«Ահավոր է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը»
Արդ, եղբայրնե՛ր, Աստծո սիրով աղաչում եմ, անզեղջ կամքով, մեղքերի մեջ չմեռնե՛նք, այս աշխարհից անապաշխար դուրս չելնե՛նք. որովհետև «Ահավոր է կենդանի Աստծո ձեռքն ընկնելը»
(Եբր. 10: 31)։ Թեև անմեղ լինել չենք կարող, ինչը հրեշտակներին է հատուկ, մեղքի մեջ անզեղջ չլինե՛նք, ինչը հատուկ է սատանային, այլ ինչը մարդուն է հատուկ, ա՛յն կատարենք. մեղքից դառնանք, ապաշխարենք, սրտով զղջանք, լեզվով խոստովանենք և գործով արդարացվենք։ «Դեպի Աստված դառնանք, և Նա կդառնա դեպի մեզ» ( Զաք. Ա 3)։
Երբ զղջում ենք մեղքի համար, Աստված մեզ հետ հաշտվում է, երբ մեղքը խոստովանում ենք, Աստված մեզ ներում է շնորհում, և երբ ապաշխարում ենք, պատիժներից ազատվում ենք։
Բայց եթե դու մեղքդ չես թողնում, Աստված էլ մեղքիդ պատիժը չի թողնում։ Եթե դու դեպի Աստված չես դառնում, Նա էլ դեպի քեզ չի դառնում։
Դո՛ւ հաշտվիր Աստծո հետ, քանզի դո՛ւ բարկացրիր Նրան։ Դո՛ւ մոտեցիր Նրան, քանզի դո՛ւ հեռացար Նրանից և քեզ կորստյան մատնեցիր։ Ինչպես ասում է Դավիթ մարգարեն,
«Ովքեր իրենց հեռացրին Քեզնից, կորստյան կմատնվեն» (Սաղմ.72: 27)։
Դո՛ւ գտիր քեզ, քանզի դո՛ւ քեզ կորցրիր։ Դո՛ւ արդարացիր, քանզի դո՛ւ մեղանչեցիր։ Որովհետև այն Աստվածը, Ով քեզ ստեղծեց առանց քեզ, քեզ չի արդարացնի առանց քեզ։ Մի՛ ասա, թե՝ «Ողորմած է Աստված, ինձ կքավի»։ Ողորմա՛ծ է, այո՛, բայց նաև արդա՛ր. զղջացողներին ողորմում է, բայց չզղջացողներին արդարությամբ դատում ու քննում։ Ողորմած է, բայց արժանավորների հանդեպ, իսկ անարժանների համար արդար դատավոր է։ Այս կյանքո՛ւմ է մեղավորի հանդեպ ողորմած, իսկ հանդերձյալում արդարադատ է։ Այստե՛ղ է նստած ողորմության ու շնորհի աթոռին, իսկ այնտեղ կնստի դատաստանի աթոռին։ Եվ մենք պետք է կամ ամաչենք Նրա ողորմությունից, կամ երկնչենք Նրա արդարությունից։ Այստե՛ղ է ներում, իսկ այնտեղ դատապարտում է։ Ինչպես ասում է առաքյալը,
«Եթե Աստծո ներողամտությունն այստեղ արհամարհում ես, քեզ համար բարկություն ես գանձում Աստծո արդար դատաստանի օրը» (Հռոմ. 2: 4)։ Քանզի կրակով լցված գեհենն այն է, որ ասում է.
«Գնացե՛ք Ինձանից, անիծվածնե՛ր, դեպի հավիտենական կրակը» (Մատթ.25: 41), որից թող փրկի մեզ ամենքի Փրկիչն ու մեր Քրիստոս Աստվածը, Ում փա՜ռք հավիտյանս։ Ամեն։
Ս. Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան,