ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Գոհանում ենք Քեզնից, Տէր Աստված մեր, որ Քո երևելի լույսով զվարճացրիր Քո բոլոր արարածներին և Քո իմանալի լույսով լուսավորեցիր Քո պատվիրաններով բոլոր Քեզ հավատացողներին: Զորացրու նաև մեզ Տէր, պատվիրաններիդ պահպանության մեջ ցերեկ, թե գիշեր և ամեն ժամ, որպեսզի լուսավորվի մեր միտքը և հաճելի կյանք վարենք Քո առջև, ինչպես բոլոր սրբերը, Քո մարդասիրությամբ և շնորհով, մեր Տեր Հիսուս Քրիստոս Փրկիչ:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6
Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ, սիրելի հայրենակիցներ աշխարհի բոլոր ծայրերում: Թեպետ ես ձեր դեմքերը չեմ տեսնում, բայց վստահ եմ, որ միասին ենք բոլորս հոգով, և Աստված կամենա, որ մի օր հանդիպենք բոլորս՝ Տիրոջ Գալստյան մեծ օրը: Տէր Հիսուս Քրիստոս շատերին է երանի տալիս, մենք այդ մասին խոսել ենք, բայց նաև երանի է տալիս նրանց, որոնք մշտապէս տքնում են Իր դռների առջեւ և կպահպանեն Իր դռների շեմերը: Ջանք թափենք արժանանալ երանիներից գոնե մեկն ու մեկին մինչև մեր նախասահմանված օրը, երբ կկանգնենք պատասխանատվության՝ բոլորի Տիրոջ առջև:
Այսօրվա ընթերցվածքի մեջ Ղուկաս ավետարանիչը մեզ հիշեցնում է, որ Հիսուս աշակերտներին զորություն և իշխանություն տվեց և ուղարկեց քարոզելու Աստծու Արքայությունը: Զարմանալի առաջարկություն արեց աշակերտներին՝ ճանապարհելուց առաջ, ասելով,- ոչինչ մի՛ վերցրեք ճանապարհի համար: Տեսե՞լ եք, որ մարդ ճանապարհ գնա ու ոչինչ չվերցնի իր հետ ճանապարհի համար: Մենք այսպիսի մի երևույթի էլ հանդիպում ենք նաև հացի բազմացման երկու դեպքերում էլ: Տասներկու աշակերտ և իրենց հետ իրենց Վարդապետը և նրանց մոտ ընդամենը հինգ հաց և երկու ձուկ կար ուտելու համար:
Բացի նրանից, որ իր վարդապետությունն էր ուսուցանում աշակերտներին, նրանց նաև չափավոր կյանքին էր ընտելացնում: Երբեմն Ավետարաններում այսպիսի նկարագրություններ կարդալիս ակամայից մտքովս զուգահեռներ են անցնում մեր ժամանակների հոգևորականների միջև, որոնք նույնպես ստացել են առաքելական հաջորդականությամբ իրենց ձեռնադրությունները և բնականաբար նաև իշխանություն և զորություն՝ մարդկանց մեղքերը կապելու և արձակելու իրավունք: Սակայն ժամանակների հետ ամեն ինչը փոխվել է: Հիմա հոգևորականները եկեղեցիներ ունեն, գրասենյակներ ունեն, ամեն եկեղեցի իր խոհանոցն ունի, ամեն խոհանոց իր խոհարան ունի՝ համեղ խորտիկներ պատրաստելու համար: Ժուժկալության թեման վերացած թեմա է՝ առհասարակ; Այստեղ ուզում եմ ճիշտ հասկանաք ասելիքս:
Բոլորս ենք սնվում: Սակայն երբ ենթական անձնական խոհարար է ունենում և նաև մատուցող, դա կարող է ժամանակի ընթացքում մարդուն դարձնել մեծամիտ, և համադամ ուտելիքների երկրպագու:
Քրիստոսի աշակերտների նման հինգ հացով և երկու ձուկով այլևս սեղան չեն նստում այսօր: Նախորդ սերտողության մեջ ես խոսեցի հարմարավետության մասին, թե ինչպես կարող է ավելորդ հարմարավետությունը մարդուն դարձնել քմահաճ և ինքնահավան: Իսկ չափավորությունը մարդուն միշտ պահում է հոգևոր հավասարակշիռ վիճակում:
Աշակերտները զորություն և իշխանություն էին ստացել քարոզելու համար, իսկ Աստծո խոսքի զորությունն այնպիսին է, որ երբ ընկնի մարդու սրտի մեջ, մարդի իր ունեցածը կտրամադրի կրկին այդ խոսքը լսելու համար: Աստծո խոսքի մեջ փառքի ճոխություն կա, որը թաքնված է եղել մարդկանցից տարիներով: Տէրը գիտեր, որ աշակերտները որևէ բանի կարոտություն չէին ունենալու քարոզության ընթացքում:
Դրա համար ասում էր մի ունեցեք ոչ հաց, ոչ էլ երկու հագուստ: Իշխանությունն ու զորությունը աշակերտներին տվել էր Հիսուս Քրիստոս, որպեսզի նրանք բժշկեն հիվանդություններ և զորություն ունենան դևերի վրա, քանի որ ասվում է, որ հռոմեական իշխանության մեջ այդ ժամանակներում դիվահարությունը և հոգեկան խնդիր ունեցողների թիվը շատ մեծ էր:
Իշխանություն ստանալու մասին խոսելիս, ակամայից միտքս եկավ մի դեպք, երբ ննջեցյալի համար հոգեհանգստյան կարգ կատարելու անհրաժեշտության առիթով ինձ զանգահարեցին Բելգիայից՝ ննջեցյալի հարազատները: Մեր եկեղեցու կանոնների համաձայն ես տեղյակ պահեցի Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ՝ գերաշնորհ Տէր խաժակ Պարսամյանին, կարգը կատարելու թույլտվություն ստանալու համար: Զարմանալիորեն մերժվեցի, որովհետև այդ հասցեն, ուր գտնվում էր ննջեցյալը, իմ սպասարկման տարածքում չէր, այլ այդ տարածքը սպասարկում է Զատիկ վարդապետը: Ես ստիպված եղա մերժել մարդկանց, քանի որ առաջնորդի կարգադրությունն էր: Այդ իշխանությունը իրեն է վերապահված; Պարզվեց, որ ես իմ տարածքից դուրս աղոթք անելու իրավունք չունեմ: Ստիպված եղա մերժել դիմողին՝ անհիմն պատճառով:
Հիմա հարց է առաջանում, այսպիսի՞ իշխանություն տվեց Հիսուս Քրիստոս իր աշակերտներին: Անշուշտ ոչ:
Օրերով քայլում էին քաղաքներով և գյուղերով, քարոզում էին մարդկանց Ավետարանը, մեկ մեղավորի հոգու փրկության համար պատրաստ էին քաղաքներ անցնելու; Ոչ Պետրոսը տարածք ուներ, ոչ էլ առավել ևս Պողոսը, որ աշխարհով շրջեց ու դարձի բերեց; Ուրեմն որտեղի՞ց մեր եկեղեցում այս ինքնահնար իշխանությունը, որը կարող են արգելել ննջեցյալի վրա կարգ կատարել՝ տարածքից դուրս:
Եթե Պողոս առաքյալը լսեր այս դեպքի մասին, կասեր .«Զգո՛ւյշ եղեք, գուցե ձեր այդ իշխանությունը գայթակղություն լինի տկարների համար»: (Ա Կորնթ. 8: 9):
Սա ոչ թե աստվածային իշխանություն է, այլ մարդու կողմից հորինված (չի կարելիների) շարք, ավանդությամբ փոխանցված կարգ ու կանոն: Ես կարգապահության կողմնակից եմ, բայց եթե այդ կարգապահությունը կարող է ցավեցնել ու եկեղեցուց հեռացնել թեկուզ մեկ հավատացյալ, ես հրաժարվելով հրաժարվում եմ այդպիսի կանոնից: Այս գերզարգացած ժամանակաշրջանում եկեղեցու ներսում երբեմն հանդիպում ենք այնպիսի իշխանական հրամանների, որոնք ավելի «զորեղ» են ներկայացվում, քան Քրիստոսի իշխանությունը, որ տվեց իր աշակերտներին:
Որևէ վերատեսուչ կամ իշխանություն ունեցող, ոչ միայն իր առաքինությունների վարձը պիտի ժառանգի, այլ նա՛և նրանց, որոնց բարեգործության պատճառն է եղել խոսքով կամ գործով: Իսկ ով անկարգ ձևով է վարվում, ոչ միայն ի՛ր անպտուղ գործերի պատիժը կընդունի, այլ նա՛և նրանց, որոնց չար օրինակ եղավ իր վատ վարքով կամ իր անհոգությամբ նրանց թույլ տվեց գայթակղվել:
Սիրելիներ, մենք նախորդ սերտողությունների ժամանակ տեսանք, թե Հիսուս Քրիստոս ինչպես էր պայքարում փարիսեցիների ավանդությունների դեմ, որոնք վնասում էին մարդուն: Սկսած իրենց լվացման մաքրությունից, որ համարյա կրոն էին սարքել: Այո լվացվելն ու մաքրությունը հիգիենայի կանոնների մեջ է մտնում, բայց երբ այն հասնում է ծայրահեղության աստիճանի, վնասում է մարդուն: Աստծու պատվիրանը թողած մարդու ավանդությունն են պաշտում:
Տէր Հիսուս Քրիստոս տարատեսակ օրինակներով ու առակներով բացատրում էր, որ փարիսեցիները իրենց ծայրահեղությամբ պաշտելով ձևափոխված ավանդությունը, անարգում են Աստծու խոսքը: Իսկ այս երևույթը տարիներ շարունակ կրկնելով ձեր մեղքերը մնում են ներսում քողարկված՝ ձեր դերասանական գործողությունների պատճառով: Դերասանը բեմի վրա միայն տվյալ դերն է կատարում, դրանից իր սրտում հեղաշրջում չի լինում:
Ի՞նչ է նշանակում իշխանություն և զորություն տվեց աշակերտներին և ուղարկեց: Նշանակում է, որ այդ իշխանությունն ու զորությունը պետք է հեղաշրջում կատարեին մեղավոր մարդու, հիվանդի և անդամալույծի, բորոտի և դիվահարի հոգում, սրտում, մտքում, և մարդը վերստին ծնվում է, և տեսնում է Քրիստոսի խոսքի փառավոր լույսն ու հետևում է նրան; Աստված մեզ ազատ է ստեղծել, իսկ մարդկային իշխանությունները փորձում են ստրկացնել, ենթարկել իրենց: Այս ամենը լինում է այն պատճառով, որ մենք չգնահատեցինք Քրիստոսի տված ազատությունը և չպահեցինք Նրա խոսքը, որը մի հեղափոխության զորություն ունի:
Երանելի՜ է այն ժողովուրդը, որի իշխանը, կամ հոգևոր առաջնորդը նրան կրթում է բարու մեջ: Այնժամ ոչ իշխանը ժողովրդին հնազանդեցնելու համար ջանք թափելու կարիք ունի, ոչ էլ ժողովուրդն է ցանկանում ըմբոստանալ ու ազատվել նրա իշխանությունից, որովհետև վախենում է նրան կորցնելուց:
Քրիստոս իշխանություն տվեց, որ մկրտեն մարդկանց, իսկ մկրտությամբ հեղափոխություն է կատարվում մարդու հոգու և մարմնի միջև, և այդ հեղափոխության ժամանակ հոգին հաղթում է ապաշխարությամբ տկարացած մարմնին: Սակայն քիչ հետո, երբ մկրտված մարդը անտեսում է Աստծու խոսքը և ապրում է նախկին կյանքով, մարմնի կրքերը գլուխ են բարձրացնում և պատերազմ են հայտարարում հոգու դեմ: Մարդը պարտվում է մեղքին:
Մեր Տէրը Իր զորությամբ և իշխանությամբ պարտության մատնեց սատանային; Այսօր այդ զորությունն ու իշխանությունը մարդկային կերպարանք է ստացել, դրա համար էլ չի կարողանում պայքարել չարի դեմ: Սատանան այսօր պատերազմ է հայտարարել կրթության, մշակույթի, գիտության և մնացած բոլոր գերատեսչությունների դեմ, և շատ հարմարավետ է զգում իրեն բոլոր ոլորտներում, նույնիսկ եկեղեցում, որի առաքելությունը Քրիստոսի խոսքի քարոզությունն է, մարդու հոգու փրկությունն է, մեղավոր մարդուն Աստծուն հասցնելու պարտականությունն է: Աստվածաշնչում չենք հանդիպի մի տեղ, որն ասում է,- այստեղ երկրի վրա լավ կապրես, հարուստ կլինես, կվայելես ամենայն բարիք և այլն: Մենք տեսանք, թե ի՞նչ եղան հարուստները, ի՞նչ եղան իշխանները, ի՞նչ եղան հպարտները:, որոնք աստծուց չէին վախենում և մարդկանցից չէին ամաչում:
Քրիստոսի տված իշխանությունն ու զորությունը պետք է գործի ամենուր, իսկ որպեսզի այն գործի, պետք է որ մարդիկ իրենց չվերագրեն այդ իշխանությունը և միայն կարգադրեն, այլ այդ զորությամբ Աստծու խոսքը փոխանցեն պարզ մարդկանց, որոնք կարիք ունեն հոգևոր կյանքի: Պարզ հարց տամ ձեզ. Ինչո՞ւ են մարդիկ կուռք սարքում մարդկանց: Ինչո՞ւ են մարդիկ կուռք սարքում իրենք ունեցվածքը: Որովհետև նրանց ականջին ամեն օր չի հնչում Աստծու զորավոր խոսքը, նրանք չգիտեն, որ մարդուն չի կարելի երկրպագել: Տեսնո՞ւմ եք, թե ինչ կատարվում համացանցում: Նույն բերանը և աղոթք է անում և անիծում է, և հաջորդ պահին գրում է ԱՄԵՆ: Երկրի վրա ամեն մարդ իրեն տված իշխանությունն ու զորությունը գործածում է իր սեփական կարիքների ու բարիքների համար, հասարակության հոգևոր ու կրթական կարիքների մասին մտածող չկա: Դրա համար մենք ունենք տկար հասարակություն, որին թվում է, թե իր ազատությունը իր հայհոյանքի ու գռեհիկ մեկնաբանությունների մեջ է: Բոլոր իշխանությունները Աստծուց են տրված՝ մարդկանց ծառայելու համար, ոչ թե սեփական անձին:
Բայց կգա մի օր, որ մեր երկրի վրա իշխանություն ունեցող բոլոր մարդիկ կհասկանան, որ այստե՛ղ իշխաններից Մե՛ծ մեկը կա, որը կառավարում է Տիեզերքը:
Ամենօրյա իմ պատգամները, սիրելիներ, նպատակ ունեն ձեզ փոխանցել մի զորություն, որով դուք կարողանաք նայել ճշմարտության աչքերին: Ո՛չ թե հիասթափվեք եկեղեցուց, որովհետև այնտեղ սխալ կա, այլ հակառակը այնքան զորություն ունենաք, որ ձեր առաքինի վարքով և մշտական ներկայությամբ կարողանաք բարեփոխում մտցնել եկեղեցում: Մենք իրավունք չունենք հանուն մարդու անտեսել Աստծու խոսքը, որով մեր գլուխը միշտ բարձր պետք է լինի մեր քրիստոնեական կյանքով: Եկեղեցին Քրիստոսի տնտեսությունն է, և պահպանության համար այն հանձնված է մեզ: Եկեղեցին Քրիստոսի Մարմինն է, որի բուժումը հանձնված է մեզ: Յուրաքանչյուրս մեր մասնագիտությամբ պետք է օգտակար լինենք եկեղեցուն և եկեղեցում գտնվող ամեն մարդու: Մնացեք սիրով՝ միշտ հոգևոր բաց աչքերով, որով պիտի տեսնեք, որ այս աշխարհը բեմ է, իսկ մարդիկ՝ դերասան: Բայց դուք միշտ մնացեք սթափ գնահատող հանդիսատես: Առաքյալի գեղեցիկ մաղթանքով ավարտեմ խոսքս: Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: Եւ Աստծոյ խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով:
Այսօրվա հարցը. Կարո՞ղ ես բարձրաձայնել եկեղեցում նկատած թերության մասին՝ հոգևոր հովվին: