ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի. 4: 14-30
ՅԻՍՈՒՍ ԳԱԼԻԼԻՈՅ ՄԷՋ ԻՐ ԳՈՐԾԸ ԿԸ ՍԿՍԻ
14 Յիսուս Հոգիին զօրութիւնովը Գալիլիա դարձաւ ու անոր համբաւը այն գաւառին բոլոր կողմերը տարածուեցաւ։ 15 Ինք անոնց ժողովարաններուն մէջ կը սորվեցնէր ու ամենէն կը փառաւորուէր։
ՅԻՍՈՒՍ ՆԱԶԱՐԷԹԻ ՄԷՋ ԿԸ ՄԵՐԺՈՒԻ
16 Երբ եկաւ Նազարէթ, ուր ինք մեծցած էր, իր սովորութեանը պէս շաբաթ օրը մտաւ ժողովարանը ու ելաւ որ կարդայ։ 17 Տուին անոր Եսայի մարգարէին գիրքը։ Երբ գիրքը բացաւ, գտաւ այն տեղը՝ ուր գրուած էր. 18 «Տէրոջը Հոգին իմ վրաս է. վասն զի զիս օծեց աղքատներուն աւետարան քարոզելու, զիս ղրկեց կոտրած սիրտ ունեցողները բժշկելու, 19 Գերիներուն ազատութիւն եւ կոյրերուն տեսութիւն քարոզելու, հարստահարութիւն կրողները ազատելու, Տէրոջը ընդունելի տարին քարոզելու»։ 20 Եւ գիրքը գոցելով՝ տուաւ սպասաւորին ու նստաւ։ Ժողովարանը եղողներուն ամէնքը աչքերնին տնկած անոր կը նայէին։ 21Սկսաւ անոնց ըսել. «Այսօր այս գրուածը կատարուեցաւ ու ձեր ականջները լսեցին»։ 22 Ամէնքը անոր համար կը վկայէին ու կը զարմանային անոր բերնէն ելած շնորհալի խօսքերուն վրայ ու կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփին որդին չէ՞»։ 23 Ըսաւ անոնց. «Իրաւ դուք ինծի պիտի ըսէք այս առակը. ‘Բժիշկ, քու անձդ բժշկէ։ Որչափ բաներ լսեցինք որ Կափառնայումի մէջ եղան, հոս ալ ըրէ քու քաղաքիդ մէջ’»։ 24 Յիսուս ըսաւ. «Ճշմարիտ կ՚ըսեմ ձեզի, թէ՝ Մարգարէ մը իր քաղաքին մէջ ընդունելի չէ։ 25 Արդարեւ կ՚ըսեմ ձեզի, թէ՝ շատ որբեւարիներ կային Եղիային օրերը Իսրայէլի մէջ, երբ երեք տարի ու վեց ամիս երկինք գոցուեցաւ, այնպէս որ մեծ սով եղաւ բոլոր երկրին մէջ. 26 Բայց Եղիա անոնցմէ մէկո՛ւն չղրկուեցաւ, հապա միայն Սիդոնացիներու Սարեփթա քաղաքին մէջ որբեւարի կնոջ մը։ 27 Շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէին ատենը ու անոնցմէ մէ՛կը չմաքրուեցաւ, հապա միայն Նէեման Ասորին»։ 28 Ժողովարանին մէջ ամէնքն ալ բարկութիւնով լեցուեցան՝ երբ այս խօսքերը լսեցին 29 Ու ելան զանիկա քաղաքէն դուրս հանեցին ու տարին զանիկա մինչեւ այն լերան ցցուած ծայրը, որուն վրայ իրենց քաղաքը շինուած էր, որպէս զի զանիկա բարձր տեղէն վար ձգեն։ 30 Բայց ինք անոնց մէջէն անցաւ գնաց։
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի ունկնդիրներ. Նախորդ գլուխներում մենք ըստ Ղուկասի նկարագրության ծանոթացանք Հիսուս Քրիստոսի ծննդյան հանգամանքներին, մի դրվագ կարդացինք Նրա 12 տարեկան հասակից, իսկ հիմա մեզ տեղեկացնում է Նրա գլխավոր նպատակը՝ մուտքը՝ ժողովրդի մեջ, այսօր կծանոթանանք Նրա քարոզությանը՝ Գալիլիայում: Ինչպես որ Սուրբ հոգով լցված Հորդանանից վերադարձավ մկրտված և Հոգով անապատ տարվեց փորձության, այնպես էլ փորձությունից հաղթանակած դուրս գալով, դարձյալ Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլիա: Մենք տեսանք, որ Սուրբ հոգին Նրան առաջնորդում է ամենուր: Նրա գալուստի մասին լուրերը փոխանցում էին հրեշտակները: Ավետարանը կարդացողի համար հարց է առաջանում, թե ինչի՞ համար էր պետք, որ Աստված մարդանա, մարմին առնի մեզ պես, և երևա մեզ: Դրա համար մենք պետք է ծանոթանանք Նրա աշխարհ գալու նպատակին առավել, քան մեր աշխարհ գալու նպատակին, Նրա կյանքի մանրամասներին առավել, քան՝ մեր: Նրա ծնունդին՝ առավել, քան՝ մեր:
Նայելով Հիսուս Քրիստոսի ծնունդին, կյանքի ավարտին, Նրա երկրավոր կյանքի գործունեությանը, մեր մտքում պետք է մնա մի գլխավոր հարց՝ ի՞նչի համար աշխարհ եկավ մեզ պես: Եթե մենք չհասկանանք, թե ինչո՞ւ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեզ պես, մենք չե՛նք հասկանա մեր ընտանիքի անդամին, մեր մերձավորին, մեր հարևանին և առհասարակ՝ այն միջավայրին, որի մեջ ապրում ենք: Քրիստոսի ծնունդից մինչև մահ և հարություն, մենք ծանոթացանք Նրա շուրջ գտնվող և գործող կերպարներին՝ ինչպե՛ս դրական, այնպե՛ս էլ բացասական: Մի պահ վատ վերաբերմունք ունեցանք մատնող Հուդայի, ուրացող Պետրոսի, վախեցող աշակերտների, անսիրտ հոգևոր առաջնորդների, հռոմեական գաղջ կուսակալների և զինվորների արարքի հանդեպ, որոնք ծաղրում և ապտակում էին Քրիստոսին: Եթե մենք միայն մեղադրենք այս մարդկանց, անշուշտ սխալված կլինենք; Այստեղ է, որ մենք պետք է հարց տանք, ո՞րն էր պատճառը, որ Աստծու Որդին պետք է աշխարհ գար մարդու պես, այս բոլոր փորձությունները անցներ, որի միջով անցնում է ողջ մարդկությունը: Այս հարցի պատասխանը մենք պետք է գտնենք մեզ համար: Եթե դավաճանությունն ու մատնությունը լիներ միայն Պետրոսի և Հուդայի մոտ, եթե անհավատությունը լիներ միայն քահանայապետների մոտ, եթե ծաղրն ու արհամարհանքը լիներ միայն կուսակալների ու զինվորների մոտ, Աստծու Որդին աշխարհ չէր գա մարդանալով և մարմին առնելով;
Այն բացասական երևույթները, որոնք վերևում նշեցինք՝ տիեզերական են, համամարդկային են, և մեկ բառով կոչվում են՝ մեղք: Մենք չենք կարող խոսել միայն Հուդայի մասին, որը մատնեց Քրիստոսին, որովհետև Ադամն ու Եվան նույնպես դավաճանեցին Աստծուն: Ընկած հրեշտակը նույնպես հակառակվեց Աստծուն, որին մենք սատանա ենք անվանում, և իր հետ միասին հրեշտակների մեկ երրորդ մասին վնասեց;
Մենք ամեն օր առնչվում ենք մեղքի հետ: Ի՞նչ բան է մեղքը: Մեր մեջ կա մի բան, որը առավել է Աստծուց և առավել է հոգևոր կյանքից: Դա՛ է, որ պատճառ է հանդիսանում մեր գործած մեղքերին, իսկ մեղքը արդեն խախտում է Աստծու կամքի, և Նրա սիրո նկատմամբ, Նրա պատվիրանների նկատմամբ: Մենք ուզում ենք սիրել Աստծուն, ուզում ենք պահել պատվիրանները, սակայն կա մի բան, որը խանգարում է անել դրանք: Ինչպե՞ս կարող ենք մեղադրել հարբեցողին, որը չի կարողանում ազատվել խմելու վատ սովորությունից, եթե մենք, օրինակ տառապում ենք արծաթսիրության մեղքով:
Կան մարդիկ, որոնք իրենց կյանքին վերջ են տալիս՝ չկարողանալով հաղթահարել դժվարությունները: Աշխարհում տեղի ունեցող ամեն աղետի և արհավիրքների պատճառը մեղքն է: Հուդան միակ մեղավորը չէր, որը մատնեց նրան, ում հետ անցկացրել էր երեքից ավելի տարիներ: Հատկապես որ վկա էր եղել Քրիստոսի բոլոր հրաշքներին, բուժումներին և ուսուցումներին: Հանկարծ նրա մտքով անցնում է, որ երեսուն արծաթի համար մատնի Քրիստոսին: Ինչո՞ւ դա չարեց ուրիշ ժամանակ: Դրա պատասխանը մեզ տալիս է Ավետարանը, ասելով,- և սատանան մտա՛վ նրա մեջ: Ինչո՞ւ քահանայապետները նախանձի մեղքից չհավատացին Քրիստոսին, կամ օրենքի ուսուցիչները ինչպե՞ս չէին հավատում Քրիստոսի լուսավոր խոսքերին; Այս հարցին էլ պատասխանում են մարգարեները, որովհետև չունեին Սուրբ Հոգու շնորհները, քանի որ Սուրբ Հոգու շնորհներ չունեցող մարդը չի կարող խորը վերլուծություններ անել Աստվածային բաների մասին: Սուրբ Հոգու շնորհներ չունեցող մարդը կարող է միայն նենգության, խորամանկության և դավաճանության վերլուծություններ կատարել:
Եթե մարգարեությունները կարդալիս Սուրբ Հոգին նրանց փոխանցեր իր շնորհները, հայտներ աստվածային խորհուրդների մասին, ապա նրանք սիրով կընդունեին Քրիստոսին, և կհավատային Նրան;
Հակառակը՝ նրանք կուրախանային հրեա այն համայնքի հետ, որովհետև իրենց մոտ էր եկել Մեսիան; Իսկ նրանք բոլոր նշանների մասին լսած լինելով, ընդունակ չեղան ճանաչելու Հիսուս Քրիստոսին;
Սիրելիներ, այսօր նույնպես ոչինչ չեն հասկանում ղեկավարները, որոնք կառավարում են երկիրը և ժողովրդին: Նայե՛ք թե ի՛նչ հաճույք են ստանում սպանություններից և պատերազմներից: Գլխատում են մարդկանց և հրճվում իրենց արարքից: Բանական մարդու արարքը ավելի ցածր է, քան կենդանական բնազդը: Այսպիսի մարդիկ կառավարել են ժողովուրդներին և թույլ չեն տվել մտածել Աստծու մասին;
Այդպիսիք կառավարում են նաև այսօ՛ր: Հիմա հասկանալի է, թե ինչո՞ւ մարդացավ Աստծու Որդին, և չմեղադրեց ո՛չ մեկին: Գիտե՛ր, որ Հուդան մատնելու է, սակայն ազատ թողեց նրան և չբռնացավ նրա կամքի վրա: Քրիստոս չչարաշահեց իր իշխանությունը, ինչպես որ անում է պետական իշխանավորը, վառ օրինակը՝ բերդերն ու կալանավայրերը: Նույնիսկ Վարդապետի զգուշացումից, - թե ձեզնից մեկը ինձ մատնելու է,- հուդան գնում և մատնում է: Իսկ ի՞նչ մեղք էր Հուդայի մոտ: Արծաթսիրության մեղքն էր բռնել նրան: Ի՞նչ մեղք էր հոգևոր առաջնորդների մոտ: Նախանձի մեղքն էր բռնել նրանց, որը տարավ սպանության:
Նախանձից էր որ Կայենը սպանեց Աբելին: Այսօր կարծես Հայաստան աշխարհն է պատմության թատերաբեմում և բոլոր փորձերը կատարվում են Հայաստանի վրա: Քրիստոնյա Հայաստանը այսօր պետք է հասկանա քրիստոնեության բուն էությունը, որովհետև միայն քրիստոնեությունն է հաստատում, որ մարդկությունը այնքան է ապականվել մեղքի մեջ, և գտնվում է ընկած հրեշտակների ազդեցության տակ, որ ինքնուրույն դուրս գալ չի կարող: Այս վիճակից կարելի է դուրս գալ միմիայն Աստծու միջոցով, որովհետև Աստված է սերը: Նայեք, թե ինչպես են ապրել մեր նախահայրերը, մեր ծնողները և ինչպես ենք ապրում մենք այսօր: Աստված դեռ սիրում է մեզ և արևը դեռ ծագում է մեր վրա ու դեռ չի խավարել: Նույնիսկ խաչի վրա Իր Երկնավոր Հորն ասաց, ների՛ր, քանի որ չեն հասկանում ինչ են անում: Ինչո՞ւ չեն հասկանում:
Որովհետև մեղքը մթագնել է նրանց ուղեղը, կաթվածահար է արել նրանց սրտերը: Քրիստոնյան բազում անգամներ խոստովանում է միևնույն մեղքը, և դարձյալ հայտնվում նույն մեղքի մեջ: Մեղքը շարունակում է նույն կերպ ազդել մեզ վրա, ապրել մեր մեջ: Անվերջ ծնվում են մեղավոր մարդիկ և նրանք ծնում են ուրիշ մեղավորներ, այդպես սերնդից սերունդ: Այսօր հոգևոր կյանքի մասին խոսելն անիմաստ է, մենք նույնիսկ բարոյական նորմերով չենք ապրում, ուր մնաց հոգևոր կյանքով: Մենք այսօր անդրադառնալու ենք մի թեմայի, որ Հիսուս Քրիստոս մտավ աշխարհ, և առաջինը որ մեզ մատնացույց արեց, դա փորձիչ սատանան է անապատում: Չեմ կրկնում, թե փորձության պահին ի՛նչ էր առաջարկում Հիսուս Քրիստոսին, քանի որ արդեն գիտեք, սակայն մեկ բառով ասեմ, որ առաջարկում էր լինել այնպիսի՛ն, ինչպիսին բոլո՛րն են:
Սա է մեր կարևորագույն օրինակը, որից պետք է կառչենք, որը պետք է մեր մտքում պահենք մշտապես: Մենք կարող ենք մեր կյանքում միշտ մնալ որպե՛ս սխալվող աշակերտ, բայց Հիսուս Քրիստոսի նպատակն է մեզ տեսնել Առաքյալի կարգավիճակում՝ Սուրբ Հոգու շնորհներով լցված:
Սերտողության սկզբում ես շեշտը դրեցի Սուրբ հոգու վրա, որն առաջնորդում էր Հիսուս Քրիստոսին: Ընթացքում ձեզ ցույց տվեցի մարդկանց, որոնք չունեին սուրբ հոգու շնորհներ, դրա համար չհավատացին Քրիստոսին և խաչեցին; Սիրելիներ այս բոլոր ես ձեզ խոսեցի մի նպատակով, որ դուք այն որպես հիմք ունենաք ձեր սրտում՝ յուրաքանչյուր գործ նախաձեռնելիս, մտածելիս, և արտահայտվելիս: Իսկ այժմ անդրադառնանք բուն թեմային, որպեսզի հասկանալի լինի, թե մարդկանց ի՞նչն է խանգարում հավատալ և հետևել Հիսուս Քրիստոսին;
Գալիլիայում Շատ արագ Նրա համբավը տարածվեց գավառի բոլոր կողմերում: Սկսեց Իր ուսուցումը ժողովարաններում, և արժանանում էր բոլորի ուշադրությամբ և փառավորվում էր նրանցից: Եկավ նաև Նազարեթ, ուր ապրել և մեծացել էր: Շաբաթ էր օրը, և ըստ Իր սովորության մտավ ժողովարան: Ժողովարանը տաճարը չէր և ժողովարաններ կար ամենուր, որտեղ սովորեցնում էին ժողովրդին Սուրբ Գրքերը և հատկապես երեխաներին էին ուսուցանում: Այստեղ մի ուշագրավ փաստ կա, մենք գիտենք, որ ժողովարանները պատկանում էին փարիսեցիներն, իսկ առանց նրանց թույլտվության այնտեղ ո՛չ ոք չէր կարող ուսուցանել: Փաստորեն սկզբնական շրջանում փարիսեցիների մեջ եղել են մարդիկ, որոնք հրավիրել են Հիսուսին՝ ուսուցանելու համար: Հրեական հին աղբյուրներն ասում են, որ առաջին դարում Իսրայելում եղել է 15 - 20 կրոնաքաղաքական կուսակցություններ, որոնք տարբեր գաղափարների կրողներ են եղել, սակայն հանուն ընդհանուր շահի, միասին են գործել: Այդ խմբավորումներից մենք ծանոթ ենք փարիսեցիներին, սադուկեցիներին, հերովդեսականներին, եղել են նաև կումրանիտներ (այսինքն՝ լուսո որդիներ) և այլն: Անշուշտ այդ խմբավորումները այնքան չեն, որքան որ մեր օրերում են, բայց տվյալ ժամանակի համար այդքանն էլ շատ էր: Ասում են, որ Սադուկեցիների հետքը կորել է Տաճարի կործանվելուց անմիջապես հետո:
Ժողովարանում Նրան ընթերցելու տվեցին Եսայի Մարգարեի գիրքը: Նախորդ գլխում ասացի, որ ժողովարանում իրավունք ուներ ուսուցանելու մեկը, ով գիտեր Սուրբ Գրքերը: Տէր Հիսուս համարձակությամբ վեր կացավ կարդալու գիրքը: Կարդաց Եսայի գրքի 61 րդ գլխից 3 տող՝, ուր գրված է,- Տիրոջ Հոգին իմ վրա է, դրա համար իսկ օծեց ինձ. ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու, և կույրերին՝ տեսողություն, և կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու: Խոսքը հոբելյանական տարվա մասին է, որը լինում էր հիսուն տարին մեկ և մարդկանց ներվում էր իրենց բոլոր պարտքերը: Կարդաց այսքանը, փակեց գիրքը, տվեց պաշտոնյային և նստեց իր տեղը: Ինչո՞ւ կարդաց հենց այս տողերը:
Եսայի մարգարեության մեջ գրված էր այն ամենը, ինչի համար, որ Քրիստոս եկել էր կատարելու: Իսկ Տէր Հիսուս կարդաց այդ ամենը սկզբի՛ց, երբ դեռ ոչի՛նչ չէր արել: Քանի որ մենք արդեն ողջ պատմությունը գիտեն, տեսանք, որ Նա կատարեց իր կարդացած բոլոր բաները, ի՛նչ որ գրված էր Եսայի մարգարեության մեջ:
Մկրտության ժամանակ մենք տեսանք, որ Տիրոջ Հոգին իջավ Նրա վրա աղավնակերպ, և նա մկրտվեց և օծվեց քահանայագործելու առաքելությամբ, նաև գիտենք, որ Հայրն էր ուղարկել Նրան ավետարանելու համար: Այսինքն Քրիստոս հստակ ասաց, որ Ի՛մ մասին է գրված մարգարեությունը:
Սիրելիներ, սրանք նրբություններ են, որ դուք պետք է մտապահեք, որպեսզի մարգարեությունները ընթերցելիս հասկանալի լինի ձեզ: Նաև հասկանալի լինի, որ այս բոլոր մարգարեությունների կատարո՛ւմն իսկ հոգևոր առաջնորդների համար հիմք չհանդիսացավ՝ հավատալու համար: Վերևում խոսեցինք, թե ի՛նչ պատճառով էր, որ նրանք չհավատացին;
Որպեսզի Տէր Հիսուսի կարդացած հատվածը բոլորի համար ընկալելի լինի, Տէր Հիսուս ասաց,- Այսօր այս գրվածքները կատարվեցին, երբ լսում էիք ձեր ականջներով: Այո, բոլորը լսում էին, բոլորը հավանում էրն նրա խոսքերը, բայց քանի որ ճանաչում էին Նրա տունն ու ընտանիքը, չկարողացան հավատալ, որ Հիսուսն է Քրիստոսը: - Սա Հովսեփի Որդին չէ՞,- հարցնում էին միմյանց: Միայն հրաշք տեսնել էին ցանկանում: Տէր Հիսուս ասաց նրանց, որ մարգարեն ընդունված չէ իր գավառում: Այդ ժողովարանի մեջ Տէր Հիսուս երկու օրինակ բերեց մարգարեներից, մեկը Եղիայի օրինակը, մյուսը՝ Եղիսեի: Սակայն այդ օրինակները նրանց առավել բարկացրեց և նրանք Հիսուսին քաղաքից դուրս հանեցին և նույնիսկ փորձ կատարեցին Նրան գահավեժ անել: Իսկ Տէր Հիսուս անցնելով նրանց միջից նորից գնաց Կափառնայում քաղաքը:
Այսօր բավական երկար տևեց մեր սերտողությունը, որի ավարտին պիտի հորդորեմ ձեզ ամեն ժամ արթուն մնալ փորձությունների հանդեպ: Մեղքը երբեք չի հնանում, և փորձիչը երբեք չի դադարում փորձության ենթարկել: Մենք պետք է ի սեր Աստծո և հանուն մեր փրկության զերծ մնանք մեղքից:
Քրիստոսի խաղաղությունը, որ վե՛ր է ամեն մտքից ու խոսքից, թո՛ղ աներկյուղ պահի մեր սրտերն ամեն չարից ու վտանգից: Այսուհետև հավատով արդարացած խաղաղություն և հույսով արդարացած ուրախություն ունենաք Աստծու հետ՝ մեր Տէր Հիսուս Քրիստոսով, որպեսզի մեր միտքը սևեռված մնա սատանայի մշտական փորձությունների վրա և Տիրոջ հաղթանակի վրա: