ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Սկզբում, երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա նրան բնակեցրեց դրախտում, ինչպես ասում է աստվածային Սուրբ Գիրքը, և զարդարեց նրան ամեն տեսակ առաքինություններով՝ պատվիրելով, որ չուտի դրախտի մեջտեղում գտնվող ծառից: Եվ այսպես, նա այնտեղ գտնվում էր դրախտի վայելչության մեջ, աղոթքի, հայեցողության, ամեն տեսակ փառք ու պատվի մեջ՝ ունենալով առողջ զգացմունքներ և գտնվելով այն բնական (վիճակում), որում ստեղծվել էր: Քանզի Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով, այսինքն՝ անմահ, ինքնիշխան, զարդարված ամեն տեսակ առաքինություններով: Բայց երբ նա խախտեց պատվիրանը՝ ճաշակելով այն ծառի պտղից, որից Աստված պատվիրել էր նրան չուտել, այնժամ նա վտարվեց դրախտից, ընկավ բնական վիճակից և ապրեց արդեն մեղքի մեջ՝ փառասիրության, դարի բոլոր հաճույքների հանդեպ սիրո և այլ կրքերի մեջ, և տիրվեց նրանց կողմից, քանզի ինքը նրանց ծառան դարձավ՝ հանցանք գործելու պատճառով: Այնժամ կամաց-կամաց սկսեց բազմանալ չարիքը, և թագավորեց մահը: Ոչ մի տեղ աստվածապաշտություն չմնաց, այլ ամենուրեք վերացավ Աստծո ճանաչողությունը:
Միայն քչերը, ինչպես ասացին մեր հայրերը, բնական օրենքից մղված՝ ճանաչեցին Աստծուն, ինչպիսիք էին Աբրահամը և մյուս նահապետները՝ Նոյը, Հակոբը, կարճ ասած, շատ քչերը և համարյա եզակիները ճանաչեցին Աստծուն: Քանզի թշնամին այդ ժամանակ թափեց իր ամբողջ չարությունը. և քանի որ մեղքը թագավորեց, ապա երևան եկան կռապաշտությունը, բազմաստվածությունը, կախարդությունը, մարդասպանությունը և սատանայական մյուս չարիքները: Եվ այն ժամանակ բարերարն Աստված, իր արարածների հանդեպ գթասրտություն ցուցաբերելով, Մովսեսի միջոցով տվեց օրենքի գիրը, որում մի բանը արգելում էր, իսկ մյուսը՝ կարգադրում, կարծես թե ասելով՝ այս արե՛ք, իսկ այս մյուսը՝ մի՛ արեք: Նա պատվիրան տվեց և ամենից առաջ ասաց. «Մեր ՏերԱստվածը մեկ Տեր է», որպեսզի սրա միջոցով նրանց միտքը շեղի բազմաստվածությունից: Եվ դարձյալ ասումէ.«Եվ պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով և քոամբողջ մտքով»: Եվ ամենուրեք հայտնում է, որ մեկ Աստված կա և մեկ Տեր, և որ ուրիշը՝ չկա:
Եվ այսպես, բարերար Աստված տվեց օրենքը, որպես օգնություն, չարից դառնալու և ուղղվելու համար, սակայն նրանք չուղղվեցին: Առաքեց մարգարեներին, սակայն նրանք ևս հաջողություն չունեցան, քանզի չարը հաղթահարել էր ողջ մարդկային բնությունը, ինչպես որ Եսային է ասում.
«Ոտքից մինչև գլուխ նրա վրա առողջ տեղ չկա, վերքերի, այտուցների և շարավոտ խոցերի վրա ո՛չ սպեղանի կա, ո՛չ ձեթ, ո՛չ էլ վիրակապ»(Ես. 1; 6):
Կարծես թե ասում է. «Չարը մասամբ չէ, ոչ էլ մի տեղ է, այլ՝ ամբողջ մարմնի մեջ, ընդգրկել է ամբողջ հոգին, տիրացել է նրա ամբողջ զորությանը, սպեղանի չկա խոցերի վրա դնելու,
ասել է թե՝ ամեն ինչ մեղքին հպատակ է դարձել, ամեն ինչին նա ինքն է տիրում»: Եվ Երեմիան նմանապես ասում է.«Բաբելոնին դեղ տվեցինք, սակայն նա չբժշկվեց» (Երեմ 51; 9), այսինքն՝
մենք հայտնեցինք Քո անունը, հռչակեցինք Քո պատվիրանները, բարերարությունները և խոստումները, կանխավ ասացինք Բաբելոնի վրա թշնամիների հարձակման մասին, բայց նա չբժշկվեց,
այսինքն՝ չապաշխարեց, չերկյուղեց, իր չար գործերից չդարձավ,այսինքն՝ խելքի չեկաք և չխրատվեցիք:
Այնժամ վերջապես բարերար և մարդասեր Աստված առաքեց Իր Միածին Որդուն, քանզի միայն Աստված կարող էր բժշկել այդպիսի հիվանդությունը, և այդ բանը ծածկված չէր մարգարեներից:
Մյուս մարգարեներն էլ զանազան կերպով բազում բաներ բարբառեցին. ոմանք, աղերսելով, որպեսզի Նա գա, մյուսները՝ ավետելով, որ Նա գալու է:
Եվ այսպես, եկավ մեր Տերը՝ Մարդ դարձած հանուն մեզ, որպեսզի, ինչպես ասում է սուրբ Գրիգորը, նմանով նմանը բժշկեր, այսինքն՝ հոգով՝ հոգին, մարմնով՝ մարմինը, քանզի Նա ամեն ինչով, բացի մեղքից, մարդ դարձավ: Նա վերցրեց մեր մարդկային բնությունը, մեր նախնական կազմությունը և դարձավ նոր Ադամ՝ ըստ Աստծո պատկերի, Ով Ստեղծողն էր առաջին Ադամի, նորոգեց բնական վիճակը և զգացմունքները կրկին առողջացրեց, ինչպիսին որ նրանք եղել էին սկզբում: Դառնալով մարդ՝ վերականգնեց ընկած մարդուն, ազատեց նրան, որին մեղքը ստրկացրել և բռնությամբ տիրել էր, քանզի թշնամին տիրում էր մարդուն բռնությամբ և չարչարելով, այնպես որ մեղանչել չցանկացողները ևս ակամա մեղանչում էին, ինչպես որ առաքյալն է ասում մեր անունից.«Ոչ թե անում եմ բարին,որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որ չեմ կամենում»(Հռմ. 7; 19):
Եվ այսպես, Աստված, հանուն մեզ մարդանալով, ազատեց մարդուն թշնամու պատճառած տառապանքներից: Քանզի Աստված տապալեց թշնամու ամբողջ զորությունը, ավերեց նրա ամրոցը, փրկեց մեզ նրա տիրապետությունից և ազատեց մեզ նրա ենթակայությունից և ստրկությունից, եթե միայն մենք ինքներս մեր կամքով չուզենանք մեղանչել, որովհետև Նա մեզ իշխանություն տվեց, ինչպես Նա ինքն ասաց, «կոխոտելու իժին, կարիճին և թշնամու ամբողջ զորությունը» (Ղուկ. 10; 19)՝ սուրբ մկրտությամբ մաքրելով մեզ ամենայն մեղքից, քանզի սուրբ մկրտությունը կտրում և հեռացնում է ամենայն մեղք: Միաժամանակ բարերան Աստված, գիտենալով մեր տկարությունը և կանխատեսելով, որ մենք սուրբ մկրտությունից հետո էլ պիտի մեղանչենք, ինչպես ասված է Սուրբ Գրքում, թե՝ «Մարդու միտքը իր մանկությունից տրամադիր է խորհելու չարը» (Ծննդ. 8; 21), տվեց մեզ, Իր բարերարության համաձայն, սուրբ պատվիրանները՝ մաքրելու համար մեզ, որպեսզի մենք, եթե կամենանք, կարողանանք նորից պատվիրանապահության միջոցով մաքրվել, ոչ միայն մեր մեղքերից, այլև հենց բուն կրքերից, քանզի այլ են կրքերը, և այլ՝ մեղքերը: Կրքեր են՝ բարկությունը, փառասիրությունը, հեշտասիրությունը, ատելությունը, զազրելի վավաշոտությունը և սրանց նմանները: Իսկ մեղքերը՝ կրքերի հենց գործողություներն են, երբ մեկը գործով է կատարում դրանք, այսինքն՝ մարմնով կատարում է այն գործերը, որոնք նրան կրքերն են մղում (կատարելու): Քանզի կարելի է կրքեր ունենալ, սակայն չգործել ըստ նրանց:
Եվ այսպես, Նա մեզ տվեց, ինչպես ասացի, պատվիրանները՝ մաքրելու համար մեզ նաև հենց մեր բուն կրքերից, ամենավատ նախադրյալներից, որոնք գտնվում են մեր ներքին մարդու մեջ.
քանզի պատվիրանները մարդուն ուժ են տալիս տարբերելու չարն ու բարին, արթնացնում են նրան, ցույց են տալիս նրան այն պատճառները, որոնց հետևանքով նա ընկնում է մեղքի մեջ, և
ասում է. «Օրենքն ասում է՝ մի՛ սպանիր, իսկ ես ասում եմ՝ նույնիսկ մի՛ բարկացիր» (Մատթ. 5; 27-28): Քանզի, եթե դու տրվես ցանկասիրությանը, թեկուզև այսօր էլ չշնանաս, սակայն ցանկությունը չի դադարի ներսում քեզ խռովել, մինչև քեզ չներքաշի հենց բուն գործողության մեջ: Եթե դու բարկանում ու ջղայնանում ես քո եղբոր վրա, ապա երբևիցե մի օր կընկնես նաև
չարախոսության մեջ, հետո կսկսես նաև դավադրել նրա դեմ, ու այդ կերպով, կամաց-կամաց առաջ գնալով, կհասնես վերջ ի վերջո և մարդասպանության:
Դարձյալ օրենքն ասում է. «Աչքի դեմ աչք, ատամի դեմ ատամ» (Ղևտ. 24; 20) և այլն, իսկ Քրիստոս ուսուցանում է ո՛չ միայն համբերությամբ կրել այտին հասցված ապտակը, այլև խոնարհությամբ դարձնել նաև մյուս այտը: Քանզի այն ժամանակ օրենքի նպատակը կայանում էր նրանում, որ մեզ ուսուցաներ չանելու այն, ինչից մենք ինքներս չէինք ուզում վնասվել, դրա համար էլ Նա վախի միջոցով էր մեզ կասեցնում չարիք գործելուց, որպեսզի ինքներս չտուժեինք դրանից: Իսկ ներկայումս պահանջվում է, ինչպես ասացի, վռնդել բուն ատելությունը, ինքնասիրությունը, փառասիրությունը և մյուս կրքերը: Մի խոսքով, այժմ մեր Տիրոջ՝ Քրիստոսի նպատակն է մեզ ուսուցանել, թե ինչից ենք մենք ընկել այս բոլոր մեղքերի մեջ, ինչ
պատճառով են մեզ այսպիսի չար օրեր հասել: Եվ այսպես, սկզբից, ինչպես արդեն ասացի, Նա մեզ ազատեց սուրբ մկրտությամբ՝ տալով մեզ բարին գործելու ազատություն, եթե կամենանք, որպեսզի այլևս բռնությամբ չտարվենք դեպի չարը, քանզի նա, ով գերված է մեղքերով, նրանք նրան ծանրացնում ու գրավում են, ինչպես և ասված է, թե՝ «Յուրաքանչյուրը պիտի
կապվի իր մեղքերի թելերով» (Առակ. 5; 22): Հետո Նա մեզ ուսուցանում է՝ ինչպես սուրբ պատվիրանների միջոցով մաքրվել նույն բուն կրքերից, որպեսզի նրանց միջոցով դարձյալ չընկնենք
միևնույն մեղքերի մեջ: Վերջապես, մեզ ցույց է տալիս նաև պատճառը, որից մարդն ընկնում է անհոգության և անհնազանդության մեջ Աստծո պատվիրանների հանդեպ, և ըստ այդմ դեղամիջոց է տալիս մեզ ընդդեմ այս պատճառի, որպեսզի մենք կարողանանք հնազանդ դառնալով՝ փրկվել:
Իսկ ո՞րն է այդ դեղամիջոցը, և ո՞րն է անհոգության պատճառը: Լսեցե՛ք, թե ինչ է ասում մեր Տերը.«Սովորեցե՛ք Ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք» (Մատթ. 11. 29): Ահա այստեղ Նա հակիրճ, մեկ խոսքով, մեզ ցույց տվեց արմատն ու պատճառը բոլոր չարիքների և դրանցից ազատվելու դեղամիջոցը, որը պատճառն է բոլոր բարիքների, ցույց տվեց, որ բարձրամտությունը մեզ տապալեց, և որ անհնար է այլ կերպ ողորմության ստանալ, եթե ոչ միայն սրա հակադիրով, այսինքն՝ խոնարհամտությամբ:
Դե էլ ուրիշ ի՞նչ պատճառով: Մի՞թե մարդը իր ստեղծվելու պահից իսկ ամեն տեսակ վայելչությունների, ամեն տեսակ ուրախությունների, ամեն տեսակ հանգստի և ամեն տեսակ փառքի մեջ չէր: Նրան պատվիրել էր չանել այդ մի բանը, իսկ նա արեց: Տեսնո՞ւմ ես հպարտությունը, տեսնո՞ւմ ես համառությունը, տեսնո՞ւմ ես անհնազանդությունը:
Այս բոլորից հետո Աստված, տեսնելով այդպիսի անպատկառությունը, ասում է՝ նա անմիտ է: Նա չի կարողանում վայելել ուրախությունը: Եթե նա աղետներ չկրի, ապա էլ ավելի առաջ
կգնա և կատարելապես կկործանվի: Քանզի եթե չիմանա, թե ինչ է վիշտը, ապա չի իմանա՝ և ինչ է հանգիստը»: Այնժամ Աստված հատուցեց նրան այն, ինչին որ նա արժանի էր, և վտարեց նրան դրախտից: Եվ մարդը տրվեց իր սեփական եսասիրությանը և իր սեփական կամքին, որպեսզի դրանք փշրեին նրա ոսկորները, որպեսզի նա սովորեր հետևել ոչ թե ինքնիրեն, այլ՝
Աստծո պատվիրաններին, որպեսզի անհնազանդության հետևանքով կրած չարատանջությունը սովորեցներ նրան հնազանդության հանգստին, ինչպես ասված է մարգարեի մոտ.
«Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու» (Երեմ. 2; 19):
Խրատանի ապաշխարության գրքից` մարդու անհնազանդության և աշխարհից հրաժարվելու մասին:
Օրվա ընթերցվածք.
Առակներ 8.9-11
9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են, եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու»: 10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ, գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի: 11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից, եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:
Post Views: 1,073