ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի.12:1-12
ԿԵՂԾԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆ
1 Այն միջոցին երբ բիւրաւոր ժողովուրդներ վրան ժողվուեցան՝ գրեթէ մէկզմէկ կը կոխէին՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ամենէն առաջ ինքզինքնիդ զգոյշ պահեցէք փարիսեցիներուն խմորէն, որ է կեղծաւորութիւն։ 2 Վասն զի բան մը չկայ ծածուկ՝ որ պիտի չյայտնուի եւ գաղտուկ՝ որ չգիտցուի։ 3 Ուստի ինչ որ մութ տեղը ըսիք, անիկա լոյս տեղը պիտի լսուի եւ այն որ ներքին սենեակներու մէջ ականջի խօսեցաք, տանիքներու վրայ պիտի քարոզուի»։
ՈՐՄԷ՞ ՎԱԽՆԱԼ
4 «Բայց ձեզի՝ իմ բարեկամներուս, կ՚ըսեմ. ‘Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ մարմինը կը սպաննեն ու անկէ աւելի բան մը ընելու կարողութիւն չունին։ 5 Հապա ձեզի ցուցնեմ թէ որմէ՛ պէտք է վախնաք. Անկէ վախցէք՝ որ սպաննելէ յետոյ իշխանութիւն ունի գեհեանը ձգելու։ Այո՛, կ՚ըսեմ ձեզի, Անկէ վախցէք’։ 6 Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի կը ծախուի եւ անոնցմէ մէ՛կը մոռցուած չէ Աստուծոյ առջեւ։ 7 Բայց ձեր գլխուն բոլոր մազերն ալ համրուած են. ուրեմն մի՛ վախնաք, վասն զի դուք շատ ճնճղուկներէ աւելի աղէկ էք»։
ՅԻՍՈՒՍԸ ԴԱՒԱՆԻԼ ԵՒ ՈՒՐԱՆԱԼ
8 «Եւ ձեզի կ՚ըսեմ. ‘Ամէն ով որ զիս կը դաւանի մարդոց առջեւ, Որդին մարդոյ ալ զանիկա պիտի դաւանի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ։ 9 Բայց ան որ զիս մարդոց առջեւ կ՚ուրանայ, ինքն ալ պիտի ուրացուի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ’։ 10 ‘Ամէն ով որ Որդին մարդոյ դէմ բան ըսէ, պիտի ներուի անոր, բայց ան որ Սուրբ Հոգիին դէմ հայհոյութիւն ընէ, պիտի չներուի անոր’։ 11 Երբ ձեզ ժողովարանները եւ իշխանութիւններու ու պետութիւններու առջեւ տանելու ըլլան, հոգ մի՛ ընէք թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պատասխան պիտի տաք, կամ ի՞նչ պիտի ըսէք, 12 Վասն զի Սուրբ Հոգին պիտի սորվեցնէ ձեզի նոյն ժամուն՝ ինչ որ պէտք է խօսիլ»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ. մենք երեկ ուսումնասիրեցինք վայերի շարք, որոնց միջոցով Հիսուս Քրիստոս բացահայտեց փարիսեցիների ծայրահեղական մոտեցումներ, որոնք նրանց հեռացրել էին բուն օրենքից ու մարգարեություններից: բայց այդ բացահայտումը նրանց համար եղավ ոչ թե ճշմարիտ ուսուցում, այլ՝ ատելության պատճառ: Ինչո՞ւ է այդպես: Մարդկանց մեծամասնությունը պատրաստ չէ լսել ճշմարտությունը իր սխալների վերաբերյալ: Այս պարագայում նրանց զգուշացնողը Վարդապետն էր, որը բացարձակ մեղք չուներ, և դրանում բոլորն էին համոզված Միայն այս դեպքում կարող է առաջնորդը կամ ղեկավարը զգուշացնել, պատժել ենթակային, երբ ինքն անթերի է իր գործերում: Փարիսեցիների հետ այս բանավեճն ավարտելուց հետո, ավելի շատ բազմություն հավաքվեց Հիսուսի շուրջ՝ նաև հետաքրքրության համար, քանի որ ինքը բոլորի ներկայությամբ էր զգուշացնում, որպեսզի մյուսների համար դաս լինի:Իսկ օրենքի ուսուցիչները սովոր չէին այդ մեթոդին: Նրանք ժողովրդին այնպես էին սովորեցրել, որ մարդիկ գալիս էին, իրենց խնդիրները պատմում էին նրանց. իսկ օրենքի ուսուցիչները ծանր օրենքներ էին դնում նրանց ուսերին, իբրև հարցը դրանով պետք է լուծվեր:
Աշակերտները ներկա էին այդ բանավեճին, դրա համար Տէր Հիսուս դարձավ աշակերտներին և ասաց,- Նախ դուք ձեզ զգույշ պահեք փարիսեցիների խմորից՝ որ կեղծավորությունն է: Որովհետև վաղ թե ուշ բացահայտվելու է ամեն բան, ինչպես որ բացահայտվեց այդ փարիսեցիների կեղծավորությունը բոլոր օրենքների հանդեպ: Այս հանդիպումը իրոք շատ անպատվաբեր էր փարիսեցիների համար, հատկապես որ պարզ ժողովրդի մոտ ամոթահար արեց նրանց: Այդ ժողովրդի մոտ նրանք էժան հեղինակություն էին ձեռք բերել և փորձում էին իշխել նրանց վրա իրենց տրված իշխանությամբ; Մինչդեռ փարիսեցիները հրավիրել էին Հիսուսին իրենց տուն, որպեսզի հարցերով մոլորեցնեն և ժողովուրդը նրանից հեռանա: Բայց Ավետարանն ասում է, ժողովուրդն այնքան էր հավաքվել, որ միմյանց նեղում էին բազմության պատճառով, քանի որ իրենց հաճելի էր լսել ճշմարտության մասին; Միշտ էլ ճշմարտությունը զորեղ է, իսկ կեղծիքը՝ պարտվող: Փարիսեցիների կեղծավորությունը խմոր անվանեց, քանի որ ոչինչ այնպես արագ չի վնասում մարդու բարոյական կերպարը, ինչպես որ չարությունն ու կեղծավորությունը: Հետևաբար իր ընտրած աշակերտները, որոնք հետագայում պետք է դառնային համաշխարհային քարոզիչներ, հարկ էր զգույշ լինեին փարիսեցիներ այդ կեղծավորության խմորից; Փարիսեցիները այդ կեղծավորությունը ծածուկ էին անում, իսկ արտաքուստ՝ իրենց բարեպաշտ էին ներկայացնում: Այդ պատճառով Տէր Հիսուս աշակերտներին զգուշացնում է, որ ոչինչ ծածուկ չի մնում, որ չբացահայտվի: Այնպես ինչպես բացահայտվեց փարիսեցիների կեղծավորությունը և չարությունը: Խոսքն ուղղելով աշակերտներին, Իր ասելիքը հասկացնում էր ներկա գտնվող օրենքի ուսուցիչների ու փարիսեցիներն, որոնք գործեցին թաքուն տեղերում, խոսեցին խավարի մեջ, փսփսացին ականջների մեջ, նենգեցին իրենց սրտերում, սակայն լսելի եղավ լույսի մեջ, քանի որ Աշխարհի Լույսն էր Հիսուս Քրիստոս, և խավարը Նրա դեմ կանգնել չի կարող:
Հիսուս Քրիստոս փարիսեցիներին հանրության և աշակերտների առջև բացահայտելուց հետո, դարձավ իր սիրելի աշակերտներին, և մեկ այլ զգուշացում արեց, որպեսզի չզարհուրեն նրանից, որոնք կարող են մարդու մարմինը սպանել, որից հետո ոչինչ անել չեն կարող:Այլ նրանք թող վախենան Նրանից, որը սպանելուց հետո էլ իշխանություն ունի գեհեն նետելու: Այս խոսքերով Տէր Հիսուս իր սիրելի աշակերտներից վերցնում է մարդկային վախերը մարմնի նկատմամբ: Տեսեք, աշակերտներին ասում է, վախեցեք նրանից, ով իշխանություն ունի գեհեն նետելու: Չի ասում, թե մահից հետո գեհեն կնետի, այլ՝ ասում է իշխանություն ունի նետելու: Սիրելիներ, այստեղ մեզ համար մի լույսի շող է բացվում այն առումով, որ մենք մեր ննջեցյալների համար արած աղոթքներն ու ողորմությունները շարունակենք սիրով կատարել, հավատալով Աստծու իշխանությանն ու ներելու ողորմությանը: Քանի որ բերում է ճնճղուկների օրինակը, որոնք նույնպես մոռացված չեն Աստծու առջև: Չէ որ մարդը ավելի հարգի է Աստծու առջև քան ճնճղուկները:Տէր Հիսուսի խոսքերից հասկանում ենք, որ եթե նույնիսկ որևէ փորձություն պատահի մարդուն, ապա Աստված կտա նաև զորություն՝ այդ փորձությունից պատվով դուրս գալու, որովհետև մեր գլխի մազերը նույնիսկ հաշվված են Տիրոջ համար: Եթե մենք մեր հինգ զգայարանները հնազանդեցնենք Հին և Նոր կտակարանների պատգամներին, ապա մեզնից և ոչ ոք Աստծու առջև մոռացված չի լինի:
Այնուհետև Տէր Հիսուս խոսում է ճշմարիտ դավանության և նրա պարգևների մասին, որ սպասվում է Իրեն դավանողներին, որոնք մարդկանց առջև կդավանեն իր անունը: Ինչպես որ մենք ամեն ժամ ունենք Աստծու միջամտության կարիքը, այնպես էլ Աստված է կամենում տեսնել մեր ուղղափառ դավանությունը մարդկանց առաջ և մեր բարի գործերն է տեսնել ուզում: եթե մենք մարդկանց առջև չդավանենք Նրա անունը, Նա էլ չի հիշի մեզ երկնքում՝ Իր Հոր առջև: Նույնիսկ մարդկանց կներվի այն մեղքերը, որոնք կհնչեն մարդու Որդու հասցեին, քանի որ մարմնավոր աչքերով են դատում, տեսնելով, որ Տէր Հիսուս ուտում է մաքսավորի հետ, խոսում է մեղավոր կնոջ հետ, ներում է քաղաքի անբարո կնոջը: Այո, նույնիսկ այս մեղքերը կներվեն մարդկանց; Իսկ նրանք, որ տեսան զորավոր գործեր՝ Սուրբ Հոգու միջոցով արված, և վերագրեցին Բէեղզեբուղին, նրանց չի ներվելու իրենց մեղքը: Եթե չզղջան, ու չապաշխարեն, այդպիսիների համար ներում չի լինի:Վերջապես վերջին երրորդ միտքն է տալիս աշակերտներին, այն մասին, որ երբ իրենց կանչեն պատասխանատվության կառավարիչների մոտ, կամ ժողովարաններում, երբեք չմտահոգվեն, թե ինչ պատասխան են տալու, կամ ինչ են խոսելու նրանց առջև, որովհետև Սուրբ հոգին կիջնի նրանց վրա և կսովորեցնի, թե ինչ խոսել և ինչպես խոսել: Սկիզբը աշակերտներին սովորեցրեց գլխավորը, որ չլինեն կեղծավոր, որովհետև կբացահայտվի գաղտնիքը: Գլխավորը իրենց քարոզության մեջ առիթ չտան, որպեսզի չարի լեզուն բացվի իրենց վրա: Մնացած փորձությունների համար տալիս է աշակերտներին վստահության երաշխիքը, որ Սուրբ հոգին նրանց հետ կլինի և կուսուցանի ամեն բան: Սիրելիներ շատ կարևոր դասեր քաղեցինք այսօրվա սերտողությունից: Մեզ մնում է դրանք կիրառել մեր կյանքում, և մեր կյանքով դավանել ամենուր Հիսուս Քրիստոսին, որպեսզի փորձության ժամին ստանանք համապատասխան զորություն՝ պայքարելու չարի դեմ:
Իսկ փարիսեցիության խմորը թող մեզնից հեռու լինի, քանի որ այն կրոնական հպարտություն է: Հիշո՞ւմ եք, փարիսեցու և մաքսավորի առակը պատմելուց հետո, Տէր Հիսուս ասաց,- Եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան փարիսեցիների և օրենսգետների, ապա դուք երկնքի արքայություն չեք կարող մտնել: Հակառակ այն բանի, որ փարիսեցիները ամեն ինչ օրինական էին պահում: Եթե մյուս հրեաները շաբաթը մեկ անգամ էին ծոմ պահում, փարիսեցիները երկու անգամ էին պահում, տասանորդը ժամանակին էին տալիս, երկար աղոթում էին: Բայց Տէր Հիսուս ամեն կերպ աշակերտներին զգուշացնում է որ հեռու մնան նրանց ծածուկ կեղծիքից և ցուցադրական բարեպաշտությունից: Դարերի ընթացքում այն հոգևորականները, որոնք հասկացել են փարիսեցու թթխմորի առակի իմաստն ամբողջությամբ, նրանք զերծ են մնացել այս խմորից: Սրբերի վարքի մեջ կարդում ենք, որ Պոլսի առաջի պատրիարքը, ընտրվելուց հետո իր աչքի առջև ունենալով կրոնական հպարտության վտանգը, իր մոտ է հրավիրում երկու դագաղագործի, և պատվիրում է նրանց շատ դանդաղ սկսել իր դագաղի պատրաստումը: Նաև պատվիրում է նրանց, որ ամեն մեծ տոնին գան և իրեն բարձրաձայն հայտնեն, որ իր դագաղի պատրաստումը ուժի մեջ է և շուտով կավարտեն աշխատանքները: Որպեսզի իր մահկանացու լինելը միշտ հիշի, որևէ առիթ չունենա մարդկանց առջև մեծամտանալու: Սիրելիներ, ըստ Տիրոջ խոսքի, չկա ծածուկ բան որ չհայտնվի և գաղտնի բան, որ չիմացվի, հետևաբար, մեր գաղտնիքները Տիրոջ երկրորդ գալուստին՝ տիեզերական հրապարակում հայտնի դառնալուց, թող դրանք լինեն մեր բարի գործերը, որոնք գաղտնի ենք արել:Իսկ մեր հավատքը երբեք ծածուկ չպահենք, որպեսզի Տիրոջ անունը փառավորվի ամեն տեղ՝ մեր շրթներից ու մեր գործերից:
Ավարտենք այստեղ մեր սերտողությունը՝ վաղը հանդիպելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի գնահատենք Աստծու հոգատարությունը և նախախնամությունը մեր հանդեպ: