ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 12:13-21
ԱՆՄԻՏ ՀԱՐՈՒՍՏԻՆ ԱՌԱԿԸ
13 Ժողովուրդին մէջէն մէկը ըսաւ անոր. «Վա՛րդապետ, ըսէ եղբօրս, որ մեզի ինկած ժառանգութիւնը ինծի հետ բաժնէ»։ 14 Ան ալ ըսաւ անոր. «Մա՛րդ, ո՞վ զիս ձեր վրայ դատաւոր կամ բաժին ընող դրաւ»։ 15 Եւ աւելցուց. «Նայեցէ՛ք եւ զգուշացէ՛ք ագահութենէ. վասն զի մարդուս ստացուածքներուն աւելնալէն կախուած չէ իր կեանքը»։
16 Առակ մըն ալ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Հարուստ մարդու մը արտերը առատ բերքեր տուին։ 17 Ան կը մտածէր ինքնիրեն ու կ՚ըսէր. ‘Ի՞նչ ընեմ, վասն զի տեղ չունիմ, ուր իմ բերքերս ժողվեմ’։ Եւ ըսաւ. 18 ‘Իմ ամբարներս քակեմ ա՛լ աւելի մեծը շինեմ եւ հոն ժողվեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս’. 19 Եւ իմ անձիս ըսեմ. ‘Ո՛վ անձս, շատ բարիքներ ունիս շատ տարիներու համար ժողվուած. հանգչէ՛, կե՛ր, խմէ՛ եւ ուրախ եղի՛ր’։ 20 Բայց Աստուած ըսաւ անոր. ‘Անմի՛տ, այս գիշեր հոգիդ քեզմէ պիտի պահանջուի. ուստի այն քու պատրաստած բաներդ որո՞ւ պիտի ըլլան’։ 21 Այսպէս է անիկա, որ իր անձին համար գանձ կը դիզէ, բայց Աստուծոյ չի հարստանար»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Նախորդ սերտողության մեջ Հիսուս Քրիստոս աշակերտներին Ավետարանը քարոզելու գլխավոր պայմանները, զգուշացրեց վտանգավոր մեղքերից, խոստացավ ճշմարիտ դավանության դեպքում փոխադարձել հավատարմությամբ: Գլխավորը աշակերտներին գոտեպնդեց, ոչնչից չվախենալ, քանի որ այդ պայմանները պահելու պարագայում Սուրբ հոգին նրանց հետ կլինի և կառաջնորդի առաքյալներին: Հիսուս Քրիստոս իր առաքյալներին և համայն մարդկությանը հրավիրում է կատարելության, և սրբության՝ առանց կեղծիքի և հատկապես առանց ծայրահեղության; Արդարությունը ոչ մի աղերս չունի կեղծիքի հետ: Դրա համար Քրիստոսին հետևող ամեն մարդու արդարությունը պետք է առավել լինի փարիսեցու արդարությունից, որը հիմնված է կեղծիքի վրա: Օրինակ՝ Մարդ արարածին աչքերը տրված է տեսնելու համար:Աչքը կորող է տեսնել Աստծու արարչագործության ամեն գեղեցկություն: Նույն աչքը կարող է տեսնել ուրիշի գեղեցիկ կնոջը կամ ամուսնուն:Որոշում կայացնելը միայն ենթակային է վերապահված, թե որի՞ համար օգտագործի այս աստվածային հատկությունը, որը տրված է աչքին: Տեսնել գեղեցիկը և փառաբանել Աստծուն, թե՞ գայթակղվել աչքի տեսածով և ընկնել մեղքի մեջ: Տէր Հիսուս երբեմն կտրուկ շեշտադրում է անում որոշ պատվիրաններում, օրինակ ասում է,- եթե քո աչքը քեզ գայթակղում է, հանի և դեն նետիր: Կտրուկ շեշտը նրա համար չէ, որ հնազանդվենք Աստծու խոսքին և մեր աչքը հեռացնենք, այլ մեր մտքում առաջացած մեղքին ընթացք չտալ՝ ի մտի ունենալով Աստծու պատվիրանը: Այստեղ է, որ մեր որոշումից է կախված, թե մեր արդարությունը արդյոք ավելին կլինի՞ փարիսեցու արդարությունից, թե մենք էլ կասենք մի՛ բան, կանենք մի՛ բան: Մեր մտահորիզոնում անվերջ պետք է լինի այն գաղափարը, որ վաղը ավելի՛ն պետք է լինենք, քա՛ն այսօր:
Ժողովրդի բազմությունը հրապուրված էր Հիսուս Քրիստոսի խոսքի պարզության, օգտակարության և հասանելիության իրականությամբ: Բազմության միջից մեկը համարձակությամբ որոշեց իր խիստ անձնական հարցը ուղղել Տէր Հիսուսին, քանի որ Նրա խոսքի մեջ զգաց սրտացավություն մարդկանց կյանքի բարելավման վերաբերյալ: Հարցը իր և իր եղբոր միջև ծագած ժառանգության բաժանման մասին էր: Նմանատիպ հարցերը ժողովուրդը ուղղում էր օրենսգետներին, իսկ օրենսգետները ընտրում էին համապատասխան մի օրենք և պարտադրում էին ենթարկվել այդ օրենքին: Օրենքն էր իշխում մարդկանց հարաբերությունների վրա, այս պարագայում՝ նաև եղբայրների: Բայց այդ անձը որոշեց, որ իր հարցը Վարդապետը ավելի արդարությամբ կլուծի: Նրա հարցին որպես պատասխան, Տէր Հիսուս ասաց, որ ինքը չի եկել դատավոր լինելու նյութական արժեքների բաժանման հարցով զբաղվելու: Քանի որ նմանատիպ հարցեր շատ էր առաջանում հասարակության մեջ, Վարդապետը որոշեց առակով լուծել այդ հարցը, որ նաև հասկանալի լինի բոլոր ներկաների համար: Պատմեց նրանց մեծահարուստ մարդու մասին այն առակը, որի հերոսի միակ նպատակն ու ուրախությունը իր հարստությունն էր, և միակ հոգսը՝ այդ տարվա առատ բերքը տեղավորելը, որովհետև դա իր աշխատանքի վաստակն էր և ինքը պետք է ուտեր, խմեր և ուրախ լիներ: Հարուստ մարդը անշուշտ նկատի չէր ունեցել Աստծուն իր անձնական հաշիվների մեջ, ինչպես նաև Աստծու կամքը՝ իր ուրախ օրերի համար: Թվում է, թե առակի մեջ վատ բան չկա: Մարդը աշխատել է, ջանք է թափել, առատ բերք է ստացել, ինչո՞ւ պետք է չուրախանա իր առատ բերքով:
Հանկարծ Աստված այդ հարուստ մարդուն ասում է,- Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու: Հարց, որը հարուստին կանգնեցրեց փակուղու առջև: Ինչո՞ւ: Որտե՞ղ է սխալը:
Այդ մարդը, որ հարց էր տվել Հիսուսին, լսեց առակը և հավանաբար հասկացավ առակի իմաստը: Այդքան կարևոր խոսքեր լսեց Վարդապետից, բայց որոշեց, որ նյութականին վերաբերող հարց տա, որը կարելի էր առանց Վարդապետի էլ համերաշխությամբ կիսել եղբոր հետ: Տէր Հիսուս առակով կամեցավ ասել, որ մինչև հոգևոր առաքինություններով օժտված չլինեք, չեք կարող նյութական առաքինությունների մեջ գլուխ հանել: Ներկա բազմության համար էլ դաս էր այս առակը, որ հոգ մի տարեք նյութական հարստության համար, եթե նույնիսկ ձեր եղբայրը պահանջում է, տվեք իրեն առանց երկմտելու, որովհետև ձեր հոգին առավել է քան այդ նյութականը, որը դեր չի կարող խաղալ ձեր փրկության հարցում:
Սաղմոսն ասում է,- Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից,Նրա սերունդը հզօր կը լինի երկրի վրայ, փառք եւ հարստութիւն կը լինի նրա տան մէջ, նրա արդարութիւնը կը մնայ յաւիտեանս յաւիտենից։ Իսկ հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են, ձեռքի գործն են մարդկանց որդիների։ Բերան ունեն՝ բայց չեն խօսում, աչքեր ունեն՝ բայց չեն տեսնում։Նրանց նման կը լինեն դրանք ստեղծողները եւ բոլոր նրանք, որ իրենց յոյսը դնում են դրանց վրայ։ Սաղմ.113 Սովորաբար հարուստ մարդիկ վախենում են իրենց կյանքերի համար, և որպես օրենք ձգտում են երկար ապրել: Քամի որ նախ՝ անհանգիստ են իրենց հարստության համար, և երկրորդ կամենում են վայելել իրենց կուտակածը մինչև վերջ: Բայց չեն լսում Աստծու ձայնը, որ հարց տվեց մեծահարուստին, թե այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են... Հարստությունը երբեք չի երկարացնում կյանքը, ուղղակի հարստություն սիրող մարդը իր կյանքը վատնում է կորստաբեր կուտակումի վրա:
Հիմա անդրադառնանք հարուստ մարդու այն խոսքին, որ ասաց,- Ի՞նչ պետք է անեմ, քանի որ բերքը առատ է, կուտակելու տեղ չկա: Իսկ մեկ այլ վայրում մի աղքատ նույն հարցն է տալիս իրեն ամեն օր մուրալուց առաջ, թե՝ Ինչ պետք է անեմ այսօր, քաղցս հագեցնելու համար: Հարուստը ամբողջ ընթացքում երբեք չմտածեց, որ առատ բերքի համար արևը իր ջերմությունը տվեց, ջուրը կյանք պարգևեց իր բերքին, հողը պարարտ դարձավ մի նպատակով, որպեսզի այդ աղքատը հաց ունենա և գոհանա Աստծուց իր ունեցածի համար: Հարուստը և աղքատը միևնույն հարցն են տալիս, թե ի՞նչ անեմ: Երկուսի հարցն էլ լսում է Աստված:
Իսկ եթե հաջորդ տարի բերքը ավելի առատ լինի, միթե նորից պիտի քանդի իր կառուցած շտեմարանները և ավելի մեծը կառուցի: Այո, Ագահ մարդը այդպես է վարվում, որովհետև չգիտե, որ իր անձի համար գանձ հավաքողը Աստծով հարուստ չէ: Աստված ասում է, որպեսզի ամեն տարի չքանդես քո կառուցած շտեմարանները՝ մեծացնելու նպատակով, այդ շտեմարանները կառուցիր երկնքում, որտեղ ավելի ապահով է և ավելի մեծ է: Աստված անմիտ անվանեց հարուստ մարդուն, որը չէր պատրաստվում կիսել իր ունեցածը աղքատների հետ: Իսկ մեր օրերում հարգանքի ու պատվի է արժանանում մեծահարուստը՝ որն անտեսում է իր հարևանությամբ ապրող աղքատին: Այսպիսիք չգիտեն, որ Տիրոջ հրեշտակը պահանջելու է իրենց հոգին՝ առանց իրենց կամքը հարցնելու: Արդարը իր հոգին կամավոր է հանձնում Աստծուն, քանի որ գիտե, որ հոգին է առավել, քան որևէ հարստություն: իսկ եթե հարուստը հավաքեր աղքատների համար և Աստծու համար, Նրա հոգին Աստծու ձեռքում կլիներ՝ որպես աստվածավախի:
Մենք տասնյակ դեպքեր գիտենք, որ մարդը կուտակել է հարստություն՝ զրկելով իրենց այս կյանքում, ապա մահից հետո նրա ունեցածը բաժի է դարձել երբեմն՝ բարեկամներին, երբեմն էլ օտար մարդկանց: Իսկ մարդը ոչ հոգին կարողացավ փրկել, ոչ էլ հարստությունը: Եթե մարդը ձգտում է հարստության, ապս դա թող լինի միայն Աստծով հարստություն: Մի գեղեցիկ իրական պատմություն կա, որը պատահել է չորրորդ դարում՝ Եվդոքսիա կայսրուհու օրոք, երբ Կ.Պոլսի պատրիարք էր Հովհան Ոսկեբերան հայրապետը: Քաղաքի մեծահարուստին իր մոտ է կանչում կայսրուհին և հրահանգում է, որ մեծահարուստը իր ունեցվածքից մի հսկայական գումար փոխ տա պետությանը: Ընդ որում կայսրուհու պահանջած գումարը կազմում էր այդ մեծահարուստի ողջ ունեցվածքը: Ժամանակ է տալիս հարուստին և ասում,- մտածիր, և վաղը գումարը բեր: Այս մարդը խուճապի մատնված մտահոգվում է, քանի որ գիտեր, որ իր գումարը այլևս իրեն հետ չի վերադառնա: Շտապում է Հովհան Ոսկեբերանի մոտ՝ խորհուրդ հարցնելու: Իմաստուն հայրապետը խորհուրդ է տալիս մեծահարուստին՝ որ վաղ առավոտից միասին այդ գումարը բաժանեն քաղաքի բոլոր աղքատներին, քանի որ պետությանը տալու դեպքում այլևս հետ չի ստանալու, իսկ աղքատներին բաժանելու դեպքում իր հարստությունը կկուտակվի երկնքում, որտեղ ոչ ոք իրենից չի խլի: Թեպետ շատ են խրատական պատմություններն այս մասին, թեպետ անթիվ են ավետարանական ուսուցումները հարստության և աղքատության մասին, սակայն շատ են նաև մեծահարուստները, որոնք չգիտեն այս առակը՝ որ իրենց է վերաբերում: Սիրելիներ, այստեղ ավարտենք այսօրվա մեր սերտողությունը հարստության մասին և հիշենք նույն Հովհան Ոսկեբերանի լավագույն հորդորներից մեկը՝ հարստության մասին; ,,Տեսնու՞մ եք մարդկային գործերի ոչնչությունը: Տես-նու՞մ եք իշխանության թուլությունը: Տեսնու՞մ եք հարստությունը, որին ես մշտապես փախստական եմ համարել, ոչ միայն փախստական է, այլև` մարդասպան: Չէ՞ որ այն ոչ միայն լքում է տիրոջը, այլև սպանում նրան: Երբ ինչ- որ մեկը հոգ է տանում նրա մասին, հենց այդ ժամանակ դավադրաբար դավաճանում է: Ինչու՞ ես այդքան հոգ տանում հարստության մասին, երբ այն երբեք հնարավոր չէ պահպանել: Ցանկանու՞մ ես պահպանել այն: Ուրեմն` մի թաքցրու, այլ բաժանիր աղքատներին: Հարստությունը վայրի գազան է. եթե այն փորձում են պահել` փախչում է, եթե հալածում են` մնում է: Մսխիր հարստությունը, որպեսզի մնա, հողում մի թաղիր, որ չփախչի: Որտե՞ղ է հարստությունը: Մեծ հաճույքով կհարցնեի մեռյալներին` որտե՞ղ է հարստությունը: Սա որպես հան- դիմանություն չեմ ասում, ո՛չ, և ոչ էլ այն բանի համար, որ բորբոքեմ վերքերը, այլ այն պատճառով, որպեսզի ու- րիշների կործանումից ձեզ համար խաղաղ հանգրվան պատրաստեմ,,:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև՝ հավատո՛վ արդարացած խաղաղություն և հույսո՛վ արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մենք էլ հարստությանը նայենք որպես մի փախստականի, և մեր հարստությունը թող լինի միայն Աստված: