ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 14.25-31
25 Այս բաներն ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: 26 Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կուսուցանի եւ ձեզ կյիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ: 27 Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: 28 Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կգամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: 29 Եւ հիմա ասացի ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի երբ լինի, հաւատաք: 30 Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ ինձ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: 31 Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ սիրելի հավատացյալներ, Աստծո կամքով մենք նորից միասին ենք՝ մեր հաղորդաշարի շրջանակներում.:
Այսօր մեր եկեղեցին հիշատակում է 325թ Նիկիայում տեղի ունեցած Տիեզերական ժողովի 318 Հայրապետներին, Որոնց որոշումները լուծել են քրիստոնեական դավանության ամենահիմնական հարցերը: Մեր Հայրապետները հաստատել են Հավատո Հանգանակը, կամ որ մեզ ծանոթ է Հավատամք անունով և երգվում է ամեն կիրակի Սուրբ Պատարագի ժամանակ, որովհետև Աստծուն ճանաչելու առաջին քայլը ուղղափառ դավանությունն է: Յուրաքանչյուր քրիստոնյա, որ եկեղեցու անդամ է, պարտավոր է իմանալ Հավատամքը իր բոլոր բաժիններով, որովհետև Առաքելական Եկեղեցին հիմնվում է այդ հավատամքի դրույթների վրա: Եթե մեր հավատքի հիմքում դրված չլինի Հավատամքի բոլոր դրույթները, ապա մեզ հեշտությամբ կարող են մոլորեցնել կրոնական այլ ուղղությունները: Վստահ եմ, որ մեր հաղորդաշարի մասնակիցները քաջատեղյակ են և անգիր գիտեն Հավատամքը և կիրառում են իրենց հավատքի հիմքում, Որովհետև առաջին մասը վերավերում է Սուրբ երրորդության երեք անձերին՝
Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Այսօրվա Հովհաննու Ավետարանը խոսում է Մխիթարիչ՝ Սուրբ Հոգու մասին, Որին Հայրը պիտի ուղարկի Հիսուս Քրիստոսի անունով, և Որը ամեն բան կուսուցանի և ամեն բան կհիշեցնի, ինչ որ Հիսուս խոսել էր աշակերտներին: Որպեսզի հասկանանք Սուրբ Հոգու գործունեությունը մարդու կյանքում, որպես հիմք վերցնենք Պողոս Առաքյալի խոսքը, որն ասում է,- թե՝ որ Աստծու հոգով է խոսում, չի ասի թե՝ նզովյալ է Հիսուս: Նաև ոչ ոք չի կարող ասել՝ Հիսուս Տէր է, եթե ոչ Սուրբ Հոգով: Քանի որ բոլոր շնորհների պարգևողը նույն Հոգին է: Ավետարանները գրվել են Սուրբ Հոգու ներշնչմամբ: Իրոք Սուրբ Հոգու ներշնչման և Նրա տված շնորհի միջոցով միայն կարելի խոսել Սուրբ Հոգու մասին: Անշուշտ ոչ այն պատճառով, որ արժանի խոսքեր ասենք, քանի որ դա անկարելի է, այլ որպեսզի ապահով լինենք և առանց մոլորվելու շարադրենք այն ամենը, ինչի մասին մեզ արդեն սովորեցնում են Սուրբ Գրքերը:
Մեծ վախ կա Սուրբ Հոգու մասին խոսելիս, քանի որ Ավետարանում նշված է, որ Հիսուսն ասում է,- Ով ասի Սուրբ Հոգու դեմ, նրան չպիտի ներվի ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում: Այդ պատճառով հաճախ վախ է առաջանում, որ չլինի թե անգիտության պատճառով, կամ, կարծեցյալ բարեպաշտության պատճառով մարդը Սուրբ հոգու հանդեպ որևէ անպատշաճ բան ասի, և դատապարտվի: Ուստի մնալով Սուրբ Գրքի ծիրից ներս, ասենք այն ինչ գրված է: Գրքերում Սուրբ Հոգին խոսել է Իր մասին և ասել է այն, ինչ մենք կարող էինք հասկանալ: Հետևաբար ինչի մասին Նա չի խոսել, մենք էլ չենք համարձակվի խոսել:.
Սուրբ Հոգին մեկն է՝ Մխիթարիչը: Ինչպես որ Աստված մեկն է՝ Հայրը, և երկրորդ Հայր չկա: Մեկն է Միածին Որդին և Աստծու խոսքը, այդպես է նաև Սուրբ Հոգին, մեկն է և չկա Նրան հավասարազոր երկրորդ հոգի: Ուրեմն Սուրբ Հոգին մեծագույն ուժ է, ինչ որ աստվածային է և անքննելի: Նա ապրում է աշխարհում, բանական է և սրբացնում է այն ամենը, որ Աստված ստեղծել է Քրիստոսի միջոցով: Այլ խոսքով ասած, Սուրբ Հոգին գործում է աշխարհում հանուն այն բանի, որպեսզի Աստված ապրի մարդու մեջ և մարդը հնազանդվի Աստծուն: Իսկ երբ մարդը հնազանդվեց Աստծուն, ամբողւջ արարչագործությունը կհնազանդվի աստվածային օրենքին: Երբ որ մենք ասում ենք Սուրբ, նշանակում է առանձնացված մեկը, որ տարբեր մյուսներից:
Սուրբ հոգու գործառույթը մարդու մեջ անվերջ գործելն է, զտելու դեր կատարելն է:
Մենք գիտենք, որ բնությամբ Սուրբ միայն մեկն է՝ Աստված: Բայց մենք ոչ թե բնությամբ ենք սուրբ, այլ մասնակցությամբ, վարժությամբ, աղոթքով, Սուրբ հաղորդությամբ: Մենք ոչ թե պետք է վախենանք Սուրբ Հոգու մասին խոսելուց, այլ պետք է ձգտենք արժանանալ Նրա այցելությանը և ահուդողով Սուրբ Հոգին պահենք մեր տաճարի մեջ՝ տեսնելով մեր մեղքերը: Աստված է կամեցել, որ Սուրբ Հոգին բնակվի մարդու մեջ: Սուրբ Հոգու ներկայությամբ ապրել, չի նշանակում լինել անսխալական, կամ բացարձակ անմեղ, այլ Սուրբ հոգին այն շարժիչ ուժն է, որ այցելելով մարդուն, նրան տեսնել է տալիս իր մեղքերը, զղջալ է տալիս մեղքերի համար, և հաշվետվություն տալ է սովորեցնում: Տեսեք, սիրելիներ, Ավետարանիչները Սուրբ Հոգու ներշնչմամբ են գրել Ավետարանները, բայց մենք գիտենք, որ նրանք էլ սխալներ թույլ են տվել իրենց գործունեության մեջ:
Որպեսզի մեզ համար ավելի լավ հասկանալի լինի Սուրբ Հոգու շարժիչ ուժը մարդու մեջ, մենք մեկ ուրիշ օրինակ վերցնենք բոլորի համար շատ սիրելի Դավիթ թագավոր և սաղմոսերգուի կյանքից: Դավթի պատմությունը բոլորդ գիտեք, կարիք չկա անդրադառնալու, բայց մի ուշագրավ փաստ կա, որի մասին ուզում եմ ձեզ տեղեկացնել: Նաթան մարգարեի զգուշացումից հետո Դավիթ թագավորը ոչ թե հրամայեց գլխատել մարգարեին, որը իր գործած մեղքը բացահայտել էր առակի միջոցով, այլ զղջաց, զգաց իր գործած սխալը, և սկսեց խնդրել Աստծուն, որ հանկած Աստված սուրբ հոգին չհանի իրենից: Տեսեք Սուրբ Հոգին Դավթի վրա էր, բայց Դավիթը մեղք գործեց և Սուրբ Հոգին էր որ Դավթին ապաշխարել տվեց Աստծու առջև: Հիսուներորդ սաղմոսում, որը Դավիթը գրել է այս մեղքի ժամանակ, խնդրում է Աստծուն և ասում է,- Իմ անօրենությունները ինքս գիտեմ և իմ մեղքերը իմ աչքի առջև են: Քո դեմ մեղաանչեցի միայն և չարիք գործեցի քո առջև: Մարդն առանց Սուրբ Հոգու, ինքն իրենից չի կարող այսպիսի մտքեր ասել, այն էլ թագավորը, որը կարող էր մի հրամանով մարգարեին վերացնել, ինչի օրինակները շատ են Աստվածաշնչում:
Հետևաբար Սուրբ Հոգին աշխարհի շարժիչ ուժն է, որը ամրացնում է կապը Աստծու և մարդու միջև: Սուրբ Հոգի ունենալով մարդն իրեն անկատար է զգում, տեսնում է իր աննշան մեղքն այնպես, կարծես մի լապտեր է գցած իր մեղքի վրա և գիշեր - ցերեկ ցույց է տալիս մեղքը և մարդը պատրաստ է խոնարհվելու Աստծո առջև:
Հին կտակարանում ունենք նաև ուրիշ դեպք, երբ մարդու ամբարտավանության և կռապաշտության պատճառով Աստծու Փառքը, որ Տաճարում էր, Քերովբեներից վեր՝ օդ բարձրացավ: Կանչեց այն մարդուն, որը սքեմ էր հագել և մեջքին գոտի ուներ կապած, և հանձնարարեց անցնել Երուսաղեմի միջով և արդարների ճակատին նշան դել, որպեսզի փրկվեն կործանումից: Նաև զգուշացրեց, որ ում ճակատին նշան կա նրան չմոտենան: Աստված Եզեկիել Մարգարեին տեսիլքով ցույց տվեց Տաճարում կատարվող պղծությունները, որ օձ ու սողուն էին պաշտում և որոշները տաճարում արև էին պաշտում: Ամենակալ Տէրն ասում է,- այսպիսիք ականջիս գոռան էլ չեմ լսելու դրանց:
Գործ առաքելոցում կարդում ենք, որ Սիմոն անունով մոգը տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով սուրբ Հոգին տրվում է, փող տվեց ու ասաց, - Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որպեսզի ում վրա, որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա: Պետրոսը նրան ասաց,- Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թե Աստծո Պարգևները կարելի է փողով ստանալ:
Նաև Կյուրեղ Երուսաղեմացին ասում է, եթե մկրտվողը առանց հավատալու է մկրտվում, քահանան մկրտում է, իսկ Սուրբ Հոգին նրան չի այցելում: Ուրեմն Սուրբ Հոգին ամբարտավան և ամբարիշտ մարդկանց մոտ չի լինում: Ինչպես սաղմոսն է ասում, ամբարիշտները չեն դիմանայ դատաստանին, ոչ էլ մեղաւորները կը լինեն արդարների հաւաքի մէջ:
Նաև շատ հաճախ աղանդավորներից ենք լսում, որ իրենք Սուրբ հոգի են ստացել: Ամեն մարդու կարող է այցելել Սուրբ Հոգին, սակայն դա երևում է ոչ թե նրա լեզվից, այլ խոնարհությունից, մեղքի համար զղջումից, և իր անձը Աստծո առջև անկատար ներկայացնելուց: Հիշում եք, Պետրոս առաքյալը Սուրբ Հոգով իմացավ, որ Անանիան ու Սափիրան խաբել են իրենց:
Հիմա վերադառնանք այսօրվա Ավետարանին և ամրագրենք, որ ոչ ոք չի կարող բաժանել կամ տարբերել Սուրբ Հոգու ներգործությունը Հոր և Որդու ներգործությունից: Մեկ է Հայր Աստված՝ Հին և Նոր Կտակարանների տերը, մեկ է Տէր Հիսուս Քրիստոս, ում մասին մարգարեացան Հին Կտակարանում: Եվ մեկն է Սուրբ Հոգին, որ Մարգարեների միջոցով հռչակեց Քրիստոսի մասին, և երբ Քրիստոս հայտնվեց, Նա իջավ և մեզ վկայեց Նրա մասին: Աստծո Միածին Որդին հստակ ասաց աշակերտներին,- գնացեք աշակերտ դարձրեք բոլոր ազգերին,նրանց մկրտեք Հոր, Որդու և Սուրբ հոգու անունով: մեր Հույսը Հոր, Որդու և Սուրբ Հոգու վրա է: Մենք ոչ թե երեք Աստվածների ենք հավատք խոստովանում, այլ Սուրբ հոգու շնորհիվ՝ մեկ Որդու միջոցով վկայում ենք միակ Աստծուն: Սիրելիներ, Սուրբ հոգու մասին ավելի մատչելի անկարելի է բացատրել, և կուզեմ, որ դուք մտապահեք և բոլորդ արժանանաք Սուրբ հոգու շնորհերին՝ մեր Բարձրյալն Աստծո Միածին Որդու ողորմությամբ: Մնացեք սիրով, և Սուրբ հոգու շնորհներով առատապես:
Աղօթենք միասին
Սաղմոս. 92
Տէրը թագաւորեց, վայելչութիւն հագաւ, զօրութիւն հագաւ Տէրն ու գօտեւորուեց, հաստատեց աշխարհը, որ չսասանուի։
Սկզբից է պատրաստուած գահը քո, եւ յաւերժ ես դու։ Բարձրացան գետերը, Տէ՛ր, գետերը բարձրացրին ձայնն իրենց.
գետերը պիտի յորդեն իրենց հունից դուրս։ Առատ ջրի ձայնից ծովի ալիքներն սքանչելի դարձան. սքանչելի ես դու բարձունքներում, Տէ՛ր։ Մենք անչափ հաւատացինք քո վկայութիւններին. սրբութիւնը վայել է քո տանը, Տէ՛ր, երկար օրեր։ Ամեն.