ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Չնայած որ պատիժ և տանջանք է թվում խոսքերը. «Ճակատիդ քրտինքով քո հացը ուտես» (Ծննդ. 3:19), բայց իրականում նրանցում կան որոշ ներշնչանք և ուսուցում, նաև բժշկություն՝ մեղքից առաջացած վերքերի համար: Պողոսն էլ անդադար աշխատում էր ոչ միայն ցերեկն, այլև գիշերը: Սա ի հայտ է բերում նա, երբ ասում է. «Եղբայրներ, հիշեցեք մեր վաստակը և ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք» (Ա Թեսաղ. 2:9): Եվ հաճույքի և հոգևոր հանգստի համար չէ, որ նա աշխատում էր, որ անում էին եղբայրներից շատերը, այլ այնպիսի ջանք էր թափում աշխատանքի ժամին, որ օգնում էր նաև ուրիշներին: Մարդ, որ իշխանություն ունի դևերի վրա՝ լինելով տիեզերալույս վարդապետ, որին որ տրված էր հոգ տանել բոլոր երկրավորների համար, որը և մեծ ջանքով աշխատում էր բոլոր եկեղեցիների համար, որոնք գտնվում էին արևի տակ, նաև հոգում էր ցեղերի, ազգերի և քաղաքների համար, աշխատում էր գիշեր ու զօր և մի փոքրիկ իսկ հանգիստ չէր առնում աշխատանքներից: Իսկ մենք չունենալով իսկ մի չնչին մասը նրա հոգսերի և նույնիսկ անկարող լինել մտովի իսկ պատկերացնել նրա ջանքերը, մեր օրերն անցկացնում ենք պարապությամբ և անգործունեությամբ: Եվ ինչ արդարացում պիտի ունենանք, ասա ինձ, կամ ինչ ներում:
Ոչինչ չկա աշխարհի վրա, որ չփչանա անշարժությունից: Այսպես անշարժ լճացած ջուրը հոտում է, իսկ հոսող ջուրը պահպանում է իր մաքրությունը և վճիտությունը: Նաև երկաթը, որ անշարժ ընկած է, դառնում է ավելի թույլ՝ ընկնելով որակից և պատվում է ժանգոտությամբ, իսկ գործի մեջ գտնվողը դառնում է թե օգտակար և թե գեղեցիկ՝ չզիջելով իր փայլով արծաթին: Հողը մնալով հանգստի
մեջ, ոչ մի լավ բան չի տալիս, որը կարող է ամեն մեկն էլ տեսնել, այլ միայն անպիտան խոտեր և տատասկ, նաև՝ անպտղաբեր ծառեր, իսկ այն, որ մշակվում է, առատապես տալիս է սննդարար պտուղներ: Եվ ընդհանրապես, ամեն մի էակ անգործունեությունից փչանում է, իսկ իրեն հատուկ գործունեությունից դառնում է օգտակար:
Եվ այսպես, իմանալով այս բոլորը, թե ինչքան վնասակար է անգործունեությունը և որքան օգտակարություն կա գործունեությունից, խուսափենք առաջինից և ամուր բռնվենք վերջինից, որպեսզի մենք թե այս կյանքում ապրենք բարեվայելչությամբ և կարիքավորներին էլ օգնենք մեր ունեցվածքից ու կատարելագործելով մեր հոգին,
ստանանք հավիտենական բարիքները:
(Հովհան Ոսկեբերան Հայրապետ)
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 11.29-32
Եւ երբ ժողովուրդը նրա շուրջը խռնուեց, սկսեց ասել. «Այս սերունդը չար սերունդ է. նշան է ուզում, եւ նրան երկնքից այլ նշան չի տրուի, բացի Յովնանի նշանից. որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ նինուէացիների համար, նոյնպէս մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ վեր պիտի կենայ այս սերնդի մարդկանց հետ եւ պիտի դատապարտի նրանց, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա Սողոմոնից մեծը կայ այստեղ: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ վեր պիտի կենան այս սերնդի հետ եւ պիտի դատապարտեն նրան, որովհետեւ Յովնանի քարոզութեան վրայ ապաշխարեցին. եւ ահա Յովնանից մեծը կայ այստեղ:
Post Views: 1,159