկին տվեց նույն պատասխանը: Սակայն երբ երրորդ անգամ տվեց նույն հարցը, թե Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես Ինձ, Պետրոսը տխրեց, որ իրեն երրորդ անգամ է տալիս նույն հարցը և ասաց, -Տէր, դու ամեն ինչ գիտես, դու ինքդ ճանաչում ես բոլորին, և գիտես, որ սիրում եմ քեզ: Հիսուս ուղղակի նորից ասաց,- Արածեցրու իմ ոչխարներին; Հիսուս այստեղ մի ակնարկ է անում Պետրոսին, ասելով,- Երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր կապում քո գոտին, և գնում էիր ուր որ կամենում էիր, սակայն երբ ծերանաս, ձեռքեդ վեր կբարձրացնես, և ուրիշները քեզ գոտի կկապեն ու կտանեն ուր որ չես կամենա: Սա նշան էր Պետրոսի համար, թե ինչ մահով է մեռնելու՝ Տիրոջ փառքի համար, քանի որ մահը իր կամքով չեղավ, այլ՝ իր քարոզության և Հիսուսի անվան փառքի համար:
Միասին ճաշելը խորհուրդ ուներ, որովհետև Պետրոսին հանձնարարություններ էր տալու հոտի հոգածության համար: Դա հանձնարարեց ո՛չ այլ մեկին, այլ հե՛նց Պետրոսին;Որովհետև Պետրոսը պետք է նախկին համարձակությունը վերականգներ, և եթե նախկինի պես պատրաստ էր կյանքը տալ Հիսուսի համար, ուրեմն պետք է հոգ տաներ իր եղբայրների համար: Երեքանգամյա նույն հարցումը Պետրոսին հիշեցնում էր իր երեքանգամյա ուրացումը, իսկ Հիսուս ակնարկում էր Պետրոսին, որ քո ուրացումները ներված են, և դու պետք է խնամես իմ այս հոտը: Երբ երրորդ անգամ նույն հարցը տվեց Պետրոսին, Պետրոսը իր ներսում կասկած ունեցավ իր սիրո վրա: Առավել կասկածեց իր սիրո վրա, քան Հիսուսի հարցումների: Քանի որ ասաց, դու ամեն ինչ գիտես և ճանաչում ես ինձ: Պետրոսի նաև թվաց, թե իր սերը կատարյալ չէ Հիսուսի հանդեպ, դրա համար է երեք անգամ հարցնում; Երևի կամենում էր ասել Վարդապետին, որ օրեր առաջ էլ ինձ թվում էր թե սիրում էի, բայց ենթարկվեցի փորձության: Իսկ թե ինչ կլինի հետագայում, միայն Քեզ է հայտնի իմ սերը: Այստեղ է որ վերանում է հպարտությունը իսպա՛ռ, քանի որ մարդը իրեն ճանաչում է միայն փորձությունից հետո: Պետրոսը Վարդապետի հանդեպ իր սերը պետք է ցույց տար հոտին հոգատար լինելով: Օգոստինոս երանելի այս հատվածի վերաբերյալ գեղեցիկ մեկնաբանություն ունի, որ ասում է,- Հիսուս Իր հոտը հանձնեց Պետրոսի հոգածությանը և ասաց,- եթե սիրում ես Ինձ արածեցրու Իմ ոչխարներին, բայց միշտ հիշի՛ր, որ նրանք Ի՛մ ոչխարներն են, ոչ թե քո; Այսինքն փնտրիր Ի՛մ փառքը, ո՛չ թե քո, երբ հովվություն անելու ժամանակը գա: Եթե դու քո փառքը փնտրես, կհայտնվես այն մարդկանց շարքում, որոնց վատ բան է սպասվում:
Տեսեք, սիրելիներ, Հիսուս ներել էր Պետրոսի ուրացումը, դրանում կասկած չկար: Բայց Պետրոսը նահատակությամբ հատուցեց իր կատարած մեղքի համար: Ողջ կյանքը, ինչքան որ ապրեց, ապրեց մեծագույն պատասխանատվությամբ՝ Քրիստոսի սիրո և իր հոտի խնամքի համար: Իսկ մենք ինչպե՞ս ենք հատուցում մեր մեղքերի համար: Բավական չէ, որ չենք հատուցում, նաև շատ ժամանակ արդարացնում ենք մեր կատարած մեղքը՝ Աստծու երկյուղը չունենալու պատճառով:
Հիսուս Պետրոսին ակնարկեց, որ երիտասարդության տարիներին մարմնավորն է հաղթում, բայց այդպես չէ հոգևոր կյանքում, նկատի ուներ որ ձեռքերը վեր կբարձրացնի և կխաչվի նույն կերպ, ինչպես որ իր Տէրը: Պետրոսի մահը եղավ Հիսուսի փառքի համար, քանի որ եթե Պետրոսի սրտում Քրիստոս չլիներ, նա կամավոր խաչելության չէր հասնի: Իսկ մենք գիտենք, որ հետագայում Պետրոսին երբ խաչելության էին պատրաստում նա խնդրեց, որ իրեն նույն կերպ չխաչեն ինչպես որ Քրիստոսին, որովհետև ինքը արժանի չէ նույն կերպ խաչվելու: Ոչ միայն Պետրոսը, այլ բոլոր աշակերտները, բացի Հովհաննեսից նույն կերպ նահատակվեցին Քրիստոսի փառքի համար; Երբ Հիսուս ավարտեց Պետրոսին տալիք հանձնարարությունները, նրան ասաց, արի Իմ հետևից: Պետրոսը հետևեց Քրիստոսին և դարձավ ու տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է հետևից: Հովհաննեսը այստեղ էլ խոնարհությամբ չի գրում, որ հետևից գնացողը ինքն էր, որին տեսել էր Պետրոսը, և հարցրեց Հիսուսին,- Տէր, իսկ սա ի՞նչ կլինի: Գիտե՞ք ինչու այս հարցը տվեց Պետրոսը: Քրիստոսի ձերբակալությունից հետո աշակերտները ավելի մտերմացան և գրեթե միասին էին հավաքվում միշտ: Միասին վազեցին գերեզմանը տեսնելու, միասին էին ձկնորսության ժամանակ և այլն: Իսկ այս պահին որ Պետրոսին կանչեց Հիսուս, որ հետևի իրեն, կարծես Պետրոսը ուզում էր, որ Հովհաննես էլ գնա իրենց հետ, բայց համարձակություն չկար որ շատ բան հարցնի, այդպես հարցրեց; Պետրոսի հարցի մեջ շատ հարցեր կար, բայց չհամարձակվեց հարցնել Հիսուսին; Օրինակ Պետրոսին հետաքրքիր կլիներ իմանալ, մի՞թե այս աշակերտը չի քարոզելու, կամ մի՞թե այս աշակերտը չի նահատակվելու: Հիսուս պատասխանեց Պետրոսին և ասաց,- եթե Ես կամենում են որ դա ապրի, մինչև Ես գամ, այդ քեզ ի՛նչ հոգ, դու արի իմ հետևից:Այս խոսքը տարածվեց աշակերտների մեջ, և նրանք կարծում էին, թե այս աշակերտը չի մեռնելու:
Բայց Հիսուս չասաց, թե չի մեռնելու, այլ՝ թե ես կամենում եմ որ դա ապրի, մինչև որ ես գամ: Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որ և գրեց իսկ դրանք, և գիտենք որ նրա վկայությունը ճշմարիտ է: Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք եթե մեկը մակ առ մակ գրած լիներ, կարծում եմ թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին: Հովհաննեսը այն աշակերտն էր, որ Հիսուս կամեցավ, որ նա ապրի, որովհետև Հիսուս հետագայում պետք է հայտնապես երևար Հովհաննեսի և գրել տար աշխարհի վախճանի մասին այնպես, ինչպես որ Հովհաննեսը իր ավետարանը սկսում է աշխարհի սկզբից և ընթերցողին հայտնում է աշխարհի սկզբի և վախճանի մասին: Առաջին եկեղեցին առաքյալների հետ միասին ամեն օր են սպասել Հիսուսի գալուստին: Ավանդությունն ասում է, քանի դեռ Հովհաննեսը ողջ էր և ապրում էր, մարդիկ կարծում էին, որ Հիսուս գալու է ըստ Իր այն խոսքի որ Հովհաննեսի համար ասաց, թե ես կամենում եմ, որ դա ապրի մինչև ես գամ: Հովհաննես միակ աշակերտն էր որ չմտավ թափուր գերեզմանը տեսնելու, քանի հավատաց առանց մտնելու:
Հովհաննես այն աշակերտն էր, որ Հիսուսի կրծքովն էր ընկել ու հարցրել, թե ով է մատնողը; Սիրելիներ, հարցերը շատ են, մեկնաբանությունները նույնպես: Մենք այսօր ավարտեցինք 21 րդ գլուխը, սակայն ամբողջական ավետարանը իր վերջաբանով կավարտենք վաղը և վերջաբանի խոսքը ձեզ կասեմ վաղը և ձեզ կտամ երկարատև արձակուրդ՝ խորհելու, խորհելու այն ամենի մասին, ինչ որ միասին սերտեցինք և հասկացանք:Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ վերջին գլխի և Աստծու կամքով կհանդիպենք վաղը, որը կլինի վերջին օրը:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: