ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 6:1-11
ՇԱԲԱԹԻՆ ՀԱՐՑԸ
1 Տէր Յիսուս շաբաթ օր մը արտերուն մէջէն կ՚անցնէր։ Իր աշակերտները ցորենի հասկեր փրցնելով՝ ձեռքերնուն մէջ կը շփէին ու կ՚ուտէին։ 2 Փարիսեցիներէն ոմանք ըսին անոնց. «Ի՞նչ կ՚ընէք, չէ՞ որ արգիլուած է գործել շաբաթ օրը»։ 3 Յիսուս պատասխան տալով՝ ըսաւ անոնց. «Չէ՞ք կարդացեր դուք Դաւիթին ըրածը, երբ անօթեցան ինք եւ անոնք որ իրեն հետ էին։ 4 Ի՛նչպէս անիկա Աստուծոյ տունը մտաւ եւ առաջաւորութեան հացերը առաւ ու կերաւ եւ տուաւ անոնց ալ որ իրեն հետ էին. որոնք ուրիշ մարդո՛ւ օրինաւոր չէր ուտել, բայց միայն քահանաներուն»։ 5 Եւ ըսաւ անոնց. «Որդին մարդոյ շաբաթին ալ տէրն է»։
ՉՈՐՑԱԾ ՁԵՌՔՈՎ ՄԱՐԴԸ
6 Ուրիշ շաբաթ օր մըն ալ ինք ժողովարանը մտաւ ու կը սորվեցնէր։ Հոն մարդ մը կար, որուն աջ ձեռքը չորցած էր։ 7 Դպիրներն ու փարիսեցիները անոր կը սպասէին՝ տեսնելու թէ շաբաթ օրը զանիկա պիտի բժշկէ՞, որպէս զի ամբաստանութեան առիթ մը գտնեն անոր դէմ։ 8 Իսկ ինք գիտնալով անոնց խորհուրդները, ըսաւ այն մարդուն, որուն ձեռքը չորցած էր. «Ելի՛ր, մէջտեղը կայնէ»։ Ան ալ ելաւ կայնեցաւ։ 9 Այն ատեն Յիսուս ըսաւ անոնց. «Ձեզի բան մը հարցնեմ. ‘Շաբաթ օրը ո՞րը յարմար է. բարի՞ք թէ չարիք ընելը, հոգի մը ապրեցնե՞լը թէ մեռցնելը’»։ 10 Եւ շուրջանակի ամենուն վրայ նայելով՝ ըսաւ անոր. «Ձեռքդ երկնցուր»։ Ան ալ այնպէս ըրաւ ու անոր ձեռքը ողջնցաւ միւսին պէս։ 11 Անոնք կատաղութեամբ լեցուեցան ու իրարու հետ կը խօսէին թէ՝ ի՞նչ ընեն Յիսուսին։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի է լույսը ամենօրյա, որ բացվում է բոլորիս վրա. շարունակենք նույն լույսով ընթացք տալ մեր առաջիկա օրվան: Ինչպես միշտ միակ ճշմարիտ լույսը մնում է Սուրբ Ավետարանը: Նախորդ սերտողության մեջ Տէր Հիսուս Քրիստոս հայտարարեց, որ ինքը եկել է մեղավորներին ապաշխարության կանչելու, ո՛չ թե արդարների համար: Այս խոսքերը Նա ասաց փարիսեցիներին՝ հասկացնելով, որ եթե դուք ձեզ արդար եք համարում, ես ձեզ համար չե՛մ եկել, այլ եկել եմ նրանց համար, որոնք կարիք ունեն մեղքից ազատվելու, և առողջ ապրելու: Նաև մի ուրիշ ուշագրավ միտք արտահայտեց, երբ իրեն մեղադրեցին աշակերտների ծոմ չպահելու մեջ: Տէր Հիսուս ևս հասկացրեց փարիսեցիներին, որ Պետրոսը և մյուսները դեռ գտնվում են իրենց հին և տկար մարմինների մեջ, եթե ես նրանց ծանրաբեռնեմ ծոմով, նրանք չեն դիմանա և կհեռանան:
Այս խոսքերի մեջ մենք էլ դաս ունենք սովորելու, քանի որ երբեմն փարիսեցիության դրոշը վերցրած՝ նոր եկած մարդկանց հիասթափեցնում ենք եկեղեցուց: Սկսած գլխաշոր կրելուց, վերջացրած ծոմով հաղորդությանը մոտենալուն: Երբ ենթական նոր է մտնում եկեղեցական կյանքի մեջ՝ իր հին բնությամբ, նրան պետք չէ ծանրաբեռնել այնքան ժամանակ, մինչև ինքը ներքուստ ընդունի այդ նոր իրավիճակը;
Մարդը երկար տարիներ սովորել է ապրել անկանոն կյանքով, հանկարծ Աստծու նախախնամությամբ սկսում է իրեն հետաքրքրել եկեղեցական կյանքը, և ներս մտնելով հանդիպում է ,,չի կարելիների,, շարքին:
Կան ոմանք, որոնք հաղթահարում են, և առաջ են գնում, իսկ կան մարդիկ, որոնք չեն դիմանում և հրաժարվում են: Դրա համար այն գեղեցիկ առակը, նոր տիկի մասին, որը նաև մտել է ժողովրդական խոսակցության մեջ, պատմեց ներկաներին, որպեսզի հասկանալի լիներ աշակերտների ծոմ չպահելու պատճառը: Իսկ երբ հին մարդը զգա նոր ուսուցման համը, շուտով կհրաժարվի իր հին մարդու կարգավիճակից: Տէր Հիսուս գիտեր, որ իրեն անվերջ հանդիմանելու են երկրորդական բաների պատճառով, դրա համար արտաքին երևույթներին անդրադառնալիս ցույց էր տալիս խորքը՝ արմատը: Ինչպես նախորդ, այնպես էլ Ղուկասի ավետարանում մենք շատ ականատես կլինենք հանիրավի քննադատությունների, և անհիմն մեղադրանքների, որոնց արժանանում են Քրիստոս և իր աշակերտները՝ օրենքի ուսուցիչների կողմից:
Մենք արդեն գիտենք, որ փարիսեցիները համակ ուշադրությամբ հետևում արտաքին երևույթներին և իրենց գնահատականն էլ տրվում է միայն արտաքինը տեսնելով: Իսկ թե ի՞նչ է բուն նպատակը, կամ շարժառիթը, նրանց չի հետաքրքրում: Սիրելիներ, աշխարհի մեծագույն կեղծիքը այնտեղ է, երբ մենք գնահատական ենք տալիս՝ նայելով արտաքին նշաններին: Շատ հաճախ աղջկան գնահատում են իր արտաքին գեղեցկությամբ, իսկ երիտասարդին գնահատում են իր հարստությամբ և անշարժ գույքով: Ավտոմեքենան ինչքան էլ որ գեղեցիկ լինի, նրա շարժիչը պետք է հզոր լինի: Ջահը ինչքան էլ որ գեղեցիկ լինի, այն պետք է լույս տա: Մարդու շարժիչ ուժը նրա զորավոր հավատքն է: Այսպիսի երկրորդական հարցերի հանդիմանության է արժանանում Տէր Հիսուս, նաև այսօրվա սերտողության մեջ:
Ավետարանիչը հատուկ շեշտում է, որ դեպքը պատահել է շաբաթ օրով, երբ Տէր Հիսուս աշակերտների հետ անցնում էր ցորենի արտերի միջով, և նրա աշակերտները հասկեր էին պոկում և և շփելով իրենց ափերի մեջ, ուտում էին: Այս երևույթը իր անկարևորությամբ ուշադրության արժանի մի բան չէ, բայց քանի որ փարիսեցիները նկատեցին դա և արդեն նշեցինք, որ իրենք հիմնվում են երկրորդական բաների վրա, հանդիմանեցին աշակերտներին, ասելով,- Օրինավոր չէ այդպիսի բան անել շաբաթ օրով: Ինչո՞ւ է ավետարանիչը այս մանրուքը արձանագրել ավետարանում՝ մեզ՝ կարդացողներիս համար:
Որպեսզի մենք էլ կարողանանք արդարացի գնահատական տալ փարիսեցիների վարքին և աշակերտների նպատակին: Բացի նրանից, որ անհեթեթ արարքների համար են նկատողություն անում աշակերտներին, նաև չեն հասկացել երեկվա Քրիստոսի մանրամասն բացատրությունը՝ նոր գինին հին տիկերի մեջ լցնելու առակները: Տէր Հիսուս ստիպված է լինում այս անգամ մեկ այլ օրինակով նրանց հասկացնել եղածի ճշմարտությունը: Դավիթ թագավորը, որին հրեաները ընդունում և սիրում են, արել է նույն բանը, երբ քաղց է զգացել, և կերել այն հացը, որի ուտելու իրավունքը ունեին բացառապես միայն քահանայապետները: Սակայն Դավիթը և՛ կերավ, և՛ տվեց իր հետ եղող մարդկանց: Մի՞թե չեք կարդացել,- զարմացած հարցնում է նրանց Հիսուս Քրիստոս, և ավելացնում, որ մարդու Որդին նա՛և շաբաթ օրվա Տերն է:
Ինչո՞ւ է Հիսուս անվերջ հղում կատարում դեպի Հին Կտակարան, երբ փորձում է որևէ բան բացատրել օրենքի ուսուցիչներին: Որովհետև Հին Կտակարանի գրքերը ոչ միայն պատմում են Մեսիային գալու մասին, այլ նա՛և Նրա գալստյան նպատակի մասին: Իսկ այդ գրքերը անվերջ և շարունակաբար կարդում էին փարիսեցիները՝ երբեմն անգիր սովորելով; Այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա, որը արդարացնում է աշակերտների արարքը: Մովսեսի օրենքի համաձայն սեփականատերերը իրենց բերքը հավաքելու ժամանակ, պետք է թողներին անցորդի բաժին այդ բերքից, կամ կարիքավորի բաժին, որպեսզի իրենցից հետո, երբ մի կարիքավոր գնար արտ, անպայման մի բան գտներ իր տուն տանելու համար: Այսպիսի մի օրինակ էլ կարդում ենք Հռութի գրքում, երբ կարիքավորները Բոոսի արտից հավաքում էին իրենց օրվա ուտելու ցորենը: Այնպես որ աշակերտների արարքը որևէ կերպ ուշադրության արժանի չէր, իրենց քաղցը հագեցնելու համար:
Բայց ցավալի է, որ նույնիսկ մարգարեություններին ծանոթ այրերը չէին լցվում Սուրբ Հոգով ընթերցանության ժամանակ՝ ձևապաշտության պատճառով; Փարիսեցիների այս տեսակը քիչ չեն նաև մեր օրերում, որոնք երբեք նպատակին չեն անդրադառնում, քննադատելիս, այլ հիմնվում են միայն արտաքին դրսևորումների վրա, որպեսզի բավարարեն իրենց խստասրտությունը կամ կեղծ բարեպաշտության փաստը:
Բայց ավետարանիչը նշում է, որ փարիսեցիներից ոմանք մոտեցան և ասացին; Հավանաբար իրենց մեջ էր կային ծայրահեղական մոտեցմամբ կրոնավորներ, որոնք ստվերի պես հետևում էին Հիսուսին և իր աշակերտներին; Սակայն կային փարիսեցիներ, որոնք Հիսուսին հրավիրում էին իրեն ժողովարաններ՝ քարոզելու համար: Այսպիսի մի հրավերի ժամանակ, որը դարձյալ շաբաթ օր էր, և Տէր Հիսուս ժողովարանում ուսուցանում էր, այնտեղ կար մի մարդ, որի աջ ձեռքը չորացած էր: Այս ժողովարանում էլ ծայրահեղական փարիսեցիները սպասում էին, որ Հիսուս շաբաթ օրով կբժշկի նրան, որի ձեռքը չորացած է:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Ղուկասը հատկապես նշել է, որ ա՛ջ ձեռքն է չորացած: Մարդու ձեռքերը բարիք գործելու համար են, իսկ այս մարդը զրկված է աշխատելու հնարավորությունից, և գուցե տեղեկանալով Հիսուսի ուսուցման մասին, եկել էր Նրա լսելու, կամ ո՞վ գիտե, գուցե հրաշք էր սպասում իր մտքում: Հիսուս նկատեց նրան և մեջտեղ կանչեց, որպեսզի նրա օրինակով ևս մեկ անգամ ցույց տա փարիսեցիների առաջնայինի և երկրորդականի տարբերությունը: Մեջտեղ բերելով հիվանդ մարդուն, հարց է ուղղում փարիսեցիներին, ասելով,- Շաբաթ օրը ի՞նչ բան է օրինավոր անել, բարի գո՞րծ անել, թե՞ չար գործ:
Մի հոգի՞ փրկել, թե կորստյան մատնել: Ի՞նչ նկատի ունի այստեղ Տէր Հիսուս՝ բարի կամ չար գործ ասելով: Հուդայականության մեջ չար գործ է համարվում, երբ ենթական խախտում է այս կամ այն պատվիրանը: Քրիստոնեության տեսանկյունից չարը՝ բարու բացակայությունն է: Ո՛չ թե միայն մեղք գործելն է չար, այլ երբ բարիք չես գործում, արդեն չար է: Այսինքն երբ դու կարոս ես բարիք գործել և չես գործում, դա արդեն չար գործ է:
Երբ մարդը անաշխատունակ է դարձել իր ձեռքը վնասվելու պատճառով և չի կարողանում իր ապրուստը վաստակել, կամ մի բարի գործ անել, միթե նշանակություն ունի թե շաբաթվա ո՞ր օրը նա կստանա իր բուժումը: Սա տրամաբանության բոլոր կետերից դուրս մի բան է, որը միայն ծայրահեղական փարիսեցիներին է հասանելի երևի: Զայրացավ Տէր Հիսուս իմանալով նրանց մտքի մեջ եղած մտածումները և ասաց հիվանդին,- ձեռքդ երկարի՛ր: Որովհետև ներկաներից և ոչ մեկը չկարողացավ պատասխան տալ Հիսուսի տված հարցին: Երկարեց իր ձեռքը այդ մարդը և նրա չորացած ձեռքը առողջացավ մյուս ձեռքի նման: Բնականաբար ներկաները ուրախացան, տեսնելով կատարվածը: Ձեռքը բուժված մարդու ուրախության մասին արդեն անկարելի է նկարագրեն: Միայն փարիսեցիները լցվեցին կատաղությամբ, և խորհում էին թե ի՞նչ անեն Հիսուսին: Մենք ավետարաններում շատ ենք կարդում, որ Հիսուս Քրիստոս իմացավ նրանց մտքի խորհուրդները, կամ նրանց սրտի գաղտնի մտածումները: Այս զորությունը բացառապես վերապահված է Աստծուն՝ քննել մարդկանց սրտերը և իմանալ խորհուրդները: Բանսարկու սատանան չունի այդ զորությունը, նա միայն հետևում է մարդու ուղղվածությանը և տեսնելով նրա թուլությունը այս կամ այն մեղքի նկատմամբ, օգնում է իր փորձություններով, որպեսզի մարդը շուտ կործանվի:
Շաբաթ օրվա վերաբերյալ վիճաբանություն մենք կարդացինք նաև նախորդ երկու ավետարաններում, և հանդիպելու ենք նա՛և Հովհաննեսի ավետարանում, քանի որ պահպանողական հրեաների համար շաբաթ օրը վեր է ամեն ինչից: Ուրբաթ երեկոյից սկսած նրանք արդեն միմյանց ողջունում են ,,Շաբաթ Շալոմ,, ողջույնով: Իսկ ովքե՞ր են այս պահպանողական փարիսեցիները: Երկու դպրոց է եղել փարիսեցիների ուսուցման մեջ, որոնցից մեկը այս պահպանողականներն էին՝ այսինքն Շամայի ուսմունքի հետևորդները: Իսկ մյուս խմբավորումը, որը կրում էր Գիլելի անունը, համեմատաբար մեղմ էր շաբաթ օրվա սահմանափակումների առումով; Այս խմբավորման հետևորդ էր ժողովականներից՝ Գամաղիելը, որն էլ ուսուցիչն էր Պողոս առաքյալի: Իրենց ավանդության մեջ երեք կարևոր գործ կար որոնք միայն կարելի էր անել շաբաթ օրը. Այցելել հիվանդներին, թաղել մեռելը, և զբաղվել հարկահավաքությամբ:
Սիրելիներ, որպեսզի մեկընդմիշտ հասկանալի լինի մեզ համար շաբաթ օրվա թեման, ես ձեզ մեկ անգամ կկարդամ պատվիրանը Շաբաթվա մասին, որը գրված է Ելք Գրքում, և ձեզ պարզ կլինի իրականությունը:
<<Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես եւ պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, որովհետեւ Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը եւ այն սուրբ հռչակեց>>։ Ելք.20:8
Այս օրենքը տրված է կյանքի համար, ո՛չ թե մահվան: Իսկ ուտելը՝ քաղցը հագեցնելու գործընթաց է և չի արգելվում նաև շաբաթ օրը: Քրիստոս Նա՛ է, ով տվե՛ց պատվիրանը, Նա՛ է Աստծու Խոսքը, որը խոսում է մարդկության հետ՝ սկսած առաջին մարդուց: Իսկ երբ Քրիստոսն է պատվիրանը տվողը, ուրեմն Նա է Տէրը նաև շաբաթ օրվա: Ավարտին ավետարանիչն ասում է, նրանք լցվեցին կատաղությամբ, և չգիտեին ի՞նչ անեն Հիսուսին: Հայրերն ասում են, որ սա կոչվում է կրոնական դիվահարություն, քանի որ, երբ կրոնը չի ծառայում իր նպատակին, այն կրոնավորի համար առաջացնում է կատաղություն, որի հետևանքը ծանր է լինում: Ինչպես որ մենք տեսանք հետագայում: Ավարտենք մեր սերտողությունն այստեղ, եղածի մասին խորհելու ակնկալիքով:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի երբեք չհայտնվենք կրոնական ծայրահեղության մեջ՝ վնասելով և՛ մեզ և՛ այլոց: