ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Իմաստություն Սողոմոնի 6.1-10
1 Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք. 2 սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ: 3 Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ. 4 ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումները: 5 Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծոյ կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ, 6 քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը: 7 Հզօրներն աւելի խիստ են դատուելու, 8 որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ: 9 Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի: 10 Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք:
Հանապազօրեայ ՀԱՑ - Հոգևոր քարոզներ 2020
Սիրելի քույրեր և եղբայրներ, թող բարի լինի Աստծու ստեղծած յուրաքանչյուր օրը, եթե այն օգտագործում ենք որևէ բարիք գործելու համար: Այսօր շաբաթ է, և մեր եկեղեցին հիշատակում է Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ եւ Աշխենի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն անուննները: Տրդատ թագավորի պատմությունը բոլորդ գիտեք, թե ինչպես դասվեց սրբերի շարքում: Օրվա ընթերցվածքը նույնպես թագավորների և իշխանների մասին է վերցված համապատասխան գրքերից: Մենք իմաստության գրքից լսեցինք, թե Աստված ինչպիսի խիստ հրահանգներ է տալիս երկրի թագավորներին, և հիշեցնում, որ այդ թագավորությունը Տիրոջից է, և բավական խիստ հանդիմանում է, որ նրանց, որ ուղիղ և արդար դատ չեն անում: Արդարությամբ չեն դատում, քանի որ իմաստություն չունեն, և քանի որ իմաստություն չունեն, ուրեմն Աստծո երկյուղը չունեն: Քանի որ իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է: Ըստ Տիրոջ զգուշացման զորավորների նկատմամբ ավելի խիստ քննություն պետք է լինի վերջին օրը, քան ռամիկների համար: Թագավորների և իշխանների համար այս խստագույն հրահանգը տրվեց, ոչ միայն հին կտակարանյան թագավորների, այլ նաև մեր օրերի նախագահների, նախարարների և առաջնորդների մասին է խոսքը: Քանի որ Աստծո խոսքը չի կորցնում Իր վաղեմությունը, և այն արդի է բոլոր ժամանակների համար: Թագավորների մասին կարդացինք և իմացանք, որ Տիրոջ աչքը նրանց վրա է և հսկում է, քանի որ Իրենից է ամեն իշխանություն:
Հիմա տեսնենք, թե մենք ի՞նչ պարտականություն ունենք թագավորների ու իշխանների նկատմամբ: Պողոս առաքյալն ասում է, աղաչում եմ, որ աղոթեք մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ վարենք մեր կյանքը, որովհետև այդպես է կամենում մեր Տէրը: Նա բոլորի փրկությունն է կամենում, և նաև կամենում է, որ բոլորը հասնեն ճշմարիտ աստվածգիտությանը: Մեր տրամաբանությամբ առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ինչպե՞ս աղոթել անարժան և ամբարտավան առաջնորդի, ղեկավար կամ իշխանի համար: Մենք այս հատվածում է, որ մոռանում ենք, թե ի՞նչ հրահանգ և ինչ պահանջ դրեց թագավորների առջև Աստված, և Աստծու գործը հանձն առնելով հայհոյում և մեղադրում ենք ղեկավարներին: Իսկ երբ մենք աղոթում ենք ղեկավարի համար, ինչպես առակաց գիրքն է ասում, կրակե կայծեր ենք հավաքում անարժան խշխանի գլխին: Աստված տեսնում է որ նա արդար չէ, և մենք աղոթում ենք նրա համար, շուտով նրան գահնկեց է անում իր աթոռից: Իսկ մենք չենք կորցնում մեր խաղաղությունը: Մեր ապրած տարիների ընթացքում քանի - քանի այդպիսի դեպքերի ենք ականատես եղել: Ափսոս, որ պետական համակարգում ընդունված չէ, որ ղեկավարը առաջնորդվի Աստվածաշնչի ճշմարտությամբ, ինչը կերկարացնի իր պաշտոնը և օրենքները կընդունվեն հօգուտ ժողովրդի:
Հին կտակարանից մեզ ծանոթ անուններ կան, որոնք մեծամեծ առաջորդներ էին, օրինակ Աբրահամը, Հակոբը, Մովսեսը, Դավիթը, որոնք համարվում են Աստծո սիրելիներ: Նրանց բոլորի կյանքի պատմության մեջ մեղքեր են արձանագրված Աստվածաշնչում, սակայն նրանք շարունակեցին մնալ Աստծու համար սիրելի, և Աստված Իրեն համարում է Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը: Աստված փնտրում է հավատարիմ սիրտ Իր նկատմամբ, զղջացող հոգի, և խոնարհ մեծություն: Աստված չնայեց նրանց հարստությունը, այլ խոնարհությանը: Մեր օրերի առաջնորդները մեղքի հարցում նմանություն ունեն նրանց, իսկ զղջման, ապաշխարության հարցում ոչ: Ամեն ոք իր պաշտոնում հարգանք է վայելում այնքան, որքան որ իր պաշտոնը ծառայեցնում է Աստծուն: Այսօրվա մեր դասն է այն է, որ աղոթենք բոլորի համար, համբերությամբ աղոթենք և մնացածը հանձնենք Աստծուն: Առակաց գիրքն ասում է համբերությունը լավ է զորությունից:
Աղօթենք միասին
Աղոթենք միասին: Աղոթք շաբաթ օրվա .
Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ երեսի փառքի և սուրբ Հոգուդ փառակցության համար, և քո կամավոր չարչարանքի համար, և կենդանարար արմատով փայտի ու սուրբ գամերի համար, և քո քրքմագույն, ազատարար սուրբ արյան հեղման համար, և եռօրյա թաղման ու հրաշալի հարության համար, և սուրբ Մարիամ Աստվածածնի կուսական կաթի համար, քո երկնային և երկրավոր բոլոր սրբերի սիրո ու բարեխոսության համար, սրբիր ինձ իմ բոլոր մեղքերից և ազատիր գեհենի դառն վշտերից և քո անպիտան ծառայիս արժանացրու քո խոստացած բարիքին` քո սրբերի հետ, որ նրանց հետ հանգչելով` փառավորեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.ամեն: Յովհ. Գառնեցի