ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 13: 31-35
ՅԻՍՈՒՍԻՆ ՍԷՐԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՆԴԷՊ
31 Նոյն օրը մէկ քանի փարիսեցիներ եկան ու ըսին անոր. «Ելիր ու գնա ասկէ, վասն զի Հերովդէս քեզ սպաննել կ՚ուզէ»։ 32 Ինք ըսաւ անոնց. «Գացէ՛ք, այն աղուէսին ըսէք, ահա ես դեւեր կը հանեմ ու բժշկութիւններ կը կատարեմ այսօր եւ վաղը ու երրորդ օրը պիտի լրացնեմ։ 33 Միայն թէ պէտք է որ այսօր ու վաղը եւ միւս օրը պտըտիմ, վասն զի կարելի չէ որ մարգարէ մը Երուսաղէմէն դուրս կորսուի։ 34 ‘Ով Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ մարգարէները կ՚սպաննէիր ու քեզի ղրկուածները կը քարկոծէիր, քանի՜ անգամ քու տղաքներդ ժողվել ուզեցի, ինչպէս հաւը իր ձագերը թեւերուն տակ կը ժողվէ եւ դուք չուզեցիք։ 35 Ահա ձեր տունը ձեզի աւերակ պիտի մնայ’։ Սակայն ձեզի կ՚ըսեմ, թէ ‘Ա՛լ զիս պիտի չտեսնէք’, մինչեւ գայ այն ժամանակը, որ պիտի ըսէք. ‘Օրհնեալ է ան, որ Տէրոջը անունովը կու գայ’»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Երեկ մենք տեղեկացանք, որ Հիսուս Քրիստոս Երուսաղեմ գնաց, իսկ ամեն անգամ եր Երուսաղեմ է գնում, աշակերտների անհանգստությունը ավելանում է այն առումով, որ գիտեն, թե Երուսաղեմում է պատահելու այն բոլորը, որ Վարդապետն իրենց տեղեկացրել է: Լուրը տարածվեց, որ Քրիստոս Երուսաղեմում է: Փարիսեցիներն անմիջապես եկան և զգուշացրին, որ թողնի քաղաքը և հեռանա, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել իրեն; Հերովդեսը մտահոգ էր երկրային Երուսաղեմի համար, մինչդեռ Տէր Հիսուս իր ուսուցումներով մարդկանց հոգիները պատրաստում էր Երկնային Երուսաղեմի համար: Այսպիսի նրբությունը չէր կարող ընկալելի լինել ո՛չ միայն Հերովդեսի համար, այլ նաև կրոնական առաջնորդների համար, որոնց համար ամեն ինչ հաշվարկվում էր իշխանության և փառքի չափանիշներով: Հիսուս Քրիստոս շրջում և քաղաքներով և գյուղերով, զգուշացնում է նեղ դռան մասին, որը ժամանակին փակվելու է և շատերը դրսում են մնալու: Շրջում և թակում է մարդկանց սրտի դռները, տեղեկացնելով Աստծու արքայության գալուստի մասին, որպեսզի հետագայում այդ նույն մարդիկ փակ չգտնեն այդ դուռը: Որովհետև աշխարհի վախճանին մարդիկ են իրարանցումով վազելու և թակելու դռները և դրանք փակ են գտնելու: Մենք երեկ անդրադարձանք այն իրողությանը, որ մենք այսօր ապրում ենք շնորհի դարաշրջանում, չնայած աշխարհում տիրող մեղքերի բազմությանը: Տեղեկացված մարդիկ գիտեն իրենց անելիքը, եթե մեղք ունեն, զղջում և խոստովանում են, եթե մկրտված չեն, մկրտվում են Սուրբ Երրորդության անունով, ավելացնում են իրենց հոգևոր գիտելիքները իրենց փրկության վերաբերյալ: Այսօր է Քրիստոս թակում բոլորի սրտերի դռները, որպեսզի անտեղյակ մարդ չմնա: Ոսկեբերան Հայրապետն իր ճառերից մեկում ասում է,- Աշխարհում չկա ավելի դառը կսկիծ, քան այն, որ դեմ հանդիման հանդիպենք Տէր Հիսուս Քրիստոսին, և նա ասի,- չեմ ճանաչում, թե ո՛վ եք: Նաև չկա՛ աշխարհում այնպիսի ուրախությունը, երբ դարձյալ դեմ հանդիման հանդիպենք Տէր Հիսուս Քրիստոսին և տեսնենք Նրա երեսը և Նա ասի,- Եկեք իմ Հոր օրհնեալներ, և ժառանգեք ձեզ համար նախապես պատրաստված արքայությունը:
Ի՞նչ պատասխանեց Հիսուս Քրիստոս փարիսեցիներին, որոնք զգուշացրին, որ Նա հեռանա իրենց քաղաքից՝ Հերովդեսից սպասվող վտանգի պատճառով: - Գնացեք, ասացեք այդ աղվեսին, որ դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում,այսօր և վաղը, իսկ երրորդ օրը կավարտեմ: Պետք է, որ երրորդ օրը գնամ, որովհետև պետք չէ, որ մարգարեն Երուսաղեմից դուրս կորստյան մատնվի: Մենք երեկվա սերտողության մեջ հանդիպեցինք երեք թվին, այսօր նորից հիշեցնեմ, որ երեկվա և այսօրվա երեք թվերը խորհրդանշում են այն երեք ժամանակաշրջանները, որոնց մասին ձեզ ասացի: Մինչև օրենքի ստացումը, օրենքից մինչև Քրիստոս և Քրիստոսի ժամանակաշրջանը, որը նաև մեր ապրած ժամանակաշրջանն է; Փարիսեցիները նախանձից դրդված Հերովդեսի անունից սպառնացին Հիսուսին հիշեցնելով Նրա սպանությունը: Նրանք չէին հանդուրժում Քրիստոսի ժողովրդականությունը, Նրա բժշկությունները և ուսուցումը, որը ամբողջովին դեմ էր իրենց ծառայության ոճին՝ և այսպիսով կարող էր մարդկանց աչքերը բացվել և նրանք տեսնեին ճշմարտությունը, որ իրենց առջև է կանգնած: Հերովդեսի անունից սպանացին, ցույց տալու համար, որ իբրև իրենք մտահոգ են Քրիստոսի անվտանգության համար: Բայց Հիսուս Քրիստոս տեսնում է նրանց կեղծիքով լեցուն սրտերը: Հիսուսի համար հասկանալի էր այս ծուղակը, քանի որ աղվես անունը այդ պահին ավելի շատ ուղղված էր փարիսեցիներին և նրանց ուղարկողին, քան Հերովդեսին:
Տէր Հիսուս այս ամենը տեսնելով ողբ է ասում Երուսաղեմի վրա, կրկնելով նրա անունը երկու անգամ, ցույց տալու համար, թե որքան է սիրում Երուսաղեմը և ինչ հոգատարություն ունի նրա բնակիչների նկատմամբ, քանի որ շատ անգամներ կամեցավ հավաքել նրա որդիներին Իր թևերի տակ, սակայն նրանք չկամեցան: Ահա թողնում է Երուսաղեմը, Տէր Հիսուս Քրիստոս և սրտի վիրավորանքից նույնիսկ տաճարը իր անունով չի կոչում, այլ ասում է,- ձեր տունը ձեզ պիտի թողնեմ ավերակ: Քանի որ տաճարը նույնպես վերածել էին առևտրի և եկամտի աղբյուրի: իսկ այդպիսի տաճարը, որը այլևս աղոթքի տուն չէ, չի կարող կոչվել Հիսուս Քրիստոսի անունով: Տուն ասելով կարելի է հասկանալ նաև այդ սերունդը, որի շատ հաճախ Տէր Հիսուս կեղծավոր և անհավատ սերունդ էր անվանում;
Ասում է, այլևս չեք տեսնի ինձ, մինչև չասեք, օրհնեալ է Նա որ գալիս է Տիրոջ անունով:Այս խոսքերը ասելով Նկատի ունի, որ խաչելուց հետո այլևս չեք տեսնի, մինչև Իր Երկրորդ Գալուստը, որին արդեն չի օգնելու ոչինչ իրենց խստասրտության պատճառով: Երուսաղեմը մայրաքաղաքն է Իսրայելի, սակայն Երուսաղեմը նաև հավաքական անուն է, որ կարող է վերաբերվե ցանկացած մեծ ու փոքր քաղաքների, որոնք չեն կամենում հավաքվել Աստծու խոսքի միջոցով, և իրենց տաճարները վերածել են եկամտաբեր կազմակերպության, և անտեսում են Ավետարանի քարոզությունը: Այս անունը կարող է վերաբերել ցանկացած ընտանիքի և ցանկացած անհատի, որոնք անտեսում են Աստծու խոսքի ճշմարտությունը և հիմնվում են որոշ կարծիքների և տեսակետների վրա՝ որոշումներ կայացնելիս: Վերջին միտքը կարդալիս, մենք հասկանում ենք, որ Բարեգութ Աստծու համբերությունը անսահմանափակ չէ, և ասում է,- ահա ձեր տունը թողնում եմ ձեզ՝ ավերակ: Երբ մենք չենք կամենում մտնել Աստծու նախախնամությունների շրջանակից ներս, Աստված թողնում է մեր տունը ավերակ: Այնքան ժամանակ քանի դեռ մենք Հիսուս Քրիստոսին չենք ընդունել մեր կյանքի Տէր և Փրկիչ, մեր տունը ևս մնալու է ավերակ: Սիրելիներ այս գլուխը ավարտվում է այսպիսի մտահոգիչ տողերով, որոնք ճշմարտություն են բոլոր ժամանակների համար: Ճշմարտություն էր նաև այն ժամանակի համար, սակայն նրանք չհավատացին: Տարիներ անց երբ Երուսաղեմը ավերակ դարձավ, ոմանք հիշեցին, գրեցին այդ մասին, ոմանք չանդրադարձան Հիսուս Քրիստոսի բոլոր մարգարեություններին; Հակառակը ամեն գնով կամենում էին վերացնել աշակերտներից վերջինին, որպեսզի իրենց ազգի մեջ չխոսեն և չքարոզեն Հիսուս Քրիստոսի մասին: Ճշմարտություն է նաև մեր օրերին, և առավել սթափեցնող ճշմարտություն, քանի որ մեր աչքերը տեսնում են այն ամենը ինչ կատարվում է աշխարհում, ինչո՛ւ չէ նա՛և Երուսաղեմում: մենք էլ սառնասրտորեն ենք նայում բոլոր իրադարձություններին, կածես թե Հիսուս Քրիստոս խոսել միայն Երուսաղեմի մասին; Կարծես թե մենք ավելի արդար ենք, քան Երուսաղեմի բնակիչները, կամ Սիլովամի աշտարակի տակ մնացած մարդիկ: Երուսաղեմի ճանապարհին հարց տվեցին Հիսուսին, թե,- Սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են; Այսօր այս հարցը ամենաշատն է հետաքրքրում մեզ, թե թուրքերը փրկվելո՞ւ են, կամ աղանդավորները փրկվելո՞ւ են: Իսկ Տէր Հիսուս ո՛չ թիվ ասաց, ո՛չ էլ փրկվողների քանակն ու տեսակը: Այլ ասաց, մտեք նեղ դռնով, ժամանակը կգա, կուզեք մտնել, չեք կարող: Սա իրենց հարցի պատասխանը չէր, բայց խորքի մեջ բոլորիս ուղղված պատասխան է, որը նշանակում է, ո՛վ մարդ, նայիր քո սրտի դիրքին՝ Աստծու հանդեպ, և մի հաշվիր փրկվողներին, այլ ինքդ եղիր առաջին փրկվողը, քանի որ դու էլ Իմ առջև ուտում և խմում ես Իմ մարմինը՝ Պատարագի ժամանակ, բայց չես ապրում քեզնից պահանջվածով: Դու էլ զգուշացիր դուռը թակելիս, քանի որ քեզ էլ կարող եմ չճանաչել քո վարած կյանքի պատճառով: Ավարտվեց տասներեքերորդ գլուխը ևս, Աստված կամենա, վաղը կսկսենք տասնչորսերորդ գլխի սերտողությունը:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր ստացած Սուրբ Հաղորդությունը իրապես լինի քավություն, թողություն և փրկություն մեր՝ մեղավորներիս համար: