Ի՞նչ պետք է ասել լեզվի ու բերանի հանդգնության մասին, որ հաստատվեցին մարդու բնության մեջ որպես մտքի թարգման ընկերոջ համար. մտքի թարգման, որովհետև ինչ որ միտքը խորհում է, նույնը պիտի խոսեն լեզուն ու բերանը, որոնք թեպետ տարբեր են, բայց նույն պաշտոնին են կարգված:
Արդարև հույժ բարի ու պիտանի են սրանք, երբ պատշաճն են խոսում, այսինքն՝ ընկերոջը խրատում են, տգետին ուսուցանում, տրտմածին մխիթարում կամ Աստծուն աղոթում, նրան օրհնում ու նրանից շնորհակալ լինում: Իսկ եթե անվայելն ու անպատեհն են բարբառում, խիստ վնասակար ու չար են դառնում:
Բոլոր արարածները զարհուրում են, երբ մտավոր ու իմացական բնությունից, ինչպիսին է մարդը, լսվում են հայհոյություն կա՛մ անիծաբանություն, կա՛մ նզովք, կա՛մ հիշոց՝ թե իր անձի և թե ուրիշների հասցեին: Սա դեմ է ոչ միայն Աստծուն, այլև բանական բնությանը. որովհետև բնությունն իսկ խորշում է բերանի անկարգաբար խոսելուց ու բնության օրենքը կորցնելուց:
Հայհոյողի ձեռքերը դողդոջում են, ծնկները՝ իրար զարնվում, սիրտն ուժգին տրոփում է, աչքը՝ շրջվում, երեսը՝ գունաթափվում, բերանը՝ փրփրում, լեզուն՝ կապվում, և նա, մարդկային սահմանից լիովին օտարացած, գիշակեր գազանի է կերպարանափոխվում: Եվ ո՞ր կիրքն է սրանից ավելի թշվառ, որով վարակվում են բարկասիրտ հայհոյողները:
Հայհոյողը նմանվում է անզգամ ու անբան մեկի, որովհետև բարկասիրտ հայհոյողն իսպառ կորցնում է բարին ու չարն ընտրելու ընդունակությունը: Ո՛չ ծնողներին է ճանաչում, ո՛չ որդուն խնայում, ո՛չ սիրելիներին ու բարեկամներին տարբերում, այլ առհասարակ ամենքին անարգում է ու հայհոյում, մինչև որ խիստ բորբոքվածությունից, բերանը երկրի վրա ունենալով, լեզվով երկնքին է հասնում, խելագարված հանդգնություն է գործում հոգևորի, չասեմ թե Աստծու հանդեպ:
Վա՜յ այս դժբախտություններին. նրանց լեզուները երկսայրի սրի պես մտնում են իրենց սիրտը և մահացու վերք բացում իրենց հոգիներում, բայց հիմարները կարծում են, թե ուրիշներին են վիրավորում: Ուստի խիստ զգուշալի է այս չար ախտը, որովհետև ատելի է դարձնում Աստծու և մարդկանց առաջ:
Հայհոյությունը երբեմն առաջ է գալիս հպարտությունից, տգիտությունից. որովհետև անտեղյակ լինելով աստվածային օրենքին ու սահմանումներին՝ մարդը տգիտաբար հանդգնում է իր կարծիքը պնդել, թե ճշմարիտ է, և հակառակը խոսելով կամ հավատալով՝ հայհոյիչ է դառնում:
Երբեմն էլ հայհոյությունն առաջ է գալիս սաստիկ կսկիծից՝ սիրելիների մահվան պատճառով, լինի զավակի, թե ամուսնու, եղբոր, թե ծնողի: Որովհետև հայհոյում է, թե ինչո՞ւ Աստված չպահեց նրան մահվանից, արդյոք չտեսա՞վ մեռնելու արժանի մեկ ուրիշի և այլն: Այս մոլորության մեջ հաճախ անմիտ կանայք են գահավիժում, մանավանդ եթե մեռածն առույգ տարիքի միամոր որդի է:
Պետք է զսպել այս անբան կիրքը: Որովհետև ուր ազատության ճար չկա ձեռքերիս, այնտեղ հրամայողի կամքին հնազանդվելն է փրկության ելքը: Եվ արդարև չկա սրտի ցավերը բժշկելու այլ դեղ, բացի համբերությունից ու աստվածային կամքին հնազանդվելուց:
Քանզի հայհոյող լեզուն այդժամ ի՞նչ է շահում, եթե ոչ ցավերի վրա ցավեր ավելացնելը: Կյանքի և մահվան տերն Աստված է, երբ կամեցավ, տվեց, երբ կամեցավ, վերցրեց: Դո՛ւ, ո՛վ սգացող և ընդդեմ Աստծու կամքի բարբառող, ի՞նչ կորցրիր: Ինչ որ քեզանից վերցվեց, քոնը չէր, այլ Տիրոջը: Եթե Տերն իրենն առավ, ինչո՞ւ ես տրտնջում
ու հայհոյում, չէ՞ որ երբ կամենա, կարող է և քե՛զ կյանքից զրկել:
Արդարև, բնավ պետք չէ մեռյալների վրա անհուսաբար սգալ ու կոծել հեթանոսների պես և Աստծուն բարկացնել հայհոյության անվայել խոսքերով:
Եթե մարդ խորհի, թե ինքն ինչ էր առաջ, ինչ է այժմ և ինչ է լինելու ապագայում, բնավ չի կարողանա հպարտանալ:Քանզի սկիզբը անարգ նյութից է, ծնունդը՝ ցավերով, ապրելը՝ տառապանքով, իշխանությունը՝ անօգուտ, կյանքը՝ կարճատև, մահը՝ հարկադիր, մարմինը՝ ապականացու: Այս բոլորը հասկանալով մարդը կարող է խոնարհ դառնալ...
Պողոս Պատրիարք <<Խրտի թանգարան>>
«Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը հանդուգն է, պիտի խռովի իր հոգին» (Առակ. 13: 3):
«Մարդու համար փառք է հեռու մնալ հայհոյանքներից, բայց ամեն մի անզգամ խառնվում է այդպիսի բաների» (Առակ. 20: 3):