Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Ավագ Ուրբաթ. Հիշատակն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչելության և թաղման:
Փա՜ռք Սուրբ խաչիդ, ալէլուիա. խաչելութեանդ, ալէլուիա. Սուրբ մատնութեանդ, ալէլուիա. չարչարանացդ, ալէլուիա:
Ավագ Ուրբաթ օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է Խաչելության կարգ` ժամը 12:00 և թաղման կարգ` երեկոյան ժամը 17:00. Խաչելություն է կոչվում Քրիստոսի խաչ բարձրանալը և խաչի վրա չարչարվելով հոգին ավանդելը: «Խաչից պատգամ» է կոչվում այն յոթ արտահայտությունները, որոնք Հիսուս Քրիստոս արտաբերեց խաչի վրա:
1 Հայ՛ր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում:
2 Այսօ՛ր ինձ հետ դրախտում կլինես:
3 Ահա՛ քո որդին, ահա՛ քո մայրը:
4 Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ի՞նչու ինձ թողեցիր:
5 Ծարա՛վ եմ:
6 Ամեն ինչ կատարվե՛ց:
7 Հայ՛ր, քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին:
Նույնիսկ սոսկալի ցավերի մեջ Հիսուս Քրիստոս ներում է հայցում Հորից մեր անգիտության համար: Այ՛ո, Տեր Հիսուս, մենք չգիտեինք, թե ի՛նչ ենք անում, և այդպես շարունակվում է մինչև այսօր, ու դարձյալ չե՛նք հասկանում, թե ինչ ենք անում: Մեր ընդարմացած սրտերն ու մթագնած ուղեղները այդպես էլ չհասկացան Քո ցավի համը: Միակ արտահայտությունը, որ համայն մարդկությունը իրավունք ունի ասելու Քե՛զ առանց վարանելու և սխալվելու` սա է` Ներիր Տեր Հիսուս, Ողորմիր մեզ, Գթա մեզ, ինչին արժանի չենք...Աշխարհի անբարո աղմուկից և իրարանցումից մենք դարձյալ չենք հասկանում, որ «Հայր Մեր» ասելիս Դու՛ չես լսում մեզ, այլ նա՛, ում ծառայում ենք մեր կյանքում: Երանի Քե՛զ ծառայեինք, Քե՛զ դիմեինք և Քեզնի՛ց ստանայինք մեր վարձքը: Տե՛ր Ողորմեա, Տե՛ր Ողորմեա, Տե՛ր Ողորմեա: Եկեղեցում ամեն տարի կրկնվող Տերունական արարողությունները գալիս են մեզ հիշեցնելու մեր ընկած վիճակը, մեր գաղջ վիճակը, ինչի պատճառով հոգևոր աճ և զարթոնք չենք ապրում: Այսօր գնանք կանգնեք Ճշմարտության` Խաչյալ Հիսուսի դիմաց և հստակ որոշում կայացնենք հետևել Նրան` սրտով, հոգով, մարմնով և ամբողջ զորությամբ:
Թաղման կարգ
Ավագ Ուրբաթ օրվա երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Այսօր` Ավագ Ուրբաթ, բոլոր եկեղեցիներում խաչելության կարգից հետո խորհրդաբար սկսում են պատրաստել Հիսուս Քրիստոսի գերեզմանը` նվիրաբերած ծաղիկներով: Երեկոյան ժամերգությունից հետո մարդիկ մեծ հավատքով ու նվիրումով անցնում են այդ գերեզմանի տակով, մեծագույն հույսով, որ կթաղվեն Հիսուսի հետ, և Հարություն կառնեն Նրա հետ, նոր մարդ դառնալով: Ոմանք աղոթք են անում դարձյալ հավատքով իրենց հիվանդության, տկարության և զանազան այլ պետքերի համար:
Տեր Աստված թող կատարի բոլորի աղոթքները և խնդրվածքները միայն Իր կամքով, որովհետև միշտ չէ, որ մենք խնդրում ենք Աստծուց այն, ինչ մեզ օգտակար է: Ինչ էլ որ խնդրենք, մեր միակ հույսն ու ապավենը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, որին վայելում է փառքը Հոր և Սուրբ Հոգու հետ միասին:
Մեխ խփեցին այն ոտքերին, որոնք քայլում էին ջրերի վրա, մեխ խփեցին այն ձեռքերին, որոնք բացեցին կույրի աչքերը, կյանք պարգևող խոսքերով լեցուն շրթներին քացախ քսեցին:
Արեցին ամեն հնարավոր տանջանքները, որ երբևէ լսել ու տեսել էր մարդկությունը ... Ամեն ինչ ավարտ ունի այս կյանքում, ավարտ ունեցավ նաև մեր Տիրոջ չարչարանքները` մահով: Նրա մահով, որը պատվիրում էր օգնել կարիքավորին, կարեկցել նեղյալին, գթալ որբին ու այրուն: Կենդանի Ջրին քացախ տվեցին, Երկնքի Արքայության Պսակ խոստացողին փշե պսակ դրեցին, մարդկության ծանր մեղքը իր ուսերին վերցնողի ուսերին ծանր խաչ դրեցին: Այսպես պատասխանեց արարածը իր Արարչին: Նա այդ բոլորը կրեց կամավոր հանուն մարդու հանդեպ ունեցած սիրո: Մեզ`մեղավորներիս համար...
Միմյանց հաջորդեցին նախատեսված մատնությունը, ուրացությունը, լքումը, դավաճանությունը, սուտը, ապտակները, ծաղրը, կասկածը և կեղծիքը միայնակ կանգնած Ճշմարտության Քարոզչի դեմ: Այս ամենը պետք է լիներ, որպեսզի կատարվեր մեծ մարգարեությունները Հիսուս Քրիստոսի ծննդյան օրից մինչև Հարություն: Սկզբից Հրեշտակը հայտնվեց Հայր Հովսեփին, որպեսզի նա չարձակի Կույս Մարիամին հղության պատճառով, և չլինի թե վնասվի մանուկը` իրենց օրենքի համաձայն քարկոծմամբ: Նա պետք է ծնվեր, որպեսզի փրկեր աշխարհը և նրան ոչի՛նչ չպատահեց: Մոգերը երկրպագեցին Մանուկ Հիսուսին, սակայն թագավորը կամեցավ սպանել: Սակայն պատահեց արհավիրքը, երբ ժամանակը իր լրումին հասավ և Քրիստոս պետք է մարդկությանը բացահայտեր իրեն: Հայր Հովսեփը փրկեց Հիսուսին մահվան վտանգից, իսկ Հովսեփ Արիմաթացին խնդրեց նրա մարմինը մահից հետո: Նույնիսկ Հարությունից հետո գտնվեցին մարդիկ, որոնք դարձյալ դրամով ստեցին նրա Հարության փաստը: Մահկանացու մարդը համարձակվեց ձեռք բարձրացնել Անմահ Աստծու վրա: Կավը համարձակվեց անարգել բրուտին: Մեղավոր մարդը անտեսում է իր մեղքերի համար խաչված Փրկչին: Սակայն Աստված դարձյալ չի կամենում բռնությամբ ենթարկել տալ իրեն: Նա կամենում է որ մենք սիրելով միանանք միմյանց և սիրով միանանք Իրեն`Բոլորիս Տիրոջը, Որը կատարյալ օրինակ է համայն մարդկության համար:
Post Views: 4,549