Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ. Մեր սերտողությունը երեկ ավարտվեց Հիսուսի թաղման արարողությամբ, երբ Նիկոդեմոսը և Հովսեփ արիմաթեցին Հրեաների ուրբաթի պատճառով շուտափույթ կազմակերպեցին թաղումը և Հիսուսին դրեցին Հովսեփի համար գնված գերեզմանում: Երեկ մենք խոսեցինք նաև Հովսեփի և Նիկոդեմոսի մարդասիրական արարքի մասին: Այսօրվա սերտողության մեջ կհանդիպենք Հովհաննես ավետարանչի խոնարհության առաքինության ևս մեկ պատկերավոր դեպքի: Քանի որ շաբաթը հրեաների համար սուրբ օր էր, Մարիամ մագդաղենացին գերեզման է գալիս միայն կիրակի օրը՝ վաղ առավոտյան: Գերեզմանին մոտենալով տեսնում է, որ քարը գերեզմանի դռնից վերցված է: Անմիջապես վազում է աշակերտներից Պետրոսի և այն աշակերտի մոտ, որին Հիսուս սիրում էր, հայտնում է իր տեսածը և ասում,- Տիրոջը գերեզմանից վերցրել են և չգիտենք, թե ուր են դրել Նրան: Երկու աշակերտները վազեցին դեպի գերեզման: Ավետարանն ասում է, որ մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ հասավ Գերեզման, հավանաբար իր երիտասարդ տարիքից ելնելով արագ վազեց, բայց երբ հասավ, գերեզմանի ներսը չմտավ, այլ կռանալով միայն նկատեց, որ կտավները այնտեղ էին; Քիչ հետո հասավ նաև Պետրոսը և մտավ գերեզմանի մեջ, տեսավ կտավները, տեսավ նաև վարշամակը՝ որը առանձին ծալված դրված էր: Որից հետո մտավ մյուս աշակերտը, որը Պետրոսից շուտ էր հասել. տեսավ ու հավատաց; Աշակերտները չէին հասկացել գրվածքը, թե մեռելներից հարություն պիտի առնի: Չէին հիշում Վարդապետի խոսքերը, որ մարդու Որդին կհանձնվի հեթանոսների ձեռքը, խաչը կհանեն Նրան, սակայն երրորդ օրը Նա Հարություն կառնի: Տեսան այս բոլորը և վերադարձան իրենց տեղերը: Սիրելիներ, նկատեցիք, որ Հովհաննեսը երբեք չի թաքցրել ճշմարտությունը և բացահայտ գրել է, որ հարության լուրը լսեցին Մարիամից, որ գուցե ողջ գիշեր անհամբեր սպասել էր այգաբացին, որպեսզի գերեզման գա; Քրիստոս հարություն էր առել դեռ այն ժամանակ, երբ կնքված էր գերեզմանը և քարն էլ դռան առջև էր: Քարը վերցվել էր որպեսզի Մարիամը տեսնի և լուրը տանի աշակերտներին, որոնք հրեաների վախի պատճառով դեռ թաքնված էին մնացել: Մարիամի արձագանքից հասկանում ենք, որ ինքը նույնպես չէր հիշում հարության մասին, բայց նաև չէր մոռացել, որ վաղ առավոտյան պետք է գերեզման գնա; Հարուցյալ Հիսուսի թափուր գերեզմանը տեսնելով, չար լեզուները լուր տարածեցին, իբրև աշակերտները եկել ու գողացել են իրենց Վարդապետի մարմինը: Բայց այս խոսակցությունը դուրս է տրամաբանությունից, քանի որ գողացողը ինչու պետք է կտավները հաներ, կամ ինչու պետք է վարշամակը գեղեցիկ ծալեր ու դներ առանձին: Չարագործը կարող է նաև սուտ լուր տարածել, իր չար գործը արդարացնելու համար: Սակայն Աստծու նախախնամությունը պատասխան ունի բոլոր ստախոսների, կասկածամիտների և թերահավատների համար:
Վերադարձան աշակերտները իրենց տեղերը, սակայն Մարիամը չգնաց, այլ՝ կանգնած էր գերեզմանի մոտ և լաց էր լինում: Պետք չէ հերքել այն փաստը, որ կանայք շատ բաներ սրտով են զգում և երբեմն էլ կանխազգում: Օրինակ՝ ինչու Մարիամը չգնաց իրենց տուն, չէ որ տեսել էր, որ գերեզմանը թափուր է և իր ուսուցիչը այնտեղ չէ: Հատկապես որ տեսավ, թե ինչպես աշակերտները տեսնելուց հետո գնացին իրենց տեղերը: Մարիամի անորոշությունը փարատվեց և սրտի զգացողությանը պատասխան տրվեց շատ սպասել չտալով: Մինչ Մարիամը լաց էր լինում, նորից կռացավ դեպի գերեզման և տեսավ երկու հրեշտակների՝ ճերմակ հագած, որոնք նստել էին մեկը՝ սնարին և մյուսը՝ ոտքերի մոտ, որտեղ որ մարմինն է դրված եղել: Հրեշտակները Մարիամին հարցրին,- Ո՛վ կին ինչո՞ւ ես լալիս: Սիրելիներ, մեն կարո՞ղ ենք այստեղ մի հարց տալ: Իսկ ինչո՞ւ հրեշտակները չերևացին երկու աշակերտներին; Ամենքդ կարող եք ձեր մտքում ձեր տեսակետն ունենալ, Բայց ըստ նկարագրության, թե ինչպես էր Մարիամը մխիթարություն փնտրում, կարելի է ասել, որ Աստված երբեք անպատասխան չի թողնում մխիթարության կարիք ունեցող սիրտը: Մարիամը, որը անորոշության մեջ էր, ներկայացրեց հրեշտակներին իր լացի պատճառը, որ փնտրում է իր Տիրոջը և չի գտնում, որովհետև վերցրել են դրված տեղից: Շրջվեց Մարիամը և իր թիկունքում տեսավ Հիսուսին, բայց չէր ճանաչում նրան՝ հարությունից հետո: Հիսուս նրան տվեց նույն հարցը, ասելով,- Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում: Մարիամը կարծեց, թե պարտիզպանն է հարց տվողը: Հարցրեց նրան, եթե ինքն է վերցրել, որպեսզի տեղն ասի: Այդ ժամանակ Հիսուս նրան դիմեց անունով,- Մարիա՛մ: Երանելի Մարիամը դարձավ և տեսավ իր սիրելի Ռաբբիին, սակայն Հիսուս չարտոնեց, որ մոտենա Իրեն, քանի որ դեռ Հոր մոտ չէր բարձրացել: Ուղղակի պատգամ տվեց Մարիամին, որպեսզի նա գնա Իր եղբայրների մոտ և հայտնի նրանց, ասելով,- Ես բարձրանում եմ դեպի Իմ Հայրը և ձեր Հայրը: Դեպի Իմ աստվածը և ձեր Աստվածը: մարիամ մագդաղենացին գնաց և պատմեց աշակերտներին, թե ինքը Տիրոջը տեսել է, և Տէրն է իրեն այս բաները ասել:
Ինչո՞ւ թույլ չտվեց, որպեսզի մարիամը մոտենա Իրեն: Հայրերն ասում են, որովհետև փոխվել էր Հիսուսի կարգավիճակը և Նա իր աստվածային կերպարանքով այլևս չէր կարող նախկինի պես թույլ տալ, որպեսզի մոտենան իրեն: Նա Իր աստվածային զորությամբ էր կանգնած Մարիամի առջև, բայց մարիամին բացատրեց նրա և աշակերտների ընկալմանը համապատասխան բացատրությամբ: Սիրելիներ մենք այստեղ մի կարևոր դաս ունենք սովորելու: Տեսեք, աշակերտները ինչ մեծ հնարավորություն են ունեցել մոտիկից շփվելու, Նրան փարվելու, Նրա ձեռքից հաց ուտելու, Նրա հետ քայլելու: Բայց եկավ մի ժամանակ, որ ամեն ինչ սահմանափակվեց, և Հիսուսի հետ ֆիզիկական շփումը այլևս անկարելի եղավ; Մենք այսօր ունենք հնարավորություն Ավետարան կարդալու, Պատարագ գնալու, ողորմություն անելու, և այլն: Բայց կգա մի օր և մեզնից էլ կվերցվի այս երանությունը, որ օգտակարը ունենք և չենք գնահատում: Հիսուս Մարիամին կարծես ասում էր որ դուք հիմա պատրաստ չեք մոտենալու Իմ աստվածությանը, մինչև չգա Մխիթարիչ սուրբ Հոգին և աշակերտները չլցվեն Սուրբ Հոգով: Այս հատվածը կարդալիս ակամայից հիշում ենք Պատարագի սուրբ Խորհուրդը, որի ավարտին պատարագիչ քահանան բարձրացնելով Սկիհը, ասում է,- Ի Սրբություն Սրբոց; Այսինքն սրբությունը կարող են ստանալ միայն մեղքերից մաքրված և զղջացող մարդիկ; Չի կարող պատահական մարդը մոտենալ սրբությանը, եթե մկրտված չէ, և Սուրբ Հագին չի հանգրվանել նրա սրտում; Վստահաբար այստեղ Մարիամն էլ ամբողջությամբ չէր հասկանում կատարվածը և Քրիստոսի խոսքերը բառացի փոխանցեց աշակերտներին: Հիմա տեսնենք, թե ի՞նչ արեցին աշակերտները: Նույն օրը երեկոյան աշակերտները հավաքված էին մի տան մեջ, որի դռները փակված էին հրեաների վախի պատճառով: Հանկարծ Հիսուս կանգնեց նրանց մեջտեղում և ասաց,- Խաղաղություն ձեզ: Այս ասելով ցույց տվեց իր ձեռքերն ու խոցված կողը: Աշակերտները ուրախացան, տեսնելով իրենց Տիրոջը: տեսնելով աշակերտների տագնապալի հոգեվիճակը, նորից խաղաղություն տվեց նրանց, ասելով,- Ինչպես Իմ Հայրն Ինձ ուղարկեց, Ես էլ ուղարկում եմ ձեզ: Այս խոսքերն ասելուց հետո փչեց նրանց վրա, և ասաց,- Առեք Սուրբ Հոգին: եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. Եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի: Ըստ ավետարանչի նկարագրության, կարելի է զգալ, որ Հիսուս այս հանդիպման ժամանակ տալիս է գործնական և կարևոր առաջադրանքներ՝ նրանց վրա փչելով սուրբ հոգին:
Ինչպես որ Աստված ստեղծեց առաջին մարդուն և փչեց նրա դեմքին և մարդը կենդանության շունչ առավ, այնպես էլ Հիսուս փչելով աշակերտների վրա նրանց տվեց զորություն, իշխանություն տվեց նրանց իր խոսքը փոխանցելով նրանց; Աշխարհի Նորոգողը նորոգեց նաև աշակերտներին իրենց վախերից, մտահոգություններից, փախուստից և այլ տկարություններից: Իսկ երբ կգա Մխիթարիչ սուրբ հոգին և կհանգչի նրանց վրա, այդ ժամանակ կդրվի առաքելական քարոզության հիմքը;
Այստեղ առաջին անգամ դրվում է քահանայության հիմքը, քանի որ այս խորհուրդներն են, որ հետո առաքելական հաջորդականությամբ փոխանցվեցին և հասան մինչև մեր օրերը և այսօր մեր եկեղեցին իր յոթ խորհուրդները հիմնել է ավետարանական այս խոսքերի վրա: Յոթ խորհուրդներ ենք կատարվում Քրիստոնյաների համար, որոնց միջոցով քրիստոնյան մկրտվում, դրոշմ է ստանում Սուրբ երրորդության անունով; Իրավունք է ստանում ճաշակելու Քրիստոսի Մարմին ու Արյունը՝ սուրբ պատարագի Խորհրդի ժամանակ: Ապաշխարության խորհրդով նույնպես քրիստոնյաներին արձակում են իրենց մեղքերից, ինչ մասին որ կարդացինք քիչ առաջ: Նույնպես և մյուս խորհուրդները, որոնց մեջ մտնում է նաև ձեռնադրության
խորհուրդը, որով ամեն հոգևորական օծում և ձեռնադրություն է ստանում իր եպիսկոպոսից: Քրիստոս հաստատեց Իր եկեղեցին, տվեց այնտեղ խորհուրդները կատարելու պատկան մարդկանց և պահանջեց նրանցից, որպեսզի մկրտեն ժողովրդին և ուսուցանեն ինչ որ Ինքը սովորեցրեց:
Երբ աշակերտները հավաքված էին և Հիսուս հայտնվեց նրանց մեջտեղում, այդ ժամանակ Թովմասը նրանց հետ չէր: Աշակերտները շտապեցին Թովմասին պատմել. որ հանդիպել են Հիսուսին, իսկ Թովմասն ասաց իր հայտնի խոսքը, որով և անհավատ կոչվեց, թե - Եթե չտեսնեմ Նրա ձեռքերի վրա մեխերի նշանը, և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ, ու իմ ձեռքը Նրա կողի մեջ չմտցնեմ, չե՛մ հավատա: Օրեր անցան և աշակերտները դարձյալ փակ տեղում էին, և Թովմասը նրանց հետ էր: Հիսուս մտավ փակ դռների միջով, կանգնեց մեջտեղում և ասաց,- խաղաղություն ձեզ: Ապա Թովմասին ասաց,- Բեր քո մատները և դիր այստեղ ու տես իմ ձեռքերը. և բեր քո ձեռքը և մտցրու Իմ կողի մեջ: Անհավատ մի եղիր, այլ հավատացյալ: Թովմասի մոտ վերացավ ամեն կասկած և այն ցանկությունը, որ հայտնել էր աշակերտներին՝ իր կասկածի վերաբերյալ; Ուղղակի ասաց,- Տէ՛ր իմ և Աստված իմ; իսկ Հիսուս նրան ասաց, Որովհետև դու տեսար, հավատացիր. Երանի նրանց. որոնք չեն տեսել և սակայն կհավատան; Սիրելիներ, մենք տեսանք, որ Հարությունից հետո Հիսուս հանդիպեց աշակերտներին, ո՛չ մեկին չհանդիմանեց իրենց արարքի մեջ, այլ հակառակը՝ Իրեն եղբայրներ անվանեց, խաղաղություն տվեց նրանց՝ շարունակելու համար իրենց առաքելությունը: Չհանդիմանեց նաև Թովմասին՝ իր անհավատության համար, այլ պատվիրեց լինել հավատացյալ: Այս երանին, որ տվեց Հիսուս Քրիստոս բոլոր նրանց, որոնք հավատալու են առանց տեսնելու, միշտ արդի է, միշտ կարևոր է նաև մեր օրերում; Ես նախորդ սերտողության ժամանակ ձեզ ասացի, որ թերահավատությունից են բխում շատ ու շատ հարցեր: բայց դա չի նշանակում, որ հարցեր չի կարելի տալ: Այլ բան է երբ հարց է տրվում մաքուր սրտով՝ հավատը զորացնելու համար, այլ բան է կասկածամիտ սրտով հարց տալ և չհավատալ նույնիսկ պատասխանը լսելուց հետո;
Սիրելիներ, ողջ պատմությունը մեր աչքի առջև է; Եկավ աստծու Որդին մեղավորը փրկելու համար: Մեղավոր մարդը խաչը հանեց Նրան; Հարություն առավ Հիսուս և համբարձվեց՝ նստելով Հոր աջ կողմում, կրելով իր անարատ մարմնի վրա մեղավոր մարդկության հասցրած վերքերի սպիները; Ըստ Հայրերի նկարագրության, Հայրը ամեն անգամ մարդկությանը նայում է Իր Միածին Որդու վերքերի միջից: Ինչ մարդկության անելիքը, եթե ոչ ապաշխարությունը, ինչ Քրիստոսի առաջին պատգամն էր: Աշակերտները վախեցել էին, որ Քրիստոսին խաչեցին: Հրեաների վախից թաքնվել էին, որպեսզի իրենց էլ չխաչեն; բայց մոռացել էին Քրիստոսի խոսքերը այն մասին, որ ամեն ոք պետք է վերցնի իր խաչը և հետևի Հիսուսին, այլապես, արժանի չէ իրեն; Այսօր մենք իրավունք չունենք վախենալու գալիք փորձություններից ու արհավիրքներից: եթե աշակերտները անփորձ էին, սայթաքեցին, մենք դարավոր փորձ ունենք այդ ուղղությամբ: Մեր փորձառությունը առավել կզորանա, եթե մենք հաստատվենք Ավետարանի գիտության վրա, Քրիստոսի վարդապետության վրա, դրանք մեր կյանքով հասկանալու վրա: Ավետարանիչն ասում է, որ բազում այլ նշաններ էլ է արել Հիսուս Քրիստոս, որոնք այս Գրքում գրված չեն: Այլ գրվեց այսքանը, որ դուք հավատաք, թե Հիսուս Քրիստոսն է Աստծու Որդին. Նաև որպեսզի հավատաք և Նրա անունով հավիտենական կյանք ունենաք: Սիրելիներ Հիսուս Քրիստոս գիտե մեր հավատքի պակասությունը, տկարությունը, անկայունությունը, սակայն դրանով հանդերձ պատրաստ է ընդառաջ գալ ցանկացած ապաշխարող մեղավորի և փրկության ձեռք մեկնել: Նա պատրաստ է մտնել մեր կյանքի մեջ՝ մեր կամքով, միայն թե մենք դառնանք հավատացյալ, ոչ թե անհավատ, ինչպես Թովմասը: Մենք հավատացել ենք Քրիստոսին, սիրել ենք Նրան, սիրել ենք Նրա խոսքը, երբեք չենք ակնկալել երկնքից հրաշք տեսնել, այսքանով հանդերձ յուրաքանչյուրս ունենք մեր տկարություններն ու մեղքերը, բայց մեր տարբերությունն այն է, որ մենք ունենք մեղքի գիտակցություն և զղջման պատրաստակամություն՝ Տիրոջ առջև: Քրիստոսին հավատացողի տարբերությունն այն է, որ նա պատրաստ է ընդունել այն, ինչը կտրվի իրեն Աստծու կամքով, լա՛վ կամ՝ վատ; Ադամը բացեց մեղքի դուռը և սատանան ներս մտավ: Ներս մտավ ու բացեց բոլոր դռները որոնցով կարող է մեղը ներս թափանցել: Քրիստոնյաներս պետք է փակենք
մեր առջև բացված մեղքի յուրաքանչյուր դուռ՝ մեր հավատքի համաձայն; Սիրելիներ, ավարտենք այստեղ մեր սերտողությունը և խնդրենք Աստծու ողորմությունը՝ ավարտին հասցնելու նաև 21 րդ գլուխը:
Թող համբերության և մխիթարության Աստվածը ձեզ շնորհ տա, որ դուք համախոհ լինեք միմյանց՝ ըստ Հիսուս Քրիստոսի, որպեսզի միասիրտ և միաբան փառավորեք Աստծուն՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսի Հորը: Թող Հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ և խաղաղությամբ, որպեսզի դուք էլ Սուրբ Հոգու զորությամբ՝ հույսով առատանանք: