ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 5.1-12
1 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Ողջույն ձեզ, սիրելի հայրենակիցներ և մեր եթերի մշտական ունկնդիրներ: Եթե Հանապազօրյա Հացը հագեցնում է ձեր հոգևոր քաղցը՝ ինչ որ չափով, ուրեմն փառք Աստծուն, համարենք, որ մենք շիտակ ուղու վրա ենք:
Այս կյանքում ոչ ոք չի կարող համոզված լինել իր փրկության մեջ, առանց Աստծո մասնավոր հայտնության: Բայց նաև ոչ ոք հույսը պիտի չկտրի իր փրկությունից, այլ մեծ հույսով ու երկյուղով ջանա հասնել փրկությանը՝ ինչպես որ առաքյալն է ասում. «Ահով ու դողով դուք ձեր փրկության համար աշխատեք»:
Այսպես են մեզ սովորեցնում Աստվածաշունչ մատյանը, սուրբ Հայրերն ու աստվածաբանները: Սուրբ Գիրքը նաև ցույց է տալիս Աստծո ընտրյալների որոշ նշաններ, որոնցով նրանք տարբերվում են մարմնավոր և հավատքից հեռու գտնվող մարդկանցից:
Այսօրվա Ավետարանի ընթերցվածքը վերցված է Հիսուս Քրիստոսի խոսած ամենանպատակային վարդապետությունից, որը կոչվում է Լեռան քարոզ: Ինչ է քարոզը: Հրեական աղբյուրներից կարդում ենք, որ Հիսուսի ապրած ժամանակաշրջանում քահանայապետների ստեղծված անարդար բարքերի պատճառով դժվարացել էր մարդկանց տաճար գալը և քահանային՝ իրենց հարցերով դիմելը: Քահանայությունը զբաղված էր առևտրային գործերով, իսկ քահանայապետների պաշտոնը կարող էին գնել դրամով: Քանի որ կենդանիների առքն ու վաճառքը նույնպես քահանայության մենաշնորհն էր, հետևաբար մարդկանց համար կրկնակի դժվար էր լինում գտնել զոհաբերության համար անարատ կենդանի: Կենդանու գինը որոշում էին քահանայապետները, բացի դրանից մարդիկ իրենց դրամը անպայման պետք է փոխեին տաճարի լումայափոխների մոտ, որի փոխարժեքը դարձյալ որոշում էին քահանայապետները: Այսինքն ամուր հաստատված մի բիզնես էր ստեղծվել տաճարում, որը դժվարության առաջ էր կանգնեցնում մարդկանց, որոնք իրենց մեղքերի թողության համար կենդանի էին զոհաբերում տաճարում: Հիշում եք բոլորդ, այդ դրվագը, երբ Հիսուս տաճար մտավ և խարազանով դուրս վռնդեց լումայափոխներին և կենդանի վաճառողներին: Զբաղված լինելով անձնական բիզնեսով ոչ ոք, ոչինչ չէր սովորեցնում անուս ժողովրդին մինչ առաջին դարի սկիզբը: Միայն առաջին դարի սկզբներին էր, որ փարիսեցիները և օրենսգետները որոշեցին ժողովրդին սովորեցնել սուրբ գրքերը, որպեսզի պահպանվի դրանք: Հիմա հասկանալի է, որ ժողովուրդը որքան ծարավ ուներ հոգևոր խոսքի, աստվածային իմաստության և ուսուցման: Հիսուսի ժամանակաշրջանում մարդիկ անուս էին և գրել կարդալ չգիտեին, դրա համար էին սուրբ գրքերը անգիր սովորում: Ընդ որում շաբաթը մեկ անգամ էին Սինագոգում լսում բանավոր բացատրությունը Հնգամատյանի:
Իմիջի այլոց եթե այսօր Հիսուս հայտնվեր մեր տաճարներում, Նրան էլի խարազանը պետք էր գալու շատ ու շատ անկարգությունները շտկելու համար, շատերին վռնդելու և շատ բաներ շրջելու համար, Նույն սիմոնականությունը վերացնելու համար:
Հավանաբար ուշադրություն եք դարձրել, սիրելիներ, երբ Տէր Հիսուս դուրս էր գալիս շրջելու քաղաքներ և գյուղեր՝ քարոզության համար, նրան շրջապատում էին անսահման թվով մարդիկ, որոնք կարոտ էին Աստծու խոսքի մեկնության: Այսօրվա պես չէր, որ մարդիկ քարոզներ լսելու համար դժվար են հավաքվում նույնիսկ եկեղեցում: Այսպիսի ծարավ մարդկանց համար խոսեց Լեռան քարոզը մեր Տերը՝ մարդկանց բացատրելով, թե ինչ պահանջվում մարդուց բարոյական և հոգևոր կյանքը ճիշտ կազմակերպելու համար:
Իր քարոզը սկսեց ինը երանիների պատվիրաններով, որոնց կատարումը ջանք ու եռանդ է պահանջում քրիստոնյայից:
Նա արդեն հասցրել էր Գալիլիայում բազում բժշկություններ և հրաշքներ գործել և մարդկանց մեջ հայտնի դառնալ: Իսկ մարդիկ հետապնդում էին Նրան, լսելու համար իրենց սրտին այդքան հաճելի խոսքեր: Տէր Հիսուս լեռը բարձրացավ, իսկ ժողովուրդի բազմությունը ստորոտում հիացած լսում էր Նրան: Նա Իր քարոզը սկսեց բոլորի համար զարմանալի մի մտքով՝
Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը: Հրեա մեկնաբանները ասում են, որ Մովսեսն էր հոգով աղքատ, որ կարողացավ դեմ հանդիման խոսել Աստծու հետ: Հիսուս Քրիստոս Իր վարդապետությունը սկսեց սովորեցնել հոգով աղքատ լինելով և հոգով աղքատներին փնտրելով, այսինքն հրաժարվել սեփական հոգուց, եսից: Երբ մարդու մեջ ապրում է իր մարդկային հոգին, նա չի կարող մոտենալ Աստծուն: Քրիստոսին հետևող մեկը պետք է հոգով աղքատ լինի, մեղքից զերծ և իր ներքին մեղավոր էությունից ազատագրված, որպեսզի կարողանա իր նմանին լսել, օգնել, սիրել:
Երկրորդ պատվիրանը, որ տալիս է Հիսուս հանրությանը, դարձյալ դժվարընկալելի մի պատգամ է առաջին անգամ լսողների համար: Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն:
Ինը երանիների հերթականությունն այնպիսին է, որ առանց նախորդի հաջորը անկարելի է ունենալ: Այսինքն մինչև մարդը հոգով աղքատ չլինի, չի կարող լինել սգավոր, որը բացարձակ կապ չունի մեր պատկերացրած սուգի հետ: Այլ մարդը իր մեջ պետք է հոգս, կարեկցանք ու ցավ ունենա այն մարդկանց հանդեպ, որոնք դեռ ապրում են իրենց մեղքերի մեջ: Առանց այդ ցավի չի ծնվի անշահախնդիր ծառայություն այլոց համար: Մեղավոր մարդկանց և սեփական մեղքի համար լացը միայն մխիթարություն կբերի սգավորին:
Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Այս խոսքերը 37 սաղմոսից են: Հիսուս ասում է, որ հեզություն ունենալու համար պետք է ունենալ նախորդ երկու առաքինությունները, որպեսզի երկիրը ժառանգեք: Հեզություն ձեռք բերելու համար պետք է կրճատել մարմնավոր մարդու քմահաճույքի պահանջները, որպեսզի մարդը զարդարվի հեզության առաքինություններով:
Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան:
Այս երանին ունենալու համար մենք պետք է քաղց ունենանք այն աստիճանի մինչև որ տեսնենք մեր արդարությունը: Կրկին մինչև մարդը հեզություն չունենա չի կարող լսել իր մասին մի ճշմարտություն՝ քննադատաբար:
Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն:
Շատ հաճախ երբ մենք տեսնում ենք մի մեղավոր մարդ, ինքներս ենք դառնում մեղավոր՝ նրա մեղքը բարձրաձայնելով, կամ քննադատելով: Շտապում ենք դատել, այն էլ մեր մարդկային դատաստանով: Մեր Տերը ողորմության մասին այլ բացատրություն է տալիս, ասելով, երբ տեսնում ես մեղավորի մեղքը, սիրիր նրան, կարողացիր հասցնել նրան այն աստիճանի, որ դառնա Աստծուն և փրկվի: Եթե քո վերաբերմունքը այդպիսին է մեղավոր մարդու հանդեպ, ապա դու Աստծուց ողորմություն կգտնես: Որպեսզի հնարավոր լինի կատարել այս ողորմության պատվիրանը պետք է մաքուր սիրտ ունենալ:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Մենք շատ հաճախ մարդկանց դատելուց հաճույք ենք ստանում: Երբեմն հաճույք ենք ստանում որ դրանով ցավ պատճառեցինք, երբեմն ուրախանում ենք նրան ստորացնելու համար, երբեմն էլ նրա համար, որ մենք ճիշտ ենք, իսկ ինքը՝ սխալ: Դավիթ մարգարեն ասում է,- ով կարով է կանգնել Տիրոջ առաջ, եթե ոչ նա ով մաքուր սիրտ ունի, և մաքուր ձեռքեր:
Չի կարող մարդը խաղաղարար լինել, եթե նրա սիրտը մաքուր չէ:
Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն:
Հիսուս երբ ասում է խաղաղարարներ, ամենևին էլ նկատի չունի այն միջազգային կազմակերպություններին, որ մտնում են երկրների ներքին գործերի մեջ՝ իբրև խաղաղեցնելու համար, բայց սեփական շահեր են հետապնդում; Նրանց մասին էլ չէ, որ հաշտեցնում են երկու կռված մարդու, կամ խռոված ամուսիններին; Խաղաղարարները մարդիկ են որոնք, խաղաղություն են հաստատում մարդու և Աստծու միջև: Հոգևոր Հայրերն ասում են արարչագործության առաջին պահից Աստծու նպատակն է, որ խաղաղություն հաստատվի մարդ - Աստված հարաբերությունների մեջ:
Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը:
Արդարություն խոսող մարդուն կարող են հալածել, հետապնդել, նույնիսկ սպանել: Նրա հետ անվերջ կարող են վիճել, քանի որ միշտ չէ, որ կարող է հաճելի լինել նրա ասած ճշմարիտ ու արդար մտքերը:Կարող են նույնիսկ դատել; Այս բոլոր որակների մեջ մարդը պետք է հաստատ կանգնած մնա անսասան;
Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն:
Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել:
Այս պատվիրանը կատարողներին Տէր Հիսուս նմանեցնում է այն մարգարեներին, որոնք հալածվեցին Աստծու խոսքը քարոզելու համար, կամ որոնց միջոցով խոսեց Աստված: Սրանք են այն սահմանները, որոնք պետք է ունենա Քրիստոսին հետևող յուրաքանչյուր անհատ: Շատ ծավալուն թեմա է երանիների թեման, բայց բավարարվենք այսքանով, սիրելիներ, մնացեք սիրով՝ ինը երանիների պատվիրանների մեջ:
Աղօթենք միասին
Սաղմոս. 81
Աստուած կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։ Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։ Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։ Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։ Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։ Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի իշխան»։ Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։