ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Մենք էլ կարող ենք լինել Քրիստոսի բուրմունքը` ջանք գործադրելով.
Մեր սիրելի Պողոս Առաքյալը մեզ մի նամակ է գրել, ու այդ նամակով հայտնում է մի կարևոր իրողություն և սովորեցնում է, որ մենք էլ նույն համարձակությունը ունենանք Քրիստոսի խոսքի հանդեպ, ինչպես կենցաղում գործադրելիս, այնպես էլ լեզվով արտաբերելիս: Առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ Աստված Իր Որդու միջոցով է մեզ միշտ տանում հաղթության: Իր Որդու գիտության խոսքի բուրմունքը մեր միջոցով պետք է տարածվի ամեն տեղ: Իրական քրիստոնյայի կյանքը միջավայրում բուրմունք է տարածում: Սիրելի Պողոսը մեծ վստահությամբ է ասում, որ ինքը Քրիստոսի բուրմունքն է և փրկվածների մեջ, և կորստյան մատնվածների մեջ: Միթե մենք կարող ենք վստահ ասել այս խոսքերը: Չենք կարող, քանի որ մենք առայժմ մարդկային բուրմունք ունենք:
Քրիստոսի կենդանության բույրը ոմանց համար մահվան հոտ է, ոմանց համար կյանքի հոտ: Առաքյալը նաև չափազանց վստահ է ասում, որ ինքը Աստծու խոսքի վաճառքով չի զբաղվում, այլ իրեն համարում է Քրիստոսով գործող ու խոսող մեկը, անկեղծ մի մարդ, որը և քարոզում է և կատարում է քարոզածը: Իսկ խոսքի վաճառքով զբաղվողներ համարում է նրանց, որոնք քարոզում են, բայց իրենք չեն կատարում իրենց քարոզածը:
Իսկ մեր սիրելի Սուրբ Գրիգոր Տաթևացին քարոզողներին և մարդկանց բաժանում է չորս խմբի: Ինչպես քարոզողը կարող է քարոզել և չպահել իր քարոզածը, այնպես էլ լսողը կարող է լսել և անուշադրության մատնել իր լսածը: Այս տեսակները ըստ Պողոս Առաքյալի կկոչվեն խոսքի վաճառքով զբաղվողներ: Բայց քանի որ կան նաև Պողոս Առաքյալի նման քարոզող և քարոզածը կատարողներ, ուրեմն մենք նմանվենք նրանց, որպեսզի մենք էլ երբևէ ունենանք Քրիստոսի բուրմունքը Աստծո առջև: Չէ որ Նա մեզ սիրելով ուղարկեց Իր Որդուն մեր փրկության համար, մենք էլ փոխադարձենք մեր սերը պահելով Իր Որդու խոսքերը, որը միայն մեր շահերից է բխում:
Կարդանք ամեն օրվա պատգամները, դրանք մեզ համար է գրված
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 2.14-17
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 9.1-6
Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ:
Post Views: 1,127