ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Աղօթենք միասին
Տե՛ր իմ, մի՛ նայիր եղկելի սրտիս ու զազրասեր մարմնիս, քանզի հող եմ ու մոխիր, սիրում եմ երկրավորները ու չեմ տենչում նայել երկնայիններին, այլ միշտ հեշտանում եմ
չարիքների մեջ՝ չտեսնելով անվախճան փառքը: Եվ չեմ հիշում առաջին երանելի սուրբ հայրերին, այլ թավալվում եմ այս աշխարհի տիղմի մեջ և մաքրվելով չեմ բարձրանում` դասվելու առաքինիների կարգում: Եվ քանզի մոռանում եմ դատաստանի երկյուղը, չեմ դողում ահեղ, սոսկալի, դառը տանջանքներից, որ պահված են մեղավորների համար, և ծուլանում եմ` անհոգ լինելով կյանքի փրկության հանդեպ, Դու շնորհի՛ր ինձ անդադար սուգ ու կոծ և ապաշխարության արտասուք:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.33-42
Ոչ ոք ճրագ վառելով ծածուկ տեղ չի դնի, այլ կդնի աշտանակի վրայ, որպէսզի մտնողը լոյսը տեսնի: 34 Մարմնի ճրագը աչքն է. երբ աչքը առողջ է, ամբողջ մարմինը լուսաւոր կլինի, իսկ երբ աչքը պղտոր է, մարմինն էլ խաւար կլինի: 35 Արդ, զգո՛յշ եղիր. գուցէ այն լոյսը, որ քո մէջ է, խաւար լինի: 36 Եթէ քո ամբողջ մարմինը լուսաւոր է, եւ նրա մէջ խաւարի մաս չկայ, ամէն ինչ այնպէս լուսաւոր կլինի, ինչպէս երբ ճրագը իր շողերով լուսաւորի քեզ»: 37 Եւ մինչդեռ նա խօսում էր այս բաները, մի փարիսեցի աղաչում էր նրան, որ իր մօտ ճաշի: Եւ նա մտնելով սեղան նստեց: 38 Երբ փարիսեցին տեսաւ, զարմացաւ, որովհետեւ Յիսուս ճաշից առաջ չլուացուեց: 39 Տէրը նրան ասաց. «Այժմ դուք՝ փարիսեցիներդ, բաժակի եւ պնակի արտաքինն էք մաքրում, իսկ ձեր ներքինը լի է յափշտակութեամբ եւ չարութեամբ: 40 Անմիտնե՛ր, չէ՞ որ նա, ով արտաքինը ստեղծեց, նաեւ ներքինը ստեղծեց: 41 Բայց տեսէ՛ք, թէ ինչն է իսկապէս արժան. ողորմութի՛ւն տուէք, եւ ահա ձեր ամէն ինչը մաքուր կլինի: 42 Բայց վա՜յ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ տասանորդ էք տալիս անանուխից, փեգենայից եւ ամէն տեսակ բանջարեղէնից, բայց զանց էք առնում Աստծոյ արդարութիւնն ու սէրը. այս բաները պէտք էր անել, բայց միւսները զանց չառնել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատավոր ժողովուրդ, Քրիստոսասեր բարեկամներ և աստվածավախ հայրենակիցներ: Ողորմած Աստված ամեն հնարավորություն ստեղծել է, որպեսզի մենք կապված մնանք Իր խոսքի հետ: Ամեն պատգամով բացատրել է, թե ինչի՞ համար է անհրաժեշտ, որ մենք Աստծուն նվիրվենք, ոչ թե աշխարհին, մինչդեռ մարդուն ստեղծելուց առաջ աշխարհը ստեղծեց մարդու համար: Մեծ պատիվ տվեց մարդուն, նրան աշխարհի աղ ու լույս անվանելով: Աստված գնահատե՛ց անկատար մարդուն, իսկ անկատար մարդը չգնահատեց Կատարյալ Աստծու տված բարիքները:
Սիրելիներ ամեն օրվա Ավետարանի պատգամից մենք շատ բան չունենք սովորելու, բավական է գլխավոր ասելիքը ընկալենք և ամենակարևորը՝ ընկալելուց հետո դարձնենք մեր սեփականը: Օրինակ երեկվա սերտողության մեջ մենք սովորեցինք, որ մեր Տէր Հիսուս Քրիստոս երանի է տալիս այն մարդկանց, որոնք լսում և պահում են Աստծու խոսքը: Աստված մարդուն երանի է տալիս, իսկ մարդը կամավոր հրաժարվում է այդ երանելությունից, իրեն զրկելով Աստվածաշնչի ընթերցանությունից: Այսօրվա պատգամից մեր դասն այն է, որ Տէր Հիսուս Քրիստոս մեզ լույս է անվանում, և կամենում է, որ այդ լույսը փայլի մարդկանց առաջ: Ի՞նչ է այդ լույսը: Մարդ արարածը առանց Աստծո գիտության և առանց Աստծո երկյուղի չի կարող լույս լինել իր մեջ: Այդպիսի մարդը կարող է ժամանակավորապես լույս ձևանալ մարդկանց առջև, նրանց խաբելու համար, բայց ավետարանական ճշմարտությունն ասում է, որ չկա ծածուկ բան որ չհայտնվի: Տէր Հիսուս այս բաների համար է ասում, որ երանի նրանց, որ լսում և պահում են Աստծու խոսքը, որովհետև Աստծու խոսքի գիտակը չի խաբվում ժամանակավոր լույս ձևացողներից, իսկ եթե խաբվում էլ է, ապա կարճ ժամանակահատվածում վերագտնում է իրենց և դուրս են գալիս խաբված վիճակից; Իսկ Աստծու խոսքից անտեղյակները մնում են խաբված շատ երկար ժամանակ, և իրենց կորուստը մեծ է լինում: Մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր ապահովության համար է ասում, թե նախ պետք է Ավետարանը քարոզվի մարդկանց, որպեսզի մարդիկ կարողանան զատել լույսը խավարից: Աստվածաշնչի գիտությունը մարդու մեջ ինքնին լույս է և այդ լույսը խավարի մեջ լույս է տալիս: Աստվածաշնչի լույսով լուսավորված մարդը անկախ իր կամքից լույս է տալիս շրջապատին, քանի որ իր աչքը արդեն լուսավոր է սուրբգրային ընթերցանությունից: Ավետարանն ասում է,- մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Այնպես էլ Աստծու լույսով լուսավորված մարդը չի կարող անփայլ մնալ մարդկանց առջև: Մենք շատ օրինակներ ունենք Ավետարանից, երբ աշակերտները լուսավորվում են Աստծո լույսով, դառնում են ջահ հասարակության համար:
Ցայտուն օրինակ է մեզ համար Սողոսը, որը թեպետ օրենքին ու մարգարեներին գիտակ այր էր, սակայն լույս չուներ իր մեջ, քանի որ հալածում էր քրիստոնյաներին, սպանել էր տալիս, կարծելով թե Աստծուն ծառայություն է մատուցում: Իսկ երբ Քրիստոսի լույսը հասավ նրան, նախ կուրացավ, որպեսզի աչքերն էլ լուսավորվի և տեսնի եղածը, ապա ամբողջությամբ լուսավորվեց: Եվ նրա լույսը թաքնված չմնած, այլ լեռան վրա գտնվող քաղաքի նման հայտնի դարձավ: Պետրոս առաքյալը նույնպես իր բաղում փորձություններից ու Վարդապետի ուսուցումից հետո լուսավորվեց և իր ջահը բարձր տեղում լուսավորում է շատ մարդկանց;
Սիրելիներ Տէր Հիսուս ասում է, երբ մարդիկ տեսնեն ձեր մեջ եղած լույսը կփառավորեն Աստծուն, որ երկնքում է: Վերջին մեկ - երկու տարվա ընթացքում մեր իրականության մեջ այնքան խոշոր իրադարձություններ տեղի ունեցան մեկը մյուսի հետևից, որոնցից մեծ մասի դեպքում մենք խաբվեցինք՝ խորագետ չլինելու պատճառով: Իսկ խորագետ լինելու պատգամը ևս Հիսուս Քրիստոսից էինք ստացել: Ինչո՞ւ խաբվեցինք: Խաբվեցինք, որովհետև մարդիկ ոչ թե իրենց մեջ Աստծո լույսը ունեին, այլ որպես լույս ներկայացան մեզ: Խաբվեցինք, որովհետև մեր մեջ եղած լույսը բավարար չէր, որպեսզի մեր աչքերը լուսավորեր և մենք հստակ տեսնեինք: մեր աչքի մեջ եղած շյուղը խանգարում էր նրանց աչքի գերանը տեսնելու համար: Սկսած հեղափոխությունից մինչև կորոնա ու պատերազմ: Մարդիկ, որոնք իրենց լույս էին ձևացնում և իրենց ներսում խավար էր ամբողջությամբ, բացահայտվեցին պատերազմի ժամանակ, ըստ Ավետարանի խոսքի, թե չկա ծածուկ բան: Քանի որ ոչ ոք չի՛ կարող խավարը լույսի փոխարեն անցկացնել: Խավարը այս աշխարհի իշխանի մենաշնորհն է:
Իսկ Լույսը մեր Տէր Հիսուս Քրիստոսն է, որ լուսավորում է ողջ աշխարհը: 21 րդ դարի մարդու համար տգիտությունը արդարացված չէ, ինչ կարող էր ներելի լինել օրինակ մի հարյուր տարի առաջ: Իսկ տգիտությունը վերացնելու համար պետք չէ պայքարել տգիտության դեմ, այլ՝ պետք է համագործակցել գիտության հետ, որը Աստծո խոսքն է: Ինչու եմ ասում 21 րդ դարի մարդու համար, որովհետև մեղքերն ու գայթակղությունները ժամանակի հետ են քայլում, իսկ անգետ մարը կարող է իսկույն խաբվել ու գայթակղվել: ամեն ինչ դարձել է թվային, դարձել է ինտերնետային: Մեկ ակնթարթում կարող են թվային տագնապ ու խուճապ առաջացնել մարդկանց մեջ, ողջ աշխարհում: Կարճ ժամանակում կարող են համայն մարդկությանը պահել վախի ու սարսափի ազդեցության տակ: Այսպիսի բաներից չի վախենում այն քրիստոնյան, որը սերտ կապի մեջ է Աստծու խոսքի հետ և ամեն հարմար առիթով հիշում է Աստվածաշնչից համապատասխան մի պատգամ և գոտեպնդվում է, որովհետև միակ Անդավաճանը, Միակ Արդարը, գաղտնիքներ քննող Ամենատեսը Հիսուս Քրիստոս է, որի խոսքը նույնն էր երեկ, այսօր և հավիտյան: Սիրելիներ, մենք գրեթե ամեն սերտողության մեջ առիթ ունենում ենք խոսել փարիսեցիների և կրոնական առաջնորդների մասին, որոնց Տէր Հիսուս հանդիմանում էր հենց այս նույն պատճառով, քանի որ նրանք լույս չունեին իրենց մեջ, սակայն ժողովրդի առջև որպես լույս էին հանդես գալիս: Իսկ քանի որ ժողովուրդն էլ անուս էր և տգետ, հավատում էին նրանց խոսքի ու ենթարկվում նրանց պահանջներին: Ավետարանը կարդալիս հանդիպեցինք այն դրվագին, երն Հիսուս Քրիստոսի հրավիրում են ճաշի, և մեղադրում են ձեռքերը չլվանալու մեջ:
Անմաքուր սիրտ ունեցող մարդը մեղադրում է անմաքուր ձեռք ունեցողին: Տեսեք, թե ինչի հետ է համեմատում մեր Տէրը փարիսեցիներն, ցույց տալու համար նրանց ներսի անմաքրությունը: «Վայ ձեզ, որ անհայտ գերեզմանների պես եք. Մարդիկ քայլում են նրանց վրայով և չգիտեն»: Այս խոսքը ծանր թվաց օրենքի ուսուցիչներից մեկին և նա փորձեց մեղադրել Հիսուսին, ասելով՝ մեզ էլ ես նախատում այս խոսքերով: Բայց նա չգիտեր, որ Աստծո Որդին սրտերին է նայում, ոչ թե ձեռքերին՝ իրենց պես: Չուշացավ նաև իր պատասխանը.
«Վայ ձեզ, օրենսգետներ, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, իսկ ինքներդ մատով իսկ բեռներին չեք դիպչում»: Այստեղ էր որ Հիսուս Քրիստոս նրանց համար ասում է վայերի շարքը, ամոթահար անելով նրանց, որոնք զարմացել էին Հիսուսի չլվացվելու համար: Այս երևույթը զարմանք չի պատճառի մեզ, որովհետև մեր եկեղեցիներում էլ ամբողջ ուշադրությունը սևեռված է արտաքին արդ ու զարդի, ձևավորման և շքեղության վրա, իսկ բուն ապաշխարության խորհուրդը մղված է հետին պլան, այն դեպքում, երբ առաջին պատգամ էր որ դուրս եկավ ինչպես Հովհաննես Մկրտչի, այնպես էլ Տէր Հիսուսի բերանից մինչ քարոզությունը սկսելը: Ամփոփելով մեր այսօրվա սերտողությունը, վերցնենք մեր հասնելիք դասը և կիրառենք մեր կյանքում: Մեկընդմիշտ հիշենք, որ Տէրը մեզ լույս է անվանել, աղ է անվանել: Մենք իրավունք չունենք լինելու անհայտ գերեզմանի պես, և իրավունք չունենք մեր մեջ եղած աղը անհամ դարձնելու: Այլապես մենք էլ դատաստանի օրը կլսենք նույն հանդիմանությունը, ինչը որ լսեցին փարիսեցիները և կրոնական առաջնորդները:
Սիրելիներ, բոլորս մահկանացու ենք, մահը կյանքի շարունակությունն է, ոչ թե ավարտը: Սակայն այդ շարունակության գնահատականը կախված է ապրած կյանքից: Բոլորս ենք մահանալու, բոլորս գիտենք այդ մասին, սակայն բոլոր չէ, որ գիտենք, թե կյանքի որակն է որոշում մահվան վարձը: Թաղումների ժամանակ մարդիկ հիշում են, թե ննջեցյալը ինչպե՞ս ապրեց, ի՛նչ թողեց, ո՛չ թե ինչպես մեռավ: Հետևաբար կյանքը Քրիստոս է, մահը հանդիպում Նրա հետ: Ապրենք Քրիստոսի հետ, որպեսզի հանդիպումն էլ արդարացված լինի: Չմոռանանք, որ Վանքում բոլորը չեն փրկվում, և աշխարհում բոլորը կորստյան չեն մատնվում: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք որքանով ենք գնահատել մեր լույս ու աղ լինելու արժեքը: Մնացե՛ք սիրով, թող ձեր լույսը միշտ լուսավորի ձեր շրջապատում և մարդիկ տեսնելով ձեր բարի գործերը փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է: Այսօրվա հարցը՝ Դուք կարողանո՞ւմ եք զատել կեղծ լույսը: