Բարի լույս ձեզ, սիրելի ունկնդիրներ, Աստծու ողորմությամբ և օրհնությամբ սկսենք մեր ուղիղ եթերը և միասին վերլուծենք օրվա պատգամը, վերցնենք մեզ կարևոր ասելիքը և կիրառենք մեր կյանքում, քանի որ այսօրվա Ավետարանի երանելիները նրանք են, որոնք լսում և կատարում են Աստծո խոսքը: Ավետարանից մեզ ուրիշ ինը երանիներ էլ հայտնի են, որոնց մասին խոսում է Հիսուս Քրիստոս Իր հայտնի Լեռան Քարոզում: Ինը երանիների մեջ Տէր Հիսուս ներառել էր հոգով աղքատներին, սգավորներին,հեզերին, արդարության քաղցն ունեցողներին, ողորմածներին,սրտով մաքուրներին, խաղաղարարներին, արդարության համար հալածվողներին և վերջին երանին՝ Քրիստոսի անվան համար հալածվողներին: Որպեսզի մեկը Հիսուս Քրիստոսի անվան համար պատրաստ լինի քարկոծվել, նա պետք է ունենա նախորդ բոլոր երանիները: Այս երանիները սերտ կապված են միմյանց հետ և առանց մեկի մյուսի ունենալը անկարելի է: Օրինակ ինչպես մեկը կարող է խոնարհ լինել, եթե չի ազատվել իր մեղքերից և չի տեսնում իր մեղանչական բնությունը;
Նախքան այսօրվա պատգամին անցնելը, վերհիշենք, թե ի՞նչ իրադարձություններ էր տեղի ունեցել նախորդ գլուխներում, որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է այս տողով սկսվում այսօրվա ընթերցվածքը՝ թե՝ Եւ մինչդեռ Յիսուս այս բանն էր խօսում: 11 րդ գլխի սկզբում աշակերտների խնդրանքով նրանց աղոթել էր սովորեցրել: Զարմանալի է, որ աշակերտները մինչ այդ պահը աղոթել չգիտեին, չնայած որ ժողովարաններում մասնակցում էին օրենքի ուսուցիչների և փարիսեցիների ուսուցումներին: Տեսել էին որ Հովհաննես Մկրտիչը իր աշակերտներին աղոթել է սովորեցնում: Տեսնում էին նաև, որ իրենց Վարդապետը շատ է կանգնում աղոթքի: Տէր Հիսուս աղոթել սովորեցրեց ո՛չ միայն իր աշակերտներին, այլ նաև մեզ, որ այդքան շատ ենք սիրում այդ Տերունական աղոթքը՝ Հայր Մեր անունով; Աղոթքի բովանդակությունը բոլորիս ծանոթ է, այժմ դրա մասին հարկ չկա խոսելու, թեպետ հակիրճ է իր տողերի քանակությամբ, սակայն շատ տարողունակ է բովանդակային և իմաստային առումով: Մի խոսքով Տէր Հիսուս սովորեցրեց, թե ո՛ւմ դիմել և ի՛նչ խնդրել:
Աղոթքը սովորեցնելուց հետո աշակերտներին մասնակից դարձրեց դիվահարի բժշկության հրաշքին, որի մասին խոսեցինք նախորդ սերտողությունների մեջ: Հավաքված բազմությունը ամեն տեղ մեծ ուշադրությամբ և զարմանքով էր լսում Հիսուս Քրիստոսի խոսքերը, որովհետև Նա ինքնավստահությամբ էր խոսում և իր իշխանությամբ էր անում ամեն բան, ինչը արժանանում էր ներկաների ուշադրությանն ու գովասանքին: Այդպիսի ինքնավստահություն չէի տեսել փարիսեցիների և օրենսգետների մոտ, դրա համար էլ ամեն անգամ իրենց գոհունակությունն էին հայտնում իրենց լսածի վերաբերյալ: Նույնը կատարվեց այստեղ, այս բազմության մեջ, որտեղ նույն իշխանությամբ խոսում էր Տէր Հիսուս: Կինը բազմության միջից բարձր ձայնով ասաց, «Երանի՜ է այն կնոջը, որ յղացաւ եւ սնեց քեզ»: Այս խոսքերից կարելի է հասկանալ, թե ինչքան տպավորված էր կինը այդ քարոզով, և անպայման կամեցավ բարձրաձայնել: Այստեղ մի կարևոր նրբություն կա, որ կուզեմ ուշադրություն դարձնեք և համեմատեք ձեր եկեղեցիներում հնչող քարոզների հետ: Գովեստի, կամ գնահատանքի խոսքեր լսելուց անմիջապես հետո, մեր Տէրը հակադարձեց մի շատ կարևոր պատասխանով, թե՝ «Մանաւանդ երանի՜ է նրանց, որ լսում են Աստծոյ խօսքը եւ կպահեն»: Իրապե՛ս, ի՞նչ նշանակություն ունի քարոզի խոսքերը, եթե պետք է լսել ու չկատարել: Մի պահ մտովի տեղափոխվենք մեր եկեղեցիներ, վերհիշենք բարձրաստիճան մի հոգևորականի կողմից մատուցված Պատարագը, քարոզը և ժողովրդի վերաբերմունքը այդ հոգևորականի նկատմամբ: Աջհամբույր, խաչհամբույր, գովեստի խոսքեր, խոնարհումներ, հագուստները համբուրել, դիպչել նրա աջին ու խաչին, սակայն նրա խոսած քարոզից մի նախադասություն չհիշել: Այս մասին է խոսում Տէր Հիսուս, որ ինձ գովելու փոխարեն, իմ խոսքը լսեք և հատկապես կատարեք: Ի տարբերություն մեր բարձրաստիճան եպիսկոպոսների, Տէր Հիսուս չկամեցավ լսել իր հասցեին գովեստի խոսքեր, այլ շեշտը դրեց կարևոր տեղում՝ լսելու և կատարելու: Իսկ մեծարանքի խոսքեր ասելը և սիրով լսելը՝ մեր եկեղեցում բարձր հիմքերի վրա է դրված: Նույնիսկ լինում են դեպքեր, երբ մի բարձրաստիճան հոգևորական է մտնում եկեղեցի Պատարագի ընթացքում, ժողովուրդը կարող է թողնել պատարագը, շեղվել աղոթքից և մեծարելու համար մոտենալ և օրհնություն ստանալ: Լավ է, երբ ժողովուրդը իր հոգևորականին սիրում է, բայց Պատարագի խորհուրդը բարձր է ամեն բանից:
Ովքեր էին այդ չար սերնդի մարդիկ, որոնց մասին խոսում էր Տէր Հիսուս Քրիստոս ժողովրդի մեջ, թե նշան են ուզում:
Ի՞նչ նշան էին ուզում նրանք Հիսուս Քրիստոսից: Ժողովարան էին հրավիրում Նրան, այնտեղ բժշկություններ էր անում, դրսում մարդկանց հետ հանդիպման ժամանակ հիվանդներ էր բժշկում և իրենք տեսնում էին իրենց աչքով: Բազում անգամներ Հիսուս Քրիստոս նշան հայցողներին ամոթով է թողել Իր պատասխաններով, սակայն նրանք դարձյալ նշան են հայցում Հիսուսից՝ Նրա երկնքից եկած լինելու վերաբերյալ: Նշան հայցող սերունդը Հովնանի կետի փորում երեք օր մնալու դեպքի և Նինվեյի քարոզության մասին շատ լավ գիտեին, դրա համար Տէր Հիսուս ասում է, եթե Հովնանին չհավատացիք, ուրեմն ինձ էլ չեք հավատա, որ Հովնանից մեծ եմ: Հովնանի նշանը ձեզ բավական է: Այնպես ինչպես չհավատացին Հովհաննես Մկրտչին, այնպես էլ չէին հավատում Հիսուս Քրիստոսին: Եթե հավատալը նշանի հետ կապված լիներ, ապա Հիսուս Քրիստոս հարյուրավոր հրաշքներ ու նշաններ էր ցույց տվել արդեն երեք տարիների ընթացքում: Հարավի թագուհին երբ լսել է Սողոմոնի մասին, եկել է նրան լսելու և տեսնելու: իսկ Հիսուս Քրիստոս, որ Սողոմոնից մեծ մեկն է, իրենց աչքի առջև կանգնած է և իրեն չեն հավատում: Որևէ հրաշք կամ բժշկություն ծածուկ չէր անում Քրիստոս, այսինքն Նրա ճրագը միշտ աշտանակի վրա էր և մտնողն ու դուրս եկողը տեսնում էին առանց դժվարության: Ուրեմն նշան հայցողներից վերցվել էր նրանց տեսնելու և հասկանալու կարևոր հատկությունը, որպեսզի իրենց աչքով տեսնեն Աստծու Որդուն, որի մասին օրենք ու մարգարեները գրել էին և այդ գրքերը իրենց ձեռքի մեր էր անվերջ, տեսնեն ու չհասկանան, որ Հիսուսն է Քրիստոսը, սպասված Մեսիան, որին իրենք սպասում էին:
Սիրելիներ, տեսնո՞ւմ եք, թե որքան կարևոր է լսել Աստծու խոսքը և հասկանալ, հասկանալ ու պահել: Այդպես չէին վարվում փարիսեցիները և կրոնական առաջնորդները, որոնք ամեն շաբաթ օր իրենց ժողովարաններում կարդում էին օրենքի ու մարգարեության գրքերը: Իսկ այդ գրքերի մեջ խոսվում է Մեսիայի մասին, որը գալու էր: Եկավ Մեսիան, շրջեց նրանց մեջ, քարոզեց, շատերը զարմացան իր քարոզից, բայց չհավատացին: Երբ ժամանակը հասավ իր ավարտին, Տէր Հիսուս թույլ տվեց, որ ամեն ինչ կատարվի այնպես, ինչպես որ գրված էր գրքերում: Նրան խաչը հանեցին առանց պատճառի: Տէր Հիսուսին փոխարինեցին մի ավազակ Բարաբբայի հետ, որը ազատ արձակվեց մեծ տոնի առթիվ: Պահանջեցին, որ Արդարությունը խաչեն և ավազակությունը արտոնեն: Ինչո՞ւ; Որովհետև իրենց գործերը խավար էր, Իսկ Լույսը բացահայտում էր նրանց խավար գործերը: Ինչո՞ւ այսօր շատերը Աստվածաշունչ չեն կարդում: Որովհետև Աստվածաշունչը հայելի է, որը ցույց է տալիս մարդու իրական էությունը: Աստվածաշունչը քանոն է, որը ցույց է տալիս մարդու շեղ ընթացքը: Աստվածաշունչը լույս է, որին խավարը չի սիրում: Նույնպես և աշխարհը չի կամենում Աստվածաշնչի լույսը սփռել աշխարհում, որպեսզի խավար և մութ ուժերը ի հայտ չգան: Աշխարհը նման է այն անբարո կնոջը, որը քարկոծելու ենթական էր, իսկ Հիսուս Քրիստոս նրան կյանք պարգևեց, և ասաց, այլևս մի մեղանչիր: Անբարո կինը լսեց Աստծու խոսքը և պահեց՝ ըստ այսօրվա Ավետարանի, իսկ աշխարհը դեռ մնում է անբարո կնոջ դերում: Մինչդեռ մեծաքանակ արյունոտ ձեռքեր Սուրբ Ծննդին և Հարության տոնին կանգնում են Սուրբ Խորանի առջև և խաչակնքում են իրեն անամոթ ճակատը, որկրամոլ ստամոքսը և պիղծ սիրտը: Համարելով, որ Տոնը կարևոր է իրենց համար, կամ իրե՛նց ցուցադրելու համար: Իսկ ապաշխարության կոչը այս մարդկանց ականջին հասանելի չէ:
Իսկ աշխարհը լեցուն է արյունով ու արցունքով, որովհետև կամ չեն լսում, կամ լսում են Աստծու խոսքը և չեն պահում, դրա համար երանելի չեն կոչվում: Իսկ դուք միշտ մնացեք երանելի, սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, հայրեր և մայրեր: Թող Ողորմած Աստված ձեր ականջն ու սիրտը մաքուր պահի Իրեն ծառայելու համար: Մնացեք սիրով՝ միշտ երանելիների մեջ, Տիրոջ ողորմությունը հայցելով: Այսօրվա հարցը այսպիսին է. Ջանո՞ւմ ես օրվա լսած Աստծու խոսքը գործի վերածել քո կարողության չափով: