ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 23.34-39
34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ սիրելի հավատացյալներ, սկսենք մեր հաղորդաշարի հերթական եթերը՝ Մատթևոսի Ավետարանի ընթերցած գլխից:
Աստվածաշնչի սերտողությունը մի գեղեցիկ և օգտակար սովորություն ունի: Որպեսզի ընթերցվող գլուխը հասկանալի լինի կարդում ենք նաև նախորդ գլուխը: Եթե այդ իրադարձությանը անդրադարձել են նաև մյուս ավետարանիչները, ապա կարդում ենք նաև նրանց տեսակետները՝ համեմատելով: Շատ հաճախ ենք հանդիպում տարբերությունների երկրորդական հարցերում, բայց գլխավոր նպատակը, որ մեր Տիրոջ խոսքը մեզ հասնի, բոլորի մոտ նույնն է: Սա ևս շատ կարևոր հանգամանք է ընթերցողի համար, քանի որ աշակերտներից յուրաքանչյուրը մի նրբության է անդրադառնում, որը մյուսի աչքից վրիպում է: Այս բոլորը Սուրբ Հոգու ներշնչանքն է, որպեսզի որևէ կարևոր բան դուրս չմնա կարդացողի աչքից: Մենք այս երևույթին ականատես ենք լինում մերօրյա հարցազրույցի ժամանակ, երբ միևնույն արտառոց դեպքի մասին տարբեր մարդկանց վկայություններ ենք լսում:
Օրենսգետների և փարիսեցինորի կեղծավորության դատապարտությանը անդրադարձել են երեք ավետարանիչներն էլ, բացի Հովհաննեսից, չնայած, որ Հովհաննեսը ներկա է եղել ամեն տեղ, ուր որ նրանք շրջել են: Երեք ավետարանիչներից միայն Մատթևոսն է հանգամանալից նկարագրել, թե ինչպիսի բառերով է Տէր Հիսուս փարիսեցիներին հանդիմանել: Երեք ավետարանիչներից միայն Ղուկասն է գրել, որ դեպքը տեղի ունեցել փարիսեցու տանը՝ ճաշի ժամանակ: Միայն Մարկոսն է անդրադարձել Տիրոջ այն խոսքին, որ իրենք զգուշանան այն փարիսեցիներից, որոնք տներ մտնելով միտումնավոր երկարացնում են իրենց աղոթքները, ավելի բարեպաշտ և աղոթող երևալու համար, ինչի համար ավելի խիստ դատաստանի պիտի արժանանան:
Երեք ավետարանիչների գլխավոր նպատակն է մեզ հասցնել Հիսուս Քրիստոսի դատապարտության խոսքերը նրանց հասցեին, որոնք միմյանցից փառք են փնտրում, ձևապաշտությամբ երկար են աղոթում, և այդ բոլորը անում են միամիտ մարդկանց ներկայությամբ՝ նրանց աչքին ներկայանալի երևալու նպատակով:
Հիսուս Իր աշակերտներին սթափության կոչ է անում, ասելով, որ օրվա հոգևոր իշխանությունը նստել է Մովսեսի աթոռի վրա, և ժողովրդին հանձնարարում են Մովսեսի օրենքները, պահանջում են կատարել մինչև իսկ ամենափոքր պատվիրանը, իսկ իրենք չեն պահում իրենց ասածները: Բայց նաև զգուշացնում է, որ հետևեն նրանց բանավոր խոսքին, ինչը վերաբերում է օրենքին ու մարգարեություններին, սակայն չհետևեն նրանց անձնական օրինակին: Որովհետև հոգևոր առաջնորդները մարդկանց ուսերին ծանր բեռներ էին դնում, և նրանց չէին օգնում դրանք կատարել, կամ չէին սովորեցնում կատարելու ձևը:
Այն, ինչի մասին որ մինչև հիմա կարդացինք, մեր օրերում անծանոթ երևույթ չէ: Այն ժամանակ Մովսեսի աթոռին էին նստել, մեր օրերում էլ առաքելական աթոռին են նստել և նույնն են անում: Գիիգոր Լուսավորչի աթոռին են նստել և նույնն են անում: Հայրապետներից մեկը իր աթոռին բազմած բարձրագոչ խոսքեր է ասում նեղության մեջ տառապող, աղքատության շեմին հայտնված ժողովրդին, և ժողովուրդը ստիպված բավարարվում է միայն այդ վերամբարձ խոսքերով;
Հայրապետներից մյուսը՝ Լուսավորչի գահին բազմած լռում է տարիներ շարունակ այն ժողովրդի դիմաց, որոնք անորոշության մեջ են հայտնվել քաղաքական անցուդարձերի, վայիրվերումների, պատերազմական իրավիճակի պատճառով: Բացի այս իրավիճակներից երկու հայրապետության ժողովուրդն էլ կանգնած է այս անհասկանալի ու տագնապ առաջացնող Կորոնա կոչված հավարակի առջև: Եթե ժողովրդին մխիթարելու և օգնության ձեռք մեկնելու պարտականությունը դրված չլիներ օրվա հոգևոր առաջնորների ուսերին, ապա Հիսուս Քրիստոս նրանց չէր հանդիմանի ու դատապարտի նրանց ձևական և ցուցադրական առաջնորդության համար: Այսօր էլ նույնն է, դեռ մի բան էլ կատարելագործված՝ շենք շինությունների, գահերի ու անձնական աղոաթատեղիների առումով:
Ցուցադրաբար երկար աղոթքը գուցե պարզ հավատացյալի աչքին ու ականջին հաճելի է, բայց մեր Տէրը ասում է այն ինչ կեղծավորությամբ է արվում խիստ դատաստանի է արժանի: Նախապատիվ աթոռների, ցուցադրական ողջույնների, ցուցադրական աջհամբույրների, ինքնաերկրպագության օրինակները այսօր էլ կան մեզանում, ինչը պետք չէր, որ լիներ Աստվածաշունչ մատյանը կարդալուց հետո; Բայց ունենք այն, ինչը արդեն ունենք:
Սիրելիներ, այստեղ էր որ Հիսուս իր աշակերտներին ասաց,- բայց դուք որևէ մեկին ուսուցիչ մի կոչեք, որովհետև ձեր ուսուցիչը մեկ է, և դուք բոլորդ եղբայրներ եք: Երկրի վրա ձեզ ոչ մեկին ձեզ հայր մի կոչեք, որովհետև մեկ է ձեր Հայրը, որ երկնքում է: Ինքներդ ուսուցիչներ չկոչվեք , որովհետև Քրիստոս է ձեր ուսուցիչը: Ձեզնից մեծը ձեր սպասավորը թող լինի:
Հիմա, բոլորիս համար ամբողջությամբ հասկանալի է, թե ինչի համար է ասվել այս խոսքերը:
Ուսուցիչ մի կոչեք և կոչվեք, որովհետև դուք մարդկանց փոխանցում եք Միակ Երկնային Ուսուցչի պատգամները, որը և սովորեցնում էր, և պահում էր, և եղբայր էր բոլորին՝ մինչև իսկ կյանքը տալու աստիճան; Իսկ եթե դուք այսդպիսին չեք, մի կոչվեք ուսուցիչ միայն անունով և դաս տալու համար, եթե պատրաստ չեք ձեր նմանի բեռը վերցնելու:
Հայր մի կոչեք ձեզ, որովհետև դուք չեք կարող անել երկնավոր Հոր զոհաբերությունը, որ արեց բոլորիդ համար, որպես Հայր: Այլ դուք եթե հավատարիմ եղբայր էլ լինեք միմյանց, սիրեք և ծառայեք միմյանց, դա արդեն բավական է, որ ընդունեն:
Եթե դուք երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առջև, և ինքներդ չեք մտնում, որովհետև նեղ է դուռը, ուրեմն ինչու եք կամենում ուսուցիչ և Հայր կոչվել:
Եթե դուք մի նորահավատի համար գայթակղություն եք հանդիսանում ձեր ապրելակերպով, ուրեմն ինչու եք ուսուցիչ և հայր անունը գերադասում:
Երբ դուք տաճարի ոսկին ու արծաը առավել եք համարում տաճարում աղոթողից, ինչպես կկոչվեք Հայր և ուսուցիչ:
Երբ դուք ծեսերի և արարողությունների արտաքին գեղեցկության վրա եք կենտրոնացած, իսկ եկեղեցում գտնվող հավատացյալը իր փրկության և մեղքերից ազատվելու դուռը չի գտնում, չեք կարող ուսուցիչ և հայր կոչվել: Եվ այլն և այլն
Իսկ եթե դուք քարոզում եք Իմ խոսքերը և այն սրբությմաբ պահում ձեր կյանքում՝ օրնակ լինելով իմ հոտի համար, այդ ժամանակ, ոչ թե ժողովուրդը, այլ Ես ձեզ վարձատրեմ որպես բարի հովիվ, և ջանասեր մշակ, որն արժանի է իր վարձին:
Սիրելիներ, ես ձեզ հանգամանալից ներկայացրի իրավիճակը, ոչ թե որևէ մեկին մատնացույց անելու համար, այլ որպեսզի դուք իրապես ճանաչեք, թե ինչ է մեզ համար կամեցել մեր երկնավոր Հայրը, և հանձնարարել է պատկան մարդկանց, որպեսզի մեզ բացատրեն և ուսուցանեն; Բայց այս ամբողջի մեջ մեր սովորելիքն այն է, որ լսենք մեր հոգևոր առաջնորդների խոսքը, և եթե արժանավորները կան հետևենք նաև նրանց օրինակին; Իսկ եթե չկան, կիրառենք Քրիստոսի մաքրամաքուր խոսքը մեր կյանքում:
Ողորմած, Գթած և Բարերար Աստված տեսնելով այս ամենը, այսպիսի հանդիմանություն է անում ոչ միայն հրեաներին, այլ բոլոր ժամանակների բոլոր հոգևոր առաջնորդներին, թե,- «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից կեղծավորության պատճառով» Մատթ. 23:32։
Մենք՝ հավատացյալ հոտը սիրով կկոչենք հայր, ուսուցիչ և վարդապետ՝ նրանց, որոնք Քրիստոսի քաջ զինվորներն են, Քրիստոսի հոտի համար բարի հովիվներ են, և Քրիստոսի այգում ծառայող արժանի մշակներն են: Ժողովրդի հոգևոր քաղցը բավարարող և հոտին դեպի փրկություն առաջնորդող հոգևորականը մեր մարմնավոր ծնողից առավել է մեզ համար: Արժանի է պատվի, հարգանքի, աջհամբույրի և խոնարհումի, քանի որ ուսուցանում է Տիրոջ խոսքը և ինքն էլ կատարում է դրանք:
Սիրելիներ, Դուք որպես քրիստոնյա պարտավոր եք լինել սթափ, գիտակից հավատացյալ, վերլուծող, ոչ թե քննադատող, արդարությամբ խոսող, ոչ թե բամբասող;
Մնացեք սիրով և քրիստոնյայի պարտականությունների մեջ, որպեսզի կարողանաք պահանջել ձեր հոգևորականից ու վարդապետից՝ ձեր հոգու փրկության դասերը:
Աղօթենք միասին
Սաղմոս. 83
Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ։ Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։ Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին։ Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում։ Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած։ Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին, քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ։ Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել։ Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տայ։ Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում։ Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել։ Ողորմութիւնն ու ճշմարտութիւնը պիտի հանդիպեն, արդարութիւնն ու խաղաղութիւնը պիտի համբուրուեն։ Ամեն.