ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 6.45-56
44 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին: 45 Իսկոյն եւեթ Յիսուս շտապեցրեց աշակերտներին, որ նաւակ մտնեն եւ իրենից առաջ գնան հանդիպակաց կողմը՝ դէպի Բեթսայիդա, մինչեւ ինքը ժողովրդին արձակէր: 46 Եւ բաժանուելով նրանցից՝ լեռ բարձրացաւ աղօթք անելու: 47 Երբ երեկոյ եղաւ, նաւակը ծովի մէջտեղում էր, իսկ ինքը՝ ցամաքի վրայ: 48 Եւ տեսաւ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետեւ քամին նրանց հակառակ կողմից էր. գիշերուայ ուշ ժամին նա գալիս էր նրանց մօտ՝ ծովի վրայ քայլելով, եւ ուզում էր նրանցից առաջ անցնել-գնալ: 49 Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրայ, կարծեցին, թէ մի ուրուական է, եւ աղաղակ բարձրացրին, 50 որովհետեւ ամէնքը տեսան նրան եւ խռովուեցին: Եւ նա իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 51 Եւ նա նաւակ բարձրացաւ նրանց մօտ, եւ քամին դադարեց: Եւ նրանք առաւել եւս ապշել էին իրենց մտքում ու սաստիկ զարմանում էին, 52 քանի որ մտքները բթացած լինելով՝ չէին հասկացել նաեւ այն, ինչ վերաբերում էր հացի բազմացմանը: 53 Երբ դիմացի կողմն անցան, Գեննեսարէթի ցամաքը ելան: 54 Եւ երբ նաւակից դուրս ելան, տեղի մարդիկ իսկոյն եւեթ նրան ճանաչեցին: 55 Եւ ամբողջ գաւառում այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին մահիճներով հիւանդներ բերել այնտեղ, ուր լսում էին, թէ նա գտնւում է: 56 Եւ ուր որ մտնում էր՝ գիւղեր, քաղաքներ թէ ագարակներ, հրապարակներում դնում էին ախտերով տառապողներին եւ աղաչում նրան, որ գոնէ իր զգեստի քղանցքներին դիպչեն: Եւ ովքեր մի անգամ դիպան, բժշկուեցին:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Բարի լույս ձեզ քրիստոսասեր բարեկամներ և Աստծո խոսքի ծարավն ունեցող հավատացյալներ:
Այսօրվա մեր ընթերցածը Մարկոսի Ավետարանի սկիզբն է, ասել է թե՝ նաև Հիսուս Քրիստոսի առաքելության սկիզբն է: Մեր Տիրոջ կյանքի պատանեկության տարիների մասին Ավետարանները մեզ գրեթե ոչինչ չեն ասում Նրա գործունեության մասին:
Բոլոր տեղեկությունները մեզ հայտնի են միայն Իր հանրային ծառայությունը սկսելու պահից: Բայց դժվար չէ պատկերացնել, որ Նրա մանկությունն ու պատանեկությունը անցել է նույն միջավայրում, որտեղ որ սկսեց իր գործունեությունը: Չի բացառվում նաև, որ հենց այս էր պատճառը, որ շատերի մոտ կասկած առաջացավ Նրա Աստծու Որդի լինելու հանգամանքը, քանի որ ճանաչում էին Նրա ծնողներին, ազգականներին և Նրա տունը: Մենք կարդում ենք, որ Մարիամը Հրեշտակի հայտնած լուրը, Սիմեոն Ծերունու խոսքերը և այդ բոլորը պահում էր իր սրտում գաղտնի: Ավանդությունը պատմում է Աստվածածնի վարքից, որ ամեն անգամ, երբ Հիսուս տնից դուրս էր գալիս, Նրա մայրը՝ Մարիամը հիշում էր բոլոր այն խոսքերը, որ ասվել էր իր Որդու առաքելության մասին, Սիմեոն ծերունու խոսքերը, թե՝ քո սրտի միջով էլ սուր պիտի անցնի…և անհանգստանում էր Նրա համար:
Նույնիսկ Տէր Հիսուսն է այդ մասին ասում, թե՝ Մարգարեն իր գավառի մեջ հարգանք չունի: Հիսուս Քրիստոս դեռ նոր էր սկսել Իր ծառայությունը, և օրեցօր հանրահայտ էր դառնում ժողովրդի մեջ Իր բժշկությունների և հրաշքների պատճառով: Օրեցօր ավելի շատ մտահոգություն և կասկածներ էր առաջացնում օրվա հոգևոր և կրոնական իշխանությունների համար՝ Իր զարմանահրաշ գործերով; Հովհաննես Մկրտչի բանտարկությունն ու գլխատումը արդեն տեղի էր ունեցել: Գնալով զարգանում էին իրադարձությունները և առջևում հոգևոր և նյութական քաղցած հասարակությունն է, որը հետևում է Քրիստոսին, ուր որ Նա գնում է: Ժողովուրդը արդեն տեսել էր հացի բազմացման հրաշքը, հիվանդների բժշկությունները և այլևս չէին հեռանում նրանից այն աստիճան, որ կամենում էին Նրան իրեց թագավոր դարձնեն: Հիսուս Իր աշակերտներին ուղարկեց ծովի մյուս կողմը, մինչև ինքը ժողովրդի այն բազմությունն արձակի, որոնք կշտացել էին հինգ հացի և երկու ձկան բազմացումից:
Հիսուս Կամեցավ մենակ մնալ ժողովրդին արձակելուց հետո, լեռը բարձրացավ և աղոթել սկսեց: Մի կողմից Հովհաննես Մկրտչի գլխատման ահավոր լուրը, մյուս կողմից ժողովրդի անմխիթար վիճակը, մյուս կողմից կրոնական իշխանությունների հետ ունեցած հակառակությունները առանձնանալու տեղիք էր տալիս:
Մինչ նա աղոթում էր, աշակերտները մի ափից մյուսն էին անցնում: Հանկարծ Հիսուս նկատեց, որ աշակերտները ծովի վրա հողմակոծ են լինում, քանի որ քամին հակառակ կողմից էր փչում: Գիշերվա ուշ ժամ է և Նա գալիս է աշակերտների մոտ ծովի վրա քայլելով: Երբ աշակերտները տեսան Նրան ծովի վրա քայլելիս, կարծեցին թե մի ուրվական է, և սարսափից աղաղակ բարձրացրին: Հիսուս ասաց նրան,- Ես եմ, մի վախեցեք:
Երեք ավետարանիչներից միայն Մատթևոսն է արձանագրել, որ երբ աշակերտները իմացան, որ ծովի վրա քայլողը Վարդապետն է, գոտեպնդվեցին և Պետրոսը ասաց, -Տէր, եթե դո՞ւ ես, հրամայիր ինձ ջրի վրայով քեզ մոտ գալ:
Նա ասաց, - արի: Պատմում են, որ Պետրոսը նախ համարձակ քայլերով գնաց սկզբից ջրի վրայով, բայց հետո երբ տեսավ ուժեղ քամին, վախեցավ և սկսեց սուզվել: Ուժգին աղաղակեց և ասաց,- Տէր, փրկիր ինձ: Հիսուս բռնեց Պետրոսի ձեռքը և ասաց,- թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ, որ ակնթարթային երկմտությունը Աստծո հանդեպ կարող է խորտակել մարդուն իր իսկ խնդրանքի և որոշման մեջ:
Նա նավակ բարձրացավ և քամին դադարեց: Հիմա մի պահ պատկերացնենք աշակերտների ապրումները, որ ժամեր առաջ իրենց աչքով էին տեսել հացի բազմացումը և այդքան մարդկանց կերակրումը, որը ըստ Փիլիպոսի երկու հարյուր արծաթ դահեկանով չէին կարող հաց առնել և կերակրել նրանց՝ թեկուզ մեկական պատառով; Հացի բազմացման հրաշքը դեռ չէին ընկալել, հանկարծ տեսան, որ իրենց Վարդապետը քայլում է ծովի վրայով:
Բայց առաքյալները մոռացել էին, որ Աստծո խոսքով աշխարհը ստեղծվեց, և նույն խոսքով էլ կարող էր հացը բազմանալ:
Հիսուսի համբավն ամենուրեք էր տարածվել և մինչ նրանք ափ հասան, այնտեղ արդեն մարդիկ սպասում էին Նրան:
Ժողովուրդը նկատել էր, որ Հիսուս աշակերտների հետ նավակ չէր նստել, բայց հայտնվել էր մյուս ափում, զարմանքից հարցրին,
- Վարդապետ ե՞րբ եկար այստեղ: Բայց Հիսուս ոչ թե պատասխանեց նրանց հարցին, այլ բոլորովին այլ պատասխան տվեց նրանց, ասելով, - Փոխանակ կորստյան ենթակա ուտելիքը փնտրելու, ջանացեք ապահովել այն կերակուրը, որը մնում է հավիտենական կյանքում; Այդ կերակուրը միայն Մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայր Աստված Իր հավանության կնիքն է դրել Նրա վրա:
Ժողովուրդը կարծես հասկացավ ակնարկը և հարցրեց,- Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը կատարենք:
Հիսուս ասաց, Աստծու ուզած գործն այն է, որ հավատաք Նրան, ում Նա ուղարկեց:
Այս հարցը հավերժական հարց է: Հարց է նաև մեր օրերում: Արտաքին երևույթներից դատելով քրիստոնյա ժողովուրդները պետք է որ այս հարցի պատասխանը իմանային; Բայց իրական պատկերը տեսնելով, հասկանում ենք, որ հարցը դեռ կախված է օդում, և մարդիկ չգիտեն ինչ անեն, որ Աստծու ուզած գործերը կատարեն: Աշակերտները ընդունեցին Քրիստոսին իրենց մեջ և այս հարցի պատասխանը գտան: Նրանք, ովքեր ապրում են Հիսուս Քրիստոսի հետ, նրանք ևս գիտեն հարցի պատասխանը: Իսկ այն մարդիկ որոնք միայն Աստծու անունը գիտեն և ոչ առավել, նրանց համար հարցը դեռ չունի իր պատասխանը: Երբ որ կճանաչեն Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի և աշխարհի Փրկիչ, հարցը կգտնի իր պատասխանը: Իսկ երբ որ Փրկչին փնտրողը հանձն առնի իր մեղավոր վիճակը և զղջա իր մեղքերի համար, հարցը կստանա իր լուծումը:
Մենք սովորական մահկանացուներս միմյանց կարծիքը չենք կարող իմանալ, եթե նախ ծանոթ չլինենք, երկար շփում չունենանք միմյաց հետ, չհաղորդակցվեք մի որոշ ժամանակ: Իսկ ծանոթանալուց հետ արդեն հեշտ է մոտավոր պատկերացնել, թե տվյալ հարցի շուրջ մեր ծանոթի կարծիքը ինչպիսին կլինի:
Նույնը Աստծու պարագան է: Եթե չկարդանք Աստվածաշունչը, չենք իմանա Աստծու կարծիքը: Եթե չպահենք պատվիրանը, չենք իմանա Աստծու ծրագիրը մեր գործերում; Ամեն ինչի համար պայման կա: Փրկության համար պայման կա: Եթե միայն Աստծու անունը իմանալով փրկվեինք, ուրեմն ինչի՞ համար էր դաժան խաչելությունը մարդու մեղքի համար: Ուրեմն հիշենք, ինչ որ լսում ենք, ինչ որ կարդում ենք, և նույնությամբ էլ կիրառենք մեր կյանքում, Աստծո ոըզածը կատարելու համար:
Մնացեք սիրով, ծովի վրա քայլելիս՝ առանց երկմտելու և հայացքը Հիսուսից չկտրելով, որպեսզի խաղաղ ապրեք:
Աղօթենք միասին
Սաղմոս 85
Մօտեցրո՛ւ, Տէ՛ր, ականջը քո եւ լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տէ՛ր. փրկի՛ր, Աստուա՛ծ իմ, քո ծառային, որ յոյսը դրել է քեզ վրայ։ Որորմի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։ Ուրախացրո՛ւ ծառայիդ հոգին, Տէ՛ր, քանզի հոգիս դէպի քեզ բարձրացրի. որովհետեւ դու, Տէ՛ր, բարի ու շիտակ ես, գթառատ ես նրանց հանդէպ, ովքեր կանչում են քեզ։ Ակա՛նջ դիր, Տէ՛ր, իմ աղօթքներինեւ ո՛ւշ դարձրու խնդրանքիս ձայնին։ Իմ նեղութեան օրը ես կանչեցի քեզ, եւ դու լսեցիր ինձ։ Աստուածների մէջ քեզ նմանը չկայ, Տէ՛ր, եւ ոչինչ չկայ, որ նմանուի քո գործերին։ Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, պիտի գան երկրպագեն քո առջեւ, յաւիտեան փառք պիտի տան քո անուանը։ Մեծ ես դու, Տէ՛ր, եւ հրաշագործութիւններ ես անում, եւ միայն դո՛ւ ես Աստուած։ Առաջնորդի՛ր ինձ քո ճանապարհով, որ ընթանամ քո ճշմարտութեամբ, եւ սիրտս ուրախանայ՝ ակնածելով քո անունից։ Ամբողջ սրտովս գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր Աստուած իմ, յաւիտեան փառք պիտի տամ քո անուանը։