Տե՛ր իմ Հիսուս, Տե՛ր իմ Հիսուս, ե՛կ, ե՛կ, Քո անհուն սիրով տիրիր իմ հոգուն:

Այս քարոզը խոսվել է Երևանի

Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցում 1900թ.

Չի՛ կարելի Հիսուս սիրել, երբ մարդուն ատում ես, և ընդհակառակը…
Ճշմարիտ քրիստոնյայի համար մեկ առաքինություն կա միայն, և այն սերն է,
մնացած առաքինությունները լոկ սիրո ճյուղավորություններն են: Ո՞ւր է քրիստոնեական սերը:
Սերը համաշխարհային լեզու է, որ խոսում է կրթյալի և անկիրթի հետ, տգետի
և գիտնականի հետ, մի անժամանակ անցագիր է մարդկանց սրտերի աշխարհը
շրջելու համար: Արդ, քրիստոնեական սիրով մկրտված իմ ունկնդիրնե՛ր, քրիստոնեական կրոնը սիրո կրոն է, իսկ սերն ամենուրեք պիտի լինի, ուստի քրիստոնեական կրոնը ո՛չ վանքերի կամարներում պիտի քարանա և ո՛չ
կրոնավորների կրծքում պիտի կաշկանդվի. նա ամեն տեղ պիտի մտնի,
գերդաստան, դատարան, ատյան, ապարանք ու խրճիթ, ամեն տեղ պիտի թափանցի:

Մի վայրկյան հանեցեք կրոնից սերը, և դուք մի անհուն դատարկություն կունենաք, արյան գետերի մի անվերջ հոսանք` հրեշտակ մարդուն` արյունախում գայլ դարձած, ատելության խավարը ձեր հոգու վրա իջած: Քրիստոնեական սերն առ մարդ և առ Աստված` անխզելի շղթայով են կապված, չկա՛ ճշմարիտ սեր առ Աստված առանց սիրո` առ մարդ: Չի կարելի Հիսուս սիրել, երբ մարդն ես ատում, և ընդհակառակն:

Մայրե՛ր, երբ ձեր գլուխը կախեք ձեր հոգու հատոր զավակի օրօրոցի վրա և
ժպիտն ու համբույրը կաթեն մանկան վարդ երեսին, հետն էլ «սեր» շշնջացեք
մատաղ ականջին:
Երիտասա՛րդ, երբ սրտիդ ու մտքիդ ընկերոջը հանդիպես ու կարոտագին
կերպով գգվեք իրար, շշնջա՛. «սերն է այս»:
Հա՛յ մարդ, երբ ազգակցիդ խոցերի վրա ճակատիդ քրտինքն ու աչքերիդ արցունքը թափվի ու լվանա, մխիթարվիր ու կարդա, «սերն է այս»:
Հա՛յ ծերուկ, երբ լայնաբերան գերեզմանի մոտ կանգնած աչքդ հառած դեպի
Հիսուսի Խաչը, որից լույսի մի առատ ցող է իջնում կրծքիդ ու հանգցնում այնտեղ եղած մահվան տագնապը, շշնջա՛ գերեզմանից հեռու կանգնած սերնդին.
«Սերն է այս»: Երբ ապաշխարության օրերում ձեր աչքերը սևեռվի կարմիր խաչափայտին, թող ձեր մրմունջն ու աղոթքը այ՛ս լինի`
Տե՛ր իմ Հիսուս, Տե՛ր իմ Հիսուս, ե՛կ, ե՛կ, Քո անհուն սիրով տիրիր իմ հոգուն:
Բենիկ Վարդապետ

Armenian orthodox churchArmeense Apostolische kerk

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan