ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 14.1-12
1 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ, Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի հավատացյալներ բարի է լույսը բոլորիս համար, որովհետև Աստծո խոսքով ենք սկսում մեր օրը:
Այսօր մեր եկեղեցին իր աղոթքներում հիշատակում է Հովհաննես Մկրտչի և Հոբ արդարի անունները:
Այս անունները մեզ միանգամից հիշեցնում են նրանց հետ պատահած զարհուրելի դեպքերը, և դրանով հանդերձ յուրաքանչյուր քրիստոնյա կցանկանար ունենալ Հովհաննես Մկրտչի վճռականությունը արդարության մեջ, և Հոբ երանելու համբերությունը մեծ փորձության մեջ: Աստծո խորախորհուրդ ծրագրեը մարդկության կյանքում որքան անքննելի են, այնքան էլ սիրելի են: Հովհաննես Մկրտիչը հստակ գիտեր իր առաքելության նպատակը և իր քարոզության ժամանակ հայտնում էր մարդկանց այդ մասին: Հովհաննեսը այն հավատարիմներից էր, ով անարատ քայլեց արդարութեան ճամփով, և իրենից հետո երանության արժանի գործեր թողեց: Եթե այսօր մի քարոզիչ երկրի ղեկավարին հանդիմանի այնպիսի բառերով, որոնցով Հովհաննես Մկրտիչն էր հանդիմանում Հերովդես չորրորդապետին և մյուսներին, ապա ոչ ոք նրան չէր դասի խոնարհների շարքում: Բայց Հովհաննեսը այդքան խիստ վարք ու կենցաղ ունենալով՝ մեծագույն խոնարհն էր: Սիրված անուն էր, համբավ ուներ, բազում հետևորդներ ուներ, բայց ասում էր,- ահա իմ հետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ:
Ով կարող է այսպիսի խոսքեր ասել իրենից մեծ մեկի հասցեին, եթե Հովհաննեսի խոնարհությունը չունենա: Զաքարիա քահանայապետի և Եղիսաբեթի որդին է, և Հիսուսի ազգականը: Ըստ Ավետարանի վեց ամիս մեծ էր Հիսուսից, քանի որ Մարիամ Աստվածածինը երբ Եղիսաբեթին այցի գնաց, նա արդեն վեց ամսական հղի էր խոստացած Հովհաննես որդիով: Նա վեց ամիս շուտ էր աշխարհ եկել իր Տիրոջ ճանապարհը պատրաստելու համար: Ինքը գիտեր իր գալու նպատակը, սակայն հետաքրքիր էր իմանալ, թե մարդիկ ինչ գիտեի՞ն իր մասին, կամ գիտեի՞ն արդյոք իր առաքելության նպատակը, երբ հարցնում էր,- Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ: Ավետարանը մեզ շատ մանրամասներ չի տալիս Հովնահհեսի կյանքից, բացի գլխավոր նպատակից՝ որ Տիրոջ առջևից եկավ Նրա ճանապարհը հարթելու համար: Աստծու այսպիսի ծրագիրը մեզ ծանոթ է, երբ մեզ ներկայացնում է աստվածաշնչյան հերոսին, ցույց է տալիս նրա գալու նպատակը, հավատարմությունը՝ առաքելության նկատմամբ և նրա նահատակությունը արդարության համար, կամ մյուսին՝ որը գալիս է մատնության համար, և այլն:
Հովհաննես Մկրտչի պատմությանը մենք արդեն ծանոթ ենք նախորդ եթերներից, բայց այսօրվա Ավետարանը մեզ կրկին հիշեցնում է արդարի վախճանը՝ ամբարտավան բռնակալի իշխանության օրոք: Աստված բարերար է նրանց հանդեպ, ովքեր իրենց հույսը դնում են Նրա վրայ, քանզի այն անձը, ով փնտրում և ճշմարտությամբ ապավինում է Աստծուն, բարի է և Տիրոջ փրկությամբ հանգստություն կգտնի: Հովհաննեսը հանդիմանել էր Հերովդեսին՝ այն բանի համար, որ նա իր եղբոր կնոջը որպես կին էր առել իր համար: Այս հանդիմանությունը չէր հանդուրժել Հերովդեսը, և հարմար առիթ էր փնտրում նրան սպանելու համար, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ ժողովուրդը Հովհաննեսին որպես մարգարե էին ընդունում: Սա այն Հերովդեսն էր, որ սպանեց Հովհաննեսին, իսկ սրա որդին, որը նույնպես Հերովդես էր, սպանեց Հակոբոսին: Ամբարտավան իշխանը իր հեղինակազրկված անունը փրկելու համար պատրաստ է խլել մեկի կյանքը, քանի որ չի ճանաչում Կենդանի Աստծուն, որը արդարների միջոցով է իր ծրագրերը իրականացնում: Այս Հերովդեսը Հերովդիայի ցանկությամբ գլխատել է տալիս Հովհաննեսին և սկուտեղի վրա գլուխը մատուցում են պատվիրատուին: Սա նաև այն վախկոտ Հերովդեսն էր, որը շղթայակապ Պետրոսի վրա բանտում տասներկու զինվոր էր կարգել, որպեսզի չփախչի: Սակայն հրեշտակը բացեց դռները և Պետրոսը դուրս եկավ բանտից; Այո, նանք վախենում էին աղոթող քրիստոնյաներից, քանի որ գիտեին որ նրանց Տէրը Աստված է: Բայց միշտ էլ փառամոլությունը և մարդահաճությունը կուրացնում է հարուստի աչքերը, սպանում է խիղճը, և մթագնում է ուղեղը ոճիրը կատարելուց առաջ:
Հովհաննեսի կյանքը ավարտվեց իր առաքելությունը լիարժեք կատարելուց հետո: Գրված է, որ աշակերտները եկան և նրա մարմինը տարան թաղեցին, և այդ լուրը պատմեցին Հիսու Քրիստոսին, երբ նա ժողովրդի բազմության մեջ ուսուցանում և բժշկություններ էր անում:
Հերովդեսը գիտեր, որ գլխատել էր Հովհաննեսին, բայց սարսափը նրան պատել էր հիմա էլ Հիսուսի համբավի պատճաով, և նա կարծում էր, թե սա Հովհաննես է՝ հարություն առած:
Աստծու ծրագրից անտեղյակ մարդը իրականուցնում է սատանայի ծրագիրը, գործում է մեղքը, հետո սատանան նրան ցույց է տալիս սարսափը՝ կատարած մեղքի նկատմամբ, և մարդը կորցնում է իրխաղաղությունը, ինչպես որ կորցրել էին Հերովդեսները:
Իր բարեկամի դաժան մահվան լուրը լսելուց հետո Ավետարանն ասում է, որ Հիսուս կատարեց հացի առաջին բազմացումը և կերակրեց ժողովրդի բազմությանը: Որրից հետո միայն առանձնացավ մի ամայի տեղ և մնաց մենակ: Այս պահը բոլորս պարտավոր ենք Հիսուսի հետ մի պահ մնալ ամայի վայրում, հասկանալու համար ցավը, վիրավորանքը, և հասարակության մեջ տիրող անպատժելիությունն ու անիրրավությունը՝ հալածված ժողավրդի հանդեպ:
Տէր Հիսուս կարող էր հարություն տալ նաև Հովհաննես Մկրտչին, ինչպես դա արեց Ղազարոսի համար, Բայց Հովհաննես կատարել էր իր մեծ առաքելությունը, իսկ մինչև Ղազարի հարություն՝ դեռ շատ իրադարձություններ պետք է լինեին, մինչ Տէր Հիսուսի խաչելություն: Ղազարի հարությունը եղավ Իր խաչելությունից մեկ շաբաթ առաջ, որպեսզի Իր հարությունը մարդկանց հասկանալի լինի: Այս բոլոր մանրամասները գրվել, որպեսզի մենք այսօր տեղյակ լինենք Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու նպատակի մասին, բոլոր ժամանակներում ընտրված մարդկանց առաքելության մասին, նրանց հավատարմության մասին, հնազանդության և համբերության մասին:
Եթե այս բոլորը չիմանանք, ինչպես կհասկանանք Հոբի պատմությունը, ինչպես կարող ենք ընկալել Աստծո ծրագիրը Հոբի կյանքում՝ այդքան դառնություններով, եթե Հոբի հավատարմության մասին լուր չունենանք, որ ասաց,- Աստված տվեց, Աստված էլ վերցրեց: Աստված սատանայի հետ երկխոսության մեջ է մտնում, վստահ լինելով Հոբի հավատարմության և համբերության վրա:
Այսօր, Աստված մեզնից մեկի համար կարո՞ղ է վստահ երկխոսության մեջ մտնել սատանայի հետ և ասել նրան,- երկրի վրա իմ ծառա՝ այսինչին տեսա՞ր: Երանելի Հոբը և Հովհաննես Մկրտիչը այն ընտրյալներն են, որոնց հետ խոսել է մեր Տէրը անձամբ: Նրանց անունները Աստվածաշունչ մատյանում են, Հայրերի գրվածքներում են, եկեղեցու տոների մեջ են և մեր մտքերում են, որպես օրինակներ՝ խոնարհության, ծառայասիրության, հավատարմության, և քաջության: Մեր այսօրվա դասը թող լինի սովորել՝ Հովհաննես Մկրտչի պես արդարության համար պայքարել և Հոբի պես համբերել մեծ փորձության ժամին՝ ի սեր Ատսծո և հանուն մեր փրկության: Մնացեք սիրով, խոնարհությամբ, համբերությամբ և ամենքդ հավատարիմ ձեր ծառայության ոլորտում:
Աղօթենք միասին
Սաղմոս. 89
Տէ՛ր, սերնդից սերունդ մեր ապաւէնը եղար։ Դու կայիր, երբ դեռ չէին հաստատուել լեռները եւ չէին ստեղծուել երկիրն ու ողջ տիեզերքը, յաւիտենութիւնից մինչեւ յաւիտենութիւն։ Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձէ՛ք ինձ»։ Հազար տարին Տիրոջ աչքում երէկուայ օրուայ պէս է, որ անցաւ, կամ գիշերուայ մի պահի պէս։ Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առաւօտեան խոտի պէս պիտի բուսնեն, առաւօտեան խոտի պէս պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյեան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։ Մենք մաշուեցինք քո բարկութիւնից,եւ քո զայրոյթից մենք խռովուեցինք։ Մեր մեղքերը առջեւդ դրիր, իսկ մեր կեանքը՝ երեսիդ լոյսի տակ։ Մեր օրերը բոլորովին նուազեցին, եւ մենք խռովուեցինք քո բարկութիւնից։ Մեր կեանքի ժամանակը դադար չունի սարդի նման։ Մեր կեանքի օրերի թիւն է եօթանասուն տարի, կամ առաւելագոյնը՝ ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցաւով ու հեծութեամբ։ Մեզ վրայ հեզութիւն իջաւ, եւ մենք խրատուեցինք։ Իսկ ո՞վ գիտէ քո բարկութեան ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կը չափի քո զայրոյթը։ Այսպէս, ինձ ցո՛յց տուր քո աջը,եւ սրտով խոնարհներին՝ քո իմաստութիւնը։ Դարձի՛ր, Տէ՛ր։ Մինչեւ ե՞րբ… Մխիթարի՛ր քո ծառաներին։
Նայի՛ր, Տէ՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, եւ առաջնորդի՛ր նրանց որդիներին։ Տէր Աստծու լոյսը թող մեզ վրայ իջնի. ուղղի՛ր մեր ձեռքի գործերը, Տէ՛ր, մեր ձեռքի գործերը յաջողեցրո՛ւ մեզ։ Ամեն.