ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 13: 18-30
ՄԱՆԱՆԵԽԻՆ ԱՌԱԿԸ
18 Յիսուս ըսաւ. «Աստուծոյ թագաւորութիւնը ի՞նչ բանի կը նմանի, կամ ի՞նչ բանի նմանցնեմ անիկա։ 19 Մանանեխի հատի նման է, որ մարդ մը առաւ իր պարտէզը ձգեց եւ աճեցաւ ու մեծ ծառ մը եղաւ ու երկնքի թռչունները անոր ճիւղերուն վրայ բնակեցան»։
ԽՄՈՐԻՆ ԱՌԱԿԸ
20 Դարձեալ ըսաւ. «Աստուծոյ թագաւորութիւնը ի՞նչ բանի նմանցնեմ։ 21 Խմորի նման է, որ կին մը առաւ, երեք գրիւ ալիւրի մէջ պահեց, մինչեւ ամբողջը խմորուեցաւ»։
ՆԵՂ ԴՈՒՌԸ
22 Յիսուս քաղաքները ու գիւղերը պտըտելով՝ կը սորվեցնէր։ Երբ դէպի Երուսաղէմ ճամբայ ելաւ, 23 Մէկը ըսաւ անոր. «Տէ՛ր, քիչուո՞ր են անոնք որ պիտի փրկուին»։ 24 Անիկա ալ ըսաւ անոնց. «Ջանք ըրէք որ նեղ դռնէն մտնէք, քանզի կ՚ըսեմ ձեզի, թէ շատեր մտնել պիտի ուզեն եւ պիտի չկրնան։ 25 Անկէ յետոյ երբ տանտէրը ելլէ ու դուռը գոցէ եւ դուք դուրսը մնաք ու սկսիք դուռը զարնել եւ ըսել. ‘Տէ՛ր, Տէ՛ր, բաց մեզի’։ Ան ալ պատասխան տալով՝ պիտի ըսէ ձեզի. ‘Ձեզ չեմ ճանչնար, ուրկէ՞ էք’։ 26 Այն ատեն պիտի սկսիք ըսել. ‘Մենք քու առջեւդ կերանք ու խմեցինք եւ դուն մեր փողոցներուն մէջ սորվեցուցիր’։ 27 Բայց անիկա պիտի ըսէ. ‘Ձեզի կ՚ըսեմ, Ձեզ չեմ ճանչնար, ուրկէ՞ էք. մէկդի կեցէք ինծմէ, բոլոր անիրաւութիւն գործողներդ’։ 28 Հոն պիտի ըլլայ լալ ու ակռաներ կրճտել, երբ տեսնէք Աբրահամը ու Իսահակը եւ Յակոբը ու բոլոր մարգարէները Աստուծոյ թագաւորութեանը մէջ ու դուք դուրս մնացած։ 29 Այնտեղ պիտի գան արեւելքէն ու արեւմուտքէն եւ հիւսիսէն ու հարաւէն ու պիտի բազմին Աստուծոյ թագաւորութեանը մէջ։ 30 Եւ պիտի գտնուին յետիններ՝ որոնք առաջիներ պիտի ըլլան ու առաջիններ՝ որոնք յետիններ պիտի ըլլան»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. մենք ամեն օր անդրադառնում ենք իրադարձությունների, որոնց ներկա չենք եղել, բայց այդ իրադարձությունները գնալով մեզ համար դառնում են այնքան հարազատ, որ կարծես մենք քայլում ենք ժողովրդի այն բազմության հետ, որը հետևում էր Հիսուս Քրիստոս: Ամեն օր ծանոթանում ենք նոր մարդկանց, և նոր դեպքերի: Սակայն չենք հանդիպում կատարյալ մարդկանց, բոլոր մարդիկ խնդիրներ ունեն, տկարություններ ունեն:Գնալով հետևորդների բազմությունը ավելանում է, որովհետև մարդիկ կամենում ենք ճանաչել իրենց, փոխեր իրենց ընթացքը, և քայլել ճշմարտության հետևից; Բոլոր մարդիկ ձգտում են կյանքում սովորել ընտրել գլխավորը: Մեծ առումով Աստծու համար այնքան կարևոր չէ մեր արածի արդյունքը, որքան կարևոր է, թե ինչ սրտով արեցինք: Մաքո՞ւր սրտով, թե՞ նախանձ կամ կեղծավորություն կար մեր սրտի մեջ: Օրինակ հրեաները ժողովարան էին կառուցել, շաբաթ օրերը հավաքվում էին այդ ժողովարանում, ընթերցում էին Սուրբ Գրքերը, բայց նրանց սրտի մեջ նախանձ կար և կեղծավորություն կար իրենց ուսուցման ժամանակ, որովհետև տասնութ տարվա հիվանդ կնոջ բժշկությամբ չուրախացան, այլ հակառակը՝ հանդիմանեցին հիվանդին և բուժողին: Ժամանակակից հրեաները, որոնք Քրիստոս են քարոզում, հանդիմանում են այն ծայրահեղ կրոնամոլ հրեաներին, որոնք պնդում են որ շաբաթ օրը ժողովարանից և աղոթքից բացի ուրիշ բան չի կարելի անել: Նրանց առջև դնում են մի հարց և ստիպում են որ ծայրահեղականները պատասխանեն այդ հարցին: Օրինակ ասում են,- Եթե ձեր տանը մահամերձ հիվանդ կա պառկած, օրը շաբաթ է, և հանկարծ երկրաշարժ է լինում: Միթե քարերը չեք վերցնի այդ մարդու վրայից, ինչքան էլ որ գիտեք, որ մահանալու է այդ մարդը:Ուրեմն մենք երեկ սովորեցինք, որ կրոնի մեջ ծայրահեղությունը միայն հեռացնում է ճշմարտությունից և ողորմությունից: Տէր Հիսուս գտնվում էր այսպիսի ծայրահեղ կրոնական հայացքների տեր մի սերնդի մեջ, ու անվերջ հանդիպում էր բախումների:
Եթե պարզ հարցերի մեջ նրանց ծայրահեղությունը անցնում էր ամեն չափ ու սահման, ապա ինչպես կարող էին հասկանալ Աստծու արքայության խորհուրդները: Ինչպես որ Տէր Հիսուս Նիկոդեմոսին ասաց,- Եթե երկրավոր բաներ եմ ասում և դու չես հասկանում, ապա ինչպես կհասկանաս, երբ երկնավոր բաներ խոսեմ: Այստեղ Ղուկաս ավետարանիչը երկու կարճ մեջբերում է անում Աստծու արքայության օրինակներից: թվում է թե ոչնչով չի կապվում նախորդ թեմայի հետ, որտեղ Տէր Հիսուս բուժեց կուչ եկած կնոջը: Բայց ավետարանիչը ոչ մի բան պատահական չի արել: Հիշում եք, Տէր Հիսուս ներկաներին կեղծավորներ անվանեց, և նրանք ամաչեցին Տէր Հիսուսի խոսքերից: Բայց Աստծու արքայության մասին հարցը, որ տվեց Տէր Հիսուս,- թե Ինչի նման է Աստծու արքայությունը, որը մի դեպքում նմանեցնում է մանանեխի հատիկին, մյուս դեպքում՝ խմորին, ուղղված էր այդ կեղծավորներին, որ Քրիստոսի խոսքերը որպես մանանեխի հատիկ թափվում էին նրանց փշոտ հողի մեջ, և պտուղ չէր տալիս: Ինչպես նաև Աստծու խոսքը չէր խմորում նրանց ալյուրի զանգվածը: Մինչդեռ Աստծու արքայությունը հենց Իր ուսուցումն ու քարոզությունն է, որ ընկնելով մարդու սրտի պարարտ հողի մեր մանանեխի հատիկի պես բազմանում է, և արդյունքը շատերի համար օգտակար է լինում; Եկեղեցու հայրերը երբեմն մանանեխի հատիկը նմանեցնում են Հիսուս Քրիստոսին: Երբ Նա հյուսնի որդին էր, մանանեխի հատիկի չափ էր, սակայն երբ խաչելությունից հետո դրվեց երկրի հողի մեջ, հարություն առավ, աճեց բազմացավ և աշխարհը պատսպարվում է Նրա հովանու ներքո: Նույնիսկ հեթանոսները տեղ գտան Նրա բազում ճյուղերի վրա ապրելու համար: Ինչպես որ խմորն է միացնում և միասեռ մասսա է դարձնում երեք բաժին այլուրը, այնպես էլ Աստծու խոսքի ուսուցումը ներդաշնակ է դարձնում մարդու մարմինը հոգին և միտքը միասին;
Ինչպես տեսնում ենք Հիսուս Քրիստոս երբեք մի տեղում նստած չմնաց, այլ քայլեց ամբողջ ծառայության ընթացքում; Անցնում էր գյուղերով, քաղաքներով: Նրա համար նշանակություն չուներ քաղաքի մեծությունն ու նշանավորությունը, ինչպես որ անում են շատ քարոզիչներ, այլ՝ Տէր Հիսուսին հետաքրքիր էր, թե որտեղ են հիվանդները, որպեսզի ինքը այնտեղ լինի: Չէ որ բժիշկները հիվանդների մոտ են լինում մշտապես:Գնում էր Երուսաղեմ, քանի որ հիվանդները շատ էին Երուսաղեմում: Ճանապարհի մեկը մոտեցավ և մի հարց տվեց Տէր Հիսուսին, ասելով,- Տէր Սակավաթի՞վ են նրանք, որ փրկվելու են: Հավանաբար այս հարց տվողը լսել էր Հիսուս Քրիստոսի ուսուցումները, և նրա մտքում շատ հարցեր էին առաջացել, ինչպես որ հիմա ձեր մտքերում են հարցեր առաջանում տվյալ թեմայի շուրջ:Մարդկանց հետաքրքրում էր, թե ի՞նչ է փրկությունը, ի՞նչ է հավիտենական կյանքը, ի՞նչ է Աստծու արքայությունը:
Բոլորին պատասխանում էր ըստ իր կարողության՝ մեկի հարցին՝ հարցով էր պատասխանում, մյուսին առակ էր պատմում: Սակայն ոչ մեկին առանց պատասխան չէր թողնում; Տէր Հիսուս այս հարցին տվեց այսպիսի պատասխան,- Ջանացեք մտնել նեղ դռնով, ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա:
Ինչպես որ մի նեղ դռնից միանգամից շատ մարդ չի կարող մտնել, այլ՝ մեկ մեկ պետք է անցնեն, այնպես էլ հոգևոր կյանքը, որը նեղ դուռն է, շատերը չեն կարողանում ապրել: Շատերը չեն ցանկանում, շատերը ձևացնում են, որ ապրում են; Բայց կգա այն օրը, երբ տանտերը, որ Հիսուս Քրիստոսն է, մտնի տուն և դուռը փակի, շատերը պիտի մնան դրսում; Շատերը պիտի աղաղակեն, ասելով,- Տէ՛ր Տէ՛ր, բաց մեզ համար դուռը: Իսկ Տէրը պիտի ասի,- Չգիտեմ, թե որտեղից եք: Այստեղ խոսքը Տիրոջ Երկրորդ Գալուստի մասին է, երբ համընդհանուր հարությունից հետո, այլևս որևէ զղջում և խնդրանք անօգուտ կլինի Տիրոջ առջև, քանի որ Տէր Հիսուս պետք է ճանաչի իր յուրայիններին, որոնք լսեցին իր ձայնը և քայլեցին իր հետևից: Իսկ նրանք, որոնք կասեն,- մենք Քո առջև կերանք խմեցինք, և դու մեր հրապարակներում ուսուցանեցիր, նրանց առջև չի բացի դուռը, որովհետև Իր ուսուցման ժամանակ այս մարդիկ իրեն դուրս էին անում իրենց քաղաքից և փորձում էին քարերով հարվածել:Սրանք նաև բոլոր անիրավ մշակներն են, որոնք իրենց աչքով պետք է տեսնեն Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին՝ Աստծու արքայության մեջ, իսկ իրենք հայտնվելու են փակ դռների հետևում:Այստեղ է, որ պետք է լինի լաց և ատամների կրճտում: Աշխարհի բոլոր ծագերից կգան արդարները և կբազմեն երկնքի արքայության մեջ, այսինքն վերջինները առաջին կլինեն: Իսկ վերջինները կլինեն առաջին:
Սիրելիներ Ավետարանի ամբողջ պատմությունը իմանալով, մենք հասկանում ենք, որ Աստված մարդու համար շատ բարձր գնահատական է սահմանել, և ակնկալու է, որ մարդը կարող է հասնել այդ բարձունքին: Չէ՞ որ ի սկզբանե Աստված մարդուն ասաց,- աճեք, բազմացեք և տիրեք աշխարհին, բայց մի մոռացեք որ տիեզերքի Արարիչը դուք չե՛ք: Չարի և բարու գիտության ծառը հենց դրա համար էր, որ մարդը հասկանա իր տկարությունը և կատարելագործվի մեղանչումից անմիջապես հետո: Բայց սատանան միշտ շշնջում է մարդու ականջին, որ դո՛ւ աստված կարող ես լինել: Իսկ մարդը չի դիմանում այդ գայթակղությանը:
Այսօրվա սերտողության վերջին մտքերն այն մասին, որ կլինի լաց և ատամների կրճտում, և առաջիններ վերջիններ կլինեն, և վերջիններ առաջիններ, կարող են մտահոգություն պատճառել շատ ու շատ կարդացողների: Սակայն այս մտքերը ճշմարիտ քրիստոնյայի համար սարսափ չեն առաջացնում, քանի որ Քրիստոսին հետևող և Նրա պատգամները հասկացող քրիստոնյան տեղյակ է արթուն լինելու հրահանգին և միշտ պատրաստ է Տիրոջ առջև: Այսպիսի քրիստոնյայի համար առավել մտահոգիչ է իր շուրջը տիրող անտարբերությունը Աստվածաշնչի և Աստծու խոսքի նկատմամբ; Աստվածաշունչ գրքերը մեզ տեղեկացնում են աշխարհի սկզբից մինչև մեր օրերի իրադարձությունները, ցույց տալով գլխավոր ճշմարտությունները այն մասին, որ Աստված մարդ արարածին ստեղծելուց հետ սկսել է նախախնամել նրա կյանքը: Առաջին դարաշրջանը Ադամից մինչև օրենքի ստացումը Աստված նույնպես խոսում էր մարդու հետ: Օրենքը տվեց Մովսեսին, այս անգամ Մովսեսի հետ էր խոսում ժողովրդի հետ, այնուհետև մարգարեներ հանեց իր ժողովրդի միջին և խոսում էր մարգարեների միջոցով: Երրորդ ժամանակաշրջանում ուղարկեց Իր Որդուն և Իր Որդու միջոցով խոսեց մարդկանց հետ: Սա արդեն շնորհի դարաշրջանն է, որում ապրում ենք մեք: մեր դարաշրջանը բացառիկ բարվոք դարաշրջան է այն առումով, որ մենք ունենք ապաշխարության խորհուրդը, Հաղորդության խորհուրդը և բոլոր Սուրբ Գրքերը և Քրիստոսի հաստատած եկեղեցին՝ այդ խորհուրդները կատարելու համար:
Առաջին մարդիկ չեն ունեցել այս բաները, նրանց ծեսերն ու ավանդությունները խորհրդանշական բնույթ էին կրում միայն: Իսկ աշխարհի վախճանին արդեն կուղարկի Աստված Իր Որդուն՝ արդեն դատաստանի համար, և նրանք, որոնք անտեսել են Աստծու Որդու խոսքը, նրանց համար կլինի ատամների կրճտում: Աստված բոլոր ազգերի փրկությունն է ակնկալում: Աստված բոլոր մեղավորների փրկությունն է ակնկալում, նույնիսկ այն մարդու փրկությունն է ակնկալում, որին մենք այսօր ատում ենք, անիծում ենք, հայհոյում ենք: Սիրելիներ հոգևոր կյանքի մեջ մանրուքներ չկան, փոքր պատվիրաններ չկան, աննպատակ խոսքեը չկան, սկսած մեր խաչակնքումից մինչև պատվիրանապահություն: Թեկուզ մանանեխի հատիկը, որ այդքան փոքր է, նա էլ մեծ նշանակություն ունի: Ամեն օր ստուգենք մեր հավատքի զորությունը, ամեն օր ապահովենք մեր մեջ Աստծու արքայության գոյությունը և ամուր պահենք այն ամենը ինչ ունենք Աստծու կամքով: Ավարտենք այստեղ մեր սերտողությունը, որը պատմեց մեզ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ գնալու ճանապարհի պատահած իրադարձությունների մասին, և սպասենք վաղվա սերտողությանը՝ տեսնելու համար, թե ինչ կարևոր դեպքեր են տեղի ունենալու Երուսաղեմում;
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր հավատքը մանանեխի հատիկից աճի և մեծանա այնքան, որ որևէ մեկը կարողանա օգտվել դրանից: