«Ողջո՛ւյն քեզ, օրհնյա՛լդ կանանց մեջ: Տերը քեզ հետ է»: Ղուկ. 1:28

12342555_905957019518548_1764284662265454984_n
Հայ Եկեղեցին «Յղութիւն Սուրբ Աստուածածնի յԱննայէ» տոնը անշարժ կերպով տոնում է դեկտեմբերի 9-ին: Այն` Սուրբ Աստվածածնին նվիրված յոթ տոներից մեկն է: Սուրբ Կույսի բարեխոսությանն ենք դիմում ամեն ժամ, որպեսզի նրա ձեռամբ փրկի Տերը մեզ` իրեն փառաբանողներին: Աստվածամայրը ամենամեծ բարեխոսն է համայն աշխարհի համար իր Որդու առջև: Իր բացառիկ մեծությունը գիտակցելով հանդերձ՝ նա երբեք չկորցրեց խոնարհությունը և մինչև իր վերափոխումը մնաց Աստծո հնազանդ աղախինը: Շնորհավորում եմ բոլորին այս գեղեցիկ տոնի առթիվ, իսկ Մարիամ և Աննա անունը կրող անձանց` նաև անվանակոչության օրվա առթիվ:
Կույս Մարիամը ողջ մարդկության անունից և հանուն նրա փրկության պատասխանեց հեզ համաձայնությամբ: Դա նրա անձնական պատասխանն էր Աստծո կոչին:Հետևաբար մենք կապված ենք Աստվածամոր հետ, ում խոսքերը հնչեցին ողջ մարդկային ցեղի անունից:
 
Սքանչելի Լույսի Սուրբ Մա´յր, դու, որ հավիտենական Աստծուն որովայնումդ
կրեցիր և ծնեցիր աշխարհի ցնծությունը` Աստծո Խոսքը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
 
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, Նրան, Ով խոնարհվեց Հայրական ծոցից և մարմին առավ ըստ մարդկային բնության, որպեսզի խաղաղություն պարգևի երկնքին և երկրին, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
 
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ ների մեզ, անտեսի մեր հանցանքները և օգնական լինի` դիմադրելու հակառակորդին պատերազմի ժամանակ, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
 
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ լռեն պատերազմները, դադարեն թշնամիների հարձակումները, երկրի վրա սեր և արդարություն
հաստատվի, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
 
Աղաչի´ր մեզ համար քեզանից մարմնացած Աստծուն, որ միաբանվի առաքյալների և մարգարեների հիմքի վրա կառուցված Իր Սուրբ Եկեղեցին, անարատ պահի այն մինչև իր երևելի գալստյան օրը, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր:
 
Աղաչի´ր մեզ համար, Սրբուհի´, քո Միածին Որդուն, նաև մեր հանգուցյալների հոգիների համար, որպեսզի ընդունի նրանց երկնքի արքայության մեջ և մաս ու բաժին հատկացնի բոլոր սրբերի հետ, աղաչում ենք, Մա´յր Սուրբ, բարեխոսի´ր: