ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Մի հավատավոր առաքինի կին, գալով տեղի վանահոր մոտ, ասում է նրան. «Ով հայր, դու գիտես այս վայրում ապրող կարիքավոր այրիներին: Ուղարկիր ինձ մոտ մեկին,որպեսզի նրա համար խնամք տանեմ»: Ծերը գովելով այս կնոջը իր բարի նպատակի համար, ուղարկում է նրա մոտ մի հեզ ու խոնարհ այրու: Այս կինը սկսում է ամեն կերպ խնամք տանել այրու համար, նա
էլ իր հերթին օրհնում է այս կնոջը, շնորհակալ լինելով ամեն բանի համար: Մի քանի օր անց այս կինը նորից գալիս է վանահոր մոտ և ասում. «Ներիր ինձ, հայր, բայց սա իմ ուզածը չէր, խնդրում եմ մեկ ուրիշին ուղարկիր այս այրու փոխարեն»: Ծերը զարմանալով այս բանի վրա, նրա մոտ ուղարկեց մի աղմկարար և չարալեզու այրի կնոջ: Կինը նորից սկսեց ամեն ջանք թափել հիմա էլ այս այրու համար, սակայն շնորհակալ լինելու փոխարեն, սա միշտ դժգոհում էր և վիրավորում:
Իսկ կինը նորից գալով վանահոր մոտ ասում է. «Շնորհակալ եմ, հայր, սա այն է, ինչ ես ուզում էի»: Աշխարհիկ մտածողություն ունեցող մարդու համար այս բանը, իհարկե, տարօրինակ կթվա: Սակայն այս իմաստուն ու առաքինասեր կինը չէր ուզում ձրիաբար աշխատել այրիների համար, և իր ջանքերի համար, որ թափում էր, նրանցից էլ որպես վարձք, պահանջում էր խնամք՝ իր հոգու համար: Համարելով որպես թեկուզ և դառը, սակայն բժշկարար դեղամիջոցներ այս այրու հասցրած վիրավորանքը և անշնորհակալ վերաբերմունքը և այն ամենը, ինչը
հակառակ է մեղավոր մարդու կրքոտ սրտի ցանկություններին: Եվ ահա թե ինչպես է բնորոշում նման վիճակը Սուրբ Պետրոս Առաքյալը՝ դիմելով նրանց, ովքեր ծառայության լուծ են ուզում վերցնել իրենց վրա.
«Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազա՛նդ եղէք տէրերին, ոչ միայն բարիներին եւ հեզաբարոներին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կ՚ունենաք, եթէ, մեղանչելուց յետոյ, տանջուէք եւ համբերէք։ Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծու մօտ. որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք». Ա. Պետրոս 2:19
Այո, այս ամենը լրիվ հակառակ է լայն ճանապարհով գնացողների մտածելակերպին: Սակայն մեզ պետք է մեր անձերը վարժեցնենք նեղ և անձուկ ճանապարհին: Պատկերացրեք մետրոյի շարժասանդուղքները, որը մարդկանց ստվար խմբերը իջեցնում է ներքև, սա նման է այն բանին, որ երբ մարդիկ ծնվում են, ընթացք են վերցնում դեպի մահ. «Հող էիր և հողին պիտի դառնաս»: Պատկերացնենք այժմ, որ աստիճաններով իջնելու պահին մեկին ասեն, թե ձեզ մեծ վտանգ է սպասվում ներքևում, դարանակալ թշնամիներ կան այնտեղ, որոնք ձեր
կորուստն են փնտրում: Ի՞նչ կաներ այդ մարդը, ահաբեկված այդ լուրից, նա իսկույն հետ կդառնար: Բայց որքան արգելքների նա կհանդիպի հետդարձի ճանապարհին. նախ հարկ է ջանալ ինքըստինքյան ներքև իջնող աստիճաններին հակառակ բարձրանալ, որը խորհրդանշում է՝ մեր մեղավոր բնությանը հակադրվել և գործել նրան հակառակ: Եվ ապա անհոգ ներքև իջնող ամբոխի անդորրը պիտի խախտվի՝ այդ հասարակությանը հակառակ գնալու ջանքերից: Սրանք էլ իրենց հերթին կանպատվեն, կնեղեն, կծաղրեն, միգուցե հարվածեն և ամեն տեսակի այլ արգելքներ կառաջացնեն: Սակայն, որպեսզի այս արգելքները հաղթահարվի, պետք է անձնուրացություն, անձը խոնարհեցնել այդ բոլոր վիրավորանքների տարափի տակ և ինքնաարդարացման ջանքեր չանել, որ կարող է վեճի պատճառ լինել և կասեցնել վերելքը, իսկ այդ ընթացքում աստիճաններն իջնում են դեպի վար: Այդ մարդկանց մեջ կարող են լինել ոչ միայն, անծանոթներ, այլև մեր հայրը, մայրը, երեխաները և այլն:
Այս բանի համար էլ ասվեց. «Չեք կարող գալ Իմ ետևից, եթե չուրանաք ձեր հորը, մորը, երեխաներին, և եթե ձեր անձն էլ չուրանաք, չեք կարող ձեր խաչը վերցնել և իմ հետևից գալ» (Ղուկ. 16: 24-25):
Այո, այս բոլոր արգելքները հաղթահարել կարելի է միայն սեփական անձի ուրացման ճանապարհով, որի ուրացման սքանչելի օրինակներ և վարժություններ էին վերը նշված այդ երկու պատմությունները: Չպետք է երկնչել այդ ճանապարհը բռնելուց, քանզի դրա համար հարկ է ունենալ ամուր հոժարակամություն, և այդ ժամ Աստծո շնորհը կհասնի և կոգնի մեզ հաղթահարելու այդ բոլոր արգելքները, ըստ Երանելի Հայր Զոսիմոսի զրույցների:
Խրատանի Ապաշխարության գրքից
Օրվա ընթերցվածք.
Իմաստություն Սողոմոնի 9.13
Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծոյ խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:
Post Views: 810