ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6:12-16
ՅԻՍՈՒՍ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ Կ՚ԸՆՏՐԷ
12 Յիսուս լեռը ելաւ աղօթք ընելու ու բոլոր գիշերը Աստուծոյ աղօթք ընելով անցուց։ 13 Առտուն կանչեց իր աշակերտները ու անոնցմէ տասներկու հոգի ընտրեց ու զանոնք առաքեալ անուանեց. 14 Սիմոնը՝ որ Պետրոս ալ անուանեց եւ անոր եղբայրը Անդրէասը, Յակոբոսը ու Յովհաննէսը, 15 Փիլիպպոսը, Բարթողիմէոսը, Մատթէոսը եւ Թովմասը, Ալփէոսեան Յակոբոսը եւ Նախանձայոյզ ըսուած Սիմոնը, 16 Յակոբոսին եղբայրը Յուդան եւ Իսկարիովտացի Յուդան, որը մատնիչ եղաւ։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. նախորդ սերտողության միտքը ավարտվեց այնտեղ, որ Տէր Հիսուս բացատրեց մարդկանց, որ մարդու Որդին նա՛և շաբաթ օրվա Տէրն է, և որ շաբաթը մարդու համար է ստեղծված, ո՛չ թե մարդը՝ շաբաթին ենթարկվելու համար: Այսօրվա սերտողության թեման մեզ տանում է մեկ ուրիշ՝ շատ կարևոր իրականություն: Հաճախ ենք հանդիպում ավետարաններում, որ Հիսուս Քրիստոս մեկուսանում է աղոթքի կանգնելու համար, և հիմնականում դա անում է ամայի մի վայրում: Այս անգամ լեռ բարձրացավ աղոթելու համար, և աղոթքի կանգնեց ողջ գիշեր՝ Աստծուն աղոթելով: Իսկ սա նշանակում է, որ աղոթքից հետո շատ կարևոր իրադարձություն է լինելու: Գեթսեմանի պարտեզի օրինակը ունենք, երբ ողջ գիշեր աղոթքի կանգնեց մեր Տէրը՝ այն դառը բաժակի համար, որը պետք է խմեր լուսաբացին: Երբ Հիսուսն աղոթում է, աղոթքով ստանում է այն, ինչ խնդրում է, հնարավոր է նաև, որ առանց աղոթքի Նա չստանար Իր խնդրածը, ապա մեզանից ո՞վ կարող է անտեսել աղոթքը: Մարկոսը ասում է, որ առավոտյան մոտ՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։ Ղուկասը ևս ասում է. «Եվ եղավ, որ Հիսուս մի տեղ աղոթքի էր կանգնած. և երբ վերջացրեց, նրա աշակերտներից մեկն ասաց նրան», իսկ մեկ այլ տեղում շարունակում. «Եվ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով»։
Իսկ Հովհաննեսը, նրա աղոթքը նկարագրելով, ասում է. «Հիսուս, երբ այս բաները խոսեց, աչքերը երկինք բարձրացրեց և ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի» ։ Կրկին Հովհաննեսի մոտ ենք գտնում, թե ինչպես Տերն ասաց. «Ես գիտեմ, որ ամեն ժամ լսում ես Ինձ» (Հովհ.11.42)։ Սա նշանակում է, որ միշտ աղոթելու շնորհիվ Նա մեզ լսում է: Այս բոլոր օրինակները գալիս են մեզ սովորեցնելու, որ կապը մեր երկնավոր Հոր հետ պետք չէ կտրել օրվա ցանկացած պահին: Որովհետև ինչպես տեսանք մեր Տէրը աղոթում էր ինչպե՛ս ծանր օր ունենալուց հետո, այնպես էլ որևէ վճռական որոշում կայացնելուց առաջ: Իսկ հիմա տեսնենք, թե ի՞նչ էր պատրաստվում անել այս գիշերային աղոթքից հետ: Ավետարանիչը հատուկ շեշտով ասում է, որ երբ լույսը բացվեց, կանչեց իր աշակերտներին և ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց: Եթե ընտրեց տասներկուսին, նշանակում է շատերից ընտրեց միայն տասներկուսին: մեզ նաև հայտնի է, որ Վարդապետը ունեցել է 72 աշակերտ, և հավանաբար ընտրել է այդ աշակերտներից՝ տասներկուսին; Աշակերտների անունները քիչ առաջ կարդացի, և վստահ եմ որ հիշում էիք նաև առանց կարդալու, որովհետև նրանցից յուրաքանչյուրի հետ առանձնահատուկ պատմություններ կան, որոնք սերտորեն առնչվում են մեր հավատքի և փորձառության հետ:
Օրինակ Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհ են եկել անձամբ և քրիստոնեության առաջին պտղատու սերմերը իրենց ձեռքով են ցանել մեր հողի մեջ: Մեր Հայրապետական աթոռը զբաղեցնող առաջին գահակալները եղել են այս երկու առաքյալները՝ 43 ից 68 թվականները: Մեր հոգևոր փորձառությունը աճում և զարգանում է նաև մյուս առաքյալների թույլ տված սխալների և բազում առաքինությունների պատճառով: Մեզ հարազատ են նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու գործունեությունը, քանի որ առաքյալները սնվել են անմիջապես մաքուր Ակունքից՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսից: Նույնիսկ Հուդա Իսկարիովտացուց կարելի է դասեր քաղել՝ չհուսահատվելու առումով, մեծագույն մեղքի մեջ ընկնելու պահին:
Հիմա մեզ լիովին հասկանալի է, թե ինչո՞ւ Հիսուս Քրիստոս լեռան վրա աղոթքի կանգնեց ողջ գիշեր: Նա պատրաստում էր աշխարհի փրկության ծրագիրը իրագործողներ, որոնց պետք է կրթեր, դաստիարակեր, զորություն և իշխանություն տար՝ որպեսզի կարողանային ընդունել Սուրբ Հոգին հետագա գործունեության համար: Եթե Քրիստոսի համար այդքան անհրաժեշտ եղավ ընտրությունից առաջ աղոթել ողջ գիշեր, ապա ես պատկերացնում եմ, թե որքան աղոթքի կարիք ունի այսօր Հայ առաքելական եկեղեցին՝ սպասավորներ ընտրելու, կրթելու և դաստիարակելու առումով, որպեսզի ավարտին Սուրբ Հոգին տեղ գտնի նրանց հոգում հանգչելու համար: Սիրելիներ տասներկուսի ընտրությունը Ավետարանի մնացած նյութերից պակաս կարևոր չէ, քանի որ ամեն ինչ սկիզբ է առնում նրանից, թե ո՞վ է Աստծու խոսքը քարոզում մարդկանց, որքանո՞վ է նախանձախնդիր այդ ընտրվածը, այդյո՞ք կանչված է, ինչպես 72 ից 12 կանչվեցին: Փարիսեցիների և օրենքի ուսուցիչներին նույնպես տրված էր Աստծու խոսքի լուսաբանման իրավունքը, բայց մենք տեսանք, թե ի՛նչ արեցին;
Ամեն տարի Երուսաղեմի Ժառանգավորաց Վարժարանի տեսուչը Հայաստանից սաներ է ընտրում Երուսաղեմում սովորելու և կրթվելու համար: Մեր ճեմարանները հայտարարություններ են տալիս սաների ընտրության ընդունելության համար: Եթե ուսուցման հիմքը սխալ դրվի, կրթությունն ու դաստիարակությունը սխալ կգնա, և կունենանք այնպիսի հոգևոր կյանքը ինչպիսին ունենք հիմա՝ մեր օրերում; Ինչպես ասում են՝ թեք սյունը չի կարող շիտակ ստվեր ունենալ: Հոգևոր ոլորտի համար սա գլխավոր պայման հանդիսացող հարցերից մեկն է, որը թերևս լեցուն է բազում թերություններով: Իսկ ի՞նչ վիճակում է քաղաքական դաշտի ընտրությունը, որը ևս պակաս կարևոր չէ ժողովրդի կյանքի բարօրության համար: Մարդը ունի հոգի և մարմին, երկուսնել խնամքի կարիք ունեն հավասարապես: Քաղաքական սխալ ընտրությունների պատճառով մեր հանրությունը այսօր կանգնած է պառակտման եզրին, չասելու համար՝ անդունդի մեջ: Երբ մենք չենք հետևում կատարյալ օրինակին՝ որ Հիսուս Քրիստոսն է, ձախողված են մեր մարմնի և հոգու կարիքները բավարարող կառույցներն ամբողջությամբ: Հիսուս Քրիստոս աշակերտ ընտրելու նախորդ գիշերը մինչև լուսաբաց աղոթեց: Մեր երկրի ընտրությունները սկսվում են անեծքով, ատելությամբ, հայհոյախառն հրապարակումներով, սպանություններով, դավեր նյութելով և այլն: Կգտնվի՞ արդյոք մի միամիտ մարդ, որը իր մտքում կփայփայի այն հույսը, որ ժողովրդասեր վարչապետ է ընտրվելու: Այ՛ո կգտնվի, որովհետև մեր հասարակությունը հոգևոր աչքերով չի նայում հարցերին, այլ որոշում է կայացնում ելնելով անձի հեղինակությունից, ո՛չ թե գործերից:
Երբեմն մարդիկ մտածում են, որ հոգևորը կապ չունի քաղաքականության հետ: Եթե քաղաքական գործիչը հոգևոր գիտակցություն չունենա, քաղաքականության մեջ տապալված մարդ է:
Եթե հոգևոր մարդը քաղաքականությանը նայի մարմնավոր աչքերով, և մարմնավոր մտածումներով, պարտված քաղաքացի է: Ես ձեզ բազում օրինակներ կարող եմ բերել, որպեսզի ասելիքս հասկանալի լինի:
Հերովդես արքան իր թագավորության կեսը խոստացավ պարուհի Հերովդիային, տեսա՛ք, թե վերջը ինչ եղավ: Եթե Հերովդեսը ժամանակին լսած լիներ Հովհաննես Մկրտչին, և հոգևոր գիտակցություն ունենա, նման անմիտ խոստում չէր տա աղջկան և չէր պատահի այն, ի՛նչ պատահեց: Սատանան անապատի փորձության ժամանակ ողջ թագավորությունն ու հարստությունը խոստացավ Հիսուս Քրիստոսին՝ մերժվեց և հեռացավ;
Ինչե՛ր են արվում այսօր թագավորության հասնելու համար: Հովհաննես Մկրտիչը երբեք չմտածեց, որ Հերովդեսը քաղաքական գործիչ է, պետք չէ նրան զգուշացնել: Հովհաննես Մկրտիչը Աստծու նախանձախնդիր ծառան էր, և տեսնում էր որ թագավորի արարքը գայթակղություն է ժողովրդի համար: Նա պաշտպանում էր ժողովրդի հոգևոր շահերը: Այսօր մեր հոգևորականությանը մեղադրում են ո՛չ թե քաղաքական դաշտում հայտնվելու և քաղաքական հարցեր բարձրացնելու համար, այլ այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչի շահերը պաշտպանելու համար: Հոգևորականները գիտեն Աստվածաշունչը, նրանց համար հասկանալի է Աստծու կամքը՝ և քաղաքական դաշտի համար, և հոգևոր դաշտի համար, և՛ ժողովրդի մասնակցություն համար: Հետևաբար հոգևորականները պետք է հավատացյալ ժողովրդին ճիշտ վերլուծելու գաղափարը տան, արժեքները գնահատելու առաջնահերթությունը սովորեցնեն, նրբությունները ցույց տան, որպեսզի ժողովուրդը չսխալվի: Այս դեպքում ո՛չ ոչ իրավունք չի ունենա հոգևորականին մեղադրելու քաղաքական հարցերին խառնվելու համար, այլ՝ հակառակը՝ շնորհակալ կլինեն, որ իրենց ցույց են տալիս ճշմարիտ ճանապարհը՝ Աստծուն ապավինելը և սեփական կյանքին ուշադրություն դարձնելը: Այն, ի՛նչ Աստված է տալիս, որևէ ղեկավար չի կարող տալ ժողովրդին:
Աստված մեկ նախադասությամբ մարդկությանը զգուշացնում է, և ապա տալիս է իր զգուշացման պատասխանը: Ո՞րն է այդ զգուշացումը և ո՞րն է այդ պատասխանը: ,, Առանց Ինձ ո՛չինչ անել չե՛ք կարող,, որովհետև Ես՛ եմ ճանապարհը, ճշմարտությո՛ւնը և կյա՛նքը: Միթե բոլորս կյանքի և ճշմարտության համար չենք պայքարում ողջ կյանքի ընթացքում: Հիսուս Քրիստոս Բժիշկ է, Վարդապետ է, Մարգարե է, Իմաստություն է, Հաց է Երկնքից իջած, Ջուր է, որը խմողը այլևս չի ծարավի: Մարդկության կյանքը կախված է Հիսուս Քրիստոսից և Նրա վարդապետությունը տիրապետելուց, ո՛չ թե որևէ քաղաքական գործչից է կախված մարդու կյանքը: Ահա, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ճիշտ ընտրություն կատարել հոգևոր դաշտում, որպեսզի հոգևորականը Սուրբ Հոգով սովորեցնի երկրի քաղաքացուն, որ Ավետարանի օրինակները գրված են քո հոգու փրկության համար, իսկ դու քո հույսը դրել ես այս կամ քաղաքական ուժի վրա: Նոր դարաշրջանը ո՛չ մի կրոնական և քաղաքական առաջնորդի անվամբ չկոչվեց, այլ՝ Քրիստոսի անունով: Ուրեմն աղբյուրից պետք է օգտվեն և քաղաքական և հոգևոր մարդիկ:
Օրերս մի սոց. հարցում էին անցկացնում մարդկանց շրջանում այսպիսի հարցադրմամբ,- Ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար: Մարդկանց գերակշռող մասը տվեց նույն պատասխանը, թե՝ փող, հարստություն:
Սա ողբերգություն է մի ազգի մեջ: Նույն ազգի մեջ, երբ ուզում են մեկին վիրավորել, նրան անվանում են սորոսական: Չէ՞ այդ Սորոսը շատ հարուստ է: Միթե նա երջանիկ է, երբ մարդիկ վատաբանում են ամենուրեք իր անունը:
Իսկ նրանք, որոնք երջանկությունը հարստության մեջ են տեսնում, թող վստահ լինեն, որ իրենք հարստանալու պարագայում գուցե ավելի վատ ծրագրեր մշակեն ու իրագործեն : Եթե հարստությունը արժեք ունենար, Տէր Հիսուս կասեր,- հարստություն դիզեք երկրի՛ վրա: Բայց Նա ասաց, ձեր հարստությունը դիզեք երկնքո՛ւմ: Կամ մի ուրիշ տեղ էլ ասում է,- ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը կանցնի երկնքի արքայություն: Ո՛ր տեսանկյունից էլ որ նայենք, աշխարհի վախճանը լինելու է Աստծուց հեռանալու պատճառով: Աստված նաև այս մասին է մարգարեացել, մեզնից ծածուկ պահելով աշխարհի վախճանի ստույգ ժամանակացույցը՝ հարգելով մեր ազատ կամքը՝ ինքնուրույն փոխելու մեր աշխարհայացքը, մեր սիրտը, մեր միտքը, և մեր գործերը: Իր ընտրյալ աշակերտներին երեք տարի շարունակ միայն այս բաներն էր սովորեցնում, և պատվիրեց, որ իրենք էլ գնան աշխարհում քարոզեն նույն բաները: Ի՞նչ ենք մենք ուզում այսօր, Լինել առո՞ղջ: Առողջ լինելու համար հավատք է պետք: Եթե բոլորը մոտենում և Հիսուսից բժշկություն էին խնդրում, ապա 12 տարվա արյունահոսող կինը իր մտքում որոշում էր կայացրել, որ միայն Նրա դիպչելը բավական է բուժվելու համար: Ի՞նչ ասաց այդ կնոջը մեր Տէրը, ասաց,- քո հավա՛տը քեզ փրկեց: Ի՞նչ ենք ուզում մենք այսօր: Ուզում ենք, որ մեր երեխան առո՞ղջ լինի: Քանանացի կինն էլ նույնն էր խնդրում Քրիստոսից՝ իր հիվանդ աղջկա համար: Նրան ի՞նչ ասաց: Ասաց,- մե՛ծ է քո հավատը, թող քո հավատի համաձայն լինի քեզ:
Է՞լ ինչ ենք ուզում մենք այսօր: Ուզում ենք, որ մեր հոգևոր աչքերը բացվեն: Երիքովի կույր էլ ուզում էր տեսնել, և նրան արգելում էին, որ աղաղակի: Ի՛նչ ասաց նրան: Ասաց, քո հավատը քեզ փրկեց: Այսօր մեզ էլ են արգելում, որ աղաղակենք Քրիստոսին, որ բացի մեր հոգևոր աչքերը՝ տեսնելու համար իրականությունը:
Մեր աչքերը բաց են, մենք գնում ենք եկեղեցի, բայց մեր հավատքը մեզ չի փրկում, որովհետև մտնում ենք եկեղեցի, մի մոմ ենք վառում, դնում ենք ավազի մեջ ու դուրս ենք գալիս: Աստծուն պե՞տք այդ մոմը: Ո՛չ, պետք չէ: Եթե այն չի ուղեկցվում աղոթքով ու զղջումով: Աստծուն պետք ենք մենք, մեր մեջ եղած լույսը, մեր մեջ ունեցած աղի համը: Սիրելիներ Եվան նույնպես ուներ ընտրելու իրավունք և հնարավորություն՝ մեզ պես: Բայց նա ընտրեց սատանայի առաջարկը, ո՛չ Աստծունը, և տեսանք. թե ի՛նչ եղավ: Հուդան ընտրեց սատանայի առաջարկը, ո՛չ Աստծունը: Տեսանք, թե ի՛նչ եղավ: Քահանայապետները ընտրեցին անեծքը՝ իրենց և իրենց սերունդների վրա, քան մարդու Որդու խոսքը: տեսանք ի՛նչ եղավ: Էլ ինչպիսի օրինակներ են պետք մեզ, որպեսզի մենք մեր ընտրությունը ճիշտ կատարենք երջանիկ ապրելու համար; Երջանիկ ապրելու համար Աստծուց բացի ոչի՛նչ պետք չէ ընտրել: Աստծո՛ւն ընտրեք, իսկ Ինքը ձեզ համար կընտրի և՛ լավ առաքյալներ, և՛ լավ իշխանավորներ:
Սիրելիներ մեր այսօրվա սերտողության թեման շատ կարճ էր, միայն առաքյալների ընտրությունն էր, սակայն այս շիտակ ընտրությունից էր կախված փրկության ծրագրի տարածումը, և շարունակում է մնալ օրհասական հարց՝ նաև մեր օրերում; Ավարտենք մեր սերտողությունը այսօրվա հինգ տողի բացատրությամբ և չափազանց ուշադիր լինենք ցանկացած ընտրության մեջ, հատկապես երջանկություն փնտրելիս:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի ցանկացած ընտրության պահին, մտաբերենք Աստծու խոսքը, որ առանց Իրեն ոչինչ անել չենք կարող;