ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6:17- 26
ՅԻՍՈՒՍ Կ՚ՈՒՍՈՒՑԱՆԷ, ԿԸ ԲԺՇԿԷ
17 Անոնց հետ իջնելով՝ տափարակ տեղ մը կայնեցաւ, նաեւ իր աշակերտներուն ժողովը՝ ու մեծ բազմութիւն մը ժողովուրդներու՝ բոլոր Հրէաստանէն ու Երուսաղէմէն եւ Տիւրոսի ու Սիդոնի ծովեզերքէն. 18 Որոնք եկան անոր խօսքերը մտիկ ընելու ու իրենց հիւանդութիւններէն բժշկուելու եւ պիղծ ոգիներէն նեղութիւն կրողներն ալ եկան ու բժշկուեցան։ 19 Եւ բոլոր ժողովուրդը կ՚ուզէր իրեն դպչիլ, վասն զի զօրութիւն կ՚ելլէր իրմէ ու ամէնքը կը բժշկէր։
ԵՐՋԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՏԽՐՈՒԹԻՒՆ
20 Ինք իր աչքերը դէպի իր աշակերտները վերցուց ու ըսաւ. «Երանի՜ ձեզի աղքատներուդ, վասն զի ձերն է Աստուծոյ թագաւորութիւնը։ 21 Երանի՜ ձեզի որ հիմա անօթի էք, վասն զի պիտի կշտանաք։ Երանի՜ ձեզի որ հիմա կու լաք, վասն զի պիտի խնդաք։ 22 Երանի՜ ձեզի՝ երբ մարդիկ ձեզ ատեն ու երբ ձեզ իրենց ընկերութենէն մերժեն ու նախատեն եւ ձեր վրայով գէշ անուն հանեն Որդի մարդոյ պատճառով»։
23 «Ուրախ եղէք դուք այն օրը ու ցնծացէք, քանզի ձեր վարձքը շատ է երկինքը. վասն զի իրենց հայրերը այդպէս կ՚ընէին մարգարէներուն։ 24 Բայց վա՜յ ձեզի հարուստներուդ, վասն զի ձեր մխիթարութիւնը առած էք։ 25 Վա՜յ ձեզի որ կուշտ էք, վասն զի պիտի անօթենաք. վա՜յ ձեզի որ հիմա կը ծիծաղիք, վասն զի սուգ պիտի ընէք ու լաք։ 26 Վա՜յ ձեզի երբ մարդիկ ձեր վրայով աղէկ խօսին, վասն զի իրենց հայրերը այդպէս կ՚ընէին սուտ մարգարէներուն»։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ, մենք երեկվա սերտողությամբ տեղեկացանք Տէր Հիսուս Քրիստոսի երկարատև աղոթքի արդյունքում աշակերտների ընտրության իրողությանը: Իսկ թե ինչու տասներկու թիվը ընտրվեց աշակերտների ընտրության համար, այս թիվը կապված է Իսրայելի տասներկու ցեղերի թվի հետ, որոնք Հայր Հակոբի զավակներն էին: Ո՛չ թե աշակերտները այդ ցեղերից էին սերում, այլ տասներկու թիվը էր խորհրդանշական; Նախորդ սերտողության ժամանակ ձեզ տեղեկացրի, որ ինքնակոչ կրոնական շարժումների բազմազանություն է եղել Քրիստոսի ժամանակ, և այդ շարժումների առաջնորդները նույնպես իրենց համար ընտրում էին տասներկու աշակերտ, նույնպես սովորեցնում էին երեք տարի, և ավարտին երկու- երկու ուղարկում էին քարոզելու: Այս սովորությունը կարծես պահպանվել է միայն եհովայի վկաներ կազմակերպության ներսում: Սակայն ինչպես տեսնում ենք, տասներկու առաքյալներից բացի, որոնց Քրիստոս ընտրեց և անվանեց առաքյալներ, այլևս չեղան հետագայում, որ դարձյալ այսպես 12 թվով աշակերտներ պատրաստվեր: Առանձին աշակերտներ եղան, որոնցից մեկը՝ Մադաթիան, որը փոխարինեց Հուդային, մյուսը Պողոս առաքյալը եղավ և այլն:
Տէր Հիսուս իր հետ վերցնելով նորընտիր աշակերտներին, որոնց արժանացրեց լինել Իր խորհրդակիցները, իջավ մի տափարակ տեղ, որտեղ հավաքված բազմությունը նույնպես եկել էր լսելու և բժշկություն ստանալու համար: Ղուկաս ավետարանչի մասնագիտական աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ այդ հավաքի մեջ բժշկվել են նաև պիղծ ոգիներից տառապող մարդիկ: Շատերն են կամեցել միայն դիպչել Նրան և բժշկվել, քանի որ Նրանից մեծ զորություն էր դուրս գալիս: Աղոթքով ընտրված աշակերտների համար Տէր Հիսուս արդեն պետք է խոսեր կյանքի բարոյական օրենքներից, առանց որոնց անկարելի է հասնել որևէ առաքինության: Կտրել էր աշակերտներին իրենց բուն մասնագիտություններից, և կարծես թե կամենում էր փոխել նրանց աշխարհայացքը, լայնացնել նրանց մտահորիզոնը, որպեսզի ավելի խորը մտածել սովորեն: Այսինքն չդադարել մտածելուց և հարցեր տալուց և բոլոր հարցերի պատասխանը գտնելուց:
Հիսուս դարձյալ շրջապատված էր բժշկվելու կամ պարզապես Նրա խոսքերը լսելու համար տարբեր վայրերից եկած մեծաքանակ ժողովրդով։ Այստեղ մի տափարակ տեղ նստում է, և Նրա աշակերտները մոտենում ու շրջապատում են Նրան։ Հիսուսը նայում է Իր աշակերտներին, ապա բազմաքանակ ժողովրդին, որ հավաքվել էր Իր շուրջ, և սկսում է ուսուցանել։ Այստեղ արտասանված Նրա խոսքերը հայտնի են «Լեռան քարոզ» անունով, որտեղ Մատթևոս ավետարանիչը ,,Երանիները,, ներկայացրել է ամբողջությամբ, իսկ Ղուկաս ավետարանիչը Երանիները բաժանել է երկու մասի և վեցերորդ գլխում ներկայացնում է չորս երանիներ և չորս վայեր:
Այդպես էլ վերնագրել է այդ հատվածը՝ ,,Երանիներ և վայեր,,: Երանիների բացատրությունը շատ ծավալուն թեմա է, որի մասին մեկ եթերով անկարելի է խոսել, բայց կարելի է ամփոփ տալ ընդհանուր պատկերացում պահանջի մասին: Երանիների մասին խոսելով Տէր Հիսուս բացատրում է, որ այս կյանքում կարելի է ունենալ երանելի վիճակ՝ եթե ականջալուր լինեք Աստծու խոսքին:
Այստեղ է Նա սովորեցրել համարյա բոլոր կարևոր առաքինությունները, որոնք անհրաժեշտ են քրիստոնյային՝ Աստծուն հաճելի կերպով ապրելու համար։
Տեր Հիսուսն այս կամ այն անձին երանի է տալիս, և այս մասի նախադասություններից յուրաքանչյուրը սկսվում է «երանի» բառով։ Սովորաբար այդ նախադասություններից յուրաքանչյուրը հենց այդպես էլ կոչվում է` «երանի»։ Երանիները և վայերը կարդացի ձեզ համար, սակայն հազիվ թե գտնվի մի քրիստոնյա, որ լսած չլինի այս երանիների, կամ վայերի մասին, այնքան որ տարածված գեղեցիկ համեմատություններ են;
Ամեն բարի գործի դիմաց մարդ Աստծուց վարձ է ստանում. այդ վարձը դրամ չէ, և ո՛չ էլ որևէ այլ նյութական բան։ Այդ վարձն Աստծո օրհնությունն է։ Երբ Տէր Հիսուս ինչ-որ մեկին երանի է տալիս, ապա դրանով Նա օրհնում է նրան, կամենում ասել, որ այդ մարդն օրհնության է արժանի։ Իսկ Աստծո օրհնությունը մարդուն պարգևում է խաղաղություն, ուրախություն և երջանկություն։ Առանց Աստծո օրհնության մարդը չի կարող լինել երջանիկ։ «Օրհնել» նշանակում է բարիք մաղթել։ Եթե բարիքը մաղթում է Աստված, ապա Նա նաև տալիս է այն, քանի որ աշխարհում և ամբողջ տիեզերքում հնարավոր չէ գտնել այնպիսի բարիք, որն Աստված չունենա և չկարողանա տալ։ Բոլոր բարիքների Տերն էլ Աստված է և տալիս է դրանք, ո՛ւմ կամենում է։
Երբ մարդը տկար է, Աստծուց ուժ է ստանում, երբ տխուր է, Աստված նրան ուրախություն է պարգևում, երբ գտնվում է հուսահատ վիճակում, Աստված նրան հանում է այդ վիճակից, հույսի դուռ բացում, երբ ուտելու հաց չունի կամ ցրտից պաշտպանվելու համար հագուստ, Աստված նրան տալիս է այն ամենն, ինչի կարիքը նա ունի, երբ մարդ Աստծուն հաճելի ու բարի գործ է անում, Աստված նրան հաջողություն է պարգևում։
Ահա սրանք բոլորն Աստծո բարիքներն են։
Տեր Հիսուս Քրիստոս երանի է տալիս հոգով աղքատին, խոստանալով տալ նրանց երկնքի արքայություն: Առաջին երանին վերաբերում է հոգով աղքատներին։ Հոգով աղքատը խոնարհն է։ Խոնարհությունն այնքան մեծ առաքինություն է, որ ովքեր այն ունենում են, նմանվում են հենց Քրիստոսին։ Ավետարանում մի ուրիշ տեղ Քրիստոսն ասում է. «Սովորե՛ք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ»։ Աստված ամեն մարդու չէ՛, որ օրհնում է և բարիքներ պարգևում։ Եթե մեկն Աստծուն ո՛չ հաճելի արարք թույլ տա, Աստված ինչպե՞ս կօրհնի նրան։ Իսկ խոնարհությունն այնպիսի առաքինություն է, որ առանց նրա մարդ ինչ բարի գործ էլ կատարի, չի կարող Աստծուն հաճելի լինել։ Եթե, օրինակ, մի բարի գործ է անում և պարծենում է կամ իր սրտում հպարտանում, Աստված համարում է, թե նա ո՛չ մի բարի բան էլ չի արել։ Իսկ երբ մարդ բարի գործ է անում և հասկանում է, որ առանց Աստծո օգնության ինքն այդ գործն անել չէր կարող, սա խոնարհություն է, և Աստված էլ հենց այս մարդու արած բարի գործն է հավանում և գործողին օրհնում։ Իսկ ինչո՞ւ է խոնարհը կոչվում «հոգով աղքատ»։ Որովհետև նրա հոգին չունի չարություններ ու թերություններ, շատ աղքատ է չարությամբ և հարուստ է բարությամբ։ Հոգով աղքատը նա է, որը բարձրությունից իրեն խոնարհեցնում է, և սպասավորի կերպարանք է ստանում, ինչպես որ վարվեց Հիսուս Քրիստոս: Ո՛չ թե նա, որը սպասավոր հրեշտակ ստեղծված լինելով հանդերձ, ապստամբեց և Արարչի կերպարանք ստանալ կամեցավ; Դրա համար էլ հոգով աղքատը ստանում է թանկ պարգև՝ Աստծու Արքայությունը: Հոգով աղքատ լինելու երանիին զուգահեռ ավետարանիչը ներկայացրել է համապատասխան վայը,- Բայց վա՛յ հարուստներիդ, որովհետև դուք ձեր մխիթարությունը ստացել եք: Եթե հոգով աղքատները իրենց գանձերը միայն երկնքում են դիզում, ապա այս տեսակ հարուստները իրենց գանձերը դիզում են միայն երկրի վրա: Անշուշտ այս խոսքը վերաբերում է այն հարուստներին, որոնք մտածում են միայն դիզելու և կուտակելու մասին;
Երկրորդ երանին նրանցն, որոնք քաղցը և ծարավն ունեն արդարության,որովհետև նրանք պիտի հագենան: Կենդանի մարմիններում քաղց և ծարավ է զգացվում այն ժամանակ, երբ կերակրի կամ հեղուկ
ըմպելիքի պակաս է լինում: Եվ երբ այսպիսի պակասություն է լինում, ցանկանում են կերակրով և ըմպելիքով լրացնել առաջացած պակասությունը: Սակայն Աստծու Միածին Որդին այս քաղցածներին չէ, որ երանի տվեց, այլ նրանց, ովքեր տենչում են արդարության հասնել և այդ կերակրով են ցանկանում մշտապես կերակրվել: Այսպիսիները իրավամբ երանելի են, քանի որ թողած մարմնական կերակուրների ցանկությունը՝ բաղձում են արդարության՝ ճշմարիտ կերակուրին, ուստի և պիտի կերակրվեն բոլորին Կերակրողից, քանի որ գիտեն Ումից անմիջապես խնդրել կերակուր: Սրանք չեն լսի այն խոսքը, թե խնդրո՛ւմ եք և չեք ստանում,
որովհետև չարաչար եք խնդրում: Հակ.4: 3): Սակայն այս խոսքը լսելու են նրանք, ովքեր խնդրում են մարդկային կերակուր և նույնպիսի երկրային փառք: Այս երկրորդ երանիի հակառակ վայը սա է,- Բայց վայ ձեզ, որ այժմ հագեցած եք, որովհետև քաղցած պիտի մնաք: Այստեղ կարելի է հիշել աղքատ Ղազարոսի և մեծահարուստի կարգավիճակները, որտեղ մեծահարուստ ծարավ էր և ջուր չուներ խմելու, իսկ Ղազարոսը Աբրահամի մոտ էր:
Երրորդ երանին սգավորն է և նրա հակառակ վայը սա է.-Վա՛յ ձեզ որ այժմ ծիծաղում եք, որովհետև պիտի սգաք ու պիտի լաք: Խոնարհին երանության արժանացնելուց հետո Տեր Հիսուսը երանի է տալիս սգավորներին։ «Սգավոր» նշանակում է սգացող, լաց լինող։ Սովորաբար շատ մեծ դժբախտություն, վիշտ ու կորուստ ունեցողներն են սգավոր լինում։ Օրինակ` սիրելիին կորցրածները սգավոր են. նրանք չեն կարողանում հաշտվել իրենց կորստի հետ և մխիթարվել։ Անտուն, փողոցները շպրտված մարդն իր տունն ու
բարեկեցությունը կորցրած լինելու և շատ նեղություններ կրելու պատճառով սգավոր է։ Սակայն Տեր Հիսուսն այսպիսի սգավորների՛ն չէ, որ երանի է տալիս։ Սգավոր են դառնում, և շատ մեծ տրտմությամբ են համակվում նաև այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան չափազանց կամենում են ունենալ, սակայն չունեն։ Նրանք մտածում են, որ իրենց կյանքն առանց այդ ցանկալի բանի իմաստ չունի։ Եթե մարդիկ ցանկանում են այնպիսի բան, որը երկրային է, այսինքն` հատուկ է միայն այս երկրին, երկնքի և Աստծո հետ ոչ մի կապ չունի, ապա անիմաստ և նույնիսկ շատ վտանգավոր կարող են լինել այսպիսի տրտմությունն ու սուգը։ Այսպիսի սգավորներին Աստված ո՛չ միայն չի կարող երանի տալ, այլև փափագում է, որ նրանք արագ ազատվեն իրենց սուգից։ Օրինակ` եթե մեկն անչափ շատ հարստություն է ցանկանում ունենալ կամ բարձր պաշտոններ, սակայն չի կարողանում դրանք ձեռք բերել և այդ պատճառով չափազանց տրտմում է, իրեն դժբախտ զգում, նա սրանով մի անմիտ սգավոր է դառնում, և Աստված այսպիսի սգավորին չի կարող հավանել։ Սակայն եթե մարդ սգավոր է դառնում, տրտմում, որովհետև երկնայինն է ցանկանում, այսինքն` այն ամենը, որ բարի է, առաքինի, Աստծուն հաճելի, սակայն այդ ամենն ինքը չունի, այլ հակառակը` ունի մեղքեր, վատ հատկություններ, թույլ է տվել անմարդկային տգեղ արարքներ, որոնք իր համար դժբախտություն են, ապա Տեր Հիսուսը երանի է տալիս հենց այսպիսի «դժբախտ» մարդուն, ով գիտակցում է իր դժբախտությունը և տրտմում դրա համար։ Վա՛յը, որ տալիս է Տէր Հիսուս այժմ ծիծաղողներին, վստահ եմ, որ հասկանալի է, թե նրանց մասին չէ, որոնք ուրախ են և ծիծաղում են, այլէ նրանց որոնք և՛ ամբարտավան են, և՛ չեն զգում իրենց ամբարտավանությունը, և ծիծաղում են իրենց կարողության վրա:
Ահա և վերջին՝ չորրորդ երանին և նրա վա՛յը: «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն իմ պատճառով, ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ, ասեն»:
Նաև համապատասխան վայը- Վայ ձեզ, երբ որ բոլոր մարդիկ լավ խոսեն ձեր մասին, որովհետև նրանց հայրերը սուտ մարգարեներին էին այդպես անում:
Երանի է տալիս առաքյալներին այն ժամանակների համար, երբ նրանք պիտի նախատվեն, հալածվեն և ամեն տեսակ չար խոսք լսեն: Սակայն երանելի չէ նա, ով իր անմտության պատճառով է հալածվում, քանի որ շատերը կախարդության համար արտաքսվեցին, նախատվեցին և ամեն տեսակի չար խոսք լսեցին, սակայն արդարության և բարեպաշտության համար չէ, որ հալածվեցին, թեպետև լսեցին ամեն տեսակի չար խոսք, սակայն ճշմարտությամբ և ոչ ստությամբ: Սրանք չեն դառնում երանելի, այլ մանավանդ նախատելի են և արժանապես մերժելի: Իսկ ովքեր Քրիստոսի համար են հալածվում, նախատվում և ամեն տեսակ չար խոսք լսում, նրանք են երանելի: Հալածանք և նախատինք էլ կա, որ պատահում է հիմար մարդկանցից, սակայն սա ճշմարիտ հալածանք չէ, նույնպես՝ չար և սուտ խոսքերի դեպքում: Իսկ վայերի պարագան այն է, երբ կեղծ գովասանքներ են ակնկալում շրջապատից, անհարկի մեծարանքներ են պահանջում իրենց ենթականերից՝ կեղծ հեղինակություն վաստակելու համար, որը ժամանակավոր է և ատելի է Աստու համար:
Չի կարող լինել մի արդար կամ սուրբ մարդ, որ չլինի խոնարհ, հեզ, խաղաղարար, Աստծո սիրո պատճառով սգավոր կամ պատրաստ Աստծո պատվիրանների համար հալածվելու և նույնիսկ մեռնելու։
Նշանակում է` բոլոր երանիներն էլ, եթե ամբողջացնելու լինենք, կարող են մի նախադասությամբ ներկայացվել.«Երանի՜ Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու ամբողջ մտքով սիրողներին, որովհետև նրանցն է Երկնքի արքայությունը»։ Ինչպես որ պահանջում է առաջին և գլխավոր պատվիրանը՝- «Պիտի սիրես քո Տեր Աստծուն ամբողջ սրտովդ, ամբողջ հոգովդ և ամբողջ մտքովդ». սա՛ է մեծ և առաջին պատվիրանը։ Իսկ երկրորդը նման է սրան. «Պիտի սիրես քո ընկերոջն ինչպես ինքդ քեզ»։
Խելացի և շրջահայաց քրիստոնյան կարող է փնտրել, գտնել և հասնել երանիների որևէ աստիճանի և զգալ կյանքի նպատակը և արժեքը: Իսկ ծույլ ու անբան մարդու համար այս կյանքը համակ ունայնություն է, քանի որ ինը անհաղորդ է Աստծու լույսին, ջերմությանը և զեփյուռին: Տէր Հիսուս աշակերտներին այս օրինակները բերելով, ասում էր,- սկսե՛ք ձեզնից, որպեսզի ձեր խոսքը հավաստի լինի լսողի ականջին: Ձեր օրինակը ծառայի այլոց դարձի գալուն, և հոգ մի արեք, եթե ձեր կյանքերը խլեն, ձեր հոգիները ինձնից ոչ ոք չի կարող խլել: Սիրելիներ ավարտենք ավետարանական ամենագեղեցիկ այս հատվածի սերտողությունը և փորձենք ձեռք բերել առաջին երանին, որպեսզի մյուսների ձեռքբերումը հեշտ լինեն: Աստված ամենից շատ սիրում է խոնարհ մարդուն և ամենից շատ պարգևների էլ հենց նրան է արժանացնում։ Խոնարհությունն ամենամեծ առաքինությունն է. միայն խոնարհ մարդը կարող է իսկապես անշահախնդրորեն սիրել։ Անշահախնդրորեն սիրել նշանակում է նախևառաջ դիմացինի շահը փնտրել և ո՛չ թե սեփական, այսինքն` կամենալ, որ նախևառաջ դիմացինի համար լավ լինի, հետո՛ իր, հոգ չէ՛, թե ինքը փոքր-ինչ էլ նեղություն կրի։ Եվ խոնարհ մարդն է միայն, որ կարող է հրաժարվել իր շահից, իր ցանկություններից, եթե դա պահանջվում է մի ուրիշի օգտի համար։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել այնպես, ինչպես ո՛չ թե իրեն է հաճելի, այլ դիմացինին։ Միայն խոնարհ մարդը կարող է սիրել առանց փոխադարձ սիրո ակնկալիքի, այսինքն` նույնիսկ եթե իրեն չեն սիրում, ինքը շարունակում է սիրել, առանց դժգոհելու կամ չարանալու։
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի արժանանաք հասնելու մեր Տիրոջ երանիներին;